«ԱՐՄԵՆԻԿՈՒՄ», «ԱՐՅՈՒՆԻԴ ՄԵՋ ՄՆԱՄ…»

ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱՐՄԵՆԻԿՈՒՄ

 

Ժամանակը չուներ ազատություն, ու խնդրանք, որ ներեն մոլորություններն իր փեշերի, որ եկել, շարվել են կաչաղակի  չոր ոտքերով…

Ժամանակը չուներ տիրապետում, երբ ինձ ծեծում էիր կախաղանի պարանով, մի ամբողջ  տարի դու մնացիր երեսուն, իսկ ինձ թվացել էր, որ մի քանի անգամ մատս մտցրել եմ աչքդ, ու նշել քո ծնունդն, իմ վերքոտ մահը տեսանք…

Չգիտեմ ինչու, երբ դու  ոչ մեկին մոտ չես թողնում սեղանիդ, բայց քո ժամանակը ներսից թալանում են.  ով ուզում է, ինչ ձևով ուզում է, ու ո՛չ անձրև է գալիս, ո՛չ մարդ է հղի, ո՛չ էլ վազող կա մեքենայի տակ…

Դու քրքրեցիր պարանով վիզս, մինչև սրտիս զարկերը դարձան մսե օրգանի թպրտյուն, և արյունս՝ լաբարատոր քննության նմուշ…

Ու հիմա անժամանակ ես գնում եմ փողոցով՝ ցեխաջրի հետևից, թեթև… մոծակի կլոր զգուշությամբ, որոհետև ես ոչնչից էլ  փոքր եմ, ու իմ մսե սիրտը խեղդվում է ամոթից…  չգիտեմ՝  ինչպես եմ  ներս քաշել…   ի՞նչը…   քեզ…  բայց դու…  ո՞ր  ոտքով`  մտել ես այդքան խորքն, ես ճահիճ չե՜մ,  չէ՜…

Ժամանակը մայթի վրայով քայլում է իմ փոխարեն, դու վազում ես կողքիցս, որ ժամանակից առաջ չընկնես…

Էլ մեր տանը հայելի չկա, որ իմ աչքերից նայող նույն դուք եք՝ դուերի չմակարդված խառնակությամբ. վախենում եմ նայել անգամ  աչքերիս մեջ, որ չհանեմ դրանք քո բաբախման ուժից, ու քեզ զգալը՝ բարձր ջերմություն…

Ձիահով վարակվածի նման կապույտ կաթիլային  եմ արդեն ընդունում քո դեմ՝ արմենիկում: Վառելով հոսում ես արյանս մեջ ամեն օր՝ կապրեմ, կամ ոչ, իսկ քեզ համար շարունակվող ժամանակի խաղ է՝ քո նույն հեքիաթով կրկնվել երակներում ինչ-որ մեկի. կատուն մկանն ուտելուց առաջ մի երկու անգամ  թաթով տալիս է…  բայց ես բուժման լուրջ կուրս եմ սկսել քեզանից, որ վերանա   բացիլդ միջիցս  մի քիչ, ու բոլոր հիվանդների աթոռներին նստած եմ ես…

Ժամանակը հաղթահարում է ստացածը…

Ու հերի՛ք է անհոգնել պատմես քո նույն գլուխկոտրուկը բոլորին, ու լռես իմ  դիմաց, դրանք բոլորն էլ ես եմ՝ արմենիկումի   իմ օրվա կուրսի հետևից եկած, իմ մասունքը մի՛ բաժանիր չոր հացի  գնով… սրբությունս կուլ եմ տվել արդեն...

Եվ ինչո՞ւ ես եկել հիմա, երբ դու միշտ չէիր գալիս… երբ  յոթ գլխանի հրեշ էիր կորած փչակի մեջ, մի՞թե կներեմ ես քո գալն, երբ նստել ես ագռավի նման գլխիս լարերին, արնահոսող քթիս տակ պատմում ես նույն սպանված իրականությունը մեռելներին… փաստորեն դու խոսել էլ ես իմացել…

Նրանք ձեզ մոտ պակասում են… ինձ մոտ միայն դու ես պակաս…

Ժամանակը չուներ կարմիր  լեզու, որ լիզեր եղևնու պես սուր   փետուրներն իր քրքրված սփռոցներից, և անշտապել բերանի մեջ դեռ խաղացնում էր իր ամենամեծ պոկված ատամն ու ափսոսում  դեռ դեն շպրտել…

Մեռի՛ր  ագռավ, դու արդեն ութ ամսում երկու հարյուր հիթսուն  տարեկան ես, մեռի՛ր, ասում եմ…

 

 

ԱՐՅՈՒՆԻԴ ՄԵՋ ՄՆԱՄ

 

Սարեր ծնեցի, ծովեր բազմացրի, ցամաքներ առա, բայց առջևդ  մնացի անզոր՝ թե՛ հարվածելու, թե նվաճելո՛ւ համար…

Կսիրեի քեզ   երեք հարյուր տարի անգամ…  չէ՛ր հագենա հոգուս քաղցն անձիդ առաջ…

Քարանձավի  փակ պատերի  թաց ու քրտնած աղջամուղջում,  ձեռքս կտային քեզնից վերցրած լիքը սափոր կարմիր արյուն…

Չղջիկների թևաբախման  կիսակապույտ շարանից  ներս`  ներարկեի արյունը  քո երակներիս՝ դանդաղ, անշտապել, կործանման գերհաճույքով… Խեղ  պատերի  դժնդակ հայացքներում՝  պապակ շուրթերով լիզեի արյունդ կաթ-կաթ, կում-կում, լեզուս մեջը թաթախելով, հետզհետե թուլանալով, խմեի…  

Իմը…

Խավարի մեջ կմերկանայի ու մարմինս ամեն կողմից հազար ժամով  կշփեի   արյունով քո՝ երկար, մանրամասն, անխնա,   կցողեի վարսերիս մեջ, քմահաճ կկաթեր ճակատովս ցած, կթափանցեր աչքերով ներս, կխցկվեր քիթս, ականջներս ու վար կիջներ…

Նստեի այդպես  ինձանով մերկ,  քեզնով կարմիր   փրփուր գոլում… Հետզհետե սկսեի ապրել  թափանցումդ կողերիս մեջ գորշ խավարում, դողերիս մեջ՝ թույլ ցնցվելով,  ու թաց մնայի քո արյունում…

Պիտի բուժվեի…

Իմս…

Շնչեի՝  շնչվեիր,  զգայիր՝ զգայի։ Ներսեիր՝ ներսվեի՝  դրսից, միջից, վերից, կողքից… 

Իմն ես…

Լռության ու կանգնած ժամանակի շնչահեղձ հատիկներում՝ կիպվեիր  մաշկիս ամենախորքը, գնայիր, խաչասերվեիր ողնուղեղիս,  կյանք տայիր  կարոտից անշնչացող  բջիջներիս կորիզներին…

Հասնեիր, մտնեիր ոսկորներս… վերընձյուղվեիր սովալլուկ  ողնածուծքիս, լցվեիր,  ներհոսվեիր լոթարինգյան քնով   անցած դեղին ավշիս,  դանդաղ տիրեիր…

Մահապարտ եմ…

Հաստատուն լավայի տաք շիթերի ցոլքի նման  սիրտս բացեիր, աորտայով մղվեիր առաջ, սևացած կարոտս խև  քեզնով քանդեիր,  հունը    խոնավացրած՝  բացեիր…  բոսոր  հոսեիր իմ խանգարված  երակներում, սնեիր սրտիս  զարկերակը…  խփվեիր  շնչիս…  հասնեիր,  նստեիր ուղեղիս մեջ…

Լվանայիր ինձ քո արյունով… կլվանայի իմ ձեռքերը քո արյունից… թե կմնայի քո արյունով, անձիդ հանդեպ թթվածնային քաղցը   գազան   գուցե մարեր… թե կխեղդեիր արյունիդ  մեջ, էլ մահ չկար…