ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏԵՎԱ

Ներկայացված է Արմավի մրցույթին...

 

***

Արի միասին  նկարենք մեր ապրված օրերի հազարապատիկը

Որտեղ դու իմը կլինես,ես`քոնը

Եվ մեզ բաժանողը մեր դստրիկի թաթիկները կլինեն

Նա ամուր կբռնի մեր ձեռքերից

Եվ դեպի իրեն քաշելով`

Իր նորաբողբոջ համբույրի կոկոնները կծաղկեցնի՝

երջանկությունից այրվող մեր այտերին:

Արի միասին նկարենք իմ հավատ-վստահության

մնացորդի ամբողջականը

Հավաքենք նրա մնացորդները

Եվ   մի նոր ձև տանք`կոչելով  հնարավորություն

Արի նկարենք միասին

մեր ապրված օրերի հազարապատիկը:

Որտեղ  ձեռքդ իմ ձեռքից կհեռացնես

մեր  դստրիկին գրկելու-փայփայելու համար,

Բայց ոչ երբեք կյանքդ թեթևացնող պարիսպը անցնելու համար`

մեզ համարելով սապատ:

Չապրածը նկարել չի լինի,

Քանի որ ապրվածը սապատվել է չապրածի  վրա

Եվ բեռնվել      ներկայից

 

 

***

Մա՛յր իմ,մեծ եմ արդեն վաղուց   

 Քեզ պես ես էլ այսօր մայր եմ      

 Եվ հիմա եմ լոկ հասկանում      

 Ուսերիդ թխպացած վախը            

 Վաղվաս համար:                               

Ես հիմա եմ լոկ հասկացել          

թե հոգիդ ինչպես է ցավել         

Ամեն անգամ տեսնելիս       

Աչքերիցս պանդխտացող                          

  արցունքները     

 Ես էլ արդեն նույնն եմ զգում      

Երբ դստրիկիս աչուկներից         

 արցունքներն են  հերթագրվում 

 Վարդ այտերն անվերջ համբուրում: 

Մա՛յր իմ,գիտես,ինչ եմ ուզում

Մանկիկիս  պես նորածնանալ      

կրծքիդ հպվել,չճանաչել աշխարհը այս…  չվախենալ                                     

  Իսկ թե վախենալ                   

ապա միայն գորշ գայլերից,աղվեսներից               

Աղմուկներից անծանոթ:         

 Մա՛յր իմ,ես էլ արդեն մայր եմ      

  Ինձ էլ այցի եկավ դուստրն այն  երկյուղի                                              

  Որ  սրտումդ բույն է դրել                

Եվ ի~նչ զավեշտ                               

Նրանք էլ են մայր ու դուստր:

 

 

ԼԻԼՅԱՅԻՆ

 

Ես ապրել եմ տառապանքի իմ բաժինը

Եվ դեռ ինչքան պիտի ապրեմ

Ինձ անհայտ է,ինչպես գալուստը Հիսուսի,

Որ միշտ թվում է թե մոտ է,

Բայց մահին կյանքեր են պարտվում այդ հատվածում:

Ես ապրել եմ տառապանքի իմ բաժինը,

Որը գերազանցեց Աստվածաշնչյան ջրհեղեղին

Եվ ցամաքը նրա ավարտի չի երևում

Հույսս չունի ո՛չ աղավնի,ո՛չ էլ ագռավ

Գուցե մեկը ինձ լուր բերեր:

Սակայն արդեն  ես քեզ ունեմ,դստրիկս

Եվ պատրաստ եմ ես պայքարել

Ամենի ու ամենքի դեմ

Ով կփորձի երջանկությունդ խաթարել

Իր հորինած ճշմարտության հակադարձով:

Ով կփորձի քո աշխարհը ներկել քեզ անհայտ գույներով,

Որոնք քեզ գորշ կթվան

Եվ կստվերեն օվկիանոսներն աչքերումդ թաքնված:

Ես ապրել եմ տառապանքի իմ բաժինը

Քոնն էլ կապրեմ և չեմ կիսի ես այն քեզ հետ

(Ես այդ հարցում ժլատ կլինեմ)

Իսկ այժմ ձեռքս բռնիր

Աստվածացրու քո էությամբ:

 

 

***

Եթե գաս կրկին

Կընդունեմ քեզ որպես մի ստվեր,

Որն էլ չի պաշտպանում հարձակումներից արեգակի:

Եթե գաս նորից

Կընդունեմ քեզ որպես մի թռչուն,

Որ հետ է մնացել երամից ՝

Որսի տիրանալու պատճառով

Եվ չի ցանկացել հայտնել նրա տեղը մյուսներին:

Եթե գաս կրկին

Կընդունեմ քեզ որպես մի վանականի,

Որից Աստված է երես թեքել

Եվ մոմերը էլ  չեն  օգնի:

 

 

 

***

Ես կարծում էի, թե դու մի գիրք ես,

Որի էջերը քաջ ծանոթ են ինձ,

Բայց սխալվեցի կազմն էր լոկ ծանոթ

Գրվածքը խորթ էր,հարազատ չէր ինձ:

 

Ես կարծում էի,թե դու հեքիաթ ես

Աստծո ձեռքերով ինձ համար  գրված

Պարզվեց՝խաբկանք էիր,թյուրիմածություն

Գրված դրամա՝ անխիղճ ձեռքերով:

 

Ես կարծում էի դու…երազանք ես,

Որին հասնելը  բախտ է պահանջում

Սխալվում էի,որ կարծում էի

Դու դևացնոր համոզմունք էիր: