ՅՈԹ ՄԻԼԻԱՐԴ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԴԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին...

Աշխարհում յոթ միլիարդ,

Մարդ է ապրում,

Սարսափելի է պատկերացնել,

Յոթ միլիարդ մենություն...

 

 

***

Մենակ բոլորի հետ,

Ինչպես Բուկովսկին ու էլի լիքը-լիքը

Պոետներ:

Մենակ էս անհաղթահարելի թվացող

Լաբիրինթոսում:

Ոչ ոք մեզ  չի կարող օգնել,

Բոլոր հոգեբանները,

Հիմար խորհրդատուները,

Բուժակները,

Գուշակները,

Մեր ծնողներն ու

Տարին մեկ հիշող բարեկամները

Ավելի են լցնում մեր մենությունը:

Պետք է սովորել մեռնելու արվեստը,

Ցավի հետ պիտի մեռնես

Ու լույսի հետ ծնվես ամեն օր:

Մենակ ենք ամբոխի մեջ,

Մենակ, երբ ընկերները խմում  են մեզ հետ

Ու hամբուրվում են ագահորեն

Մենակ ` խնդության մեջ, որովհետև ` մարմինները պարում են` հաճույք են ապրում

, իսկ հոգիները շրջում են աղջամուղջում, փնտրելով

լավ ամուսին, լավ սիրուհի, անդավաճան սեր, լավ աշխատանք ...

Լավ ոչինչ, լավ հիմարություն « Բարեկեցիկ, երջանիկ, կյանք» 

Ռոնդո` դատարկության անիվը,   պտտվում է այնքան

 մինչ հոգին լքում է փտող մարմինը:

Մենակ պիտի տանես խաչդ,

Մի սպասիր բարի փրկիչների,

Խղճացող մարդկանց,

Հիսուսին, Բուդդային, Մուհամեդին:

Ոչ ոք չի կարող ցավդ վերցնել,

Ոչ ոք չի կարող տառապել,

Լինել մերժված,

Սոված,

Անարգված

Քո փոխարեն:

Դե ուրեմն սիրիր քո մենությունը,

Նա կլինի միակ անդավաճան ընկերդ

մինչև մահ:

Նվիրվում է Չարլզ Բուկովսկուն:

 

***    

Ծերացած երազներս՝

Շարել եմ ճամպրուկում,

Գնում եմ, ծամելով.

Դառնացած բառերը լեզվիս տակ:

Կհանդիպենք մի օր,

Երազներիդ ծիր կապույտում:               

 

***

Վերջում կլինի

Լռություն,

Խայթող` տկար

Թմրություն,

Այլախոհ անուժ գոյերի

Անաղմուկ տառապանք, հոգնություն:

Վերջում կլինի սպիտակ լույս,

Խոր թմբիր,      

Բառախեղդ տրտմություն,

Կնիրհեմ հողի տակ անարցունք,

Կգրվի մի նոր պատմություն:

 

***

Ինչ սիրուն են գնում գնացքները`

սափրելով արահետը հույսի,

Ռելսերին փշրվող հրաժեշտը

կմաքրեն անձրևն ու քամին:

Ինչ խաղաղ են մեռնում  երազները,

և սերերը թոթովող - վաղանցուկ.

Ես փակել եմ գիշերվա բորբ աչքերը,

Ես թռչում եմ Աստծո երազում:

 

***

Որբությունս հյուր եկավ էս գիշեր,

նայեց ինձ,

գլխիկոր ասաց.

– Ու՞ր ես ինձ թողել:

Փաթաթվեց ինձ թաց մատներով,

կոտրված ինքնաթիռս նվիրեց:

Հորս ուրվականը ելավ պատերից,

ծուռ առաստաղը ճոճեց երեսիս:

– Ինչի՞ ես եկել:

-Յա, այ շան տղա, հորդ դեմքը հեչ չես կարոտե՞լ:

Որբությունս փախավ,

հերս կոտրեց անթև ինքնաթիռս,

արթնացա լացով երազից…

 

***   

Կվազեմ ասուպների մեջ,
Կփնտրեմ 
Գողացած մանկությունս, օրորոցս 
ձեռքդ ` պարզած սնարիս,
Կգտնեմ բոլոր կորած
Հեքիաթի հերոսներին `որ թաքնվել են
Հիշողության մարմաջից ։
Կգրեմ մի նոր 
Տխուր հեքիաթ 
Իմ ու քո մասին 
Պապ։
Կթողնեմ ասուպները մթնում,
Հեքիաթս անավարտ թող մնա,
Մեռնում են անհեքիաթ աշխարհում,
Ծերացած մանուկները հիմա։

 

Երջանիկ մարդիկ,

չեն բանաստեղծում:

 

***     

Մերս սուրճ կպատրաստի,

Կխմեն խմբված տղամարդիկ,

Կվառվի լապտերը մեր

ծուռտիկ հայաթի:

Կծփան ծաղիկները `

Թափորիս առջև.

Կլռի շունս ` մահվան տագնապից:

Ոչ

արցունք,

ոչ ժպիտ,

ոչ զղջում,

Չի հասնի արդեն ականջիս,

Կխշշա իմ մեջ ծովը `

Բերկրության,

Խաղաղ նահանջի:

Մերս հաց կպատրաստի,

Կծխի ցավն առանց

լացի,

Կոռնա դողահար իմ շունը,

Սոնետը մեռնող աշխարհի:

 

***         

Ու հոշոտում եմ 
Բառերը լեզվիս տակ,
Խունացած գրքերի մեջ
Թաղում հոգնությունս,
Խեղդում եմ պոռթկումս`
Թեյիս եռման բաժակում 
Եվս մի օր, 
առանց սիրուն երազների,
Անպետք մարդկանց ու ձանձրացնող
Ֆրազների,
կյանքը իրական դրախտ է
Առանց տխմար ու հնամաշ`
Իմաստների:

 

***

Դու չես կարդա,

իմ վերջին ստիխը,

Կմեռնի աչքերիս մեջ տեսիլքդ,

Վանիլե իմ պատրանք ` Նկարիչ:        

 

***

ոչ ոք չլքեց ինձ  

սերերս,

դավաճան ընկերներս,

անհիշելի թշնամիներս ու

մեռած բարեկամներս,

բոլորը ...

ապրում են մաշկիս տակ

տրոհելելով ցավիս ծակոտիներում:

ես սարդ եմ մարդկեր,

մարսում եմ բոլորին դանդաղ,

ապա արտաթորում եմ թղթերին,

առանց կետադրելու:

Դեռ երկար կծխա երկինքը,

կվազեն բանակները արյան,

կլցվեն տենդերով մահիճները,

որբացած,

արդ պատրաստ եմ եկեք ինձ մոտ

մեղսագործ տականքներ անաստված,

Լայն բացված սպասում է երախս,

ցավակեր,

անհատակ քավարան:

 

***   

Գեղեցիկ ապրել

Չսովորեցինք,

Գեղեցիկ

Մեռնում ենք...

 

***                       

Չկա սկիզբ,

Վերջ չկա…

Հավերժ է ֆարսը

Անորոշության մեր մրցավազքի:

Ամեն ինչ եղել է արդեն,

Եվ դյութանք, և կիրք,

Մահ ու ռենեսանս,

Սեր և արհավիրք:

Երախն այրունոտ փտում է

Սպանդից:

Օ՜, հող, վերջին մեր հանգրվան,

Բացիր գիրկը քո մոր նման,

Ծածկիր վավաշոտ մեր մերկությունը

Ամոթի:

 

***                   

Երբ գաս,

մարի վերջին ջահը,

հավերժամթին,

խեղդիր լացդ քավության սավանի տակ:

Մենք սպանել են սերը

ամլության մեջ երջանիկ խաբկանքի,

քնի մեջ անխոնջ,                   

նույն երազն ենք ապրում

գժի պես կսիրենք մեկ – մեկու`

Հինգ վայրկյան տևող երազում:

 

*** 

Ես կանգնել եմ ծառուղում մենակ,

Քամին շոյում է կզակս,

Ծառերը լուռ արտասվում են,

Տեսնում են Աստծուն

երկնի հայելում...

 

***

Ես չեմ մրսում,

Չեմ շոգում

Չեմ զգում  ոչինչ արդեն .

 արևի շողերը չեն թափանցում իմ հերմետիկ ու լավ փակված պատուհաններից,

Չի կաթում անձրևն  իմ ապակուն:

Ինձ մոտ վաղուց 5 րդ եղանակն է`

Հավերժական ունայնությունը։

 

***          

Եթե գաս,

Կդադարի ձյունը

Կարմիր,

Կավարտվեն սառը

 պատերազմները,

Կխաղաղվեն դևերը մարդակեր։

Եթե գաս նախընթաց գիշերին

Զատիկի

Ես կպատմեմ բոլոր մեղքերի մասին

Որ գործում ենք գնալուդ պատճառով։