ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

ՕԼՅԱ ՇԱՀԻՆՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին...

 

                 Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես և զգում եմ, այդ այն ժամանակ է, երբ եռանդ կա և գրում եմ:

Նար -Դոս 

 

Սա մի պայքար է, որտեղ հաղթողներ և պարտվողներ չկան. չէ որ, պարտվողներն էլ են ինչ-որ արդյունքի հասնում:

Կյանքը դաժան է, բայց, միևնույն ժամանակ, կան արժեքներ, որոնց համար արժե պայքարել՝ թեկուզև գոյատևելով:

Մենք ինքներս էլ չգիտենք, թե ինչ ենք ուզում կյանքից. այ, եթե մեզանից յուրաքանչյուրը հասկանար, թե ինչ առաքելությամբ է լույս աշխարհ գալիս, ամեն բան այլ կլիներ:

Ասեմ, որ խանգարող հանգամանքներն էլ են շատ հզոր ազդեցություն ունենում: Եթե դրանք չլինեին, միգուցե ի հայտ չգային տաղանդն ու աշխատասիրությունը: Կյանքում ոչինչ էլ պատահական չի լինում, եթե պատահականություններ լինեին, ապա չէին լինի բախտ, ճակատագիր և բնազդ հասկացությունները…

 

1.Ընտանիքի մասին

Դե ինչ, թերևս շատերի համար ընտանիք հասկացությունը նույնացվում է սուրբ, սրբություն բառերի հետ՝ հատկապես հայկական մենթալիտետում:

Երբևէ ինքներդ ձեզ հարց տվել եք, թե ինչու են զավակներն անենաթանկը ծնողների համար, իսկ ծնողները ոչ միշտ են գնահատվում:

Ծնողը սիրում է մրցակցության մեջ մտնել ուրիշների հետ, թե ով է իր երեխայի համար ամենալավը. ինքը, թե կողակիցը:

Հասկացեք վերջապես, որ սեր հասկացողությունը միֆ է. այն նույնքան անիրական է, որքան խաղաղությունը:

Ծնողի սիրտը երեխայի համար ցավում է, որովհետև վերջինս այլ ելք չունի. պետք է մի բան դարձնի իր այսպես կոչված «կյանքի իմաստը», թե ոչ: Անգամ կարիերիստները չեն կարողանում խույս տալ այս հիվանդությունից: Դե արի ու մի խոստովանիր, որ կարիերան շոշափելի չէ: Այնպես որ, խնդրում եմ վերջ տվեք այդօրինակ ձևականություններին: Երեխան պարզապես ֆոն է ծառայում ծնողի փառքի դրսևորման համար: Նա անհանգստանում է վերջինիս համար, որովհետև այլ ելք չունի, թե չէ կասեն՝ վատ ծնող է :

Հիմա ինձ շատերը կասեն, թե ծնողի ժառանգն է երեխան ամեն առումով. արտաքին տեսք, բնավորություն, ընդունակություններ, հակումներ և այլն: Այստեղ նույնպես կարելի է նկատել թաքնված էգոիզմի նշույլները: Ում է մեծացնում ծնողը՝իր նմանակին: Տեսնելով երեխային՝ նա հիշում իրեն, իր մանկությունն ու պատանեկությունը. կարճ ասած՝ կորցրած տարիները, որոնք էլ ոչ մի կերպ չի կարող վերադարձնել: Ահա, թե ինչ. սա ափսոսանք է, մի զգացմունք, որի գոյատևման համար անհրաժեշտ է կրող առարկա, իսկ տվյալ պարագայում այն երեխան է: Երեխան ծառայում է որպես միջոց նմանօրինակ երազանքների գոյության համար: Իսկ ինչու է ծնողը հսկում երեխայի ամեն մի քայլը. բոլորս էլ գիտենք, որ անցյալը հետ չես բերի, իսկ երեխան, լինելով ծնողի կրկնօրինակը, այդ հնարավորությունն ընձեռում է վերջինիս:

Ինձ շատերը կարող են մեղադրել, բայց սա է ճշմարտություն. մարդիկ սիրում են փակել աչքերն ու իրականությունն իրենց կամեցածով տեսնել:

Հա, մոռացա խոսել ևս մի շատ կարևոր հարցի՝ փոխադարձ ակնկալության մասին: Շահն ու կարիքը նույնպես կարող են ստիպել ծնողին սիրել երեխային: Ուստի, հրաժարվեք այն տխմար գաղափարից, թե կյանքում «սեր» հասկացություն գոյություն ունի:

               

 

      2.Ընկերության մասին

 

Ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ կյանքում չկան մշտական դաշնակիցներ, կան մշտական շահեր: Շահ. միակ հասկացությունը, որ հարատև է: Երբեք, և ոչ մի դեպքում մարդիկ չեն հրաժարվի իրենց շահերից: Այն չպետք է հասկանալ զուտ նյութական իմաստով, այլ նաև հոգևոր. սա է կյանքի մնայուն օրենքը:

Ընկերություն. ինձ, պարզապես, նողկանք է պատճառում այս բառը: Եթե արյունակցիդ հավատարմությանը չես կարող վստահել, էլ ինչ խոսք կարող է գնալ «օտար հավատարիմ բարեկամիդ» մասին...Չկան ընկերներ, չկան «բարին կամեցողներ»:

Երբևէ մտածել եք, թե ինչու են մարդիկ միշտ իրենց ինչ-որ առումով զիջող մարդկանց հետ շփվում: Նրանք փայլում են այդ «թերությունների» ֆոնին, նրանց հենց դա է հետաքրքրում, այլ ոչ թե անհատը: Ինքնահաստատման ֆոնը, որը նրանց հաճույք է պատճառում:

Սխալ է այն մոտեցումը, թե կարևորը ինչ-որ մեկի հետ շփվելն է, եթե մենք այդ շփումից որևէ բավականություն չենք ստանում, ում է դա հնարավոր…

Բայց և այնպես, մենությունը մնում է աշխարհի վատագույն պատիժը. այն ավելի ձանձրալի ու տաղտկալի է քան տգիտությունը: Բայց ում հետ շփվել. դա է ամբողջ հարցը…

Ավելի նպատակահարմար է հավասար սոցիալական հնարավորություններ ունեցող անձանց շփումը. այստեղ բացառվում է իշխողի և ենթարկվողի առկայությունը, էլ չեմ խոսում այն ստոր իրողության մասին, երբ ապահովված անձը ենթարկվում է շահագործման: Հենց այստեղից է սկսվում ամեն բան. մարդիկ չեն հարգում միմյանց, ու շփումն էլ վերածվում է սառը հաշվարկի: Հավասար հնրավորությունների տեր անձինք, կարելի է ասել, որ միանման արժեքներ են կիսում: Սակայն, այս դեպքում ևս չի բացառվում նախանձի դրսևորումը: Ընդգծված արտաքին, հարիզմա, զարմանահրաշ մտավոր ունակություններ, մարդկանց հետ շփվելու արվեստ. այս ամենը կարող է հանգեցնել ընկերոջ նախանձին կամ չարակամությանը: Եթե իրատեսորեն մոտենանք այս հարցադրմանը, ապա կտեսնենք մի շարք ապացույցներ: Յուրաքանչյուր ոք լիդերի հավակնություններ ունի ընկերական շրջապատում, հետևաբար այնպիսի ընկերներ պետք է ընտրի, որպեսզի կարողանա հաստատել իր իշխանությունն ու գերակայությունը: Մեզանից շատերը կարող են միանգամից հերքել այս աքսիոմը, բայց փաստերն այլ բան են վկայում:

Կյանքում շատերն են հպարտանում իրենց ընկերներով, բայց կյանքն այլ բան է վկայում: Ընկերության հիմքերն անսասան չեն մնում: Միշտ էլ խանգարող հանգամանքներ լինում են: Այնուամենայնիվ, համաձայն չեմ այն պնդման հետ, որ միակողմանի ոչինչ չի լինում: Մեկ անձի կողմից թույլ տված սխալն անգամ կարող է բեկումնային լինել:

 

2.1 Գերմարդը

Դու գնալով օտարվում ես հասարակությունից, կորցնում ես շփվելու ունակությունը, բայց հաղթողի դերում միանշանակ դու ես, որովհետև կարողանում ես մեջդ բավարար ուժ գտնել և ապրել, իսկ նրանք գուցե և զգում են քո կարիքը:

Դու հզոր ես, որովհետև պայքարում ես :

Հզոր ես, քանի որ կարողանում ես ըմռնել ճշմարտությունն ու չգժվել. քեզ Աստված չեն կարող կոչել, բայց դու մարդ էլ չես:

Դու հեռու ես ձևականություններից, բայց կարողանում ես բոլորի հետ էլ լեզու գտնել:

Դու մի վառ անհատականություն ես, ով երբևէ ցույց չի տալիս այն, ինչ զգում է:

Գոռոզությունն ու հպարտությունը քո ոխերիմ թշնամիներն է:

Դու մնում ես միշտ կայուն և անփոփոխ:

Դու վեհ ես,որովհետև զարկ չես տալիս սոփեստությանն ու քեզ վեր դասում անենքից, ինչպես շատ դատարկամիտներ:

Քեզ բնավ էլ հարկավոր չէ լիդերի կոչումը, այն նույնիսկ վիրավորական կլիներ քո պարագայում:

Դու ինքդ էլ քաջ գիտակցում ես, որ բոլորի ուշադրության կենտրոնում ես՝ անկախ հանգամանքներից:

Եթե մտքիդ դնես, ապա կգերազանցես բոլորին ամեն առումով, բայց դա քեզ չի էլ հուզում, որովհետև դու ես գերմարդը՝ 21-րդ դարի կոնտեքսով:

     

 

3.Սիրո մասին

Սերն անհրաժեշտ ուտոպիա է, որի բացակայության դեպքում երկրագունդը կկործանվեր:

Իսկական սերը չի դրսևորվում բառերի կամ էլ գործողությունների միջոցով, այն գոյություն ունի զուտ գաղափարների աշխարհում: Հենց գաղտնիությամբ է պայմանավորված նրա իրական լինելը:

Տվյալ անհատից բացի ուրիշ ոչ ոք չի կարող հաղորդակից լինել այդ զգացմունքին, հակառակ դեպքում այն կկորցնի իր իմաստը:

Սիրո օբյեկտին վերագրվում են մի շարք առասպելական հատկանիշներ, նա դառնում է հարիզմատիկ առաջնորդ տվյալ անձնավորության համար: Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե սիրող անհատը փորձի տեղափոխվել ռեալ կյանք. հիասթափություն:

Չէ որ, այդ եթերային զգացմունքնը կկորցնի իր հիմնական իմաստը, երբ որ փոխադրվի կյանք: Այն զմայլող և շշմեցուցիչ ապրումները կհամալրեն քաղցր հուշերի մատյանը. դա ոչ ոքի սրտով չէ, եթե խոսքը գնում է իրական զգացմունքի մասին, որը հանդիսանում է հոգեկան հիվանդություններց մեկը:

Ուրեմն, բոլոր սիրահարները պոտենցիալ շիզոֆրենիկներ են: Ոչ, որովհետև ոչ բոլոր սիրահարներն են սիրահարված,այլ միայն նրանք, ովքեր թաքցնում են դա:

Նրանք, ովքեր փորձում են ընտանիք կազմել՝ հիմնվելով սիրո վրա կյանքում ամենամեծ սխալն են թույլ տալիս: Սերը կորցնում է իր հիմնական առաքելությունը, այն վերածվում է պարտականությունների մի ամբողջ շարանի, որն անտանելի է դարձնում վերջինիս գոյությունը:

Սիրել նշանակում է երազել, այլ ոչ թե դառը ճշմարտության ականատեսը լինել. որն է դառը ճշմարտությունը՝ վերջինիս տևական լինելու կասկածը: Հավերժական արժեքներ կամ էլ զգացմունքներ չկան, փոխարենը գոյություն ունեն ցանկություններ, որոնց բավարարման պարագայում մարդիկ ժամանակավոր երջանկության գերին են դառնում. սա է իրականությունը, որի ընկալումը այնքան էլ բարդ չէ, պարզապես մարդիկ սիրում են փակել իրենց աչքերն ու ոչինչ չնկատել: Նրանք տեսնում են իրերն ու երևույթներն այնպես, ինչպես իրենք են կամենում, իսկ այս դեպքում նրանք զարկ են տալիս պատկերացմանն ու չափազանցությանը, որպեսզի իրենց կողմից ստեղծված «իդեալը» չտուժի…

Հիշեք, որ կյանքում ոչ ոքի համար էլ չարժե ինքնազոհաբերության կամ էլ խիստ զիջումների գնալ. հավատացեք, որ սիրո օբյեկտը դրան արժանի չէ, քանզի վերջինս ժամանակավոր բնույթ է կրում…

  Շատերն ինձ կհակաճառեն, բայց ես ունեմ մի շարք փաստարկներ.

