- Այստեղ չեմ եղել... Վատ տեղ չէ,- ասաց կինը, հպանցիկ, բայց շատ զննող հայացքով տնտղելով այդ ժամին դատարկ դահլիճը:

- Չէիր էլ կարող լինել, վերջերս է բացվել,- ասաց տղամարդը, անթարթ հայացքը՝ կնոջ դեմքին:- Որտե՞ղ նստենք:

- Որտե՜ղ...- բառը երկարացրեց կինը՝ հոնքերը թեթևակի վեր ձգած ու քիթը աջ ձեռքի ափով տրորելով ու մտածեց, թե այդպես էլ չի պարզել` իրո՞ք հաճելի է, որ ամեն անգամ տղամարդն իրեն է առաջարկում ընտրել՝ որտեղ նստել, թե՞ սրտնեղում է, բայց դեռ կարողանում է ցույց չտալ դժգոհությունը:- Անկյունում, պատուհանի տակ:

Տղամարդը մոտեցավ կնոջ հայացքով ընտրված սեղանիկին ու մտածեց, որ արդեն նախապես գիտի, թե նա ո՛ր տեղը կընտրի: Որովհետև այդ ամիսների ընթացքում հասկացել էր, որ կինը սիրում է առանձնացած, անկյունային տեղեր. նստում է՝ թիկունքով դեպի բոլորն ու... հեռանում է բոլորից: Այնքան է կարողանում հեռանալ, որ երբեմն իրենից էլ է հեռանում: Այդ մտքից սրտնեղած՝ չուզենալով, բայց աթոռը քիչ ավելի աղմուկով առաջ քաշեց.- Նստիր:

- Հենց այսպե՞ս,- կնոջ աչքերում մանրիկ ծիծաղ հայտնվեց ու հանգավ. ամե՛ն անգամ նույնն է:

- Ներիր,- ամեն անգամվա նման քմծիծաղեց տղամարդն ու վերցրեց վերարկուն: Հետո նայեց մի քանի սեղան այն կողմ նստած մատուցողուհիների կողմը.- Ո՞վ է այստեղ...

Աղջիկներից մեկը բարձրացավ, ընթացքում ուղղեց կարճ փեշը, մոտեցավ:

Կինը նայում էր տղամարդուն՝ կանգնել է մի տեսակ ձգված, անբնական ձգված, ու վերարկուն նրա ձեռքերի մեջ տձև լաթակտոր թվաց: Տհաճ էր: Հայացքը շրջեց պատից կախված անճաշակ նկարին:

- Վերարկուն...- հանձնելուց մի կարճ ակնթարթ առաջ տղամարդը հապաղեց:

Մատուցող աղջիկը տեսավ՝ ինչպես նա վերարկուն սեղմեց իրեն, կարծես գրկեց... Հուզիչ ստացվեց: Բայց երբ տղամարդու ձեռքից վերցրեց օտար օծանելիքով բուրող նրբաբրդե վերարկուն և գնաց դեպի կախիչը, մտածեց, որ իրեն թվացել է, ոչ մի գրկել էլ չի եղել: Օծանելիքը թանկերից էր, գլուխը մի կողմ թեքեց՝ զզվել է ուրիշների հագուստները տանել-բերելուց:

- Ասում ես՝ նո՞ր է բացվել սրճարանը,- կինն արդեն նստել էր ու պայուսակից սեղանին էր տեղափոխում հեռախոսը, սիգարետի տուփը, վառիչը, վերջում հանեց ակնոցը: Ու երբ այդ ամենը շարեց-դասավորեց սեղանի վրա, տղամարդը հերթական անգամ մտածեց, որ տնավորվելու, իր շուրջը ի՛ր մթնոլորտը ստեղծելու շնորհ ունի այդ կինը, մի քանի րոպեների ընթացքում ստեղծում է իր անկյունն ու այնտեղից նայում մնացածներին:

- Ես էլ չգիտեի:

Կինը մտածեց, որ թեև նախադասության վերջում տղամարդը վերջակետ դրեց, բայց ասելիքը կիսատ է: Արդեն գիտեր այդ սովորությունը, սպասեց՝ մի քիչ ժպտուն հայացքը նրան հառած:

- Մի ծանոթ հրավիրեց:

Էլի վերջակետ դրեց, բայց կինը համոզված էր՝ նրա ասելիքը շա՛տ էր կիսատ: Աչքերի մեջ մի՜ քիչ ավելացրեց ժպիտը:

- Ծանոթ կին է...

Վերջում բազմակետն այնքան շոշափելի էր, որ կնոջը թվաց՝ կախման այդ երեք կետերը օդում բենգալյան հրավառություն սարքեցին: Աջ ձեռքը հենեց ծնոտին ու արդեն բացահայտ սպասումով էր նայում:

- Խնդրեց, որ հանդիպենք... խոսելու բան ուներ...

Թեև խոսքն ավարտել էր բազմակետերով, կինը գիտեր, որ նա ասելիքն սպառեց: Կինը օդում պայթեցրեց կախման վերջին կետը, դրեց վերջակետը, հենվեց աթոռի բարձր թիկնակին, ձեռքերը սովոր՝ խաչվեցին կրծքին: Ու մտածեց, որ այդպես էլ չի իմանա՝ տղամարդը հատո՞ւկ, թե՞ ակամա ասաց այդ բոլոր նախադասությունները:

Լուռ նայում էին իրար: Կինը որոշեց՝ ոչինչ չի ասի, թող նա խոսի: Տղամարդը՝ արդեն մոռացած, թե ի՛նչ էր ասել հենց նոր, սպասում էր նրա խոսելուն՝ գժվում էր, երբ նա խոսում էր: Ու հուսահատ մտածեց, որ կինը երբեք էլ չի հասկանա, թե ինքն ինչպե՛ս է սիրում, երբ նա խոսում է...

- Ի՞նչ եք պատվիրելու,- իր ներկայության մասին հիշեցրեց աղջիկը:

- Անունդ ի՞նչ էր... Անահի՞տ...- ասաց տղամարդը, ու կինը մտածեց, որ գոնե երկրորդ հարցական նշանն ավելորդ էր:

- Անահիտ,- հաստատեց աղջիկը, ու կինը մտածեց, որ նման իրավիճակում ավելի ճիշտ կլիներ, եթե մատուցողուհին ժպտար, մինչդեռ կանգնել է խոժոռված, անգամ՝ ջղային:

- Հյութ, սուրճ: Հյութը՝ նարնջի՝ ինձ: Սուրճը՝ լուծվող՝ ինձ: Սովորական սուրճը՝ նրան,- սովոր ասաց կինը՝ հարկ եղածից մի փոքր ավելի հետաքրքրված հայացքը՝ աղջկան:

- Սովորական սուրճը՝ դառը,- հանգիստ ճշգրտեց աղջիկը:

- Չես մոռացել... ապրես,- արդեն հեռացող մատուցողուհու թիկունքին ասաց տղամարդն ու արագ հայացքով նայեց կնոջը:

- Լավ տեղ է... ինձ դուր է գալիս,- չնկատելու տալով այդ հայացքը՝ ասաց կինը:- Այս մեկն էլ մտցնենք ցուցակի մեջ:

Ժպտացին: Շաբաթավերջի հանդիպումները ստիպում էին ժամանակ առ ժամանակ նոր սրճարան կամ բար հայտնաբերել: Մի քանիսը խոտանել էին, մյուսները՝ մտցրել ցուցակի մեջ: Ու քանի որ այդ ցուցակը գոյություն ուներ միայն երկուսի մտքում, իրար ավելի մոտ լինելու միանման զգացողությունն ունեին:

Կինը, ինչպես միշտ, աջ ձեռքը հենել էր ծնոտին, ձախով խաղում էր ակնոցի հետ: Տղամարդու ձեռքը հասավ, իր մեջ առավ կնոջ ձախ ձեռքն ու համրացավ: Լուռ, անժպիտ նայեցին իրար: Կինը մտածեց, որ գուցե այս սրճարանը իրոք այնքան էլ վատը չէ... ու տեսավ աղջկան՝ բերում էր պատվիրածը: Փորձեց ձեռքը ետ քաշել, տղամարդու ձեռքը չթողեց: Աղջիկը բաժակները մատուցարանից տեղափոխեց սեղանին ու նայեց կնոջը: Ու երբ կինը, արդեն առանց հետաքրքրության, նայեց, աղջիկը ժպտաց կկոցած աչքերի միջից սպրդած կծվությամբ: Ու վերադարձավ տեղը:

Տղամարդը չէր սիրում, երբ կինը ծխում էր: Հիմա էլ, երբ նա աջ ձեռքը մեկնեց ծխախոտին՝ կեղծ-խիստն հայացքով սաստեց: Կինը ասես չտեսավ, ձախ ձեռքն ազատեց, վառեց սիգարետը: Ու մտածեց, որ հիմա ինքը պիտի խոսի: Անգամ՝ շատախոսի: Կարևոր չէ՝ ինչի մասին: Կամ՝ ինչու: Ինքը պիտի բառերը վերցնի ու շարի՝ այս սեղանի վրա, շերտ առ շերտ, շարք շարքի ետևից: Եվ իր շատախոսությունը պիտի լինի թեթև, հաճելի, անպայման՝ սրամիտ: Ու կարծես ստացվում էր: Կինը կարողանում էր, նա մի՛շտ էլ կարողացել էր փակվել բառերով, պաշտպանվել բառերով ու հիմա մի սրամիտ պատմությունից անցնում էր մյուսին, իրեն ստիպում էր ապրել պատմածով, իսկ բառերը պարսպվում, հեռացնում էին իրեն սրճարանից, հեռացնում էին տղամարդուց, աղջկա կծու ժպիտից, ինքն իրենից...

Տղամարդը լսում էր: Պատմածը չէր լսում, բառերը չէր լսում: Լսում էր նրա ձայնը, տեսնում աչքերում հայտնվող ու կորչող լուսատտիկ-կայծերը: Կինը իսկապես հետաքրքիր ինչ-որ բան էր պատմում, ու ինքն իրեն խոստացավ, որ մի օր կխնդրի նրան՝ կրկնել այսօրվա պատմածը, բայց հիմա ուզում էր լսել միայն նրա ձայնն ու հետևել աչքերի լուսատտիկ-կայծերի խաղին:

Աղջիկը, հենված բարին, հետևում էր նրանց: Հատկապես կնոջը: Ուշացած զարմացավ. ինքը հաճախորդների, հատկապես կանանց նկատմամբ անտարբեր է, բոլորը միանման դեմք ու տեսք ունեն, բոլորից զզված ու զզվում է: Հինգ տարի է՝ մատուցող է, մատուցելն իրենն արել է: Զզվում է բոլորից, հատկապես կանանցից ու աղջիկներից, հատուկ գալիս-նստում-սպասում են, որ իրենց սպասարկես... Մեկն էլ՝ սա. խնամված արարած է, ձեռքերը նուրբ են, ափսե լվանալը չգիտի՝ ինչ է, ինքն էլ երեսառածի մեկն է: Սրա նմանները երեսառած ծնվում են մինչև վերջին շունչը այդպիսին մնալու ժայռակոփ համառությամբ զինված: Կինը ինչ-որ բան էր պատմում: Տեսնես ինչի՞ց է այդպես ոգևորվել, աչքերն էլ հո չի՜ փայլեցնում... Եվ ո՞ւմ համար է կաշվից դուրս գալիս: Շրջվեց, նայեց բարմենին, որը, ինչպես միշտ, առաստաղի վրա միայն իրեն գիտենալիքն էր փնտրում: Ավելի զզված նորից շրջվեց. կինը դեռ պատմում էր՝ ի՜նչ էլ եռանդ ունի, թեև մազերի մեջ ճերմակը վաղուց տեր ու տիրական է: Ընդամենը բախտը բերել է, որ թանկ ներկ գնելու հնարավորություն ունի: Տղամարդը թիկունքով էր նստած, նրա դեմքի արտահայտությունը չէր տեսնում ու չէր էլ ուզում տեսնել: Փոխարենը լավ էր հիշում, որ մի քանի օր առաջ եկավ մեկ այլ կնոջ հետ, նրա վերարկուն իրեն հանձնեց, հետո լուռ սպասեց, մինչև այն կինը նրա համար դառը սուրճ պատվիրեց, հետո էլ այս նույն հնազանդ դիրքով լսում էր նրան: Կատաղեց: Ինչի՞ կնիկները էսքան հիմար են: Հենց էս մեկը. կարգին մարդ ես երևում, ի՞նչ գործ ունես էստեղ, սրա հետ, ձեռքդ էլ թողել ես՝ բռնի, ասես երեկվա ջահելը լինես: Վեր կաց, տուն գնա, էդ խնամված դիմակդ հանի-դիր մի կողմ, քեզ տված կյանքով ապրի, դեմքիցդ չե՞մ տեսնում, որ էս տեսակ երջանկությունից ուզում ու չես կարողանում գժվել: Գնա, գնա էստեղից, սա չէ քոնը, քո բաժինը շատ-շատ՝ գիշերվա մեջ բարձիդ տակ խեղդած անզոր լացդ է... Ինձ պես երկու տարիք ունես, ե՞ս պիտի քեզ բացատրեմ... Ավելի կատաղեց, փեշն ուղղեց ու մոտեցավ սեղանին:

