ՄԻԱԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ

ՍՈՆԱ ՎԱՆՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին...

Սահմանաշեն գյուղը իր անունը ստացել էր տեղացի հնաբնակների կողմից, իսկ նախկին անվանման մասին հավաստի աղբյուրներ չկային: Աշխարհի մի մոռացված անկյունում ծվարած գյուղը պահպանել էր ավանդական նիստուկացի ամբողջ համն ու հոտը: Առավոտը ազդարարվում էր կա՛մ կրակոցով, կա՛մ աքաղաղի կչկչոցով, երկու դեպքում էլ ուշ էր լինում. սահմանաշենցիները դեռ ժամ առաջ անցել էին իրենց բան ու գործին. հարսը գոմն էր ավլում, նանը սեղան էր բացում, իսկ տղամարդիկ կա՛մ պատրաստվում էին հոտը սարը տանել, կա՛մ էլ տնամերձ բոստանն էին մշակում, մյուսներն էլ իրենց մեծ ու մանր գործերով էին զբաղված, կապ չուներ ժամը. սահմանաշենցուն պարապ տեսնելն անհնար է. նրանք ասես չգիտեին՝ ի՞նչ է հանգիստը…
Աղջիկները այստեղ շուտ են հարսնանում, տղաները դեռ չափահաս չդարձած արդեն գիտեն փխրուն ուսերին կրել ընտանիքի հոգսը, գիտեն, թե անտառի որ փեշին են ամենալավ ու խոշոր սնկերը աճում, որտեղից կարելի է ձմեռվա վառելափայտ հավաքել, հիանալի գլուխ են հանում այգու գործերից, գիտեն տնկել, էտել, հողը հերկել, աղջիկները հմուտ խոհարարներ են, համեստ, գեղեցիկ, առաքինի՝ այդ է պատճառը, որ հարևան գյուղերի քաջերը հենց այստեղից են նախընտրում կին տանել, բայց սահմանաշենցի տղաները ևս բարձր ճաշակ ու խելք ունեն. իրենց աչքի առաջ մեծացած գեղեցկուհիներին դեռ միջնակարգը չավարտած խնամախոս են գնում, հապաղելը կարող էր ճակատագրական լիներ:
-Լիանչո՛, հերիք քեզ քրքրես, մեկ ա ինչքան էլ ոտերդ բարձր ու ցած անես Ավոյի խոսքը խոսք ա, քեզ փախցնելու եմ,-օրը մի քանի անգամ, իրենից գոհ-գոհ կրկնում էր հովիվ Ավոն, իսկ գանգրահեր ու նրբանազ Լիանան, որ դեռ նոր էր բոլորել տասնյոթ տարին բոլորովին չէր ուզում լսել նրան, դեռահաս օրիորդի նպատակներն այլ էին …
-Ձենդ կտրի, յեդեվիցս ընգած գալ մի, այ տղա՛ դու աբուռ չունես, հրեն ոչխարդ փախավ էն կուռը գնաց,-հեգնում էր աղջիկը, թեև սրտում փուշ չկար, բայց դե խոսքերը խոցում էին սիրահարված պատանուն:
-Ախչի՛ մեկ ա ձեռիցս պրծում չկա, խի քեզ նման ձկներն են կիլկի դառել,-վստահ-վստահ խոսում էր Ավոն, բայց հոգում կասկածի ամպեր էին կուտակվել, եթե ոչ իրա աչքի առաջ մեծացած Լիանան, ապա էլ ո՞վ, չէ՛, չէ՛, ինքը ուրիշին չի կարող սիրել, սերը փոխելը լավ բան չի, էդ հո դեռ պապն էր ասում, որ էդ նույն ա թե հոտի շանը փոխես՝ մինչև ընտելանում ես երկուսն էլ ծերանում են՝ հա՛մ շունը, հա՛մ հովիվը:
Գյուղում բոլորը գիտեին Ավոյի Լիանայի մասին ու ոչ մեկ չէր համարձակվում մոտենալ, ով էր գժվել շաշ Ավոյի հետ գլուխ դնել, յոթ տարի է ձեռքը վրան է պահել, քանի-քանի անգամ է Լիանայի թեկնածուների պատճառով կռվի մեջ ընկել, բայց դրանք մի տեսակ համով վեճեր էին՝ հանուն արդար նպատակի, իսկ Ավոն վախեցող տղա չէր, նա գիտեր իրեն ու իր ապագա նշանածին պաշտպանել: <<Լիանան էլ դեռ երեխա է, որ դպրոցն ավարտի ուզած-չուզած կամուսնանա ուրիշ բան չկա անելու>> ինքն իրեն հուսադրում էր գյուղի երիտասարդ հովիվը:
