Ներկայացված է Արմավի մրցույթին...

 

***

Ես «առաջին հայացք» ասեմ, դու «մինչև վերջին շունչ» հասկանաս։ Մինչև վերջին շունչս ինձ հասկանաս, վերջին բառս ու վերջին շունչս լինես։
Ես ասեմ «գնա՛», դու չհավատաս, դու չգնաս, դու գաս ու էլ չգնաս։
Ես չուզենամ խոսել, դու հասկանաս, որ ուզում եմ խոսելդ լսել՝առանց ընդհատելու, հագենալու աստիճան, լուռ ու ժպիտով։
Ես ուզենամ մենակ մնալ, դու հետս մենակ մնաս իմ մենակության մեջ։ Դու ինձ մենակ չթողնես երբեք, որովհետև իմ «մենակ»֊ը քեզ հետ եղածն է միայն։ Որովհետև առանց քեզ ոչ թե մենակ կլինեմ, այլ չեմ լինի ուղղակի։
Չգիտեմ՝սիրե՞լ, թե՝չէ։ Ես ունեմ այդ ընտրությունն ու դեռ փախչում եմ դրանից։ Բայց փախուստը լուծում չէ։
Ուզում եմ միասին լուծենք որոշ հարցեր, բայց ամեն մեկս մեր հարցն ունենա մյուսին տալիք։ Պարտք չլինենք իրար ոչինչ, բայց տալու բան ունենանք միշտ՝սկսած իմ սիրած կոնֆետից, քո սիրած թթվով վերջացրած ու այսպես շարունակ...
Ես ասեմ՝ամենալավն ես, բայց դու ամեն օր ավելի լավը դառնաս։ Չդադարես լավը լինել ամեն օր։
Իրար համար ավելի լավը դառնանք։ Չփոխվենք, բայց մեկս մյուսիս համար, մեր օգտին փոփոխություններ անենք։
Մեր տունն ունենանք։ Մեր անկյունը մեզնով զարդարենք։ Մեր տանը ծաղիկներ ունենանք, անընդհատ թարմացվող, նորացվող ծաղիկներ։ Մենք տանը ազատ ծաղկաման չունենանք։ Ազատ ժամ չունենանք մենք, ժամերն ազատենք ծանրությունից ու թեթև ապրենք իրարով։
Մենք չմրսենք ձմռանը, մենք միշտ արև զգանք մեր մեջ, մեկս մյուսիս արևը լինենք ու թույլ տանք իրար փայլել, ես՝ քեզ, դու՝միայն ինձ համար։
Ես ասեմ՝ չեմ խանդում։ Դու հասկանաս, որ քանդվում եմ խանդից։ Ես ասեմ՝պատճառ չկա, դու պատճառը ման գաս։ Ինձ խանդելու առիթ չտաս, ժպիտներ չշռայլես քեզ ժպտացողներին։
Ես ասեմ՝աչքերդ սիրուն են, դու աչքերիդ փայլն ինձ ցույց տաս, միայն ինձ ցույց տաս։
Ես ասեմ «հիմա», դու հասկանաս «միշտ»։ Ես չասեմ ոչինչ, բայց դու հասկանաս ճիշտ։ Ասածներիս ու չասածներիս մեջ ընկած տարածությամբ տխրությունս չափես ու ինձ մոտ գաս... ուղղակի գրկելու, որովհետև ես կյանքում գոյություն ունեցածներից ու չունեցածներից ամենանուրբ ու քնքուշներն եմ սիրում, ամենազգայունը...
Ես ասեմ «լավ եմ», դու իմանաս, որ առանց քեզ «լավ» չի՛ լինում։ 
Ես մեղավոր չեմ, որ դու հենց դու ես, ես ի՞նչ մեղավոր եմ, որ կարողացել եմ քեզ հենց քո նման ընդունել։ 
Ես ասեմ «անտանելի վատն ես», դու հասկանաս, որ իմ փնտրածն ես։

 

***

Անսահման կարոտել եմ քեզ։ Պիտի խոստովանեմ, որ ինչ֊որ օրենքով, ինչ֊որ բանաձևով ես կարոտում եմ քեզ, իմ կարոտը դարձել է օրինաչափություն՝ուղիղ համեմատական է վայրկյաններիս հետ...

Ես քո մեջ սկսվում ու ավարտվում եմ քո մեջ։ Ոչ սեր, ոչ կապվածություն...ոչինչ և ոչ մի անուն֊անվանում չեմ կարող տալ այս ամենին։ Ես չեմ կարող անվանել այն ինչ կա իմ հոգում, սրտում, մտքերում...
Անսահման կարոտել եմ ասածդ բառերը, գրածդ տառերը, ուղարկածդ ժպիտը, տվածդ ժպիտը, փայլը քո տված...քեզ եմ կարոտել։ Կարոտ շնչելը ծխելուց վնասակար է, գիտեի՞ր։ Ծխախոտից թոքերդ ծխով են լցվում, հազում ես, տարիներ հետո լուրջ առողջական խնդրի առաջ կանգնում։ Իսկ կարոտն ուրիշ է։ Կարոտելիս թոքերիցդ օդը դուրս է գալիս, չե՛ս ներշնչում, խեղդվում ես ու քեզ էլ տարիներ չեն մնում, առողջություն չի մնում էլ, ո՛չ էլ ոտքի վրա կանգնելու հնարավորություն...ծխի՛ր, գրողը տանի, ծխախոտի տուփեր դատարկիր, առողջությունդ այդպես քայքայիր, բայց երբե՜ք...չկարոտես։ Լսու՞մ ես։ Չը՛կարոտես։ Չը՛փորձես։ Օր չի մնա, եթե իրոք սկսես կարոտել, զգաս կարոտդ սրտիդ տակ։ Ապրելու ոչ մի օր քեզ չի մնա։ Կսպանես քեզ, եթե սկսես կարոտել։ Մի՛ փնտրիր ու երբեք մի՛ գտիր նրան, ում կարող ես կարոտել։ 
Իսկ ծխախոտի տուփերն ասում են, թե ծխելը վնասակար է առողջությանը։ Տուփերը չե՜ն կարոտում, բարեկա՛մս։ Տուփերը կարոտ փորձած չկան...ես էլ տուփ չլինեի՞ բա...Ծխախոտը չգիտի՝ինչ է կարոտը։ Իսկ կարոտը մի՜շտ ծխախոտի տուփեր ունի գրպանում...
Ծխի՛ր, բարեկա՛մս, բայց...մի՛ կարոտիր։

 

 

***

...Երբ Աստված ստեղծեց մեզ ու զգաց՝ ինչ էակ է ստեղծել, խորը հոգոց հանեց ու արտաբերեց. «Ծով համբերություն»... ու մենք համբերություն դարձանք։ 
Մեզ բաժին հասավ համբերելը։ Մենք կոփվեցինք սպասելիս։ Աստված մեզ «համբերող» կարգեց, քանզի էլ ոչ ոք չէր սպասելու այնքան ու այնպես, ինչպես սպասում են Զինվորին, ինչպես հաջողությանն ու հրաշքին են սպասում։ Այդ մենք ենք, որ կարողանում ենք հրաշքներ գործել, հավատալ ու սպասել դրանց։
...Բնության մեջ մենք ենք սպասողը, մենք համբերատար ենք ու հարմարվող...ամեն ինչին։ 
Աստված ուզեց, որ մենք այսպիսին լինենք։
Բարձրյալն  ուզեց, որ մենք տարբերվենք քնքշությամբ, բայց և կոպիտ լինենք օտարի հետ, Աստված ուզեց, որ մենք ի սրտե սիրենք, բայց և հետ առնենք մեր սերը, երբ այն չգնահատվի։ 
...Նա ասաց «Մաքուր սիրտ», ու մենք հանեցինք մեր սրտերից անմաքուրներին։ 
Նա ասաց «Մաքուր հոգի», և մենք վանեցինք մեզնից ու մեր հոգուց անմաքուր ամեն ինչ...
Նա ասաց, ու մենք ենթարկվեցինք,մենք լսեցինք, հետևեցինք...մենք Նրա մաքրամաքուր ձեռքերի աշխատանքն ենք...մենք ձեռակերտ կտավներ ենք, որ գեղեցկություն ենք տալիս շրջապատին, բայց, ինչպես նկարչի կտավը, այնպես էլ մենք ունենք թաքնված իմաստ, որ ամեն մեկին հասու չէ։ 
Մեր Նկարիչն էլ ամենքիս մի իմաստ տվեց, բայց ընդհանուր Իմաստ ունենք մենք...մեր իմաստը՝ Մաքրություն։
...Երբ կտավն արդեն պատրաստ էր, նա սրբեց ճակատն ու երկար նայեց...ինչ֊որ բան կարծես պակասում էր։ Եվ այո՛։ Ժպիտ չկար։ Չի՜ կարելի սիրուն ու նուրբ լինել ու չժպտալ։ Ժպիտ բոլորին է պետք։ 
Նա հյութալի շրթունքներ նկարեց, ու մի քանի նուրբ վրձնահարվածից հետո...մենք ժպտացինք։ Ժպիտ տվեց մեզ։
Բայց էլի ինչ֊որ բան պակաս էր։ Ու Նա մեզ ժպտալու Պատճառ տվեց։ Որ սիրենք այդ Պատճառին...
Եվ քանզի ոչինչ հարատև չէ...Նա ասաց, որ այդ Պատճառն էլ հավերժ չի լինելու։ Եվ առանց իր ձեռքերի...մաքրվեց ժպիտը։ Մենք լաց եղանք։ Այնպես որ...Բարձրյալը մեզ արցունք չի՛ տվել։ Մենք ինքնուրույն ենք սովորել լաց լինել։ Եվ արցունքները մեր...ամենևին էլ վրձնի աշխատանք չեն։
Բայց...Նա ամենաբարին է։ Նա համաձայն եղավ մաքրել դրանք։ 
Նա մեզ երկա՜ր բացատրեց, որ կյանքում գործում է «Միակ»֊ի օրենքը։ Մեզ մնում էր ողջախոհ լինել...բայց արցունքների հետ ողջախոհությունն էլ մաքրվում֊անցնում է։
Նա մեզ նրբություն տվեց...շա՜տ նրբություն, որ կարողանանք հանգստացնել...մեր զգացմունքները, մեր ցավերը, հետո բոլորինը...կարողանանք հանգստացնել լաց լինող մանկանը, լաց լինող հոգին(ի՞նչ կարևոր է՝ում)...
Նա մեզ ասաց»Հանգստություն», ու մենք սովորեցինք հանգիստ լինել և կամ հանգստանալ ամենածայրահեղ դեպքերում անգամ։ Ո՞վ պիտի սառը դատեր, եթե ոչ մայրը՝ որդու սխալ որոշման դեպքում...
Նա մեր մայրերին ասաց «Մայր»...ու մայր կարգեց նրանց։ Նա անապական մաքրություն տվեց մայրերին, որ փոխանցեն, որ տան, նվիրեն...իրենց Դուստրերին։ Նա դուստր նվիրեց իր  ամենամաքուր, ամենաստացված «Կտավներին»...
Նա ասաց «Երազանք»...ու մենք երազկոտ դարձանք և երազանք նաև...Իսկ ո՞վ ասաց, որ մենք երազանք չունենք...Նա ինքն է մեզ երազանք տվել...ամեն մեկիս♡
Նա մեզ ասաց «Սեր»...ու մենք, մոռանալով ամեն ինչի մասին, սիրո ծով դարձանք...
Նա ասաց «Սահման»,մենք չչափեցինք, այլ չափի զգացումից զգաստացանք։
Նա ասաց «Կյանք»...ու մենք «Ապրում» հասկացանք, մենք մեր կյանքը ապրումների շղթայով կառուցեցինք...մենք կյանքով լցվեցինք...մենք կյանք դարձանք, նո՜ր կյանք...
Նա ասաց «Սկիզբ»...մենք նորի սկիզբ դարձանք, նորը սկզբնավորեցինք։ Ասաց «Վերջ»...մենք վերջացանք...բայց հիշվեցինք, մնացինք մենք։
Նա մեզ կերտեց։ 
Շա՜տ աշխատեց Աստված, կնոջ կտավի համար մեծ ջանքեր պահանջվեցին։ Բայց...նա ամենազոր է. նա անթերի ավարտեց աշխատանքը։ 
...Եթե քեզ հանդիպի կյանքում մեկը, ում դու Մայրիկիդ կնմանեցնես, ջերմություն կզգաս նրանից, կժպտաս, քնքշություն կզգաս...հավատա՝նա Աստծո կտավներից մեկն է, որ քեզ է ուղարկել հենց Նա՝ամենամեծ Նկարիչը։ Դու հնարավորություն ունես Աստծո ստեղծածն ունենալ կողքիդ ու սրտումդ։ Իսկ կարևորագույն հնարավորությունները...
Աստված մեզ ասաց «Միայն մեկ անգամ»...ու մենք սովորեցինք ժպտալ, ապրել, գտնել, սիրել, ներել, կորցնել...միայն մեկին, միայն մեկ անգամ...
Մենք չենք կրկնվում, մենք նման չենք միմյանց...մենք Մեկն ենք հազարից, իսկ այդ հազարների մեջ ամենաչնկատվողն ու համեստն ենք, որ աչքի ընկնել չենք սիրում։ 
Մենք Նրա ձեռքով ստեղծվածն ենք... ձեր կողոսկրից...