ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԵԼԼԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին...

 

ԿԱՆԳ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ

Ուշքի արի ժամանակ,
Կանգ առ գոնե մի վայրկյան,
Արի պատմեմ դարդերս,
Որ հասկանաս արածդ։


Թեև փոքր եմ ես այնքան
Որ կանգնեմ քեզ դեմ դիմաց,
Բայց հստակ եմ ես խոսում,
Կանգնի՛ր, լսի՛ր ասածս։


Լից բաժակը այս փոքրիկ
Համբերությամբ, սպասումով,
Խմիր ինձ հետ ժամանակ,
Արի թաղենք ցավ ու դարդ։


Կա՛նգ առ մի պահ, հե՛տ նայիր,
Ինչե՜ր, ինչե՜ր ես տարել,
Ինձ բոլորից ես զատել
Կիսավեր մարդ ես սարքել։


Պահանջում եմ քեզանից
Գինի խմենք միասին,
Հարբենք, երգենք միասին.
Հարբենք՝ չհիշենք ոչինչ։


Գիտեմ կժպտաս հետո
Քո ժպիտով բազմաբով,
Թափ կտաս գլուխդ գոհ,
Կասես անխելք ես դու, ծուռ։

 

 

ԲԱԽՏ ՉԿԱ

Իմ բախտի դուռը քո բախտի առաջ միշտ փակ կմնա,
Եվ ինձ չանիծես երբևէ հանկարծ,
Երբ դու հասկանաս, որ բախտը չկա.
Բախտ ասած չկա,չկա, չի եղել ու չի լինելու։


Ես եմ իմ բախտը իմ ձեռքով գրում.
Գրում,սևագրում, ջնջում ու անցնում,
Ու չկա գրվածք ճակատիս համար,
Ու չկա կյանքում բախտավոր ասված։


Ես բախտավոր եմ,երբ ինձ եմ գտնում,
Երբ կորցրած եսս ի մի եմ բերում ,
Ու իմ ձեռագրով,սեփական կամքով
Առանց բախտ ու գիր իրար խառնելու։


Ինձ չմեղադրես երբևէ հանկարծ,
Երբ մի օր խելքդ բախտիցդ անցնի,
Ու դու հավատաս կյանքի դրվածքին,
Կամ էլ թողնես քեզ կյանքի հոսանքին։


Բախտ ասած չկա,մի թող քեզ հաղթի կյանքը անխնա,
Մի թող քո հոգին այն սուղ հոսանքին, որ բախտ ես կոչում,
Մի կործանիր քեզ՝ բախտին լուռ հանձնած,
Մի դարձրու դու քեզ բախտին բանտարկյալ։


Բախտը դու՛ ես, բախտը ես՛ եմ...
Իմ ու քո նման բոլորն էլ բախտ են ձեռքերում պահում,
Եվ գրում,ջնջում ու պատառոտում կամ էլ դեն նետում, 
Բայց չենք բողոքում մեզ բաժին հասած,
Մեր ձեռքով գրված այդ բախտ կոչվածից։

 

Ուշաթափվել է մարդը իր խելքից,
Եվ գիտե՞ք ինչու՝ բախտը չի բերել,
Խելագարվել է մարդը իր խելքից,
Եվ գիտե՞ք ինչու՝ բախտը չի բերել։


Մի տեղ ընկել է առյուծը ցավից,
Գոռում է ճչում մի տեղ մի անսիրտ,
Ծովն է ափերը քանդել ու տարել,
Բայց գիտե՞ք ինչու՝ բախտը չի բերել։


Հերիք՛ է, հերիք՛...
Իմ բախտի դուռը քո բախտի առաջ միշտ փակ կմնա,
Եվ ինձ չանիծես երբևէ հանկարծ,
Երբ դու հասկանաս, որ բախտը չկա.
Բախտ ասած չկա,չկա, չի եղել ու չի լինելու։

 

 

ԳԻՆԴ ԻՄԱՆԱՄ

Ուզում եմ հիմա դատարկ բաժակս լցնես արյունով,
Այո՛ արյունով ,այլ ոչ գինիիով,
Գինու փոխարեն արյուն եմ ուզում,
Որ հարբեմ ես ողջ կյանքս մնացած։


Հացի փոխարեն ուզում եմ կարոտ,
Օդի փոխարեն մի կաթիլ արցունք,
Ջրի փոխարեն սեր ու անվերջ սեր,
Իսկ քո փոխարեն ոչինչ չեմ ուզում։


Քեզ եմ երազում,քեզ եմ գովերգում,
Ինձ ոչինչ, ոչ ոք պետք չէ հավատա,
Մի խենթ սիրահար՝ կյանքը ուրացած,
Քո անունով է շնչում ու ապրում։


Անունդ սրտումս դաջեցի ահա,
Որ ոչ ոք ինձնից քեզ չգողանա,
Թող ապրեմ քեզնով, թող շնչեմ քեզնով,
Որ քո արցունքի գինը իմանամ։

 

 

ՄՏՔԻՍ ՀԵՏՔՈՎ

Սիրտ իմ լսիր խոսքը մտքիս,
Մի հապաղիր առաջ անցնել,
Թե չէ սրտիդ ուզածի պես
Մտքիս ճամփան ծուռ կտանես։

Ինձ կշեղես հարթ ճամփեքից,
Ինձ կտանես անհայտ ուղով,
Թող որ քայլեմ մտքիս թելով,
Թող որ քայլեմ լուռ անտրտունջ ։

Մի խանգարիր մի հարցի շուրջ
Երկար բարակ ծամծմելուս,
Մի խանգարիր ճշտի հարցում
Մտքիս տված խորհրդից լուռ։

Երանի եմ հիմա տալիս 
Այն մարդուն ես,
Ով իր կյամքում համերաշխ է 
Թե մտքի հետ ու թե սրտի,
Թե չէ միտքս միշտ դատում է
Իսկ սիրտս միշտ լուռ հեկեկում։


Միտք իմ գծիր դու քո ճամփան
Հաշվի նստիր դու սրտի հետ,
Բայց չթողնես առաջ անցնի
Թե չէ կյանքում շատ կտուժես։

 

 

ԱՇԽԱՐՀ ԿԱՆԳՆԻՐ

Ինձ թվում է այս աշխարհը ծառս է եղել,
Խելագարված այն ձիու պես վարգն է կորցրել,
Ու վազում է նա գլխիկոր, քամու հևքով,
Դեմ հանդիման բոլոր նրանց, ովքեր նրան չեն էլ սպասում։

 

Ինձ թվում է խուճապի մեջ ինքն իրեն է կորցրել կարծես,
Դա՛րն է խառնել, ժա՛մն է խառնել, պատարագը իր ուրացել,
Ու դեռ այսպես նա շարունակ պտտվում է,
Պտտվում է օր ու գիշեր առանց դադա՜ր, առանց հույսե՜ր։

 

Բայց մի օր էլ չեմ զարմանա, եթե հանկարծ
Տեղից պոկվի, խուճապահար տնից փախչի՝
Բղավելով, անիծելով, ինքը իրեն ծվատելով,
Որ ընդերքն էլ չդիմանա՝ ժայթքի պայթի ու վերանա։

 

Այս աշխարհը մոլորվել է, մոռացել է դերն ի վերուստ,
Որ պայքար է կյանքը այսօր ու պայքար է ամեն ծնունդ,
Կլինի մարդ կամ թե գազան՝ պայքարով է գալիս աշխարհ,
Ու պարտված այս աշխարհին՝ հեռանում է խռով կյանքից։

 

Աշխարհ կանգնի՛ր, չէ՛, չեմ իջնում,
Քեզ հետ այսօր քո լեզվով եմ խոսել ուզում,
Այդքան մեղքը մեջդ ոնց՞ ես պահած քայլում,
Ու դեռ հպարտ, դեռ ավելին քիթդ տնկած։

 

Աշխարհ կանգնիր վերջդ մոտ է,
Քո մեջ քեզ են լուռ անիծում և հոշոտում արարմունքդ,
Քեզ հետ քայլ են անգամ մեկնում, բայց ստորացած՝
Հասկանալով, որ կորուստ ես դեպի տանում։

 

Աշխարհ կանգնի՛ր, աշխարհ կանգնի՛ր...

 

 

ԵՍ ԹԱԿԱՐԴ ԵՄ ԼԱՐՈՒՄ

Ես թակարդ եմ լարում այսօր 
Նրանց համար, ովքեր անգամ
Դեռ չտեսած վախճանը իմ
Ողորմաթաս են բարձրացնում՝
Շխկացնելով բաժակը հին։

Ես թակարդը լուռ եմ լարում.
Առանց բարձր բղավելու,
Առանց ցավից կարկամելու,
Եվ մտքումս հրճվում եմ
Նրանց ահից այդ ահարկու։

Արնախում չե՜մ, ի՞նչ եք խոսում,
Պարզապես ես շա՜տ եմ լռում,
Եվ կուլ տալով ձեր բառերը
Կոկորդիս են արդեն կանգնում,
Իսկ այնտեղից չե՛ն մարսվում։

Ես թակարդ եմ այսօր լարում,
Ո՛չ ինձ համար, ո՛չ բարեկա՜մ,
Սա դեպքը չէ այն հանրահայտ,
Որ փորողն է փոսը ընկնում,
Քե՛զ համար եմ այսօր տքնում։

Չէ՛, չե՛մ ներում կյանքում նրանց,
Ովքեր թողած բանուգործը
Անելիքն են իմ որոշում,
Կամ թե չափում իմ հետևից,
Հետո ժպում ինձ սիրալիր։

Ա՜խ բա՛վ է, բա՛վ, բա՛վ է քծնեք,
Ձեր քծնանքը ժանտախտ է հին,
Որից չունեմ պրծում մեկդին,
Ես զզվում եմ ձեր այդ կեղտոտ
Օճառային պղպջակից։

Մի բան հիշե՛ք, հիշե՛ք մարդիկ,
Որ օճառը պլստում է,
Դուրս է պրծնում ձեր ափերից,
Պղպջակն էլ տրաքում է,
Տրաքու՛մ է հենց մեջտեղից:

 

 

ԵՍ ՉԳՏԱ

Ինձ տուն կանչող ձեռքեր էին պետք,
Բայց չգտա նրանց երբեք,
Ուր թեքվեցի, որ կողմ դարձա
Բոլոր ձեռքերն միահամուռ
Ինձ մաղթեցին բարի ճամփա։

 

Ինձ փաթաթվող ձեռքեր էին պետք,
Բայց չգտա նրանց երբեք,
Բոլորն ասես դարձել էին քար,
Քարին ինչպես՞ գրկեմ անձայն,
Եվ հեկեկամ լու՜ռ, միաձա՜յն։

 

Ինձ համբուրող շուրթեր էին պետք,
Բայց չգտա նրանց երբեք,
Շատերից եմ լսել հաճախ,
Որ շուրթերը դողա՛լ պետք է լոկ իմանան,
Եվ ո՛չ համբույր տան խելքահան։

 

Ինձ կամեցող աչքեր էին պետք,
Ա՜խ, չգտա՛ և ոչ մի տեղ,
Չա՛ր են, չա՛ր են մարդիկ դարձել
Ու չգիտեմ՝ ո՞ւմ մեղադրեմ,
Արդյոք ինչպե՞ս բարին ցանեմ։

 

Ինձ թրթիռ էր պետք այն սրտի,
Որին այդպես սեր պարգևի,
Բայց փոխադարձ ես չստացա,
Ես չստացա՜, ես չզգացի՜,
Ինչ՞ է, ին՞չ է սա ինձ ասա՛։

 

Ինձ կարոտ է միայն մնում
Այս ամայի երկրագնդում,
Այն դե ի՛մն է, այն չե՛մ կիսի,
Իմ կարոտը թող ինձ մնա,
Ոչ ոք տեղը թող չիմանա։

 

 

ԿԼՌԵՄ

Շատ բան տեսա ես աշխարհում,
Բայց աշխարհի կույրը եղա,
Շատ լսեցի, շատ պատմեցին,
Բայց աշխարհի խուլը եղա։

 

Եկա՛, անցա՛, բա՛րև տվի, չլսեցի՜ք,
Մի հայացք էր ձեզնից հասնում,
Այն էլ միայն շպրտեցիք,
Ինչպես ոսկորն են դեն նետում, վա՛յ մարդիկ։

 

Արև տվի, անձրև առա,
Ժպիտ տվի, արցունք ստացա,
Սեր տվեցի՝ ավա՜ղ, ավա՜ղ,
Ատելություն ինձ հետ եկավ։

 

Բայց քայլեցի առաջ֊ առա՜ջ,
Մեղմ քայլերով, նվաղելով,
Բայց դեռ հույսը վառ պահելով,
Որ մի օր էլ ինձ կժպտան։

 

Ձեր քայլերը վազք եք սարքում,
Իմը միայն կրիայի եք նմանեցնում,
Ձեր չարածն եք գովաբանում,
Իմ արածին միահամուռ անուն դնում։

 

Մինչև ե՞րբ եք դուք պատրաստվում
Մարդուն մարդու տեղ չդնել,
Երբ ինքներդ մարդակերպ եք,
Եվ ո՛չ պակաս և ո՛չ ավել։

 

Բայց ինչևէ ինձնից այսօր ձեզ մի խնդրանք,
Մա՛րդ մնացեք, մարդավայե՜լ,
Թե չէ լինել մարդանման և մարդ կոչվել՝
Շատ եմ ցավում՝ անհնար է այսօր դարձել։

 

 

 

ԴՈՒՔ ՉԳԻՏԵՔ

 

Դուք չգիտեք՝ ինչ է ցավը աղքատի,
Եվ արցունքի համը նրա չգիտեք,
Դուք չգիտեք գինը նրա քրտինքի,
Եվ կոշտացած ափի դողը չգիտեք։

 

Էլ ինչո՞ւ եք զուր բղավում՝ տեղյակ եք,
Տեղյակները անտեղյակ չեն ձևանում,
Էլ ինչո՞ւ եք նրա ցավից ծիծաղում,
Նրա ցավը ձեր խղճին է ծանրանում։

 

Արարի՛չ, դու այս հրաշագեղ
Աշխարհն ինչու՞ էիր ստեղծում,
Եվ ի վերուստ հարուստներ 
Ու աղքատներ իրար զատում։

 

Մարդ կա՝ խաղաղ հոգով է քնում,
Մարդ կա՝ չունի խաղաղություն իր հոգում,
Մարդ կա՝ դատարկ փորով է քնում,
Մարդ կա՝ կերածն է շատ նեղում։

 

Մարդ կա՝ գիտի համը դառը քրտինքի,
Մարդ կա՝ քրտնում է քրտինք լափելուց,
Մարդ կա՝ արցունքով է կշտանում,
Մարդ կա՝ արցունքով է ոտքերն լվանում։

 

Այս աշխարհը շատ է այսպես թերանում,
Եվ սահմանն այս շատ է արդեն խորանում,
Ոչինչ չունեմ ես ասելու, իզո՛ւր է,
Թող ամեն մարդ ստանա այն, ինչ ցանում է։

 

 

 

ԱՐՆՈՏ ՁԵՌՔԵՐ

Արնոտ ձեռքին էլ ին՞չ օճառ,
Օճառն արդեն անզոր է,
Կեղտոտ հոգուն էլ ին՞չ դիմակ,
Դիմակն անգամ մատնում է։

 

Սու՛ր տվեք արնոտ ձեռքին,
Տեսեք ինչպե՜ս է հատում,
Դիմակ հագած սրիկային
Դիմա՛կն անգամ չի փրկում։

 

Շատացել են դիմակավոր
Սրբապիղծ ձեռքերն այսօր,
Աստված ու՞ր ես, այս ու՞ր հասանք,
Կեղտոտ ձեռքն է ղեկ պտտում։

 

Քա՜նի֊քա՜նի ջահել կյանքեր
Զոհ գնացին հոսանքին,
Քա՜նի֊քա՜նի մատղաշ հոգի
Հանձնվեցին քաոսին։

 

Աստված ցու՛յց տուր զորությունդ,
Ես անզոր եմ այլևս,
Լավն ու վատը իրար խառնված
Այրվում է,փրկի՛ր Տեր։

 

ԿԵՂՏՈՏ ԴԱՐ

 

Սիրտ չտված՝ սեր են մուրում,
Այս ի՞նչ դար է, տե՛ր աստված,
Տեղ չտված՝ գին են ուզում,
Այս ու՞ր հասանք, ի՛մ աստված։

 

Բարձրացել է գինը շահի,
Առանց շահ չե՛ն բարևում,
Բարևն ինչ՞ է. լոկ Աստծո բառ,
Դա՛ էլ են փողով տալիս։

 

Քեզ ժպտում են, քսմսվում են
Ինչ՞ է, կո՞ւյր եմ սիրելիս,
Քծնելով չեն մարդուն շահում,
Սա՛ է ցավը խեղճ սրտիս։

 

Ունես անուն, ունես դու դիրք՝
Չունես և ոչ մի խնդիր,
Կարևո՛ր չէ արդեն ձիրքը,
Ձիրքը ինչ՞ է, դի՛րքն է ճիշտ։

 

Եվ ո՞վ կասի, թե ով ես դու՝
Կարևոր չէ բարեկամ,
Բավ է այսօր ունենաս փող՝
Կխոսեցնի քեզնից լավ։

 

Քո անունով երգ կերգեն,
Եվ կգովեն քեզ անգամ,
Քո անունով կերդվեն,
Գրպանդ բա՛ց, ի՛մ եղբայր։

 

Փողի դարը, կեղտի դարը,
Փչացել է ամեն բան,
Կա՛նգ առ մի պահ մա՛րդ֊աստծո,
Մնայուն չէ՛ ոչ մի բան։

 

ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ

 

Վերջին կանգառս որը՞ կլինի,
Եվ ո՞վ կկանգնի վերևն իմ գլխի,
Ո՞վ կհամբուրի ճակատս քրտնած,
Եվ ո՞վ կցնծա իմ բացակայից։

Ո՞վ տխուր դեմքով կժպտա թաքուն,
Ո՞վ կբղավի ցավից իր սրտի,
Ո՞վ կզգա բացը իմ ներկայության,
Եվ ո՞վ կլցնի ներկա բացակաս։

Չի կանգնի ժամի սլաքը հոգնած,
Եվ չի դադարի անողոք քամին,
Արևը միայն լուռ մայր կմտնի,
Բայց հաջորդ օրը դուրս գալու հույսով։

Իմ մահով գուցե ոչինչ չփոխվի,
Գուցե ամեն ինչ առաջվանն լինի,
Միայն քո դալուկ մատների վրա
Դողացող ձեռքիս հետքը չի լինի։

 

ԻՆՁ ԽՈՍՏԱՑԱՐ

Ինձ խոստացար անգին զարդեր 
Ու ծաղիկներ անհամար,
Ինձ խոստացար բյուր ծիծաղներ,
Աստղերի բույլ անհամար։

Ինձ խոստացար չխոստացված
Խոստումները աշխարհի,
Ինձ խոստացար մաքրությունը,
Մաքրությունը Եդեմի։

Ինձ խոստացար անհնարինն.
Այն, ինչ որ կար կամ չկար,
Խոստացածդ փուչ դուրս եկավ.
Սա էր գինը խոստումի։

Չխոստացա ես քեզ ոչինչ,
Ես սիրեցի՜, սիրեցի՜,
Խոստումով չեն մարդիկ սիրում.
Քեզնով լոկ դաս քաղեցի...

 

ԺՊՏՈՒՄ ԵՄ

 

Ես ժպտում եմ...
Բայց ժպիտս կարեկցանք է այսօր փնտրում,
Եվ չի տալիս նա ինձ խոստում,
Եվ չի սփոփում լայն բացվածքով...

Ես ժպտում եմ...
Ու ժպիտս հառաչանք է այսօր թվում,
Հարվածներից սթափություն է այսօր դառնում,
Եվ չի դառնում քահ֊քահ ծիծաղ...

Ես ժպտում եմ...
Եվ հավատով նայում դեպի երկինք ու մարդ,
Հիասթափված այն ամենքից,որ ժպիտից լաց են շինում,
Եվ դեռ պիտի ցնծամ մի պահ...

Ես ժպտում եմ...
Ու ժպիտիս առհավատչյան թող որ լինի պահը ունայն,
Այն որ միայն վայրկյան է լոկ
Այս պահին կա, իսկ մյուսին՝ ոչ...

Ես ժպտում եմ...
Բայց ժպիտս մահառիթ է, չարագուշա՜կ,անհնազա՜նդ,
Թող որ այսօր մի կուշտ ժպտամ,
Վաղը գուցե ողբամ անձայն...

 

ՍՈՒՐՃԸ ԱՅՍ

Մի բաժակ դառը սև սուրճի համար
Արի չծախենք գինը հարգանքի,
ԵՎ չմոռանանք վճարել հետո
Արժեքն այդ սուրճի։


Արի չտխրենք ու էլ չարտասվենք,
Երբ ասած խոսքը կրկին հետ հասնի,
Չէ որ կյանքը այս բումերանգ է մի,
Երբ էլ որ լինի հետ է դառնալու։


Արի չվիճենք, չդավաճանենք,
Ընկերությունը վեր դասենք էլի,
Սև սուրճ կլինի, թե անհամ մի ջուր
Չխառնենք դրանք կյանքին մեր իզուր։


Եկ չմոռանանք ընկեր թանկագին
Այս պապենական խոսքը դառնագին,
Որ ոսկոր բերող շունը ինչևէ
Մեծ ոսկորով էլ հետ է դառնալու։

 

 

ՄԻ ՄԱՏՆԱՉԱՓ ՏԵՂ ԵՔ ՏՎԵԼ

 

Մի մատնաչափ տեղ եք տվել,
Ինձ ասում եք՝ դե նստի՛ր,
Իսկ դուք գրկած աթոռները՝
Բազմել եք ուղիղ գլխիս։

Վերցրել եք աշխարհ ու շահ
Ու փողերը աշխարհի,
Ինձ ասում եք՝ դե քրտնի՛,
Որ զգաս գինը քրտինքի։

Քայլելու տեղ չկա՛ այստեղ,
Տեղ չկա անգամ ոտքի,
Ձեր շարասյունն մեքենայի
Տեղ չի՛ տալիս ինձ ոտքի։

Պճնվել եք շքեղաշուք,
Կրել զարդեր անթերի,
Ինձ ասում եք՝ թե ինչո՞ւ չեմ
Զարդեր կրում իմ վզին։

Իմ վզինը լոկ պարան է,
Կախ եք տվել իմ վզից,
Ու ասում եք՝ քայլի՛ր արագ՝
Հետ չմնաս այս կյանքից։

 

 

ԾԱՆՐԱՑԵԼ Է ԻՆՁ ՇՆՉԵԼԸ

Ծանրացել է ինձ շնչելը,
Բայց ես շնչում եմ էլի,
Ոտքս կապվա՜ծ, արյունո՜տ է,
Բայց ես քայլում եմ էլի։

Իմ ճակատին հռհռում են,
Ես ականջ եմ լուռ դնում,
Ինձնից հետո բամբասում են,
Ես լռում եմ ու լռում։

Ճամփաս փոշոտ, քարքարո՜տ է,
Ոտքս՝ բոբիկ ու ճաքած,
Ճամփաս հարթող չունեմ հիմա,
Ես եմ գլխիս տերն ահա։

Ու քայլում եմ ես գլխիկոր,
Չեմ նայում մարդկանց դեմքին,
Ես հարազատ չունեմ կյանքում,
Լոկ Աստվա՛ծ է հույսը իմ։

Մարդկանց չունեմ ես ասելիք,
Թո՛ղ խոսեն, թո՛ղ բղավեն,
Ես լռում եմ ի պատասխան,
Թո՛ղ որ մի կուշտ բամբասեն։

Ով ասելիք չունի կյանքում՝
Խոսում է միշտ ուրիշից,
Ով գնալու էլ տեղ չունի՝
Պատռվում է մեջտեղից։

Ով փնտրում է ուրիշինը՝
Իրե՛նն էլ է կորցնում,
Ով ուրիշից գողանում է՝
Իր՛ հոգին է վաճառում։

Ես քայլում եմ, տխու՜ր քայլում,
Մեկ֊ մեկ քմծիծաղ տալիս.
Ին՜չ եք բերել ձեր հետ այս կյանք,
Որ ին՜չ տանեք այս կյանքից։