ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ

ՏԱԹԵՎ ՈՍԿԱՆՅԱՆ

***

Ծղրիդի ձայնը

Կտրում է մի պահ

Ինձ երևանյան

Աղաղակներից.

Հուշում է մի բան,

Որ այստեղ, հիմա

Գիշեր է նորից:

Եվ երկինքն`  ուղիղ

Գլխավերևիս,

Տեղը չի նշում այս եղելության,

Այլ պահը միայն.

Գիշեր է նորից:

Եվ ուզում եմ ես

Մի -քիչ ուշանալ

Ասֆալտի վրա

Հոսող քայլերից,

Մարդկանց այտերին

Կարկատած ձևից,

Քաղաքավարի

Տրված հարցերից,

Մի- քիչ ուշացած,

Մի -քիչ զգուշացած

Տխուր և ուրախ

Հրաժեշտներից,

Ուզում եմ վաղը

Քիչ   էլ ուշանա,

Նստենք հենց այստեղ`

Առանց բազկաթոռ

Եվ մեզնից ոչ -ոք

Հանկարծ չջանա

Թվալ ավելի

Կոկիկ ու մաքուր

Այս վայրենացած

Չափ ու ձևի մեջ,

Եվ  հին պարզությամբ

Խաղը վերջանա,

Առանց վերջաբան:

 

Ծղրիդի ձայնը

Կտրում է մի պահ

Ինձ երևանյան

Աղաղակներից.

Այստեղ` իմ հոգում

Գիշեր է նորից:

 

***

Բաղեղի պես փաթաթվել է իմ օրերին

Հիշողության շղթան երկար ու անհատնում...

Ես քայլում եմ ուրիշ, ուրիշ մի եզերքով

Գալիք օրերս անցյալի հուշով վատնում.

 

Այն ժանյակե վարագույրի ծալքերի մեջ,

Այն կիսաբաց պատուհանի նեղ փեղկերում,

Ես տեսել եմ գարունների ցոլքը անշեջ,

Եվ թե ոնց են լուրթ ամպերը լույսը մերում։

 

Կոկիկ պահված, անուշաբույր, հին ճամպրուկում,

Ուր տարիները երազներ են ամբարել,

Ես տեսել եմ ինչ անուշ է կյանքը բուրում,

Եվ ինչ է Նա հեռուներից իր հետ բերել...

 

Փափուկ, ճերմակ բարձերի մեջ լույս մանկության,

Հազար փետուր ու երազ եմ ես հավագել,

Հազար վկա անմահ հուսո ու բարության ,

Եվ թե ոնց է կյանքը սիրով ինձ վարակել։

 

Ես տեսել եմ լույս ու խավար, արյուն ու սեր...

Մանուշակի փնջերի մեջ Աստծու բարին։

Ես տեսել եմ ոնց է կյանքը քիչ-քիչ հյուսվել,

Եվ փաթաթվել բաղեղի պես իմ օրերին...

 

***

Քեզ քարոզել են,

Որ լուսաբացներն առանց գիշերվա մեղայականի

Չեն գալիս երբեք։

Քեզ քարոզել են,

Որ բարդիների վեհ կերպարները խշշում են կոտրած

Կատարներով թեք։

Քեզ քարոզել են,

Որ աստղաթափ են միայն հորինված կամարներն օդե,

Որ երկինքները գծուծ են ու հեգ։

Քեզ քարոզել են,

Որ տանիքներում միֆեր չեն ապրում,

Եվ երազները մաղերով ոսկե

Չեն ցողում կապույտ քաղաքներով մեկ։

Քեզ քարոզել են,

Հրավառությունն արևածագի

Չտեսնել,  չզգալ պարզած ձեռքերով և մտքով երբե՜ք...

 

Ա՜խ դյուրահավատ...

Քեզ համոզե՜լ են։

 

***

Ես հեռացել եմ...

Փայտե կամուրջի վերածվող երկար,

Երկար ճամփեզրին,

Սարդոստայնի պես,

Նստեց մառախուղն՝ ավարը որպես,

Սադափափայլ ու դեղին գիշերվա։

  Ես հեռացել եմ։

Լցվեց  ծանրությամբ հեղձուցիչ թույնի

Օդը՝ թաթախված օզոնի բույրով,

Եվ լսվեց կողքի սևսիրտ անտառից,

Ճարչատյունները տապալվող ծառի։

  Ես հեռացել եմ։

Գիշերվա հզոր արշավանքի դեմ,

Ուրվականների աննյութ ձեռքերով,

Փակվեցին բոլոր պատուհանները դարպասների պես:

Ես վերջինն էի բնակիչներից՝ տներ հորջորջվող այդ քարայրների,

Որ փակվեց իր մեջ։

  Ես հեռացել եմ։

Մոլեգնեց հեռվում լսվող թմբուկի ձայնը՝

Որ նույնն էր, համազարկն իմ թույլ անոթազարկի։

Եվ հազար անտես ճանկերում ջլոտ

Հազար թույլ սրտեր քամվեցին անհույս՝

Կապույտ արյունից։

  Ես հեռացել եմ։

 

Մոխրագույն ամպը խեղդեց իր խորքում

Դեղին մշուշը թաց կամուրջների։

Ինչպես երազը՝  գիշերաբնակ թռչուն֊հավքերից,

Հենց այդպես էլ ես...

Ես հեռացել եմ։

 

 

ԳՅՈՒՂՈՒՄ

 

Իմ կարոտ դարձած բարեկամ

Արդյոք հիշու՞մ ես երեկոն,

Երբ թաց խոտերի  հանդեսում,

Ճկված բալենու պարտեզում

Եվ ճաքած պատին մամռապատ  ,

Մեր անհոգ հեքիաթն էր հյուսվում։

Իջնում էր գառնարածը ծեր

Փրփուր ամպերից  ալարկոտ,

Փռվում էր   կանաչ թանձրություն

Հեռու ալպերին, ծառին մոտ,

Արդեն էլ չէր նահանջում

Սև լամպի նվազ ջանքերով

Մթությունը խուլ մեր գյուղի,

Սասուռը մեր թույլ նյարդերի...

 

Երգում էինք մենք ծիծաղկոտ

Տխուր մեր երկրի երգը հին,

Եվ մանկան անհոգ բերանով

Հուզում մեր դեռ անհաս հոգին...

 

Իմ  անցյալ դարձած բարեկամ

Հիշու՞մ ես արդյոք մեղեդին...

 

 

ԱՐԵՎԵԼՔ

 

Երանի՜ բողոքն իմ ներսի,

Այնքա՜ն մաքուր ու լուռ մնար,

Սիրտս կարմիր, հոգիս` հարսի

Քողի պես խաս... չհնանար։

Երանի՜ ճնճղուկն իմ մտքի

Մերկ ճյուղերից չհեռանար,

Անդարձելի մոլորությամբ

Ունայնությունն ինձ մոռանար...

Չդանդաղեր երկարաշունչ

Նախերգանքը մայրամուտի,

Եվ գիշերվա դյութանքն անուշ

Լցներ սիրտն իմ առավոտի`

Ա՜խ, մոլեռանդ սիրով, լուսնոտ

Պաղը շաղվեր` եղյամ դառնար,

Ու աշխարհի մամռոտ սրտին`

Մի արևելք ավելանար...

 

***

Ես մոլորվել եմ

Բախտի ու ընտրած ճամփի մեջտեղում,

Ճահճի ու գետի ծանծաղ վեճերում,

Վերելակների  անվերջ ճռռացող ,

Եվ սանդուղքների ոտքեր ցավեցնող վեր ու էջքերում։

Ես մոլորվել եմ

Կիսաստվածների գովյալ գոյության,

Անաստվածների չեղյալ թողության,

Եվ այդքան տանջող անորոշության

Անվերջ ծխածող սև կանթեղներում։

...Որքա՜ն , որքա՜ն ես ինձ տանջել սիրում...

 

 Այ քեզ մտքերի և մորմոքների

Հորդահոս զեղում։

Չլինի՞ կրկին

 Ես մոլորվել եմ։