Լիանան թեև այդ տարվա գյուղի միակ շրջանավարտն էր, բայց քանի որ բացառիկ գերազանցիկ էր և իր խելքով-շնորհքով բարի համբավ վայելող աղջիկ՝ դպրոցի տնօրինությունը ընդառաջեց և նա էլ ունեցավ վերջին զանգ: Այս օրը նա նմանվել էր կարապի՝ երկար, փարթամ մազերին մի գեղեցիկ ժապավեն էր կապել, իսկ ծնկներից մի թիզ վերև բարձրացող կիսաշրջազգեստը, որ առաջին անգամ ի ցույց էր դրել սիրուն, սպիտակ ոտքերը խելքահան արեցին ոչ միայն Ավոյին, այլ նաև մյուս աչք ունեցողներին, ճերմակ, անուշաբույր վերնաշապիկի լայնացած թևքերը հրեշտակի տեսք էին հաղորդել ժպիտը երեսից չպակասեցնող, թռվռան ու աշխույժ օրիորդին:
-Լիանչո՛ ոչխարներիս արևը վկա, ոնցոր երկնքից հենց նոր իջած լինես, տո այ տնաշեն մարդ էլ էս քան նայվող կլինի որ դու ես,-հուզմունքից հազիվ բառերն իրար կապող Ավոն սիրած աղջկան տեսնելով մնաց շիվարած ու էլ բառ չկարողացավ արտաբերել միայն անկուշտի պես նայում էր ու նայում:
-Տո քեզ ինչ սիրուն եմ, սիրուն չեմ մեկ ա աշխարհն էլ փուլ գա ես քեզ չեմ առնի,- աղջկա այս և նմանատիպ խոսքերից դառնացած երիտասարդը որքան էլ ներսում սրտնեղում էր, դարձյալ հույսը չէր կորցնում:
Գյուղի ամենալուսավոր սենյակում հավաքվել էին մեծ ու փոքր սահմանաշենցիները և սրտի անսովոր թրթիռով սպասում էին, թե ինչ է ասմունքելու գյուղի ամենացանկալի նորահարսը և այդ տարվա միակ շրջանավարտը, բոլորից հուզվածը Ավոն էր, այդ օրը ոչխարներին սար չէր տարել և դեռ ավելին՝ երկու ամսվա աշխատավարձի երեսին նայելով հավաքել էր, որ Լիանայի Վերջի զանգին մի գեղեցիկ վարդերի փունջ նվիրի՝ մեջը մատանի (մտահաղացումը իրեն էր):

Ամեն ինչ շատ գեղեցիկ էր ներկայացված՝ թվով հինգ առաջին դասարանցիներին գիտելիքի հսկայածով աշխարհ էր ճանապարհում ավագ ընկերը, տալիս խորհուրդներ և ուղորդում դեպի մեծ կյանք… Սահմանաշենցիների հոգսաշատ առօրյան մի քանի րոպեով թևածեց գեղեցիկի և լուսավորի աշխարհում և երանավետ նիրհից արթնացրեց, երբ ավարտվեց միջոցառումը; Ավոն ամբոխին հրմշտելով օրվա հերոսուհուն էր փնտրում, բայց ապարդյուն՝ միակ շրջանավարտի նույնիսկ մեկ ժպիտին չարժանացավ, առաջին անգամ հոգում անսովոր դատարկություն զգաց և տղամարդկային վերջին ջիգերը զսպեց, որ չթարթի ներսում ծովացած արցունքը: 
Այդ օրը այդպես էլ չկարողացավ գտնել նրան՝ ասես փետրազարդ տեսիլք էր, չքվեց, անհետացավ…
Հաջորդ օրը առավոտ կանուխ վարդերի փունջը ձեռքին կանգնած էր նրանց տան առաջ.
-Լիա՛ն մի անգամ կլսես ինձ,-խնդրեց աղերսագին:
-Ավո՛ չի լինի, հասկացիր, ես քեզ չեմ սիրում, զոռով հո չի, հանգիստ թող ինձ,-մեղմաձայն խոսեց աղջիկը՝ մատերի ծայրերը փաթաթելով վարսերի մեջ:
Ավոն այլևս ոչինչ չխոսեց, բայց չասված բառերի ամբողջ ծանրությունը կարելի էր կարդալ հայացքում:
-Քննություններից հետո պիտի գնամ Էրևան սովորելու, բայց էլի հետ եմ գալու, որ մեր գեղը կրթեմ ու լուսավորեմ,-Լիանայի աչքերը փայլում էին, ձայնը՝ դողում,-շատ կկարոտեմ մեր գյուղը ու երբեք չեմ մոռանա, այստեղ ապրած տարիներս,-շարունակեց շփոթված:
-Սաղ էլ էդ են ասըմ, գնում են ու էլ գալիս չեն, գոնե միտդ պհի, որ էս գեղը ամեն տարի իրեքից ավել շրջանավարտ չի ունենում, որ էդ ձեր քաղաքները երթաս ընդեղ պատմի,որ աշխարհից խռոված մի գեղ էլ կա, ընդեղ էլ են մարդիկ ապրըմ, մեր բեջարած մրգով ա էդ քաղաքը ապրըմ, մեր հանդը տարած տավարով են միս ու կաթ ստանում, բայց էն գեղը, որ թամամ դպրոց չունի էլ ինչի վրա հույսը դնի, գնա՛, գնա՛, դու էլ գնա ու քաղաքցի դառ, բայց ըստեղի կրակոցները միտդ պահի ու հիշի, որ երկրի սիրտը սահմանն ա, որ սահմանի գեղերի մեջքը ծռվեց սաղս կորած ենք…
Կյանքը շարունակվում էր Սահմանաշենում իր սովորական և միշտ իրար նմանվող օրերով, նույն հոգսերով ու նույն հույսերով, միայն Ավոն էր, որ մի քանի անգամ ավելի կրկնապատկեց հավատը, նա առավել եռանդուն ու ժրաջան էր դարձել, նա հավատում էր, որ չորս տարի անց կգա իրա Լիանան, կգա ու կկրթի ընչազուրկ, հոգսախեղդ գյուղացիներին, նա ուրիշ հոգի ունի, ուրիշ աշխարհայացք, նա չի մոռանա, որ էստեղ մատաղ կյանքեր են փշրվում ու կյանքը կանգ է առնում…
Լիանան առաջին մի քանի տարին հաճախ էր գյուղ գալիս, դպրոցականներին սիրուն գրքեր ու տետրեր էր բերում, մի քանի տասնյակ գրքով հարստացրեց գյուղի փոքրիկ գրադարանը, Լիանայի այցով գյուղը մի տեսակ աշխուժանում էր, կյանք էր ստանում, համակվում լավատեսությամբ ու հավատով, իսկ բոլորից առավել ակտիվանում էր Ավոն, այդ մի քանի օրը դառնում էր կենսուրախ ու ուրիշ:
Որքան ժամանակ էր քաղաքի աղջկանից լուրեր չկային, Ավոյի սիրտը տագնապեց, լուրեր էին պտտվում, որ հարուստ հովանավոր ունի, նա է ոտքը գյուղից կտրել, ոմանք էլ պնդում էին, որ ամուսնացել է, այլ երկիր տեղափոխվել: Ավոն չէր ուզում լսածներին հավատալ, նա շատ լավ էր ճանաչում խելացի ու մաքուր աղջկան, նա գիտեր, որ իր Լիանչոն բոլորից տարբերվող է, բարձր ու առաքինի…
Մի օր էլ Ավոյին բախտը ժպտաց, ընկերոջ հետ մի քանի օրով եկավ Երևան, բայց լուսաշատ ու եռուզեռոտ քաղաքը ամենևին էլ չգրավեց ոտքը գյուղից չհանած երիտասարդին, այստեղ ամեն բան սիրուն էր, բայց սառը, խորթ էր ու անհարազատ, զարմանում էր, թե ոնց կարող են նույն քաղաքում ապրողները իրար կողքով այդքան անտարբեր ու անբարև անցնել, էլ ում է պետք այս ամբողջ լուսավորությունը, երբ հոգիներում սառույցի հաստ շերտ է…
Այս և նման մտքերով տարված չնկատեց անգամ ինչպես մի տաք ձեռք շոշափեց ուսը, անակնկալի եկած հետ շրջվեց և աչքերին չհավատաց.
-Դու՞, այստե՞ղ, դու՞, -այս մի քանի բառը հազիվ կարողացավ արտաբերել:
-Հա ես եմ Լիանան, ոնց էիր ասում՝ Լիանչոն, չես հիշում ինձ,-աղջկա գռեհիկ ծիծաղը շատ համահունչ էր հագ ու կապին, գայթակղիչ, բայց նկարած դիմագծերին:
Մինչ Ավոն փորձում էր հասկանալ ինչ է կատարվում և արդյոք կատարվածը երա՞զ է, թե ՞ դառը ճշմարտություն, Լիանայի կողքին կանգնած, գրեթե նրան հասակակից աղջիկը քաշեց թևից.
-Լիա՛ շուտ էստեղ արի, հարուստ տիպ է երևում, չկպցնե՞նք…
Աղջիկները բարձրաձայն ծիծաղելով, իրար թևանցուկ հեռացան և մի երկու բառ փոխանակելուց հետո նստեցին քիչ այն կողմ կանգնած թանկարժեք մեքենան:
Ավոնն նրանց հետևից մի քանի անգամ թարթեց աչքերը, այս ու այն կողմ նայեց, կարծես ամաչում էր երկուսի փոխարեն միաժամանակ:
-Ո՞վ էր այս աղջիկը, ինչպես հասկացա անունը Լիանա էր, թե՞ սխալ լսեցի,- հարցրեց ընկերը:
-Չէ՛, սխալ լսեցիր, անունը Լիա է, ծանոթ աղջիկ էր, չես ճանաչի,-հույզերը զսպելով պատասխանեց և լռեց կտրուկ:
-Հա բայց ծանոթ էր դեմքը, էն մեր գերազանցիկ աղջիկը չի, էդ տարվա միակ շրջանավարտը,-համառեց ընկերը:
-Հա, մեր այդ տարվա միակ շրջանավարտն էր և իմ միակ հույսը,-պատասխանեց Ավոն և գրպանից հանեց մի ոսկեգույն, փոքրիկ իր և շպրտեց աղջիկների ուղղությամբ,-սա էլ հույսիս վերջին վկան էր,-ավելացրեց նա և մի քանի քայլ առաջ անցավ…