ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԳՈՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին

 

***

Գիշերը անցավ, ու՞ր եք դու՛ք տղերք,

Սառել են արդեն փամփուշտները տաք,

Ձեր ընկած տեղը՝ կսկիծ է ու վերք,

Դողում են ցավից՝ երկինք ու հատակ:

 

Լույսը բացվել է, ու՞ր եք դու՛ք տղերք,

Ձեզ գալու ճամփան՝ ցավոտ է ու նեղ,

Ա՜խ այն սարերից հնչում է մի երգ,

Եւ պար են բռնել տղերքը այնտեղ…

 

Թնդում է անվե՜րջ երգը հայկական,

Երգը՝ կենարար ու արդար հացի,

Ու քեֆ են անում՝ տղերքը անմա՜հ

Եւ ոչ ոք չկա, տղերքից բացի:

 

Սարեր են հիմա ՝մեր սարերի մեջ,

Ազատ են այնպես, հավերժ ու անա՜հ,

Հոգու մեղեդին հնչում է անվե՜րջ,

Եւ քեֆ են անում տղե՛րքը անմա՜հ…

 

 

***

 

Ներիր', եթե անգամ խաբեն,

Ներիր', որ չտեսնես վիշտ,

Քո արյունով նրանք հարբեն,

Բայց դու ներիր' նրանց միշտ:

 

Ներիր', եթե քեզ չսիրեն,

Քո սխալը սարքեն ճիշտ,

եթե անգամ ճիշտդ ատեն'

Բայց դու ներիր' նրանց միշտ:

 

Ներիր', եթե քեզ հալածեն

Իրենց բախտով ամբարիշտ,

Եթե նույնիսկ քեզ անիծեն,

Բայց դու ներիր' նրանց միշտ:

 

Ներիր', եթե ցավ են տվել,

Խոսք են տարել քո տանից,

Եթե անգամ նրանք դավել'

Չարախոսել քեզանից:

 

Ներիր' նրանք դաս են եղել,

Ներիր' անկեղծ քո հոգում,

Դավաճանին պետք չէ' ներել,

Նա չի' փոխվի այս կյանքում:

 

Եղիր հիմա հավատով լի,

Ներիր' սրտով քո համառ,

Եւ իմացիր, ինչ էլ լինի,

Դու ներում ես քեզ' համար:

 

 

***

 

Նկարի՛չ, նկարիր  ձմեռը անցած,

Մի բուք նկարիր, պարզունակ մի օր,

Նկարիր տունն իմ վաղուց հնացած,

Եւ ինձ նկարիր կրծքից վիրավոր:

 

Կուզես նկարիր սիրուն աղջկա,

Երկինք նկարիր, վառվռուն լույսեր,

Նկարիր գույնով անհոգ ապագա

Եւ սե՜ր նկարիր, չմեռնող  մի սեր:

 

Կարոտ նկարիր, անթափա՜նց ու մով,

Մի փուչ աշխարհ էլ` դատարկված ու սին,

Նկարիր վերջին անզուսպ քո  գույնով,

Աղո՜թք նկարիր գիշերվա կեսին:

 

Նկարիր այն, ինչ սիրտն է հուզում,

Խոնավ աչքերին արտասուք մի՛ դիր,

Չէ՛ չէ՛ նկարի՛չ , ոչ ինչ չեմ ուզում,

Քո վերջին գույնով մո՜րս նկարիր...

 

 

***

Հաճույքները շատ` խաղերով լի, վառ,

Կատուն է լիզում մեռած մարդու դին,

Հարբած պոռնիկը դարձել է տակառ՝

Գինի է տալիս կորած ամբոխին։

 

Ծծում են իրար՝ շրթունքներն անվերջ,

Վայելում կյանքը, խմում կում առ կում,

Զորեղ մթության պաղ չարքերի մեջ՝

Պիղծն է փռվել մարդկային հոգում։

 

Ջի՛նջը հեռավոր, մոլորված, անտես

Փյունիկ չի դառնա երբեք իր օրում,

Բախտն էլ խռոված հնազանդ շան պես՝

Գալիքն է  լռին առաջ գլորում։

 

Ինչպիսի՜ ցավեր, ինչքա՞ն  էլ դեռ կա,

Կմնա արդյո՞ք աշխարհը այս հին,

Կեղծավոր սիրով մարդն է ագահ,

Տանում է կյանքի պատառը վերջին։

 

Նայի՛ր, քթիտ տակ կանգնած է այնտեղ,

Անմեղ աչքերով բերանը լի բաց,

Իր մոր չորացած արգանդից էլ նեղ,

Արյուն է լափում արդարից քամաց։

 

Ուզում ես ոռնա՛, ուզում ես ճչա՛,

Գալիքը անհայտ ,ներկան էլ խավար,

Ջինջը օրերի վաղուց էլ չկա,

Կյանքն էլ գունատված, հլու  խելագար:

 

 

 

***

 

Ինձ կներեք,ես գնացի

Ձանձրանում եմ ձեզ հետ այստեղ,

Սեղանից այս աղ ու հացի,

Զրույցներից, դատարկ ու նեղ:

 

Ձանձրանում եմ ձե՛ր դեմքերից...

Ձեր քեֆերից ողբ ու լացի,

Էժանագին ձեր խաղերից,

Ինձ կներեք,ես գնացի՛