- Ամեն ինչ կարգի՞ն է,- տեղեկացավ՝ հայացքը տղամարդուն: Դեռ չէր ուզում նայել կնոջը:

- Հա, ապրես...- պատասխանեց տղամարդը:

Աղջկան թվաց՝ նրա ձայնի մեջ շփոթ ու հարցական կար: Իհարկե, թվաց, սրա նմանները շփոթ ու հարցական չեն ունենում: Հայացքն ուղղեց կնոջը:

Կինը ուղիղ, անթարթ նայում էր իրեն: Առանց ժպտալու, առանց հետաքրքրության ու հարցականի: Նայում էր` աչքերի մեջ կայծեր, որոնք քարացած արցունքի նմանությունն ունեին... Աղջկա դեմքին սառեց քիչ առաջվա կծու ժպիտի կրկնակը: Փոխարենը կինը կծու ժպտաց ու հայացքը դարձրեց տղամարդուն: Մի տեսակ ցուցադրական դարձրեց...

Աղջիկը վերադարձավ բարմենի մոտ, լավ իմանալով, որ է՛լ նրանց կողմը չի նայի, մինչև հաշիվը չուզեն: Չգիտես ինչու համոզված էր, որ կինը ամեն ինչ հասկացել է... Ու մտածեց, որ նա գիշերվա մեջ բարձի տակ լացը խեղդողներից չէ: Որովհետև նրա նմանները ընդհանրապես չեն լալիս:

 

***

Տղամարդը չզգաց` ե՛րբ կնոջ պատմության բառերը իրար վրա դարսվեցին ու բաժանող պատ դարձան: Իսկապես չլսեց, ինչպես նրա ձայնը՝ սկզբում լարված, հետո՝ թրթռացող՝ աննկատ հեռացավ, դժգունեց ու օտարացավ: Չնկատեց մատուցող աղջկա կծու ժպիտը, որովհետև նա ոչ մեկին ու ոչինչ չէր տեսնում՝ կնոջ աչքերում պեծպեծացող լուսատտիկ-կայծերից բացի: Ու երբ ինքը գնաց վերարկուն բերելու, բերեց իրեն սեղմած, կարծես նրբաբրդե այդ ձևվածքի մեջ կինն էր: Մտքով էլ չանցավ, թե ինչու աղջիկը հաշիվը տալուց ու գումարը վերցնելուց ոչ մի անգամ հայացքը չբարձրացրեց: Ինչու կինը հպանցիկ, բայց զննող հայացքը երկրորդ անգամ շրջելով դահլիճում՝ քմծիծաղ տվեց, իսկ աղջկա կողքով անցավ այնպես, կարծես նա չկար: Ոչ մի բան ու ոչինչ էլ տղամարդը չտեսավ: Նա մտածում էր, որ քիչ հետո ամեն ինչ կվերջանա:

Աղջիկը մոտեցավ հատակից առաստաղ հասնող պատուհանին. հեռանում էին: Տղամարդը ինչ-որ բան էր պատմում՝ հիմա պատմելու նրա՛ հերթն էր: Ու թեև հեռու էին, տեսավ, որ կինը նրան չի լսում: Նա տուն էր վերադառնում:

- Լավ սրճարան էր... ինձ դուր եկավ,- ասաց կինը՝ փակվելով վերակուի օձիքի մեջ: «Էլ երբեք այստեղ չեմ գա»,- մտքում ասված նախադասությունից ու հատկապես այդ նախադասության վերջակետից ծիծաղելու անզուսպ ցանկություն զգաց: Ու մտածեց, որ գիշերվա ժամին այդ ծիծաղը կխեղդի բարձի տակ: