Թիթեռ օրս

 

Ինձ մի՛ շաղախիր օրերի փոշով,

Ես ավազից չեմ,

Ես փոքր-ինչ թացեմ,

Գուցե կավից եմ`

Մի փոքր խոնավ,

Երբ թախիծը կույր

Լուռ կլանում է իմ մաշկահոտը:

Ինձ մի՛ շտկիր քո պարզ բարությամբ,

Որ երբեմն էլ սիրտս է շուռ տալիս

Այնպես քնքշորեն,

Ինչպես սիրեց քեզ,

Ու ներս կուլ տվեց քո գոյությունը,

Ասես չի եղել նա առանց դրա,

Ու արդեն երբեք չի էլ լինելու:

Դու ինձ մի՛ նայիր այդպես անխնա,

Կարծես փորձում ես իմ եսը դնել

Քո գրկախառնման

Կաղապարի մեջ.

Ես թռչուն չեմ,

Եվ ոչ էլ ձկնիկ,

Թիթեռ եմ, թիթե՛ռ:

Ու իմ ողջ կյանքը նման է ասես

Այն անգին օրվան, որ տրված է լոկ

Գոյացումներից ամենանրբին:

Ինձ մի՛ մոռացիր երբեմն ներել,

Չէ որ կարող եմ ինքս էլ քեզ մերել

Իմ թռիչքների խոնավության հետ:

Կարող եմ` լինելով անզգա,

Քո նվիրման հետ

Անզգույշ վարվել,

Ես էլ թերի եմ:

Քանզի երբեմն

Թռչելու փոխարեն

Քայլում եմ հողի վրա

Խորթ շորորվելով,

Բայց և առանց թև:

Ինձ մի՛ մոռացիր երբեմն հյուսել

Քո կարոտներին,

Չէ որ ես մերկ եմ

Առանց արևի

Երկնքի նման,

Երբ հեռու ես դու:

Եվ ինձ մի՛ խյուսիր մայրամուտներին

Խենթության գինով

Աներկյուղ ցասման,

Չէ որ քեզնով եմ արևածագում.

Դու գինն ես իմ թիթեռ օրվա`

Թև-երջանկություն:

 

 

Քաղաքը դու ես

 

Քո ներսում քաղաք է բնակվում

Քարաշատ, ծաղկահոտ:

Քաղաքի շարժն է քո երակներում

Սիրառատ, աղմկոտ:

 

Քաղաքի ճամփան է շոշափում:

Քո թողած ամեն մի կարոտ

Քո ներսում քաղաք է բնակվում

Փշաքաղ, մաշկահոտ:

 

Քեզանից է քաղաքն այս սկսվում:

Քո ստվերով է արևը ամպոտ:

Քո ներսում է քաղաքը քանդվում:

Պահիր նրան սրտիդ մոտ:

 

 

 

Արագիլներս

 

Ես կերակրում եմ արագիլներիս

ունեցածս բոլոր սպասումներով,

և նրանցով, որ երբևէ եղել են

ու կլինեն հաստատ:

Նրանց եմ պատմում

մանկական բոլոր երազներս,

Երազներ այն աղջկա մասին,

որ նկարում էր մի հորինված կարոտ

այն առաստաղին,

որ մի օր դարձավ

տանիքը իր:

Եվ հիմա նրանից կաթկթում է

հիշողությունը,

որը թափանցիկ կամրջով

կապում է մեզ նրանց հետ,

ովքեր ջրում էին այդ երազները:

Ես կերակրում եմ արագիլներիս,

իսկ նրանք պատմում են,

որ հավատից է ծնվում սերը,

ու մեռնում է, երբ թաքուն

դադարում ես հավատալ:

Ես հավատում եմ քո սիրուն:

Եվ հավատում եմ արագիլների

գարնանաբեր զորությանը:

Իսկ գարունը այդ նման է

հենց այն արագիլներին,

որ ամեն մեկս ունենք մեր ներսում:

Ես հավատում եմ, որ մի օր

նրանք ինձ էլ կբերեն իմ ճախրը,

որ նմանակը կլինի իմ ու քո:

Ես հավատում եմ մեր սիրուն,

որ այնքան նման է ինձ ու քեզ,

նման է մեր մանկական բոլոր

երազներին:

Իսկ սերը սիրում է,

երբ իրեն հավատում են,

և կերակրում,

ինչպես արագիլներին:

Իմ արագիլները բույն են հյուսում

իմ ու քո սիրո կտուրին,

որ մի օր ճախրեն այնտեղից`

թողնելով մեզ պարգև

մեր սիրուն հավատալու

անվախճան կարողությունը:

 

 

 

Հողը..

 

Մարդը գնում է..

Նրան կանչում է Հողը` հուզվելով:

Կանգնում է, շիկնում է,

Ոտքերի տակ անզուսպ ճզմելով,

Կծկելով հողամաշկի խաղերը:

Լռում է, խորհում է.

-Ին՞չ է արդյոք հողը, ո՞վ է:

Հողը դու ես, քո ողջ կյանքը:

Քո մաշկահոտն է հողից բուրում,

Նա քո արյունն է,

Քո սրտի զարկը:

Հողը քո պապերի հող դարձած

Մարմիններն են,

Նրանց փոշիացած կյանքը,

Նրանց պայքարը,

Նրանց հաղթանակը:

Հողը քո ապագա երեխաներն են,

Նրանց ոտնաթաթերի ամրությունը,

Նրանց չորեքթաթ ծիծաղը,

Մեջքի ուղղությունը,

Նրանց փոքր ու մեծ խաղը:

Պարարտանյութ դարձած լացը,

Մարդ մնալու հատկությունը,

Նրանց ամենօրվա սուրբ հացը:

Ամենօրվա արևակուլ արթնությունը:

Հողը հենց դու ես,

Քո ափը, որ բռունցք դարձավ,

Ու այն ափը, որ գրկեց քեզ,

Երբ ընկար վար:

Հողը քո զինվորն է,

Քո այն տղերքը, որ վերադարձան:

Ու տղերքը, որ բուռդ ընկան,

Հավերժացան:

Հողը այն ամենն է ինչ կա,

Եվ այն ամենն ինչ չկա էլ:

Քո տունը, շունչը, անցյալը, ապագան,

Քո ցավը, կարոտը, ամենն էլ:

Մարդը կանգ առավ, արթնացավ,

Մնաց,

Շինեց,

Տնկեց,

Ծնեց:

Մարդը` մարդ մնաց,

Ապրեցավ:

Հողը տաքացավ,

Շիկնեց,

Ծիլ տվեց:

 

 

Անքեզ

 

Անքեզ անօդ էի ու առանց կարիք,

Այս երկնքի տակ տիեզերքը մոտ էր,

Անարև էր տունս ու առանց տանիք,

Այս խենթությունն էլ անհաղորդ էր:

 

Մորմոք էր սրտումս ու մոլախոտ,

Եվ մենությունն էր ինձ դատավճիռ:

Անտանիք էր տունս ու անկարոտ,

Անքեզ անսեր էր, ու առանց թրթիռ:

 

Թևերս թև չէին, միայն աջվերջույթ:

Ձմեռս անշոր էր, աշունս խեղաթույր

Անքեզ կմնայի ես անարև, անմութ:

Սիրտս էլ` թիթեռ չդարձած թրթուռ:

 

 

 

Աշնանախաղ

 

Կարմրաթուշ աշունը

Մենության վախից

Ուշաթափ եղավ:

Եվ շիկնեց նորից

Հևավազ եղած

Արցունքը նրա:

Նատ խրեց մի քիչ,

Մի քիչ ուժասպառ

Նորից խենթացավ:

Թռչկոտեց անվախ,

Հետքեր թողնելով

Մայթերի վրա:

Պատուհանի տակ

Նշանեց թաքուն

Հավիտենությունը

Հավատքի համար

Կախաղան ելած

Ճշմարտությանը:

Եվ ինչպես երեկ,

Այսօր էլ էր նույն

Արթնությունը

Տանջամահ անում

Մենակ մնացած

Հիշողությանը: