ԻՄ ՓՉԱՑԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Հիսուն տարի է անցել այն հիշարժան օրվա դեպքից, երբ բացվեց մեր 5-րդ ,,Բ,, դասարանի դուռն ու դպրոցի բուժքրոջ հետ ծանոթ բժշկուհին ներս մտավ: (Ի միջի այլոց, այն հիշարժան օրվա դեպքի՞ց, թե՞ այն օրվա հիշարժան դեպքից… Բայց դա այնքան էլ կարևոր չէ): Նրանք ինչ որ տուփ դրեցին ընկեր Ամալյայի սեղանին ու հայտարարեցին, որ մեզ սրկելու են  էպիդեմիայի դեմ: Մենք նրանց չէինք սիրում և դա իր հիմնավոր պատճառն ուներ:

Բժշկուհին մեզ ծանոթ էր նախորդ այցելությունից, երբ բուժքրոջ օգնությամբ,  ապակե բանկայից ձկան յուղ լցնելով թեյի գդալում, հերթով սկսեց մեզ խմացնել  այդ տհաճ հեղուկը՝  պարտադրելով հանել լեզուն՝ համոզվելու համար, որ կուլ ենք տվել: Ընկեր Ամալյան, մեր դասղեկը, չորրորդ աշակերտի մոտենալուն պես կանխեց մեր լեզուների ցուցադրությունը,  ասելով, որ նույն գդալը բոլոր 32 երեխայի բերանը տանելն անթույլատրելի է և հակահիգիենիկ:

Բժշկուհին հարձակման անցավ.

-Ես որտեղի՞ց ձեզ համար 32 գդալ ճարեմ:

Բուժքույրն էլ վրա բերեց.

-Ինչու՞ 32, դպրոցի աշակերտների թիվը 1250 է:

-Նախապես  զգուշացնեիք՝ տանից կբերեին,- չնահանջեց ընկեր Ամալյան:

-Էդ խելքով էլ՝ ուսուցչուհի ե՞ս,- կոպտեց բժշկուհին,- անցած օրը Տերյանի դպրոցում զգուշացրինք՝ բոլորը դասից փախան…

Ու մինչև որ նրանք վիճում էին, ես գողտուկ մոտեցա, վերցրի ապակե բանկան  ու շպրտեցի բաց լուսամուտից դուրս: Շրխկոցի վրա ընկեր Ամալյան, բժշկուհին, բուժքույրը, աշակերտները՝ բացի ինձնից, շտապեցին լուսամուտներից դուրս նայել, երևի համոզվելու համար՝ բանկան իսկապե՞ս կոտրվեց, կամ՝ իսկապե՞ս դա ձկան յուղի բանկան էր… Ես դուրս փախա:

Նույն օրը, երեկոյան, ընկեր Ամալյան մեր տուն եկավ, ինձ պատվիրեցին տանից դուրս գալ, բայց հեռու չգնալ, դռների մոտ սպասել: Երկար զրուցեցին, այնքան  երկար, որ ես փոշմանել էի, որ այդքան կանգնեցի դռների ետևում, կհասցնեի հեծանիվով մի քանի պտույտ տալ փողոցում: Ընկեր Ամալյան տանից դուրս եկավ ու առանց ինձ նայելու՝ գնաց (բայց ես զգացի, որ նա ինձնից փախցնում է հայացքը): Տուն մտա՝  պատժվելու ահով, գլխահակ  կանգնեցի հորս դեմ-դիմաց: Նա լուռ նայեց ինձ, նայեց ու կիսաձայն ասաց.

-Ապրես: Բայց էլ չանես:

Հետագա օրերին մեր դպրոցի բուժքուրը այնպիսի հայացքով էր նայում ինձ, որ եթե նա  օձ լիներ՝ կայծակնային արագությամբ կնետվեր ու կխայթեր: Ճիշտն ասած, ես վախենում էի նրա հայացքից ու կողքով անցնելուց արագացնում էի քայլերս՝ գլուխս մի կողմ թեքելով:

Օրեր անց, համոզվելով, որ բուժքույրը բացի ատելությամբ նայելուց ուրիշ բան անելու մտադրություն չունի, ես որոշեցի վրեժ լուծել նրանից և, ամեն անգամ, երբ նա միջանցի ծայրում գտնվող իր սենյակում՝ սպիտակ սավանով ծածկված թախտի վրա նստած շյուղերով գործում էր, անցնում էի նրա կիսաբաց դռան մոտով ու իբր պատահաբար՝ ցած էի գցում ձեռքիս տետրը: Կռանում, վերցնում էի՝ հայացքս նրա փեշերին հառած, որի տակից երևում էր բուժքրոջ մինչև ծնկները հասնող կապույտ վարտիքը: Վազքով վերադառնում էի դասարան ու կոկորդով մեկ գոռալով ազդարարում, որ բուժքրոջ տրուսիկը կապույտ գույնի է:

Սկզբում իմ համադասարանցիները մեծ ոգևորությամբ էին ընդունում այդ լուրը, բայց, մի քանի օրից ձանձրացան, որովհետև  բուժքրոջ վարտիքը միշտ կապույտ էր լինում: Այդ ընթացքում բուժքույրը հասցրել էր ուսուցիչների շրջանում ասել, որ ես փչացածի մեկն եմ: (Չեմ կարծում, թե նա գիտեր իր տրուսիկի գույնի պատմությունը և ավելի շատ հակված եմ կարծելու, որ նա ձկան յուղի բանկան լուսամուտից շպրտելն էր միայն փչացածություն համարում):

Իմ փչացած լինելու հեղինակային իրավունքը, այնուամենայնիվ, կենսաբանության ուսուցչուհի ընկեր Եղիկյանինն է: Իսկ դա՝ այսպես եղավ: Աշակերտներս, համաձայն գրաֆիկի, օրվա հերթապահ էինք լինում: Այդ օրը ես էի հերթապահը  և ընկեր Եղիկյանը դասամիջոցին ինձ հանձնարարեց ուսուցչանոցից բերել պտղի նկարն ու կախել գրատախտակից: Ուսուցչանոցում ինձ տվեցին գալարաթուղթը, բերեցի , բացեցի ու պարզվեց, որ պատկերվածը ոչ խնձոր է, ոչ տանձ և ոչ էլ մեկ այլ պտուղ, այլ՝ տարօրինակ, մարդանման, կծկված արարածի պատկեր: Դա կախ արի գրատախտակի մեխից ու նկատեցի , որ նկարը գլխիվայր եմ կախել: Ուղղեցի՝ նոր անցք բացելով գալարաթղթի վրա: Զանգը խփեց, Եղիկյանը ներս մտավ ու նայելով նկարին՝ վրա տվեց.

-Ա´յ փչացած , ինչու՞ ես նկարը թարս կախել, դեռ ծակել ու փչացրել ես…

Նկարը շրջեց՝ արարածի գլուխը դեպի ներքև, ու ծամծմելով սկսեց բացատրել, որ դա արգանդում հասունացած պտղի նկարն է:Ես չհամբերեցի.

-Բա ինչու՞ է գլուխկոնծի տված…

Եղիկյանը մոտեցավ, շառաչուն ապտակեց ինձ , բարկացած ասաց, որ իմ փչացած մտքերը գնամ , մեր տանը ասեմ…

Թող այն տպավորությունը չստեղծվի, թե մեր դասարանի ամենաճարպիկը ես էի: Ոչ, ամենաճարպիկն ու ամենագետը Ժորան էր, որ ձախ բազկին միշտ կրում էր ,,Պոբեդա,, ժամացույց և այդ հանգամանքն ավելի տիրական ու ավելի հեղինակավոր էր դարձնում նրան: Ժամացույցը նա հանում էր միայն աշխարհագրության ժամին, որովհետև ընկեր Մխիթարյանից վախենում էր  (իսկ նա զգուշացրել էր, որ մեր տարիքի երեխաները չպետք է ժամացույց կրեն): Ասեր, թե՝ չասեր, միևնունն է, մեզնից և ոչ մեկը ժամացույց չուներ: Իսկ Ժորան՝ ուներ: Որտեղի՞ց, չգիտեինք:  Նա, ամեն դասի ավարտին, ձախ ձեռքի յուրահատուկ, կտրուկ շարժումով նայում էր ,,Պոբեդային,, ու հայտնում, որ շուտով զանգը կխփի: Պատահում էր , որ  դասատուներն էին հարցնում նրան, թե՝ զանգին դեռ շա՞տ կա, և Ժորան, յուրահատուկ, կտրուկ  շարժումից հետո, շեշտված արժանապատվությամբ նայում էր ժամացույցին…

Դեռ ուսումնական տարվա սկզբին, երբ ժորան բոլորիս հիացմունքն ու նախանձը շարժելով,  ,,Պոբեդայով,, մտավ դասարան, տղաներիցս  մի քանիսը խնդրեցինք նրան մի րոպեով ժամացույցը տալ մեզ, տեսնենք՝ մեր ձեռքին կսազի՞: Ժորան կտրականապես մերժեց, ասելով, որ շատ վատ նշան է, երբ քո ժամացույցը ուրիշն է կապում:

Բայց, մի օր, ես ժամացույցը կապելու պատվին արժանացա՝ անսովոր ու պատահական դիպվածով: Մեծ դասամիջոցին, Ժորան ինձ մի կողմ տանելով հայտնեց, որ ինքն ու զուգահետ դասարանի Սուսանը սիրածներ են, և որ Սուսանի ընկերուհին՝ շեկ Ռոզան, սիրած չունի և, Ժորայի կարծիքով, Ռոզան դեմ չի լինի, որ ես էլ իրեն սիրեմ: ,,Եթե դու Ռոզային սիրում ես, էդ գործը դզելն իմ վրա,,- խոստացավ նա: Ես, իհարկե, անմիջապես համաձայնեցի ու վախով, որ Ժորան կարող է հանկարծ փոշմանի ու Ռոզայի համար ուրիշ սիրած ճարի, հորս արևով երդվեցի, որ ես էլ Ռոզային եմ շատ սիրում և դեռ հնարեցի, թե վաղուցվանից եմ սիրում, բայց ռիսկ չէի անում նրան բացատրվել: Անկեղծ ասած, ճիշտ այդ պահից Ռոզան ինձ համար դարձավ մեր դպրոցի ամենագեղեցիկ աղջիկը և ես ներշնչվեցի այն մտքով, որ նրան շատ եմ սիրում: Հաջորդ օրն իսկ Ժորան հայտնեց, որ Ռոզան էլ ինձ է սիրում, և ինքն ու Սուսանը մեզ հրավիրում են մի տեղ՝ ժամանակ անցկացնելու:

,,Մի տեղը,, , պարզվեց, Ժորայի մորաքրոջ տունն էր: Մորաքրոջ ընտանիքը մի քանի օրով գյուղ էր գնացել՝ տան բանալին թողնելով, որ մեկ-մեկ տանը նայեն:

Եվ, ահա, մենք՝ չորսով, մորաքրոջ տանն ենք: Ժորան իր իմացած տեղերից  կիսով չափ դատարկված ,,Հրազդան,, գինի բերեց, լիմոնադ ու պեչենի, նստեցինք սեղանի շուրջ, ու նրա առաջարկով խմեցինք մեր հավերժ սիրո կենացը: Որից հետո Ժորան  ձայնասկավառակ դրեց նվագարկիչի վրա, հայտարարեց, որ պարելու ենք: Հնչեց երգը՝ ,,Тереза, Тереза, я слышу как щепчут тюльпаны…,,: Նայելով, թե Ժորան ինչպես է գրկել Սուսանի մեջքը, ինչ շարժումներ են անում, Ռոզայի հետ նմանեցրինք նրանց: Հետո Ժորան Ժամացույցը թևից հանեց, կապեց իմ ձեռքին ու ասաց, որ յուրաքանչյուրիս 15 րոպե է հասնում, առաջինը իմ ու Ռոզայի հերթն է, մեզ  կարգադրեց գնալ խոհանոց: Ռոզան լուռումունջ գնաց, իսկ ես ոտքս կախ գցելով հարցրի.

-Ժոր, խոհանոցում ի՞նչ ենք անելու…

-Կմտնես, կնստես թախտին: Ռոզան ամանները լվանալուց կլինի: Կասես՝ աղչի, արի կողքիս նստի: Հենց՝ նստեց, կգրկես ու կպաչես…Հակացա՞ր: Դե գնա, րոպեներդ անցնում են, տես, 15 րոպեից ավել չլինի:

Մտա խոհանոց: Իսկապես, Ռոզան աման էր լվանում: (Գուշակեցի, որ Սուսանն էլ նրան է խորհուրդներ տվել): Նստեցի թախտին: Տեսք ընդունեցի:

-Աղչի, արի կողքիս նստի,- ասացի: Ռոզան, անմիջապես, կախ տված սրբիչով  սրբեց ձեռքերն ու եկավ, կիպ նստեց կողքիս: Ես ձեռքս նրա ուսով գցեցի, հպեցի ինձ ու համբուրեցի նրա այտը: Սիրտս սկսեց արագ բաբախել, քիչ էր մնում տեղից դուրս թռչի: Զգում եմ, որ նույն վիճակում է նաև Ռոզան: Նա գլխահակ, խոնարհ, կարմրել, հևում է: Մի անգամ էլ համբուրեցի: Թվաց, թե երկար ժամանակ է անցել: Անհան-գըստացած ժամացույցին նայեցի, բայց դեռ 10 րոպե ունեինք: Ռոզայի այտը երրորդ անգամ համբուրեցի ու դրանից հետո զգացի, որ տասը րոպեն անտանելի երկար ժամանակ է: Ինչքա՞ն կարելի է թեքվել, համբուրել,  թեքվել, համբուրել … Ժամանակն սկսեց դանդաղ անցել, անտանելի դանդաղ:

Անելանելի վիճակը մարդուն ոչ միայն համարձակություն է տալիս, այլև՝ ելք գտնելու հանճարեղ մտքեր: Եվ ես, հանկարծ, ձեռք բերեցի այդ երկուսն ու վճռականորեն դուրս եկա խոհանոցից: Ժորան թող տեսնի, որ ես ավելի շուտ կարող եմ անել այն, ինչն ինքը 15 րոպեում է անում:

Ժորան Սուսանի հետ ,,Տերեզա, Տերեզա,, էր պարում: Ժամացույցը նրան մեկնեցի.

-Ձեր հերթն է:

-Էսքան շու՞տ,-ուսերը թոթվեց նա ու Սուսանի ձեռքից բռնելով խոհանոց մտան:  Ես գրկեցի իմ ետևից եկած Ռոզայի մեջքն ու մենք շարունակեցինք պարը: Այս անգամ Ռոզան ավելի կիպ էր հպվում ինձ, ես ավելի գորովանքով էի գրկել նրան ու ամեն քայլից հետո ափիս տակ նրա մկանների խաղը անծանոթ ու շատ հաճելի գրգիռներ էին արթնացնում իմ մեջ:

Ժորայի 15 րոպեն շատ արագ անցավ: Դուրս եկան, ինձ մեկնեց ժամացույցը.

-Ձեր հերթն է:

-Ժոր, - աղջիկներից թաքուն ասացի ես,- համբուրելու համար 15 րոպեն շատ է, ավելի լավ է՝ մնանք, պարենք:

-Միայն համբուրում ե՞ս:

-Հա, ոնց՝ դու ասիր:

-Է՛-է-է´հ,- դժգոհեց նա,- հենց կողքիդ նստի, պառկացրու թախտին, պառկիր վրան ու նոր՝ համբուրի:

Վերցրեցի ժամացույցը, Ռոզայի ետևից ներս մտա:

Ռոզան, ծորակի մոտ աման է լվանում:

-Արի, կողքիս նստի,- քնշորեն հրամայեցի ես:

Ռոզան սրբեց ձեռքերը, նստեց կողքիս: Ես հրեցի նրա ուսը,  նա, հեզորեն ենթարկվեց, պառկեց թախտին, իսկ  ես՝ նրա վրա: Համբուրեցի այտը: Երկուսս էլ ծանր ենք շնչում: Մյուս այտը համբուրեցի: Մյուսն էլ: Հետո՞, ինչքան կարելի է մեկ՝ մի, մեկ՝ մյուս այտը համբուրել, մանավանդ՝ նրա վրա պառկելը շատ անհարմար էր, մեկ ձախ եմ սղում, մեկ՝ աջ, ու երևի ծանր էլ եմ, որ Ռոզան անհանգիստ շարժումներ է անում, հևում է: Վեր ելանք, նստեցինք կողք-կողքի: Թաքուն նայեցի ժամացույցին՝  դեռ ժամանակ կար ու նրա ուսերը գրկելով՝ էլի համբուրեցի… Որտեղի՞ց ծագեց միտքը, որ կարելի է կանգնած համբուրվել: Դա երկուսիս մեջ նույն պահին ծագեց ու մենք ոտքի ելնելով՝ գրկախառնվեցինք… Այդպես շատ ավելի հարմար էր,ափսոս միայն, ժամանակը լրացել էր ու Ժորան թակում էր խոհանոցի դուռը…

Ահա թե ոնց եղավ, որ ես երկու անգամ կապեցի ժամացույցը, և շատ կուզենայի այդ մասին դասարանում պատմել, բայց Ժորան խստորեն պատվիրել էր, որ  այդ օրվա մասին ոչ ոքի չիմանա: Սակայն, շուտով (նույն այդ Ժորայի բացբերանության պատճառով), մեր դասարանցիները, հետո՝ ուսուցիչները, իմացան , որ ես ու Ռոզան իրար սիրում ենք:

Փչացածի անունն արդեն հաստատապես կպել էր ինձ, ու ընկեր Ամալյան, ծնողական ժողովից հետո, մորս հետ առանձին զրուցել էր: Ի զարմանս դասղեկի, մայրս շատ էր ուրախացել, որ իր տղան արդեն ընտրյալ ունի, բայց տանն, իհարկե, խրատեց ինձ, որ դեռ շատ վաղ է սիրահարվելը:

Ես, իհարկե, ամենևին էլ ինձ փչացած չէի զգում: Միայն 50 տարի անց համոզվեցի , որ փչացածի մեկն եմ՝  հիշելով այն հիշարժան օրվա դեպքը, որի մասին ուզում եմ պատմել: (Ի միջի այլոց, այն հիշարժան օրվա՞ դեպքը, թե՞ այն օրվա հիշարժան դեպքը… Բայց դա այնքան էլ կարևոր չէ):

Եվ, այսպես, բացվեց մեր 5-րդ ,,Բ,, դասարանի դուռը, բուժքույրն ու ձկան յուղի պատմությունից մեզ ծանոթ բժշկուհին ներս մտան, ինչ որ տուփ դրեցին ընկեր Ամալիայի սեղանին ու հայտարարեցին, որ մեզ սրկելու են  էպիդեմիայի դեմ: Մենք, բոլորս, վախեցած ու շունչներս պահած սսկվեցինք՝ խորասուզվելով մոտալուտ ցավի ու դրան դիմանալու մտորումների մեջ:

Բժշկուհին բացեց տուփն ու այդտեղից դուրս բերելով՝ սեղանին դասավորեց ներարկիչը, սրվակներով դեղերը: 

Սկսեցին առաջին նստարանից՝ Սեյրանից: Վախից գունատված Սեյրանը, կատարելով բժշկուհու հրահանգը, բարձրացրեց վերնաշապիկը՝ մինչև թևատակերը,  դեմ տվեց թիկունքը: Երբ բժշկուհին սրսկում էր, Սեյրանը կարմրեց, կարմրեց, քրտինքի կաթիլներ հայտնվեցին քթարմատին, բայց գործողության ավարտից հետո

 աքլորացած մեզ նայեց ու հայտարարեց՝ հեչ էլ չցավեց: Հաջորդը Մանուշակն էր: Նա չհասցրեց ասել՝ հեչ էլ չցավեց, որովհետև մի քանիսս անմիջապես վրա տվինք՝ ցավե՞ց, շա՞տ ցավեց: Մանուշակը թոթվեց ուսերը՝ եսիմ… Հերթով մոտենում, սրսկվում ենք  ու ամեն անգամ նույն հարցը՝ խրոխտ պատասխանով՝ հեչ էլ չցավեց: Ընկեր Ամալյան մի քանի անգամ սաստեց մեզ, թե՝ մի աղմկեք, կողքի դասարանի դասը խանգարում եք, բայց մի պահ միայն լռելով, մենք շարունակում էինք աղմուկով ցավել-չցավելու խնդիրը քննարկել՝ ամեն սրսկվողի հետ:

Հերթը հասավ գերազանցիկ Հասմիկին: Բժշկուհուն մոտենալու փոխարեն, նա անշտապ ու հանգիստ մոտեցավ ընկեր Ամալյայի աթոռին, հանեց ժակետը,  խնամքով ծալեց, գցեց աթոռի թիկնակին, ապա  նույն հանգստությամբ մոտեցավ ներարկիչը պատրաստ պահած բժշկուհուն, քշտեց ժանյակավոր վերնաշապիկը… Եվ հենց այդ պահին կատարվեց հրաշքը. բոլորս պապանձվեցինք…  բոլորս պապանձվեցինք՝ նկատելով, որ Հասմիկի քշտած ժանյակավոր վերնաշապիկի ծոպից երևում է նրա դեռահաս, կլորիկ, պիրկ  կուրծքը՝ փոքրիկ խալով: Մեր դասարանի աղջիկներից դեռ ոչ մեկն այդքան չէր հասունացել, և մեր պապանձված, հմայված, զարմացած ապշանքը ատոմային ռումբի չափ հզոր լիցք ուներ: Անսպասելի լռությունից բժշկուհին բարձրացրեց հայացքն ու վախեցած մեզ նայեց: Վարկյաններ տևած հրաշքն ավարտվեց:

Այդուհետ էլի մի 10-15 հոգի սրսկվեցին՝ անտարբեր լռության մեջ:

Բժշկուհուն  ու բուժքրոջը ճանապարհեցինք ինչպես կարգն է պահանջում՝ ոտքի կանգնելով ու ճնշված նստեցինք՝ ուշք չդարձնելով դասամիջոց ազդարարող զանգին:

Ընկեր Ամալյան մեր վերափոխումը համարելով սրսկման արդյունք, ասաց, որ կարող ենք տուն գնալ, վերջին ժամը չենք պարապելու:

Չուզենալով, գլխահակ, անհավես դուրս եկանք դասարանից՝ մեր մտքում, ուղեղում, աչքերի մեջ տանելով Հասմիկի կլորիկ, փոքրիկ կրծքի ու խալի պատկերը…

 

Պատահաբար հանդիպեցինք: Թոռնիկի սայլակն էր հրում: Ջերմորեն բարևեցինք, հետաքրքրվեցինք, շատերին ու շատ բաներ վերհիշեցինք, մինչև, որ արթնացած երեխան լաց չեղավ:

Այդ ամբողջ ընթացքում ես, գողտուկ, նայում էի նրա պարարտ կրծքերին ու փորձում էի պատկերացնել, թե որտեղ է  նրա խալը:

Երբ բաժանվեցինք,  ինքս ինձ ասացի՝ փչացածի մեկը…