ԵՐԲ ԺՊԻՏԻԴ ԾԱԼՔԵՐԸ

ՀՐԱՉՈՒՀԻ ԼՈՌԵՑՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին...

 

ԵՐԲ ԺՊԻՏԻԴ ԾԱԼՔԵՐԸ

Երբ ժպիտիդ ծալքերը տխրությամբ կպարուրվեն,

Երբ կնայես, բայց այլեւս չես տեսնի,

Երբ երբերդ եթեների վերածվեն,

Եւ այլեւս դու իմ կարիքը չզգաս,

Այդժամ կասեմ սիրել եմ քեզ իմ անգին,

Երբ սրբերդ կվերածվեն անեծքի,

Երբ աղոթքդ կդառնա մաս սուտ ծեսի,

Երբ մատանիդ պարանի պես կխեղդի,

Այդժամ հիշիր, որ կորցրել ես լոկ մեկի:

Երբ բառերդ կկործանեն ամբոխին,

Երբ արցունքդ կհասնի իմ կոկորդին,

Եւ մատներդ կշոյեն մեկ ուրիշին,

Այդժամ մոռացիր, որ հիշել ես հիշողին:

 

 

ՔԵԶ ԿԱՐՈՏԱԾ

Ես զգում եմ քեզ 

Իմ աչքերի մեջ; 

Իմ շուրթերին մոտ, 

Իմ սրտի ներսում: 

Ես տեսնում եմ քեզ 

Իմ հայացքի մեջ, 

Իմ պատերից ներս, 

Իմ հոգու խորքում: 

Ես սիրում եմ քեզ, 

Ինձանից հեռու 

Ուրիշին մոտիկ, 

Ուրիշի գրկում, 

Ես հիշում եմ ինձ 

Քո աչքերին մոտ 

Քո ձեռքը բռնած 

Քեզ ամուր գրկած: 

Կարոտում եմ ինձ 

Քո կողքին կանգնած, 

Սիրուց խենթացած, 

Քեզնով հիացած: 

Եվ սպասում եմ քեզ, 

Քեզնով միշտ տարված, 

Քեզնով միշտ ապրած, 

Եվ քեզ կարոտած...

 

 

 

***

Չէ չի ստացվում:

Անքնությունը ճանկել է գիշերս, այնպես ինչպես դու մի օր սիրտս վերցրեցիր:

Սիրտս, գիշերս ու էլի Դու:

Հեռացող ստվերները գուշակել էին, որ դու «մենք» չդարձողն ես:

Անէ էությանս անկիրք իմաստակիր գոնե մի պահ արթնացիր խորը քնից ու փարատիր անքնությունս,

Որը ծարավ ծաղկի նման ուզում է հող խմել ինձնից:

Ժամի սլաքներն ի՞նչ իմանան, որ ակամայից դարձել են մեր հին սիրո փշուրների վկան:

Չէ չի ստացվի:

Քունն անքնությանը չի հաղթի:

Ես ու քունը չենք հաղթի սիրո անքնությանը:

Բռնել ես ձեռքս, որ աչքերիս թարթը չզգամ համբույրիդ մեջ,

Որ չքնեմ ու մտածեմ քո մասին:

Արի ստենք իրար ու մի պահ արթնությունը քնեցնենք:

 

***

Քամոտ են հուշերը,

Ան հոտեն,

Հեռու են սարդերը,

Քեզ մոտ են,

Դողում են աչքերը,

Մատնում են,

Գնում են նավերը,

Ժպտում են,

Ստում էր քո սերը,

Ամպոտ է:

 

 

***

Հեռանում են հոգուցս

Պատկերները քո խառնակ,

Ու ջնջվում են մարմնիցս,

Համբույրները քո դեռ տաք,

Քո գրկի մեջ հալվում են

Ժպիտները իմ անցյալ,

Աչքերիդ մեջ մարում են,

Արցունքներս մահացյալ: