ՓՈՔՐԻԿ ՔՆՔՈՒՇ ԻՄ

ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

ՓՈՔՐԻԿ ՔՆՔՈՒՇ ԻՄ

Ձագուկ, փոքրիկ, քնքուշ՝

Իմ մաքրություն.

Հոգուս, մարմնիս, ձեռքիս,

Ափիս՝ գծերից դուրս՝

Իմ չապրածից առաջ,

Ու ապրածից հետո.

Ջրհեղեղից այնպես առաջ,

Այնպե՜ս հետո.

Ու ջրատակ ձկան պես լուռ,

Ինչպես խաչե վկա,

Միշտ իմ նավորդության ճամփին՝ մի ուղեկալ.

Իմ մաքրություն՝ լեզվիս, սրտիս՝ ինչպես

Մանկան արյան կծկում

Հենց ծնվելու պահին.

Այդ ո՞նց գիտես

Դու հավատալ

Ու լաց լինել այդպես միշտ լուռ.

Անգամ մանկան մի չափ չկաս...

Ասես գիտակցության մաքուր-մաքուր

Սավան,

Ուր քո ամեն անմեղություն

Շրջվում՝

Ապտակում է հենց քեզ  այնպե՜ս, այնպե՜ս ուժգին՝

Մեղքիդ բացակայի համար.

Թեկուզ հազար գրքով

Հազարամիտ եռքով

Տապակվելուց հետո

Մեկ է՝

Դու կաս միշտ նոր,

Միշտ թարմ,

Հավատարիմ,

Միշտ իմ դեմ պատրաստ,

Միշտ թշնամի,

Անհաղթելի,

Անտանելի,

Անբուժելի,

Պրծում չունեմ քեզնից,

Իմ մաքրություն,

Իմ սրբություն

Դու իմ մանուկ,

Ուժ՝ իմ մերձավորի,

Իմ՝ անզորություն:

 

 

***
Հենց նորից շարժվի գնացքը,

Տեր,

Հավաքիր այդ ամբոխի մարդկանց կառամատույցից.

Նրանք խանգարեցին տեսնել նրան,

Ում պիտի ճանաչեի

Ուժեղ սրտխփոցով.

Ով հեռավոր մանկությանս ծանրոցները պիտի տեղ հասցներ,

Ով պիտի հանձներ բոլոր չստացածս նամակները:

Նաև նրան,

Ով գալու էր կողքի վագոնում նստած

Այն գլխահակ կնոջը՝ զինվոր որդու

Ողջության փարատումը տալու.

Ում ձեռքից այս անտեր շունը

Չէր խորշի հաց վերցնել.

Ով ծիծաղ չէր բերելու,

Այլ լիասիրտ արցունք՝ լացի համար

Այդ տեսարանը դիտելու պահին:

Միզահոտ է գալիս գնացքի վագոններից,

Անլվա գլուխներով

Ու

Անվճար երթևեկի տոմսով

Այս ուղևորների մեջ,

Տեր,

Հեղձուկ է.

Սիրտս խառնում է,

Բայց ուժ չունեմ՝ դուրս թռչելու:

Ես արդեն բաց թողեցի պահը

Տեսնելու նրան՝

Ում դու թողել էիր կայարանում՝

Ծաղիկները ձեռքին.

Ում պահել էիր այն մոր,

Այս շան համար,

Ում պահել էիր գնացքի համար.

Այս գնացքը, որը կանգառ չունի այլևս,

Ու սլանում է առանց դադարի.

Կուզենայի տեսնել նրան,

Ով կարող էր կանգնեցնել այն՝ առանց վթարի:

Բայց

Մարմնիս,

Որում արյունս արդեն անհասցե ճամփորդ է,

Ու  հոգուս,

Որը գլխապտույտին անգամ

Ներս չի բերում գլուխը,

Սպասումն էլ օդ չի բերում.

Ու լույսը,

Որ մեկ-մեկ ընկնում է լուսանցքից,

Միայն թեթև ալիք է առաջացնում սրտիս պատին,

Որի ճեղքից

Էլ

Արյուն չի գալիս.

Ոչ էլ՝ արցունք.

Միայն՝

Ցավ...

 

 

***

Պատուհանի տակ
Մի օր քաղցր բամբակ են վաճառում,
Մի օր` թարմ ձուկ.
Երեկ ես բամբակ էի գնում
Ու թել-թել
Քաղցրությունն աշխարհի
Կապում մազերիս,
Այսօր` 
Ձուկ եմ եփում.
(Զսպի՜ր ծիծաղդ).
Ընտանիք եմ
Կերակրում...

 

 

***
Պատուհանի տակ
Քամին սուլեց,
Ու դուրս կանչեց օրացույցին.
Ճչաց` խելառնե՜ր, եկեք,
Ով գալիս է` 
Իմ ետևի՜ց...
Պատուհանի տակով
Շարան-շարան
Թռան թևիկները հևիհև,
Երկու թերթիկ մնացին կոճգամի տակ.
Մեկը` երեկն էր` բարուրով, 
Մյուսը` երեկոն՝ բազմած:

 


***

Պատուհանի ետևում
Մի օր երկու թևեր
Գրկեցին իրար.
Վարագույրը դողաց,
Ու մի ծաղկաման ընկավ:
Պատուհանի տակ
Ծաղիկների պաշտպան
Կանայք կանաչեցին,
Տղամարդիկ մոխրացան.
Վառեցին թևերին...

 

***

Պատուհանից
Ամեն ամառ չարաճճիները
Կեռասի կորիզներ էին ռմբահարում.
Պատուհանի տակ
Տղեկները քարկտիկ էին խաղում դրանցով,
Աղջիկները` տուն-տունիկ.
Պատուհանի տակ
Ամեն երեկո 
Տատիկներն ու պապիկները
Բղավում էին անխտիր բոլորի վրա.
Կեռասենիներն էին միայն
Լուռ
Պտղաթափվում...

 

 

 ***

Պատուհանի տակ
Մի պատանի
Մի աղջկա
Գրկած՝
Պտտո՜ւմ էր,
Պտտո՜ւմ էր,
Պտվվում էին.
Երկրագունդը
Ո՞վ գիտե
Ո՞վ է պտտում...