ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՐԻՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին...

 

***
-Ծառն իմն է,- ասաց գարունը
ու մի նրբին ծաղկանախշ հելյունով արարեց։
Աշխարհով մեկն անցնում էր կիսատ...
-Սիրտն իմն է,- ասաց Սերը,
ու աչքերի միջով ծաղկաթափվեց ծառը
լույսի ճոճքին։
-Ես մի կյանք ավելի խաղաղ եմ,- ժպտաց Տերը:

***
Չլսված զեղչեր է տիեզերքը նվիրում
մարդկանց երկրին․
գարնան լուսաբացները
գեղագիտական հաճույքի
տոմսակներ են,
վերցրո՛ւ ու գնա ծաղկած այգիներով,
վերցրո՛ւ ու անցիր դաշտերով,
վերցրու ու մնա՛
գարնանամուտի առավոտներում՝
վայելելու արևի սերենադը մաշկիդ վրա...

***
Իմ ուսերին, իմ հետևից, իմ առջևում
արարման ծանրություն է․
զրո ժամից մինչ զրո կետ,
ուր դեռ չեմ հասել ոչ մի օր,
անցնում եմ ուշացողի արագությամբ:
Շնչարգելության արանքներում
ես հասցնում եմ ապրել․
մանկան անհոգությամբ
մոռանում եմ կյանքը,
արձակ մազերով պառկում հողին
ու մազերիս մեջ խճճված
զատիկների հետ հաշվում
իմ ուսերին, իմ աշխարհին, իմ մեջ
ընկնող
բալի թերթիկները...



***
Ծաղկաթեյ լցրու հոգնության բաժակը,
նստիր գարնան գոգին՝
արևը յոթ սարի հետև ճանապարհելու…
Գոբելենը կանաչ բառերով
թող լույս աշխարհ գա մատներիցդ,
և լինեն այնտեղ հիրիկներ կապո՜ւյտ-կապո՜ւյտ,
խատուտիկներ դեղի՜ն-դեղի՜ն:
Թեյի գոլորշին ապակու վրա շոյիր այնպես,
որ սակուրան դուրս գա շրջանակից,
ու բաց փեղկերը հորիզոնի,
փռիր բանաստեղծությունը արահետին,
որով մեղուների պես
անցնելու են օրերը՝
փոշոտ տոտիկներով
առէջներից տանելով
կակաչներ դեղի՜ն-դեղի՜ն,
հիրիկներ ու խատուտիկ։


***
Գիշերահավասարի համբույրները
սպիտակ ագաթներ են՝ գարնան ծառերին,
ու լույսի մանյակը աշխարհի պարանոցին
բուրում է սալորենու ծաղիկներով։
Օրը մի զմրուխտ գլխաշոր է առել ուսերին
ու գնում է, գնում՝ երկինքը գրկելու.
մինչ հողի կրծքում ի՜նչ փոթորիկ,
ի՜նչ վայրի կրքեր են ալիքվում,
որ անձրևից հետո
հորիզոնների քիմքը շոյեն կարմիր կակաչներ...
Դու արի ու անցիր հակինթի դաշտերով,
ուր երկնքի ու հողի նիմբերը
Տերը լուռ կախել է իր դռան մոտ,
ու թող ագաթե համբույրները
ճոճեն ծառերը սրտի...


***
Հաշտության իմ մենաստան,
ծաղկաթափվող ծառ,
խաղաղեցրո՛ւ թռչունին իմ ներսի,
ես ամուր սեղմում եմ թիկունքս հողին,
երբ կուչ եմ գալիս ստվերում մանուշակների,
ու ճյուղերդ թաքցնում են
երկնքից խռոված իմ աչքերը։
Դու, մեն դու շոյիր իմ բնությունը,
որ հոգնել է չդադարող գիտափորձերից այս օրերի:
Մեկը, որ Տերը չէ, և փորձում է Նրա համբերությունը,
պտտում է մեզ նույն առանցքի շուրջը,
ես փախչում եմ ծնված օրից
մի տեղ, որ չկա,
ու երազում, որ ինձ կլանի կանաչը:
Ընդունիր ինձ ծաղկումից մինչ տերևակալումը գոնե,
հաշտեցրու ցողով, որ քո բռից խմում է
իմ ներսի թռչունը,
ես վաղուց գտել եմ խաղաղության իմ ճոճքը՝
ճերմակ ռոմանսի մեջ քո ճյուղերի…