ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ...

ԼԻԱՆԱ ՔՈՍԱԿՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին

Նվիրվում է Տիգրան Բերակչյանի հիշատակին

 

Այս պատմությունը սկսվում է ինչպես բոլոր պատմությունները և գուցե ոչ մի բանով չառանձնանար, եթե չհանդիպեին սերը, ընկերությունն ու հերոսությունը: Համաձայնե՛ք հզոր համադրություն է…

Եվ այսպես եկավ իմ վերջին առավոտը Բերդում. մեր ընտանիքը մեկնում էր մայրաքաղաք մշտական բնակության, իսկ հայրս՝ բոլորիս քաղաքում տեղավորելուց հետո պետք է մեկներ Մոսկվա: Անկեղծ ասած, չէի ուզում հեռանալ իմ սիրելի վայրերից, իմ սիրած թաղամասից, իմ ընկերներից, ծանոթ միջավայրից և այս բնության ներդաշնակությունը փոխել մայրաքաղաքի եռուզեռի, անվերջանալի թվացող մեքենաների աղմուկի հետ, բայց ինչպես բոլոր հայկական ընտանիքներում որոշումները կայացնում են մեծերը, իրենց ինչ-որ ճիշտ դրդապատճառներից ելնելով և մեզ՝ երեխաներիս այդպես էլ ոչ ոք հաշվի չի առնում: Կարծես թե դժվար էր լինելու միայն ինձ համար, քույրս՝ Լուսինեն յոթ տարեկան էր և անկեղծ ասած նրա համար միևնույն էր, թե որտեղ կխաղա՝ Բերդում, թե մայրաքաղաքում: Իմ կարծիքով նրա տարիքում ընկերները դեռ այդքան մեծ կարևորություն չունեին, որքան ինձ համար իմ ընկերները: Ես իրականում շատ էի մտահոգ, և վերջին առավոտս Բերդի մեր տանը ուղակի կոկորդումս ծանրացած քարի նման թույլ չէր տալիս հանգիստ շնչել, արցունքներս հավաքվել ու սառել էին աչքերիս առաջ, որքան էի ուզում մի հրաշքով փոխել ամեն ինչ և երբեք չմտածել այստեղից հեռանալու մասին: Ընկերներիս հրաժեշտ էի տվել դեռ երեկ և ամբողջ գիշեր սրբել արցունքներս՝ անդառնալի լուսաբացին սպասելով: Երևի դրանից էր, որ էլ արցունքներս չէին հոսում՝ ամբողջ պաշարը սպառել էի: Մայրս և հայրս չնկատելու էին տալիս իմ հոգեվիճակը։ Նրանց համար էլ հեշտ չէր, իսկ ինձ ճանաչելով վստահ գիտեին, որ ևս մեկ բառ և միչև մայրաքաղաք ես անվերջ լացելու եմ:

Ինչպես նախատեսված էր հայրս առավոտյան բոլոր իրերը տեղափոխեց մեքենայի մեջ, իսկ մայրս ստուգում էր ապահով ենք դասավորել արդյոք այն մնացած իրերը, որ պետք է թողնեինք: Եվս մի քանի րոպե հանգստանալու և մտորելու համար ծախսվեց: Հայրս կիսացածր տոնով, կարծես ինքն իր համար խոսում էր, երևի թե ինքն իրեն սեփական որոշման ճշմարտացիությունը ապացուցելու համար, որ քաղաքում մեզ համար ամեն ինչ ավելի լավ կլինի:

-Այնտեղ հնարավորությունները շատ են, Նանե ջան, բավական է սրտնեղես և ի վերջո մեզ համար էլ հեշտ չէ այսպես ամեն ինչ թողնել և հեռանալ:

Ես լսում էի նրան, բայց ոչինչ չէի պատասխանում, գուցե նրանից, որ կոկորդիս երևակայական քարը թույլ չէր տալիս խոսել, կամ էլ տարիքիս առանձնահատկությունն էր միշտ հակառակվել մեծերին:

Ինչևէ դուրս եկանք և արդեն չորս ժամ անց մայրաքաղաքում էինք, մնալու էինք պապիկենցս տանը: Իրականում քաղաքը մեզ համար այդքան էլ խորթ չէր, հաճախ էինք հյուր գալիս պապաիկին և տատիկին, սակայն այս տունը չէի սիրում, ոչինչ երբեք չի փոխարինի իմ ծննդավայրը, չի փոխարինի իմ Բերդի տանը, ուր էլ որ գնամ սիրտս այնտեղ է, ուր էլ, որ գնամ ամենուր հյուր եմ: Փորձեցի տնային գործերում տատիկին օգնելով ցրել իմ մռայլ տրամադրությունը և տարբերակներ էի մտածում հարմարվելու: Մեծ ջանքեր էի գործադրում անցանկալի իրողության հետ ինչ-որ կերպ հաշտվելու համար, սակայն դեռևս ամեն ինչ ապարդյուն էր, միայն մի բան էր թեթևացնում հոգիս՝ համացանցի միջոցով կապ էի պահում ընկերներիս հետ, ովքեր կարծես խեղդվող մարդուն օդի որոշակի պաշար ապահովեին:

Օրերը հաջորդեցին միմյանց և արդեն հասցրել էի հարմարվել նոր պայմաններին, բայց,  ցավոք, միայն ֆիզիկապես. հոգեպես միևնույն է չէի հարմարվում նոր իրողությանը: Ամառային այս հաճելի օրերին ես պատկերացնում եմ, ինչպես են ընկերներս հիմա զբոսնում առանց ինձ, իսկ ես շարունակ նստած եմ թռչնի վանդակ հիշեցնող այս սենյակում: Տատիկս քրոջս և ինձ համար սենյակ էր առանձնացրել, սակայն ես հիմնականում օրերս անց էի կացնում պապիկի աշխատասենյակում, որտեղ այնքան մեծ գրադարան կար, որ կբավարարեր ինձ մի ամբողջ կյանք ընթերցանության համար: Դա ինձ մի փոքր փարատում էր՝ ընթերցանության մեջ խեղդում էի տախտուկն ու հոգուս տանջանքները:

-Նանե՛, բավական է այդ սենյակում փակված մնաս, գնա բակ, տես՝ այնքան երիտասարդություն կա: Աղջիկս նոր ընկերներ ձեռք բերելով՝ հներին չես դավաճանի, դուրս արի սենյակից, տեսնում ես Լույսս որքան շուտ հարմարվեց, արդեն բակում ընկերներ ունի,- մտահոգ ասաց մայրս:

-Մամ ջան, կիջնեմ, միայն այս հատվածն էլ կարդամ նոր,- առանց հայացքս գրքից կտրելու ասացի ես:

-Այդ ի՞նչ ես կարդում:

-Մարզպետունին:

-Ո՞րերրորդ անգամ Նանե՛,- կիսաբարկացած հարցրեց մայրս:

-Երրորդ մամ,- ժպտալով պատասխանեցի ես, կարծես զգացի, որ արդեն չափն անցել եմ նույն գիրքը վերընթերցելով:

-Ասացի բավական է: Ձեռքիդ կամ գիրքն է, կամ այդ անիծյալ  համակարգիչը,- ասաց մայրս:

-Լավ մամ կիջնեմ, բայց ախր ոչ ոքի չեմ ճանաչում:

-Կծանոթանա՛ս,- արտասանեց մայրս՝ կարծես վերջակետ դնելով  մեր զրույցին:

Փոքր-ինչ դանդաղելով և մտքումս ինքս ինձ նախապատրաստելով՝ դժկամորեն մի կողմ դրեցի գիրքը, դուրս եկա սենյակից, մեծ անտարբերությամբ փոխեցի շրջազգեստս ու դուրս եկա տնից: Մի խոսքով րոպեներ անց դրսում էի  անկեղծ ասած չգիտեի ինչ անեմ, ես այստեղ ոչ մեկի չէի ճանաչում: Ճիշտ է հաճախ ենք եկել պապիկիս տուն, բայց ոչ ոքի հետ ընկերանալ կամ նույնիսկ ճանաչել չէի հասցրել:

Կարկամելով քայլերս ուղղեցի քրոջս կողմը, նա իր տարիքի մի քանի երեխայի հետ աղմկոտ ինչ- որ խաղ էր խաղում, մի փոքր զրուցեցի նրանց հետ, հետո որոշեցի մի քիչ զբոսնել տարածքով:  Միանգամից կարոտեցի Բերդիս բնությունը: Այստեղ քարերը խեղդել էին ամեն ինչ, կարող էի միայն նայել անպտուղ ծառերի շարանին, և տեղ-տեղ քարերի դեմ կյանքի համար պայքարող ծաղիկների տեսնելով, փարատել բնության նկատմամբ ունեցած կարոտս: Մեր շենքին հարակից երկու զուգահեռ շենքեր կային տարածքում, որոնց արանքում էլ գտնվում էին մեր խաղահրապարակն ու բակը: Քայլերս այստեղ էին, բայց սիրտս՝ այլ տեղում: Մտքումս շարունակում էի խոսել Մարզպետունու հերոսների հետ և պատկերացնում՝ ինչպիսի կյանք են ունեցել մարդիկ այն ժամանկ: Մտովի պատկերացնում էի Բերդիս կենտրոնում գտնվող Ցլիկ Ամրամի բերդի կանգուն տեսքը, որ ցավոք չի պահպանվել և պատկերացնում էի՝ ինչպես էր իր սենյակում այս ու այն կողմ գնում Ասպրամը՝ տանջվելով անկարելի սիրուց, որ նրան ի վերջո ինքնասպանության հասցրեց: Մտքերով այնքան էի հեռացել իրականությունից, որ ուղղակի անասելի վախից ոստյուն կատարեցի, երբ ուսիս կպավ անսպասելի ձեռք.

-Աստվա՜ծ իմ,- շնչակտուր ասացի ես:

-Ներիր, իրոք, չէի ուզում վախեցնել, ես քեզ այնքան երկար ժամանկ է, որ ձայն եմ տալիս, ավելին ասեմ՝ ուղիղ մեկ րոպե է քեզ հետ հավասար քայլում եմ, բայց դու չես նկատում: Այդ ինչի՞ մասին էիր այդպես մտածում, որ կտրվել էիր աշխարհից:

-Կարևոր չէ,- արդեն իրականություն վերադարձած ասացի ես:

-Անունս Արսեն է:

-Նանե,- կարծում եմ՝ կտրուկ պատասխանեցի ես:

Բավական հաճելի երիտասարդ էր՝  ինձնից մի փոքր բարձրահասակ, նիհար բայց թիկնեղ, ցորնագույն մաշկ ուներ: Ամառային եղանակի թելադրանքով միայն շապիկ էր հագել, որ հնարավորություն էր տալիս միանգամից նկատել ջլուտ և թիկնեղ մարմինը: Անիրական մեծ աչքեր ուներ, որոնք անհավանականորեն մուգ կանաչ էին և կարծես մագնիսկան ուժով էին օժտված, քանի որ աչքերին նայելուց հետո էլ ոչինչ տարածքում չէր գրավում ուշադրությունս:

-Իմաստության աստվածուհու անունն ունես, գիտե՞ս:

-Այո՛, իհարկե:

Անբացատրելիորեն աննկատ անցանք «դու»-ի, ապա սկսեցինք խոսել ամենատարբեր թեմաներից և զբոսնել շենքի հարակից տարածքներով: Պարզվում է՝ Արսենն ապրում էր մեր հարակից շենքի երրորդ հարկում, և իմ տարեկիցն էր՝ երկուսս էլ տասնհինգ տարեկան էինք: Իհարկե, խոսեցինք գրքերից, ֆիլմերից, մինչև անգամ մեքենաներից և ֆուտբոլից, թեև վերջին երկուսի հարցում գրեթե ոչինչ չէի հասկանում: Անգամ չնկատեցինք, թե ինչպես ամառային երկար օրը մոտենում էր իր տրամաբանական արևամուտին: Արդեն հասցրել էի հազար անգամ ասել, թե ինչքան եմ կարոտում իմ սիրելի քաղաքը, որը լքել եմ, և որքան անսովոր է ինձ համար մշտական բնակություն հաստատել այստեղ: Սակայն պետք է խոստովանեմ, որ Արսենի հետ աննկատ և հետաքրքիր սահեց ժամանկը, նրան հաջողվում էր ամենադժվարը՝ մշտապես ծիծաղեցնել ինձ: Օրն ավարտվեց և Արսենն ինձ ու քրոջս ուղեկցեց տուն:

Ամառային արձակուրդները սահեցին այնքան արագ, որ անգամ չնկատեցինք, թե ինչպես եկավ կրկին դպրոցին նախապատրաստվելու վերջին օրերը: Ամառվա ընթացքում իմ կյանքում գրեթե ոչինչ չէր փոխվել, բացի այն, որ հայրս արդեն մեկնել էր Մոսկվա: Բակում այդպես էլ ընկերներ ձեռք չէի բերել, թեև արդեն ճանաչում էի բոլորին: Միայն Արսենին ու Տիգրանին էի ամեն օր հանդիպում բակում, իսկ եթե դուրս չէի գալիս բակ, մեր տուն էին գալիս: Պապիկս նրանց հետ սիրով էր շփվում և շատ էր հավանում, առանձնապես Տիգրանին, ով մեր վերևի հարևանն էր և պարզվում է պապիկիս վաղեմի ընկերոջ թոռը: Տիգրանը մի տարի մեծ էր մեզնից և այս տարի արդեն նախատեսում էր սկսել իր պարապմունքները, ոպեսզի անպայման իրականացնի իր՝ իրավաբան դառնալու երազանքը: Նա շատ խելացի էր, ընթերցանությամբ գրեթե չէր զիջում ինձ, թեև նախասիրությունների տարբերություններ ունեինք: Ավելի լուրջ էր քան Արսենը, և դա նկատելի էր, քանի որ Արսենի մոտ սովորելուց խոսելն անիմաստ էր: Նրան հետաքրքրում էին միայն մեքենաների նոր արտադրվող տեսակները, շարժիչների հզորությունը, ինչպես նաև ֆուտբոլը: Անհավանական բացահայտում էր, որ նա իրապես հեշտությամբ գլուխ է հանում ինձ համար այդքան դժվար մաթեմատիկա և քիմիա առարկաներից՝ ի տարբերություն ինձ  և Տիգրանի: Կարճ ասած մեր նախասիրություններն ու ընդունակությունները շատ տարբեր էին, բայց ընկերությանը դա բնավ չէր խանգարում:

Ինչևէ, ուսումնական տարին սկսվեց, մայրիկն արդեն լուծել էր բոլոր թղթարարական հարցերը և այսուհետ մենք հաճախում էինք մեր բակից ոչ այդքան հեռու գտնվող դպրոց, որտեղ կային անհավանական քանակությամբ երեխաներ, ինձ համար մի փոքր անսովոր էր սովորել այդքան մեծ դպրոցում, որտեղ միայն իմ զուգահեռ տասնմեկերորդցիներից չորս դասարան կար: Բարեբախտաբար, ես սովորում էի Արսենենց դասարանում, և նա միշտ իմ կողքին էր: Տիգրանին էլ էինք հաճախ տեսնում, սակայն միայն դպրոցում, քանի որ նրա առօրյան հագեցած էր շատ պարապմուքներով, անգամ հասցնում էինք կարոտել նրան:

Օրերի ընթացքում շատ բան փոխվեց. նոր ընկերներ, նոր շրջապատ և սովորելու ողջ ծանրությունը ամեն դեպքում քիչ ժամանակ էր թողնում կարոտի, մտորումների և ժամանցի համար: Այս ուսումնական տարին ավելի ամրացրեց մեր ընկերությունը: Տիգրանը հաճախ մեր տուն էր գալիս, երբեմն միասին էինք կարդում նրան հանձնարարած նյութերը, քանի որ լեզուներն ու հատկապես պատմությունը երկուսս էլ և՛ սիրում էինք, և՛ առավել լավ հասկանում քան մաթեմատիկական առարակները: Իսկ Արսենը փրկում էր մեզ այդ հարցում: Ի տարբերություն մեզ նա չէր սիրում ընթերցանությամբ զբաղվել, սակայն ինչպես պարզվեց նա շատ խելացի էր և դպրոցում առանձնանում էր իր գիտելիքներով, հաճախ ստուգարքներին փրկում էր ինձ կատարյալ ձախողումից: Եվ քանի որ մենք իրար մոտ չէինք նստում, մեր խոսելու տարբերակներից մեկը դարձավ նամակագրությունը: Երբ հաճախ երեքով տուն էինք վերադառնում Արսենը Տիգրանի հոգին հանում էր մշտական կատակներով, որ այնքան է նստակյաց գիրք կարդացել, որ գիտունիկի չաղլիկ արձան է դարձել: Պետք է խոստովանել, որ ես հաճախ էի Տիգրանին պաշտպանում, նա բնավ էլ գեր չէր, ուղակի համեմատած Արսենի ջլուտ մարմնի նա առավել հաղթանդամ էր և ավելի հասակով, քան մենք: Նա ճերմակ  մաշկ ուներ, սևաչյա և առավել հասուն տեսք ուներ, կարծես ոչ թե մեկ այլ մի քանի կլոր տարի մեծ լիներ մեզնից: Պապիկիս սիրելին էր, նրա բոլոր օրինակների հերոսը: Եթե սովորելու կամ լրջության օրինակ էր պետք, պապիկի առաջին միտքը Տիգրանն էր: Դժվար չէ պատկերացնել, որ բոլոր չարաճճիությունները հեղինակում էինք ես և Արսենը: Պետք է խոստովանեմ, որ Արսենը միշտ ավելի հոգատար էր, անգամ քրոջս հանդեպ, հաճախ ինձնից ուշադիր էր հետևում նրան խաղի ժամանակ և դպրոց գնալ-գալիս:

Երբ բոլորս հավաքվում էինք պապիկիս սենյակում և սկսում լսել նրա պատմությունները, թե ինչպիսին էր կյանքը խորհրդային ժամանակաշրջանում, ինչքան են փոխվել հիմա երիտասարդները և այլն, միայն մի հարցում բոլորս անվիճելի համաձայնության էինք գալիս՝  դա հայրենիքի հանդեպ մեծ սերն էր: Պետք է կողքից կարողանայիք գնահատել, թե ինչպիսի պաթոդսով էին ծառայությունից և կռվից խոսում իմ ընկերները: Անվերջ հարցեր էինք տալիս պապիկիս ծառայության տարիներից և լսում ամեն մի փոքրիկ պատմություն, որ երբեմն ինձ համար անհետաքրքիր էր թվում: Մայրս, հաճախ, իր՝ հային հատուկ հյուրասիրության ծայրագույն դրսևորորմամբ անվերջ մեզ էր մատակարարում իր պատրաստած անուշեղենը, և չէր մոռանում անպայման խոսել քրոջս վրա, որ ամենը մենակ չուտեր: Նաև անմահական թեյ էր պատրաստում, որը կարծես գերբնական ուժ ուներ, անգամ ամենաուժեղ մրսածությունը մի քանի րոպեում անց էր կացնում: Ասում էր հատուկ բան չկա, ուղղակի ամեն ինչ մեծ սիրով է պատրաստում: Ինչևէ ապրելով սահմանին՝ հայրենասիրությունը մեր ամեն մի շնչի մեջ էր, որքան երջանիկ էի որ այս երկու տղաները, որ հասցրել էին մեր առօրյայի անբաժան մասը դառնալ ևս կիսում էին մեր տեսակետը: Նրանք ուղակի օր էին հաշվում, թե երբ են հայտնվելու բանակում և կատարեն իրենց պարտքը հայրենիքի առջև: Հաճախ էի ասում, որ սահմանին վտանգավոր է, սակայն նրանց. «դու ոչինչ չես հասկանում, Նանե՛» արտահայտությունն իրեն սպասել չէր տալիս:

-Ես ապրել եմ սահմանին, այնտեղ իրոք վտանգավոր է լինում,- մի տեսակ պայքարի շնչով ասում էի ես,- տղաներ են զոհվում, իսկ Ղարաբաղում ավելի վտանգավոր է:

-Վտանգը տղամարդու համար է,- իսկ, եթե բոլորը վախենան, ո՞վ կմնա պաշտպանելու սահմանը,- հանգսիտ ասում էր Տիգրանը:

-Դուք չեք հասկանում, թե որքան դժվար է հեռվից և անճարության հարթությունից սպասել հարազատ մարդկանց վերադարձին, ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել, որքան ծանր կլինի, երբ երկուսդ էլ հեռու լինեք, երբ երկուսդ էլ Ղարաբաղի որևէ վտանգավոր սահմանային գծում կանգնած լինեք,- հուզմունքով ասացի ես:

-Նանե՛ մեզ ոչինչ էլ չի լինի, ամեն ինչ խաղաղ է, ճիշտ է մենք քաղաքում ենք ապրել ողջ կյանքում, բայց հասկանում ենք ինչ է կատարվում սահմանին: Ճիշտ է, որ սպասողի համար դժվար է, բայց կարծես թե երկու պատմասեր ընկերներիս ես չէ, որ պետք է բացատրեմ, որ հայի արյան մեջ է կռվից չվախենալը:

- Է՜խ Արսեն, Աստված խաղաղություն պահպանի և թող բոլորն էլ ողջ առողջ հասնեն իրենց սպասողներին:

-Ոնց հասկանում եմ, մենք մի տարի միասին ենք սպասելու Տիկոյին,- կրկին իրեն հատուկ կատակասիրության նոտայով տխրությունը ցրեց Արսենը:

-Մի՛ մտածեք, ամեն ինչ լա՛վ կլինի,- առանց մեզ նայելու, իր խոհերի անհասկանալի հեռուներից ասաց պապիկս, կարծես հիշելով պատմություններ, որ նրան մեզնից բավական հեռու էին տարել:

-Ուրեմն դու անհանգստանո՞ւմ ես մեզ համար,- մի տեսակ կիսատ ժպիտով հարցրեց Արսենը:

-Իհարկե՛ անհանգստանում եմ,- առանց վարանելու պատասխանեցի ես:

-Իսկ ո՞ւմ մասին ես ավելի շատ անհանգստանում, Նանե,- հարցրեց Արսենը:

Այս հարցն ինձ վանդակի մեջ գցեց: Իհարկե երկուսի մասին էլ անհանգստանում եմ, ինչու մտածել և փորձել տարբերակել, ում մասին եմ առավել շատ մտածում: Երևի առաջին անգամ հնչեց անպիսի հարց, որի պատասխանը չունեի: Երկուսն էլ թանկ էին, երկուսն էլ իրենց տեղն ունեին իմ կյանքում, երկուսն էլ դարձել էին մեր ընտանիքի անդամ: Նրանց ընտանիքներում էլ էին մեր ընկերությանը դրական վերաբերվում, երկուսն էլ մինուճար տղաներ էին, և այդ ինչ ապուշություն է, նրանց մեջ ընտրություն կատարել: Երկուսի գլխից էլ պետք է մի մազ անգամ չպակասի: Զգացի, որ այս հարցն այդպես էլ օդում անպատասխան պետք է մնա, և կարծում եմ ընկերներս ևս հասկացան դա:

-Ռուբի՛կ պապի, իսկ ինչպե՞ս ես ծանոթացել Մարգարիտա տատիկի հետ,- խոսակցության թեման արմատապես փոխեց Տիգրանն իր հարցով:

Դե իհարկե հարյուր անգամ լսել էի արդեն այդ պատմությունը, այնպես, որ այն հետաքրքիր էր միայն տղաներին, իսկ ես մտքերով տեղափոխվել էի ինձ հարազատ հեռուներ:

 

***

 

2014թ բեկումնային եղավ մեր ընկերության համար, ինչպես Ստալինգրադյան ճակատամարտը փոխեց մի ողջ աշխարհամարտի ընթացք: Այս տարի Տիկոն ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանության բաժին՝ շատ բարձր միավորներով և մեկ կսիամյակ սովորելուց հետո պետք է մեկներ զինվորական ծառայության: Մենք ավարտելու էինք դպրոցը և նույն ընդունելության քննությունները սպասվում էին նաև ինձ և Արսենին: Այնքան կարոտած էի եկել Մոսկվայից, որ նրանց տեսնելուց արցունքներս զսպել չհաջողվեց: Կարոտել էի բոլորին բակից, կարոտել էի հայաստանյան օդը, կարոտել էի նաև պապիկին և տատիկին: Մենք այս ամառ գնացել էինք Մոսկվա՝ հայրիկի մոտ, թեև ինձ որ մնար,  հետ կվազեի Բերդ: Իմ մշտական երազանքնեից մեկը վերադառնալն էր, սակայն այդպիսի բախտի արժանացա միայն ծննդյանս օրը՝ վերջապես ինձ ընդառաջեցին, և մեկնեցի իմ սիրելի վայրերը, որտեղ ընկերներիս հետ նշեցի ծննդյանս օրը: Հավատացնում եմ, որ անգամ ձմռան մշտական ցրտաշնչությունը չխանգարեց վայելելու այդ հրաշք օրը, կարծես լավագույն նվերս արդեն ստացած լինեի: Այդ օրն իմացել էի, որ Արսենն ու Տիգրանը զգացմունքներ ունեն իմ նկատմամբ, և այսպես ասած վերադարձս Բերդ յուրատեսակ փրկություն ու փախուստ էր այդ պահին անելանելի թվացող իրավիճակից: Այնքան չէի ուզում մեր ընկերության մեջ որևէ անհարմարություն առաջացնել, այնքան էի ուզում, որ ամեն ինչ ինքն իրեն կարգավորվեր, բայց դե իրողությունից փախչելը միայն մեկ օրորվ էր: Վերադարձիս ստացա Արսենի նամակը, որ ժպիտով տվեց ինձ Լուսինեն: Նա ասում էր, որ իրենք մի փոքր անարդարացի են եղել իմ և մեր ընկերության նկատմամբ, և որ վաղուց է ինչ,  երկուսն էլ անտարբեր չեն իմ նկատմամբ: Հանգստացնում էր միայն այն, որ խոստանում էր այնպես անել, որ մեր երեքի ընկերությունը երբեք չսասանվի: Ուրախ էի կարդալ Արսենի նամակը, սակայն պետք է ասեմ, որ ինչ-որ բան փոխվել էր իմ մեջ և ժամանակ էր պետք սեփական մտքերի հետ հաշտվելու, նոր իրողությունները հասկանալու համար, ի վերջո իմ կյանքում այնքան բան էր փոխվում, և այնքան մեծ արագությամբ, որ երբեմն իրական չէր ամեն ինչի հետ արագ հաշտվելը:

Մոսկվայում անցկացրած երկու ամիսներն օգնեցին շատ հարցերի շուրջ մտորել և գտնել պատասխանները: Հայաստան էր վերադարձել լրիվ ուրիշ Նանե, որ այս տարի վճռական պետք է պատրաստվեր իր ընդունելությանը և ավարտեր դպրոցը:

Երեկոյան կրկին ընկերներիս և պապիկիս հետ միասին թեյախմություն էր մեր տանը, որին անչափ կարոտել էի: Այս երկու ամիսները այնքան էին փոխել Արսենին և Տիգրանին, երկուսն էլ ավելի էին առնականացել, թեև բնավորությամբ բոլորս էլ նույնն էինք մնացել: Պապիկս հպարտորեն գովում էր Տիգրանին և շնորհավորում նրան ընդունվելու կապակցությամբ:

-Նանե՛, ջան դու էլ պետք է այս տարի շատ պարապես: Որոշեցի՞ր մասնագիտությունդ,- հարցրեց պապիկն ու հայացքն ուղղեց ինձ:

-Այո՛ պապի, ես էլ եմ իրավաբան դառնալու:

Ասածս անասելի երջանկացրեց Տիգրանին, նրա աչքերից ուրախություն էր ճառագում:

-Շատ լավ է, Տիգրանը կօգնի քեզ այդ հարցում,- ասաց պապիկս՝ կրկին խորհրդավոր ժպիտ պարգևելով Տիգրանին:

-Կօգնեմ, բայց մինչև դեկտեմբեր, ձմռանը ես գնում եմ ծառայության:

-Երանի՜ քեզ, Տիգրան, ուզում եմ արագ անցնի այս տարին ես էլ միանամ քեզ,- ասաց Արսենը:

-Կանցնի, Արսեն՛ ջան, իմ բացակայությամբ երկուսիս փոխարեն հոգ կտանես Նանեի մասին,- հատուկ տխրությամբ արտահայտվեց Տիգրանը:

Մի պահ նրա հայացքը իրականությունից սահեց հեռուներ: Բոլորս էլ նկատեցինք այդ պահը, և ինչպես միշտ, Արսենը խոսեց այնպես ինչպես հատուկ է միայն իրեն.

-Իսկ դու վերադաձիդ հո՛գ կտանես մեր երկուսի փոխարեն:

-Տղաներ շատ հեռուն գնացիք և ի վերջո ես ձեր կողքին եմ, բավական է իմ մասին խոսել երրորդ դեմքով:

-Արսեն, իսկ դու ի՞նչ մասնագիտություն ես ընտրել,- հարցրեց պապիկս նույն մտահոգությամբ, ինչ ինձ:

-Ռադիոֆիզիկայի բաժին Ռուբիկ պապի, պոլիտեխնիկ,- անմիջապես պատասխանեց Արսենը:

-Հորդ հետքերով ես գնում,- ավելացրեց պապին,- լա՛վ է:

-Նանե՛, առանց քեզ բակը դատարկ էր,- անմիջապես ասաց Արսենը:

-Ես էլ էի կարոտում,- անմիջապես ասացի ես՝ հասկանալով նրա խոսքերի իրական իմաստը:

Այնքան երկար զրուցեցինք, որ անգամ չնկատեցիքն՝ ինչպես է օրը կամաց մթնում, միմյանց պատմեցինք այն ամենն, ինչ բաց էինք թողել: Արսենը միշտ նամակներ էր գրում ի տարբերություն Տիգրանի, ինչն ապացուցում էր, որ նա միշտ էլ առավել զուսպ, հասուն ու շրջահայաց է եղել, քան մենք:

 

***

 

Ինչևէ աշնանային օրերը իրենց հետ բերեցին նոր ուսումնական տարվա ողջ ծանրությունը: Պարապմունքները հաճախ բաժանում էին ինձ և Արսենին, իսկ Տիգրանին ավելի քիչ էինք հասցնում տեսնել: Արսենի հետ նամակագրությունը դարձել էր մեր սովորական առօրյայի մի մասը: Հոկտեմբերին նշեցինք Տիգրանի ծնունդն ու երկու ամիս անց ճանապարհեցինք ծառայության: Այդ օրն ամենատպավորիչ և հիշարժան օրերից մեկն էր, գնալուց առաջ իհարկե հավաքվել էինք Տիգրանենց տանը, չգիտեմ գուցե ճիշտ կլինի ասել, որ դեռ լիովին չէինք պատկերացնում,  որ վաղը նա կմեկնի և ամիսներ շարունակ նրան այլևս չէինք տեսնի: Բոլոր բարեկամների բարեմաղթանքներին հոգով միանում էինք, բայց այդպես էլ մեր խոսքերը չասացինք: Ես չէի շտապում տուն վերադառնալ, հատկապես, որ հեռու էլ չէի, ընդամենը մի հարկ պետք է իջնեի ցած: Մինչև ուշ գիշեր զրուցեցինք ամեն ինչից, կատակեցինք գուցե ավելի շատ, քան կատակել էինք ողջ տարվա ընթացքում: Չէինք ցանկանում իրար հրաժեշտ տալ, բայց արդեն պետք էր.

-Տիգրա՛ն, առավոտյան դեռ կհանդիպենք,- վերջնական ցտեսություն չեմ ասում,- ասաց Արսենը և գրկեց ընկերոջը:

-Ես էլ,- ցածրաձայն ավելացրի ես ու գրկեցի Տիգրանին:

-Նանե՛,- անհուն ջերմությամբ արտասանեց Տիգրանն ու զգացի, որ ինձ ուղղած խոսքերի մնացած մասը ասվեցին մտքում:

Իհարկե գիտեի ինչ է կատարվում այստեղ, բայց խոսքեր չունեի ասելու: Ոչ մեկ ոչինչ չասաց, բայց Տիգրանը կարծես թե մոռացել էր, որ ինձ պետք է բաց թողներ գրկից:

-Բարի գիշեր,- լռությունը խախտեցի ես ու կարողացա ազատ արձակվել:

Եվս մեկ րոպե և մենք դրսում էինք, դուռը փակվեց և աստիճանահարթակին մնացինք ես և Արսենը: Առանց բառերի երկուսս էլ լուռ իջնում էինք, միայն թե երևի մոռացել էինք, որ ես այստեղ եմ ապրում, խելքի եկանք միայն շքամուտքի առջև:

-Նանե,- ասաց Արսենը և ես ակամայից հայացքս ուղղեցի իրեն: Սակայն նա լռում էր, կարծում եմ չէր համարձակվում խոսել, երկուսս էլ դժվարին իրավիճակի մեջ էինք: Խոսքեր պետք չէր հասկանալու համար ինչ էր կատարվում, երբեմն լռությունն ավելի պերճախոս է: Լուսինը լուսավորում էր շքամուտքը և քաղաքին ոչ հատուկ մի լռություն էր իջել մեզ վրա: Զգացի, թե ինչպես մատներիս արանքով սահեցին Արսենի մատները և մեր ձեռքերը մի ամբողջություն դարձան, չնկատեցի՝ ինչպես մեր միջև տարածությունը վերացավ և զգացի նրա մարմնի ջերմությունը:

-Նանե,- ևս մեկ անգամ անունս լսեցի արդեն չափազանց մոտ, նրա շնչի հետ միասին: Սիրտս այնքան արագ էր աշխատում, որ ինձ թվում էր ամբողջ շքամուտքը արձագանքում է այդ դմբդմբոցը: Անհնար է բացատրել զգացողություններս, կարծում եմ Արսենն էլ էր նույնը զգում: Նրա դեմքին անծանոթ լրջություն կար, աչքերի մեջ անսահման կարոտ և անհամբերություն, իսկ շուրթերը դողում էին: Մեր շուրթերը հադիպեցին իրար, և ամեն ինչ իր տեղն ընկավ, բոլոր չասված բառերի, չգտնված խոսքերի փոխարեն մեր համբույրը երկուսիս էլ պարզ դարձրեց, որ մեր ընկերությունը փոխակերպվել է: Այնքան ջերմություն ու կարոտ կար նրա շոյանքների մեջ, թվում էր՝ սիրտս հիմա դուրս կթռչի և շունչս մատնում էր ապրումներս:

-Ների՛ր,- անսպասելի ասաց Արսենը:

-Ինչի՞ համար,- շշնջացի ես:

-Ես պետք է կարողանայի ինձ զսպել, ինչպես դա անում է Տիգրանը, բայց չկարողացա:

-Այդպես մի՛ ասա, այդ դեպքում ես էլ եմ մեղավոր:

-Նանե, դու գիտես ամեն ինչ, բառերն այստեղ անիմաստ են:

-Գիտեմ,- կրկին շշնջացի ես:

-Իսկ, եթե Տիգրանը լիներ իմ փոխարեն,- շնչակտուր հարցրեց Արսենը:

Նրա հարցը տեղին չէր, քանի որ մեր համբույրն արդեն ամեն ինչ մատնել էր, իմ սրտի աշխատանքն արդեն իսկ պատասխանել էր նրա բոլոր հարցերին, բայց որոշեցի պատասխանել.

-Այսպես չէր լինի:

Արսենի աչքերում վառվեց կրակ, որ մինչ այդ չկար, իսկ այդքան սիրելի շուրթերին հայտնվեց թեթև ժպիտ:

-Արդար չէ նրա նկատմամբ,- ցածրաձայն ասաց Արսենը, սակայն ես ընդհատեցի նրան: Երբ մատս դիպավ նրա շրթունքին, Արսենը քարացավ, մեր հայացքները հերթական անգամ հանդիպեցին, այս անգամ երկուսիս էլ անծանոթ մի կրակ էր այրվում:

-Նանե,- շշնջաց Արսենն ու համբուրեց ինձ այնքան ուժգին, որ թվում էր թե երբեք էլ չենք կարողանա կանգ առնել:

Այս օրը միշտ մնաց երկուսիս հիշողության մեջ, որպես անխոս խոստովանություն, որ երկուսս էլ չէինք արտասանում, բայց վստահ զգում էինք: Չէինք արտասանում, քանի որ ներքուստ ուզում էինք չնեղացնել մեր ընկերոջը: Եվ գիտեք ո՞րն էր առավել քան անձնվեր, այն, որ Տիգրանը գիտեր և թերևս զգում էր ամեն ինչ ու հաղթահարում ոչ պակաս այրվող կրակն իր մեջ՝ իրեն հատուկ հանդարտությամբ ու նվիրվածությամբ: Նա միշտ էլ ավելի հասուն էր, քան մենք...

Առավոտյան Տիգրանին ճանապարհեցինք, հաջորդ օրն իմացանք, որ իր անձնական խնդրանքին ընդառաջելով նրան ուղարկել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ջաբրաիլի զորամաս: Հեռու էր, ինչ խոսք, ու թեև ասում էին, որ ամեն ինչ խաղաղ է, նրա հետ կապ չկար, իսկ սահմանից լրահոսով տարածվող լուրերը մշտական տագնապի մեջ էին պահում և՛ նրա հարազատներին, և՛ մեզ:

 

***

 

-Գնալու եմ նույն տեղը, որտեղ Տիգրանն է Նանե,- ասաց Արսենը:

-Գիտեմ, ես չէի էլ կասկածում, որ այդպես կորոշես,- ասացի և աչքերիցս արցունքներն այնքան ակամայից թափվեցին, որ նույնիսկ ինքս ինձ չհասկացա:

-Նանե ինչո՞ւ ես լալիս,- ասաց և շատ ամուր գրկեց Արսենը:

-Ես գիտեմ, որ ճիշտ ես, գիտեմ, որ քո փոխարեն ես էլ այդպես կվարվեի, բայց մեջս մի ուրիշ Նանե էլ կա, նա կխենթանա, եթե քեզ բան պատահի:

-Ինձ ոչինչ էլ չի լինի,- նուրբ ու խնամքով արցունքներս հավաքում էր Արսենը,- ի վերջո մի քիչ հոգիս կհանգստանա:

-Ինչի՞ց:

-Այն օրվանից, ինչ Տիկոն գնացել է,  հոգիս ծանրացել է, ես ինձ դավաճան եմ զգում: Նա սիրում է քեզ և երբեք ոչինչ չի ասի, երբեք նույնիսկ հայացքով չի մատնի, քանի որ զգում է մեր հարաբերությունների ջերմությունը: Ու գիտես ի՞նչն է ինձ տանջում, չգիտեմ զրկել եմ քեզ ավելի մեծ սիրուց, թե տվել ավելի մեծը:

-Դա ընտրության հարց չէ, այդպես պատահում է և վերջ:

Նստած էինք մեր սիրելի տեղում՝ մեր շենքի բակի փոքրիկ նստարանին, որը դարձել էր մեր հանդիպումների տեղը: Հաճախ էինք այստեղ զրուցում, երբ ուզում էինք առանձին լինել: Մեր զրույցը միտքս տարավ հեռուներ, և անխուսափելիորեն սկսկեցի մտորել՝ ինչպես եմ ամիսներ անց հրաժեշտ տալու Արսենին: Մտորումներիս արդյունքում թերևս չէի նկատել, որ դողում էի, իսկ Արսենի հայացքից դա բնավ չէր վրիպի:

-Նանե՛, ինչի՞ մասին ես մտածում, ամբողջ մարմնով դողում ես:

-Չգիտեմ, կարելի է ասել ամեն ինչի մասին և միանգամից:

-Լա՛վ կլինի ամեն ինչ, Նանե՛:

-Ուզում եմ մի բան խոստանաս,- չգիտեմ ինչու ավելացրի ես:

-Ինչ որ ուզենաս,- անվարան պատասխանեց Արսենը, և իզուր, ես խորամանկեցի: Իհարկե գիտեի, որ խնդրում եմ մի բան, որ իր ցանկությունից չէ կախված, բայց մեկ է զգացմունքների թելադրանքով արեցի և գուցե սրտիս հանգստության համար: Անհեթեթություն, բայց սիրող մարդը հաճախ է փրփուրներից կախվում.

-Խոստացիր, որ անպայման վերադառնալու ես ողջ և առողջ:

-Ա՜խ Նանե,- շշնջաց Արսենը,- կվերադառնամ անպայման, խոստանում եմ:

Գիտեի, որ անիմաստ բաներից ենք խոսում: Ամեն օր սահմանից լսում էինք հերթական կրակահերթի, հաճախ նաև թշնամու գնդակից զոհված տղաների մասին և տագնապով կարդում անունը, հոգու խորքում մի պատառ վախ ունենալով, որ հնարավոր է լինի մեր ընկերոջ անունը: Սակայն անծանոթ տղաների անունները ևս ցավ էին պատճառում, ամեն մեկին էլ սպասող մարդ կա, ամեն մեկին էլ գուցե ինձ նման մի աղջիկ խնդրել է խոստանալ, որ անպայման վերադառնալու է և այդ պատանին երևի վերջին անգամ ծանր շունչ քաշելիս հիշել է, որ կյանքի ամռանը չհասած նաև մի կարևոր խոստում է մոռացել կատարել: Այնքան ծնողներ, քույրեր, եղբայրներ, ընկերներ ու սիրելիներ այդպես էլ կմնան սպասելիս այդ երիտասարդներին: Մարդիկ, ովքեր այնքան բան ունեին ասելու տղերքին, որոնք էլ հետ չէն գալու, մի կում թունդ և այրող ոգելից խմիչքի նման կուլ կտան հուզմունքը: Ես ուզում էի, որ Արսենս գա, և այո՛ ես առաջին անգամ եսասիրության ճիրաններում աղոթելու էի, որ ինչ էլ լինի նա վերադառնա: Առանց նրա կյանքը չէր ունենա ոչ մի իմաստ: Եվ մտքիս մեջ հայտնվեց այն տրամաբանական հարցը, որ երևի վաղուց էր հասունացել. «այդ երբ հասցրեցիր դառնալ այդքան հարազատ»...

 

***

Օրերի հաջորդականության մեջ ոչինչ չէր փոխվում, բացի նրանից, որ մոտենում էին այդքան տագնապալից քննությունները և անխուսափելի գալիս էր Արսենի հեռանալու ժամանակը: Ես արդեն հազար անգամ համոզել էի ինձ, որ մեր սերն այնքան ուժեղ է, որ կհաղթահարի ամեն ինչ, տարածություն, ժամանակ և նույնիսկ անտրամաբանական վտանգները, որ սպասվում էին նրան: Սահմանից լուրերը հանդարտվել էին, ինչը բավական հույս էր տալիս, որ ամեն ինչ լավ կլինի, որ գուցե վտանգներն անցել են:

Դե ինչ, քննությունները տվեցինք գերազանց և երկուսս էլ պատվով ընդունվեցինք այն համալսարանները, որ ուզում էինք. այսուհետ ես իրավաբանության ֆակուլտետի ուսանողուհի էի, իսկ Արսենը՝ պոլիտեխնիկի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, սակայն դասերին չէր հասցնելու գնար. նրան մեկ ամսից կտանեին բանակ: Բնականաբար կարիք չկա ասելու, որ ամիսն անցավ ակնթարթի նման և եկավ այդ երկուսիս համար դժվարին ժամանակաշրջանը, որին Արսենը սպասում էր նաև առանձնակի խանդավառությամբ: Նրա մեջ ևս երկու ես կար, մեկը, որ չէր ցանկանում ինձ մենակ թողնել և մյուսը, որ վաղուց էր սպասում զինվորական ծառայությանը:

Այսպես Արսենին էլ ճանապարհեցինք, և եթե բոլորի համար դեռևս անհայտ էր, թե որտեղ կհայտնվի նա, ես գիտեի, որ իր կամքով անպայման կհայտնվի Տիգրանի կողքին՝ Ջաբրաիլում, որտեղից լուրերը մեզ հասնում են ամիսներ անց, որտեղ չեն աշխատում բջջայինները: Մեկ է որքան էլ, որ նախապատրաստվել էի այդ իրողությանը, անօգուտ էր, սրտիս մի կեսը մեկնել էր սահման Արսենի հետ, մյուս կեսն աղոթում էր ամեն օր նրա վերադարձի ու անվտանգության համար:

Մի բան հաստատ գիտեի, որ երկու ընկերներ հանդիպել են և գուցե դա է ամենակարևորը, որ իրենց իսկ ուզածով եղավ, գուցե ճակատագրով էր նախատեսված, որ միասին պետք է ամիսներ ծառայեն ու նաև մի բանում համոզված էի, Տիգրանն իր ինչպես միշտ ծով համբերությամբ և հոգատարությամբ մենակ չի թողնի ոչ մի հարցում Արսենին, և արդեն ինքն էլ իրեն մենակ չի զգա:

Այս պատմությունը գուցե այսպես էլ ավարտվեր, եթե սահմանից հնչող տագնապալի լուրերի փոխարեն հերթական անգամ հեռուստատեսությունը իր հաղորդումները չընդհատեր արտակարգ լուրերի համար, որտեղ ներկայացնում էին գիշերը սահմանին սկսված և բուռն մարտական գործողությունների վերածված, աղետալի հետևանքներով իրադարձությունները: Ադրբեջանի հանրապետության կողմից 2016թ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն սկսվել էին Արցախի հանրապետության պաշտպանության բանակի նկատմամբ լայնամասշտաբ գործողություններ՝ արցախա- ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով և արդեն իսկ խոսում էին բազում զոհերի մասին, սակայն չէին նշվում անունները: Լրատվության յուրաքանչյուր խոսք արձագանքում էր գլխիս մեջ անասանելի ցավ պատճառելով ինձ, կարծես մոռացել էի անգամ շնչել: Երևի կարիք չկա նշել, որ հաջորդ օրերին տագնապն ու անասանելի ծանր հոգեվիճակը դարձրեցին ինձ ինքնակառավարման ռեժիմով աշխատող սարք, որի ողջ էությունը զգում էր ներքին վտանգ, իսկ անտեղյակությունը սպանում էր ներսից: Մեր զինվորներից նորություններ չկային, միայն բուռն ռազմական գործողությունների ավարտից հետո, որ պատմության մեջ դրոշմվեցին Ապրիլյան կամ Քառօրյա պատերազմ անուններով, ինձ հասավ Արսենի նամակը, արդեն բավական ուշացած: Ես արդեն գիտեի ու ողբում էի Տիգրանի կորուստը: Արսենի նամակը բացահայտեց ինձ համար բազում մանրուքներ: Տիգրանը հերոս էր, ինչպես այն մյուս հարյուրից ավել երիտասարդները, որոնք էլ հետ չեկան, բայց որոնց արյան ու կամքի գնով բացվեց մեզ համար նոր առավոտ: Տիգրանի համար մեր սրտում և մեր կյանքում գոյացավ մի հուշարձան, նա կերտեց մեր մեջ ավելի լավ մարդու, քան մենք կանք, նա սովորեցրեց լինել անձնուրաց, սիրել հայրենիքը, սիրել ընկերոջը, սիրել մի օր բակում հայտնված անծանոթ աղջկա այնպես, որ նրանց համար չխնայեց անգամ կյանքը, կյանք, որ դեռ չէր ապրել, կյանք, որ դեռ պետք է նոր կյանք ծներ:

Նրա մահը փոխեց աշխարհը, իմ աշխարհը, մեր աշխարհը...

Արսենի վերջին նամակը ստանալուց և հարյուր հազար անգամ վերընթերցելուց հետո սպասում էի նրա վերադարձին, այո՛, հերոսներից մեկը վերադարձավ, գուցե այն աղոթքների շնորհիվ, որ ուղղել էի դեպի երկինք: Գուցե շարունակելու համար այն, ինչ կիսատ էին թողել մյուսները: Վերադարձավ մեկը, նրանցից մեկը...

 

 

***

«Նանե՛գրում եմ քեզ հերթական անգամ, սակայն մի մեծ դժբախտության մասին: Երկուսս էլ կորուստ ունենք՝ կորցրել ենք մեր ընկեր Տիգրանին: Այո՛, Նանե,  ծանր է գրել այս մասին, բայց պարտավոր եմ, նա արժանի է, արժանի հերոսացման: Երեկ մահը ակամա ընտրություն կատարեց իմ ու Տիկոյի միջև: Մեր դիրքի վրա օրեր առաջ հարձակում եղավ, արկը պայթեց ուղիղ մեր հենակետի վրա, և որին հաջորդում էր թշնամու կողմից անդադար կրակահերթը: Անկեղծ ասած ամեն ինչ չէ, որ պարզ եմ հիշում: Արկի պայթյունից իր մարմնով ինձ ծածկեց և փրկեց Տիգրանը, գրում եմ և միչև հիմա չեմ հավատում, գուցե նաև չեմ ուզում հավատալ: Այնքան հուզմունք է հավաքվել մեջս, որ ուզում եմ գրել ու գրել միչև հոգուս բոլոր խոսքերը դատարկվեն: Հասկանո՞ւմ ես, նրա փոխարեն ես պետք է լինեի, չգիտեմ ինչու որոշեց ինձ փրկել և արդյոք գիտակցում էր, որ զոհաբերում է կյանքը հանուն ինձ: Չգիտեմ ինչու մեջս սառույցի մի կտոր կա, կյանքն ասես կանգ է առել: Նանե՛, հիշում եմ մեր անհոգ օրերը, որտեղ Տիկոյի անմար ժպիտը դաջվել է հիշողությանս մեջ: Հիշում եմ նաև, որ անսպառ մրցում էինք քո ուշադրությանն ու սիրուն արժանանալու համար:

Նրա ծոցագրպանից տղեքը գտել են նամակների խունացած տրցակ, որ նա ուղել է մի աղջկա և պատմում էին որ հետը նկար կար, իսկ գիտե՞ս թե ում նկարն էր Նանե՝ քոնը: Ա՜խ չես հավատա ինչ եղավ ինձ հետ, երբ տեսա նկարդ՝ մաշված նամակների խրձի հետ: Ես գիտեի, որ նա էլ էր սիրում քեզ, և գուցե ոչ  պակաս քան ես, բայց իմանալով մեր մտերմության մասին կարծում եմ նա միշտ էլ զոհաբերել է իրեն:

Ճիշտ է սա մեր անթիվ անհամար նամակներից մեկն է, բայց սա նաև յուրահատուկ նամակ է: Ես այդ նամակների մեջից առանձնացրել եմ նրա վերջին գրածը և ուղարկում եմ քեզ: Նա արժանի է, որ իմանաս այն ինչ նա միշտ ցանկացել է ասել քեզ և լռել է»:

 

 

***

 

 «Ի՛մ սիրուն Նանե,

Ամեն անգամ, երբ սկսում եմ գրել քեզ հոգիս տակնուվրա է լինում, վերցնում եմ գրիչը հստակ իմանալով՝ ինչ եմ ուզում գրել և, երբ հպում եմ գրիչս թղթին մտքերս կրկին փոթորկվում և կորչում են: Այնքան շատ բան կուզենայի պատմել քեզ, բայց  բառերս լռում են, միայն անվախ կարող եմ մի բան ասել՝ ինձ ուժ է տալիս քո գոյությունը, միայն այն բանի գիտակցումը, որ դու ապրում ես, ու մի օր քո աչքերը հնարավոր է սահեն այս տողերի վրայով և գուցե ականջներումդ բառերս հնչեն իմ ձայնով: Թեև գրում եմ՝ իմանալով, որ չեմ ուղարկելու այս նամակը:

Իմ Նանե, քո գոյությամբ է իմաստավորվում գոյության իմաստս ու պայքարս: Այո՛, մի պահ հուզվում եմ գրելով «իմ Նանե», ես բնավ դրա իրավունքը չունեմ, բայց այստեղ՝ կյանքն ինձ առավել համարձակ է դարձրել, սովորեցրել ասել խոսքեր, որ հնարավոր է այլ պարագայում չհամարձակվեի ասել, գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյան՝ չիմանալով, թե որ շունչս կարող է լինել վերջինը: Նանե՛, ուզում եմ վերադառնալ քեզ մոտ, սակայն գիտակցում եմ, որ ամեն ինչ մի փոքր այլ կլինի, քան երբեմն թույլ եմ տալիս ինձ պատկերացնել:

Մեր ընկերության  հանդեպ ունեցած ողջ ազնվությամբս պետք է ասեմ «ես սիրում եմ քեզ»: Գիտես երևի միշտ էլ ուզել եմ ասել, բայց միշտ էլ վախեցել եմ:

Ի՛մ սիրուն Նանե, հույս ունեմ երբևէ տեսնելու քեզ, հույս ունեմ երբևէ գրկելու քեզ և սիրելու ավելի ուժգին, քան սիրել եմ …»

 

Քեզ սիրող զինվոր՝

Տիգրան

30.03.2016թ