1.Եթե, նույնիսկ, սեր հասկացողությունը գոյություն ունի, ապա վերջինս կարող է իրապես դրսևորվել միայն 12-17 տարեկանում. հիշենք հանճարեղ Շեքսպիրի Ռոմեոյին և Ջուլիետային. աղջիկը 14 տարեկան էր, իսկ տղան `17: Մեղմ ասած, նրանք դեռ «տաք» էին:

2.Եթե սերն ընդունենք իբրև իդեալական երևույթ, ապա դա պետք է գոյատևի միայն երևակայության աշխարհում, որից դուրս նրա գոյությունը բացառված է: Հիշենք Ալեքսանդր Շիրվանզադեի «Ալինա» ստեղծագործությունը. «Իսկական սերն Ալինա է»:

  1. «Արգելված պտուղը քաղցր է լինում». Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում Աշոտ Երկաթն ու Ասպրամը սիրում էին միմյանց, որովհետև նրանց համատեղ կյանքի հավանականությունը հավասար էր զրոյի: Արգելքների ու խոչընդոտների հայտնվելուն պես այն ավելի է խորանում ու ընդարձակում: Ինչու Աշոտ Երկաթն այդպես էլ չսիրեց Սահականույշին, որովհետև նա հասանելի էր, իսկ այն, ինչ հասանելի է երբեք չի արժևորվում կամ էլ գնահատվում:

Լինում են պահեր, երբ թթվածնի պես զգում ես այդ անհասանելի զցացմունքի անհրաժեշտությունը, բայց արժե արյոք հրաժարվել բոլոր նպատակներից հանուն այդ ժամանակավոր զվարճանքի, բնավ ոչ:

Չգիտեմ, թե Արևմուտքում, ներկայումս, ինչպիսի մեկնաբանություն են տալիս սիրուն կամ թե կոնկրետ որ զգացմունքն են սեր անվանում, բայց մի բան հաստատ է. Արևելքում մարդիկ դեռևս հավատում են հրաշքներին, նրանք հավատում են, որ իրենց սիրո օբյեկտը հենց նա է, ում մասին տարիներ շարունակ երազել են: Հետագայում, երբ այդ եթերային զգացմունքին հաջորդում է հարաբերությունների օրինականացումը, սկսվում բոլորիս լավ ծանոթ կոգնիտիվ դիզոնանսը: Ինչ քնքշություն, ինչ նրբագեղություն. ամեն բան կրում է պարտադրված բնույթ:

Ցավով եմ խոստովանում, որ իմ փառապանծ հայրենիքում, որն աշխարհին տվել է ամեն բան, մարդկանց զգալի մասը՝ կիրթ թե թերուս առաջնորդվում է պարսկական կամ էլ թուրքական կարծրատիպերով: Էլ ում է պետք մեր հարուստ մշակույթն ու պատմությունը, եթե մեր ապրելակերպում այն չենք կիրառում: Այսօր, այս ամենի մասին խոսելն ինձ մեծագույն ցավ է պատճառում: Երբ մեր հարևան Վրաստանն աշխարհին ներկայանում է եվրոպական դիմակով, իսկ մենք դեռ չենք կողմնորոշվել՝ եվրոպացի ենք, թե ասիացի: Այս ամենի մեծագույն պատճառը մեր ազգի տկարամտությունն է:

     

4.Կյանքում հանդիպող դժվարությունների մասին.

Ինձ երբեմն թվում է, որ ամեն բան կյանքում ճիշտ է կառուցված. վիշտը, հիասթափությունը, տառապանքը, հալածանքը չափազանց անհրաժեշտ նախադրյալներ են լավը գնահատելու և արժևորելու համար, բացի այդ, դրանց բացակայության պարագայում կյանքը պարզապես անհետաքրքիր կլիներ: Դրանք մարդուն օժտում են մի գերբնական ուժով, որը չափազանց թանկ պարգև է...Կյանքում ցանկացած դժվարության հանդիպելիս պետք է երախտապարտ լինել ճակատագրին, Աստծուն կամ էլ իրադրությանը(կախված մարդու աշխարհընկալումից). դա, մեղմ ասած, կոփում է մարդուն՝ վերջինիս նախապատրաստելով առավել վտանգավոր արհավիրքների:

Երջանկություն. այդ միֆն այնքան մոտ է մեզ գտնվում, բայց, միևնույն ժամանակ, բավականին անհասանելի պատրանք է...Մարդիկ իրենց կյանքն ու էներգիան ծախսում վերջինիս որոնմամբ, բայց այդպես էլ չեն գտնում, քանզի այն գոյություն չունի: Դեմոկրատիայի պես լավ հորինված մի հեքիաթ է, ինչը խոստումնալից է թվում շատերին: Բայց, անկախ ամեն ինչից, պետք է հավատալ այդ հորինվածքին: Չէ որ, դա զարդարում է մեր անգույն առօրյան՝ լցնելով այն հեքիաթային պատրանքներով:

Երբեմն, գոյատևելու համար անհրաժեշտ է հորինել. սա է միակ ճշմարիտ պնդումը տվյալ պարագայում …

 Վախն ավելի է նպաստում նոր դժբախտությունների ծագմանն ու բարգավաճմանը: Եթե կառչած ես քարացած ավանդույթներից ու սովորույթներից, ապա, մեղմ ասած՝ բախտդ չի բերել ու չի էլ բերի: Հենց դրանք են ձևավորում անհատի հոգեկերտվածքն ու մտածելակերպը:

 

4.1 Մենության վտանգը

Շատերն են բախվում այս խնդրին`չափազանց իրատես լինելու պատճառով. նրանք չունեն ընկերներ, իրական հարազատներ ու բարեկամներ. նրանք միայնակ են բառի բուն իմաստով, որովհետև հանճար են: Հենց սա հանճարության նախասկիզբը...Նրանք մարդիկ են, ովքեր առանձնանում են հումորի սուր զգացումով և շատերի կողմից որակավորվում իբրև ուրախ անձիք…Բայց նրանք հզոր են, որովհետև կարողանում են առանց սիրո գոյատևել, զուգընկեր կամ էլ զուգընկերուհի ունենալն արժեզրկված է նրանց համար. դա նույնիսկ համարվում է բարոյական նորմերի խախտում...Նրանք են իրապես բարի մարդիկ...Շրջապատը քարկոծում է նրանց, որովհետև անզոր է:

 

Ես չեմ խորշում մենությունից, որովհետև այն ինձ համար իսկապես փրկություն է: Ես ստեղծված չեմ մայր կամ էլ զուգընկեր դառնալու համար. իմ կոչումն այլ է...Չնայած, ամեն պահ դու զգում ես նրա կարիքը, քեզ սպանում է մենության վտանգը, դու խենթանում ես, կորցնում հավասարակշռվածությունդ և անդունդի խորքը գնում:

Դու վախենում ես ինքդ քեզ ճշմարտությունը խոստովանելուց, որովհետև զգում ես, որ շատ ես փոխվել: Կյանքն ինքնին անբուժելի վերքեր է բացել սրտումդ, որոնք քչերին են հայտնի: Դու փորձում ես ամբողջովին քողարկված մնալ շատերի համար. ունես զգացմունքներ, որոնց մասին չես հանդգնում բարձրաձայնել: Նրանց մասին մտածելիս անգամ`քեզ թվում է, թե մեղք ես գործում: Դու տանջվում ես, լուռ տառապում, փորձում ես թոթափել բանականությանդ լուծը, բայց դու անզոր ես...Ուշ է, չափազանց ուշ է այդ կապանքներից ազատվելու համար: Այո, դու վախենում ես.  չէ որ, դու արդեն իզոլացվել ես հասարակությունից...Հենց այդ հասարակությունը քեզ կործանեց. դու փորձում էիր ամեն բան անել վերջինիս ID-ը բավարարելու համար: Եվ արդյունքում ինչ ստացվեց՝ դու ամբողջովին օտարվեցիր այդ նույն հասարակությունից: Դու դարձել էիր հասարակական կարծիքի գերին, ուրացել էիր սեփական անձդ. հիմա զղջում ես, բայց ուշ է:

Քեզ իսկապես չեն հուզում այն «ինքնակոչ հանճարների» ձեռքբերումներն ու հասարակայնությունը, որոնք հզոր զենքի միջոցով երբեմն մխրճվում են սրտիդ խորքերը:

Դու ուրիշ ես, դու անհասանելի ես, դու հանճար ես՝ իսկական հանճար...Ինքդ էլ քաջ գիտակցում ես քո իրական արժեքը, բայց վեհությունդ քեզ թույլ չի տալիս անտեսել  «հոտային բնազդները»...

Դու վեհ ես և քո վեհությամբ հույս ես տալիս ստորին էակներին... Ազատությունը քեզ համար վեհագույն արժեք է, որն, իհարկե, ունի իր սահմանափակումները՝ ոչ արհեստականորեն, այլ բնական ճանապարհով. այսինքն ինքդ ես հանդիսանում վարքագծի համապարտադիր կանոնների ստեղծողն ու կերտողը:

 Այո,հենց դու…

Որոշ կիսագրագետ անձինք կարող են կարծել, թե դու խենթ ես...Նրանց կարծիքը քեզ կարող է անգամ զվարճալի թվալ:

Այո, դու վախենում ես այդ կիսագրագետներից, բայց դա էապես կախված է բամբասանքի աքսեսուարից:

Չես կարողանում ատել. սա է ամբողջ խնդիրը: Շատերն են պայքարում ատելությանդ արժանանալու համար, բայց դու համառորեն պայքարում ես...Այո, խիղճը...Վեհագույն արժեք, որին տիրապետելը քչերին է վիճակված: Եթե ատեիր, ապա կնմանվեիր այն պրիմիտիվազավրերին, ովքեր լոկ իրենց որովայնի պահանջմունքները բավարարելու համար են ապրում...Քեզ նման վառ անհատականությունների մեծագույն թշնամին երջանկությունն է. այն, մեղմ ասած, ձեզ համար չէ :

 

5.Հայ կանանց և աղջիկների վարքագիծը

Թող մեղադրեն ինձ բոլորը, բայց չկա հայկական մենթալիտետ, չկան հայկական ավանդույթները. այդ ամենը թուրքական և պարսկական սովորույթների չհաջողված խառնուրդն է: Քրիստոնեական տեսանկյունից ոչ մի բարոյական տարր չկա դրանց մեջ: Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդը`մենք կորցրել ենք մեր վարքագիծը: Սա է ամբողջ ճշմարտությունը: Հայ աղջիկների մեծամասնությունը ինչու են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ. դեմոնստրատիվ նկատառումներ ուրիշ ոչինչ: Նրանց չի հուզում անգամ ընտանիքի նյութական դրությունը. գիտեք ինչ հետաքրքիր միտում եմ նկատել. ապահով ընտանիքների երեխաներն, առանձնապես, համեստ են լինում: Միջին դասի ներկայացուցիչները, չգիտես ինչու, ուզում են հարուստ և ազդեցիկ երևալ: Այնուամենայնիվ, ամենավտանգավորը աղքատ և անկիրթ ընտանիքների ուսանողուհիներն են, որոնց զգալի մասը համալսարան է գալիս փեսացու գտնելու նպատակով: Թեև կան բացառություններ, բայց շատ քիչ: Վերջին կատեգորիայում գտնվող ուսանողուհիները համեստ աղջնակի դիմակի ներքո քողարկում են իրենց իրկական դեմքն ու էությունը. դե, իսկ միջին դասի հրեշներին լավ դիմահարդարումը հրեշտակներ է դարձնում: Նրանք փորձում են համալսարանում ստանալ այն, ինչն իրենց արգելված է եղել դպրոցում: Եվ անգամ համարձակվում են խորհուրդներ տալ այն ուսանողուհիներ, ովքեր լինելով քիչ թե շատ ապահովված,իսկապես գալիս են ուսում ստանալու: 21-րդ դարում բնական գեղեցկություն ասվածն էլ գոյություն չունի. էլ, որն է բնական գեղեցկությունը, երբ բոլոր չափահաս տարիքի աղջիկները հանում են հոնքերն ու դեմքի անցանկալի մազերը: Ավելի համարձակներն էլ դիմում են պլաստիկ վիրահատությունների: Միայն մի բանով է հնարավոր զարմացնել բոլորին՝ յուրօրինակ մտածելակերպով: Հիշենք Պլատոնին՝ իրական գեղեցկություն գոյություն ունի միայն գաղափարների աշխարհում:

Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք ցանկության դեպքում կարող է փոխել իրեն շրջապատող մարդկանց, եթե ունի կամք և ցանկություն: Ինչու նմանվեք մարդկանց, եթե կարող ենք նրանց ստիպել, որ հակառակ գործընթացը տեղի ունենա: Պարզապես, կամքի ուժ է հարկավոր: Ինչու անիմաստ և գոնե ինձ համար ոչ բարոյական սկզբունքների կրողը հանդիսանանք, եթե կարող ենք բոլորի շահերից բխող այլընտրանք առաջարկել: Անտանելի են դարձել այն աղջիկները, ովքեր կրելով եվրոպական հագուստ, արևելյան դիմահարդարում, բարձրակրունկ կոշիկներ, հանդիսանում են բամբասանքի խոնարհ ծառան ու հավատարիմ բարեկամը: Նրանք անարգում են հենց իրենց, արժանանում են զարգացած ու կիրթ հասարակության խղճահարությանը: Նրանց Աստվածն իրենց արտաքին տեսքն է ու հասարակական դիմակը: Իրենք էլ չեն հասկանում, թե իրականում ինչպիսի բնավորության և արժեքների կրող են: Եկեղեցում նրանք դառնում են բարեպաշտ, փիլիսոփայության դասաժամին `աթեիստ, երթուղային տաքսում՝ անօգնական, ընկերական միջավայրում՝ ամենակարող, տանը՝ բնական...Նրանց համար կյանքն իսկական դիմակահանդեսի է վերածվել: Իսկ, երբ պատահում է, որ շփոթում են դիակները, առաջանում է իրական խառնաշփոթը: Որն է ավելի հեշտ. լինել այնպիսին, ինչպիսին որ կաս, թե ինչպիսին քեզ ուզում է տեսնել հասարակությունը: Կան դեպքեր, երբ ստիպված ես լինում քողարկել առավելություններդ: Դրա հիմնական պատճառն այն է, որ փորձում ես խուսափել ավելորդ հոգսերից: Գեղեցիկ և կիրթ աղջիկները միշտ չէ, որ ըստ արժանվույն են գնահատվում: Նախանձի որդը շատերին է ընկերակցում, որն էլ վերջ է դնում չար լեզուների անգործությանը: Կամ արտաքին, կամ էլ գիտելիք. այս երկընտրանքը շատերին հանգիստ չի տալիս, բայց երկուսի համատեղումն էլ, որոշ դեպքերում, անսպասելի արդյունքների է հանգեցնում: Այո նման անհատներն այնքան էլ շատ չեն...Թերևս, դա լավ է. հակառակ դեպքում `կյանքում ոչինչ էլ չէր արժևորվի: Ավաղ, հայկական մենթալիտետում հասարակական կարծիքը չափազանց մեծ դեր է խաղում, անգամ ճակատագրեր է վճռում: Մեզ մի բան է պակասում՝ միասնականությունը: Եթե նոր սերունդն առաջնորդվի հավաքական գաղափարներով ու ձևավորի համընդհանուր նպատակներ, ապա պատկերն ամբողջովին այլ կլինի: Մենք չունենք այդ նախանձելի հատկանիշը, որովհետև չենք պայքարում վերջինիս համար: Սին խոսքերն ու պատրանքներն անարդյունավետ են այս հարցում: Ճշմարտությունը հետևյալն`ժամանակներն անցնում են, ուրեմն ապրելու կենսաձևն ու մեթոդներն էլ պետք է փոխվեն: Ով է մարդը, որ կարողանա պայքարել գիտության և նորարարությունների դեմ: Ուստի մեզ այլ բան չի մնում քան պատմության ընթացքին հետևելն ու ադապտացվելը: Մի կարևոր հանգամանք՝ պետք է սովորել ինքնուրույն գոյատևել: Միայն այս դեպքում հարաբերական խաղաղությունը կարող է իրական թվալ: Այն պանծալի արժեքը՝ ազատությունն ավելի մոտ է գտնվելու: Հենց ազատությունը պետք է դառնա այս անիծյալ կյանքի կարևորագույն առաքելությունը: Ոչ ոք չի կարող հերքել այդ վեհ արժեքի ունեցած ներգործությունը մարդկության պատմության զարգացման հարցում: Մարդիկ կարող են միայն ազատ մտածողության արդյունքում հասնել հարաբերական երջանկության: Այն յուրովի է յուրաքանչյուրի համար: Այդ պատճառով էլ մեկի երջանկությունը մեխանիկորեն հանգեցնում է մյուսի դժբախտությանը: Պետք չէ մեղադրել ճակատագրին բոլորի հետ անարդար վարվելու համար: Այդ աքսիոմը որևէ խելքը գլխին ապացույց չունի: Մեզանից յուրաքանչյուրն անձամբ պետք է պատասխանատվություն կրի իր խնդիրների համար, և ինքնուրույն պետք է գտնի դրանց լուծման ճանապարհը: Նա, ով դիմում է խնամակալների օգնությանը, թույլ է տալիս իր կյանքի լրջագույն սխալը: Հենց այստեղ նա սկսում է չտարբերվել մեխանիզմից, ով ողջ կյանքում աշխատում է այլոց թելադրանքով: Ազատության ճանապարհին բոլոր զոհողություններն արդարացված են: Ինքնուրույն կյանք վարելը վեհագույն պարգև է, որը քչերին է ընձեռված: Ով տիրապետում է վերջինիս, նշանակում է գիտակցել է այս թշվառ կյանքի կարևորագույն նպատակը: Մենք պայքարում ենք տրանսցենդենտալ արժեքների համար, որոնց իմաստն ինքներս էլ չենք հասկանում: Երևի թե, կյանքն այնքան էլ չէր բարդանա, եթե մեզանից յուրաքանչյուրը սկսեր պայքարել այն ամենի համար, ինչ որ իսկապես ուզում է: Վերջինս պետք է լինի ազատ կամքի դրսևորում: Հակառակ դեպքում անցանկալի նպատակի իրագործումը սկսում է դառնալ անտանելի մղձավանջ:

 

Ապագայի տեսլականը

Բոլոր ժամանակներին էլ բնորոշ է եղել հետևյալ ասույթը. «Մեր ժամանակ ուրիշ էր»: Կատարյալ ուտոպիա. յուրաքանչյուր ոք իր ապրած ժամանակահատվածը գնահատում է ըստ իր անցած սոցիալիզացիայի: Այսօր ականատեսն եք դառնում մի իրականության, երբ նյութական արժեքների կողովում անտեսվում է հոգևորը: Թերևս, գլոբալ առումով հոգևոր արժեքները, գոնե մեծամասնության մոտ, ըստ արժանվույն չեն գնահատվել: Կյանքը վերածվել է փող տպող մի մեքենայի, որը ժլատ է վարվում շատերի հետ: Գիտելիքն ու կրթությունը զուտ ծառայեցվում է նյութականին: Կգա մի ժամանակ, երբ գաղափարախոսությունների պակասից խուճապ կառաջանա, և ոչ ոք ի զորու չի լինի ստեղծել մի այնպիսի դոգմա, որ կհամախմբի բոլորին և կհարթի առաջացած հոգեբանական անհամապատսխանությունը: Ամեն բան կորցրել է իր հետաքրքրությունը, որովհետև այսօր խելացի մարդկանց համար անհասանելի ոչինչ չկա: Չկա մի բան, որ կստիպի մշտապես պայքարի մեջ լինել, եթե հաշվի չառնենք շահերը: Շահն ամենահարատև իրողությունն է կյանքում: Այսօր գնահատվում է ռեգրեսը: Որն է դրա հիմնական պատճառը. դժվար է ասել: Պատճառները տարբեր են: Այսօր մեր երկրում ականատես ենք լինում մի երևույթի, երբ բավարար պայմանների ու նախադրյալների առկայության դեպքում, երիտասարդ տղաներն ու աղջիկները չեն էլ փորձում մտածել կայուն կարիերայի մասին: Հայկական ընտանիքների մեծ մասն առաջնորդվում է հետևյալ գաղափարախոսությամբ. երիտասարդ աղջիկների համար ուսումը պարտադիր է հետագայում լավ ընտանիք կազմելու համար, իսկ տղաները պարտավոր են բարձրագույն կրթություն ստանալ լավ օրիորդի հետ ընտանիք կազմելու նպարտակով: Էական չէ, թե նրանց հետաքրքրում է բարձրագույն կրթությունը, թե ոչ: Սա է Ազգային անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգը. ոչ իրազեկված ու անհասկանալի կարծրատիպերով առաջնորդվող սերունդը:

Երաժշտությունը խորագույն հետք է թողնում մարդու բնավորության և աշխարհայացքի ձևավորման մեջ: Ինչ երաժշտություն են նախընտրում լսել այսօրվա երիտասարդները: Երգեր, որոնց բառերի իմաստն ու նշանակությունն անգամ կարգին չեն հասկանում: Երգեր, որոնք քարոզում են արդեն արժեզրկված արժեքներ: Երգեր, որոնք պրոպագանդում են մի բան, որն անհասանելի իրական կյանքում:

Ինքնուրույն մտածելակերպը գնալով վերանում է, թերևս դրա դրսևորման համար ստեղծվել են բոլոր նախադրյալները: Ազատության պայմաններում մարդիկ էլ ազատություն չեն փափագում: