ԵՎ ՀԱՅԸ ՀԱՂԹԵՑ ՄԱՀԻՆ

ԱՍՊՐԱՄ ՔՈՍԱԿՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին

 

Հատված վեպից

 

“Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է՝ թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի”

Անատոլ Ֆրանս

1915 թվականի փետրվարն էր, օրը՝ կիրակի.  ցուրտ,  մռայլ, գաղջ,  թունավոր ու վտանգավոր կիրակի:

Թեշքիլաթ Մահսուսայի Ստամբուլյան կենտրոնում հավաքվել էին երիտթուրքական պարագլուխները  և մեծ հպարտությամբ ունկնդրում էին դոկտոր Նազըմի ելույթը.

-Անատոլիան  մեր մեծ քայլի համար մի փոքր փուշ է, փու′շ, որը նույնիսկ չի կարող մեզ ծակել, բայց խանգարում է, խանգարում է մեծ քայլն անելու համար, ուրեմն պետք է այն արմատից պոկել և վառել, այնպե′ս վառել, որ նույնիսկ մոխիրը չմնա: Մենք պետք է դառնանք Հայաստանի վերջին շունչը: Թուրքիայի տարածքում մի հայ անգամ չպետք է մնա, չխնայել  նույնիսկ օրորոցի մանկանը, չպետք է կրկնել համիդյան սխալը, պետք է գյավուր հայությանը բնաջինջ անել հիմնովին, հայի իսպառ արմատախիլացումը միայն հնարավորություն կտա մեզ իրականացնել մեր փայփայած երազանքը՝ ստեղծել Մեծ Թուրան՝ կազմված միայն մահմեդական, թուրքալեզու բնակչությունից: Սա է երիտթուրքիայի վճիռը հայության վերաբերյալ:

 Մեծ Թուրան…այս կախարդական անունը վավաշոտ երազանքներով էր լցնում Օսմանյան կայսրության երկու պարագլուխների՝ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի և ռազմական նախարար Էնվեր փաշայի ողջ էությունը: Թալեաթն ու Էնվերը վաղուց գիտեին միմյանց, միասին երկար ուղի էին անցել, խաբելով հայերին, հույներին, ասորիներին, նույնիսկ հասարակ թուրքերին, հասել էին հեղաշրջման և կանգնել իշխանության գլխին: Սակայն արտաքուստ գաղափարակից ընկերներն ատում էին միմյանց, ատում էին ամբողջ ուժով, քանի որ ունեին նույն պանթուրքական երազանքը՝ միանձնյա իշխել Մեծ Թուրանը: Էնվերի՝ մշտապես կոկիկ, սափրված դեմքն ու օսլայած վերնաշապիկը  զզվեցնում էր Թալեաթին, հայերին բնաջինջ անելու էնվերյան ամենաստոր և անմարդկային տարբերակները նախանձ էին առաջացնում Թալեաթի մոտ. Որքան կուզեր ունենալ Էնվերի սուր միտքը, յուրաքանչյուր հային կսպաներ տաժանորեն տարբեր, ձեռք չէր տա միայն հայի աչքերին, թող այդ կապույտ, անիծյալ կապույտ աչքերը տեսնեին անսահման արյունը, ավերը, կործանումը, տեսնեին ու զգային: Այնպես կաներ որ հայն ինքն իր կապույտ աչքերը կհաներ. Ատում էր կապույտը, ատելի Անատոլիայում շատ էր կապույտը.  Կապույտ են հայոց երկինքը, հայոց լճերը, հայոց աչքերը: Թալեաթին թվում է, թե կապույտը կախարդական գույն է,  որի շնորհիվ հայերը կարողանում են կրել այսքան չարչարանքներ և մնալ ամուր՝  ինչպես  իրենց  քարաժայռերը:

            Թալեաթի պես մտասույզ էր նաև Թուրքիայի ռազմական առյուծը: Բարձրահասակ էր Էնվերը, գեղեցկադեմ, մաշկը՝ սակավ թխագույն, հայացքը՝ խաղաղ, բայց և տիրական,  վարվելակերպը՝ քաղաքակիրթ, եվրապաձև: Շատ հայեր էին խաբվել  այդ քաղաքակիրթ շարժուձևին՝ չտեսնելով Էնվերի աչքերի նենգությունը և  շրթունքների աջ անկյունի սառը քմծիծաղը, երբ  իր հայ զինակիրների հետ խոսում էր  ազգային անվտանգությունից, հավասարությունից, եղբայրությունց/անգամ ապառաժները կհալվեին էնվերյան  քաղցրախոսությունից, անմեղ ու դյուրահավատ հայն ինչպես չխաբվեր/: Թալեաթն Էնվերին գինու տակառ էր հիշեցնում, տակառ, որին ուզում էր երկու կես անել ու աղբանոցը գցել, բայց ստիպված էր դեռ  հաշվի նստել երկրի վրա Մուհամեդի փոխանորդի հետ:

Ատում էին իրար Թուրքիայի ռազմական առյուծն ու Ալլահի փոխանորդը, բայց միավորում էին այդ ատելությունն ընդդեմ  անմեղ ու արարչագործ հայերի, հանուն անգամ օրորոցում մեկ հայ չթողնելու իսլամիստական անմարդկային գաղափարախոսության իրականացման և ժպտում էին իրար՝ գինու տակառն ու եվրապացու դիմակով վայրենին:

Օսմանյան երկու պարագլուխների անխոս հակամարտությանը քաջատեղյակ էին հավաքված մեծանուն երիտթուրքերը՝ ծովային նախարար Ջեմալ փաշան, քարտուղար Բեհաէդդին Շաքիր բեյը և Վասպուրական աշխարհի Վանի նահանգապետ Ջևդեթ փաշան, վերջինս զարմացած էր, որ հրավիրված է այս խիստ գաղտնի ժողովին: Եռապետերի առաջ քաշած պանթուրքական ծրագիրը շոյում էր Ջևդեթի ամենավայրենի երազանքները. Նա արդեն պատկերացնում էր, թե ինչպես է մոխրակույտի վերածում Վանն ու շրջակա գյուղերը, նրա տեսիլքում հրդեհ էր, մեծ հրդեհ՝ Այգեստանում ու Քաղաքամեջում, մարդախանձություն էր, մարմինների մտածածին ճենճահոտից արբենում էր Ջևդեթը, ծիծաղում՝  հայ տղամարդկանց անդամահատումը, կանանց բռնաբարումը տեսնելով: Ահա հինգ տարեկան մի փոքրիկ տղա փորձում է ազատվել փոթորկի պես իր հետևից սուրացող հրդեհից:

-Անունդ ի՞նչ է, խոզի լակոտ,-արհամարհանքով հարցնում է Ջևդեթը:

-Հա-յաս-տան,-վախից թոթովախոսեց փոքրիկը:

-Ի՞նչ, մենք ասում ենք Հայաստան չկա, այս խոզերն իրեն լակոտներին Հայաստան են անվանակոչում: Ահա ուրեմն թո′ղ մոխիր դառնա վերջին Հայաստանը,-այս ասելով Ջևդեթը բռնեց սարսափահար մանկան վզից և հռհռոցով նետեց Վասպուրական աշխարհը հրդեհող անսահմանության մեջ:

- Թեշքիլաթ Մահսուսայի անդամները ոգևորված են իսլամի առջև իրենց պարտքը կատարելու վեհ նպատակի համար,-Թալեաթի ձայնը արթմնի երազներից ժամանակավորապես հանեց Ջևդեթին,-մենք պետք է գործենք կտրուկ, արագ, համագործակցենք տեղի քրդերի, մահմեդական եզդիների հետ: Բոլոր նահանգներում պետք է տրվի հայերի տեղահանման հրամանը, ովքեր համարձակվեն չհնազանդվել, տեղում  կտրել անհնազանդության գլուխը:

-Օսմանյան կայսրության հզորագույն բանակը պատրաստ է ստեղծել Մեծ Թուրանը, մեր բանակն ու  Թեշքիլաթ Մահսուսան շատ արագ կպոկեն հայ կոչվող տերևը, որը սվսվալով փորձում է ամուր կառչած մնալ թուրանական ծառին,-քամահրանքով խոսեց Ջեմալ փաշան:

-Տե՞րև,-քմծիծաղեց Էնվերը, Տիա′րք, ամենամեծ ատելությամբ խոստովանում եմ, որ թուրքական բանակի լավագույն մարտիկները հենց հայե′րն են: Այս հայերը տարօրինակ ուժ ունեն, վիրավորվում են կռվի դաշտում, թվում է՝ մահամերձ են, բայց խմում են իրենց խուրջիններում մշտապես պահվող ջրից ու հաջորդ օրը նորից մարտի դաշտում են, մենք նրանց վատագույն աշխատանքներն ենք հանձնարարում՝ ճանապարհներ, երկաթուղիներ կառուցել, բայց սրանք մնում են նույն ամրակազմն ու առույգը: բանակում ծաղրում ենք գյավուրներին ու երբ թվում է, թե սրանք վերջապես թուլանում են, մեկ էլ մեջներից մի խենթ սկսում է մի երգ երգել, էս հայերն ուս ուսի են տալիս ու սկսում պարել, այնպե′ս պարել, կարծես աշխարհի տերն են: Մենք հայերի վրա ծանրումեծ հարկեր ենք դնում, որ ձմռան ամբողջ պաշարը հարկի տեղ տան և ձմռան ցրտին սովամահ լինեն, բայց գալիս է գարունը ու տեսնում ենք, որ հայ ընտանիքները ոչ միայն ապրում են, այլև այդ ընտանիքներում նոր զավակներ են լույս աշխարհ եկել, նո′ր հայեր: Մեզ չպե′տք է թվա, որ հայերը մի փչոցից ծառից պոկվող տերևներ են, մենք պետք է նրանց ուղղակի պոկենք իրենց մայր ծառից՝ թեկուզ կորստով, թեկուզ բանակի նվազեցմամբ. Մեր զինվորները պատրաստ են իրենց կյանքի գնով կյանքի կոչել Մեծն Թուրանի մեր երազանքը: Մենք կստեղծենք մեր երազած Թուրանը, և ես խոստանում եմ ձեզ, որ այդ Թուրանում մե′կ հայ անգամ չի լինի, հայի շունչն անգամ չի լինի:

-Ախ, այս Էնվերը, որ սկսում է մեծախոսել,  էլ  ավարտ չի ունենում,-զրույցի ավարտին էր սպասում Թալեաթը: Նրա մտքերն  արդեն  զբաղեցրել էր Ջևդեթ փաշայի նվերը՝ 16-ամյա հայուհին, որը Վանի կուսակալը բերել էր Շատախի գավառից:

-Պարոնայք, ուրեմն որոշված է, ամբողջ Անատոլիայով սկսել իրագործել մեր ծրագիրը, լավագույն գեղուհիներին և տղաներին պահել հարեմի համար, իսկ մնացածին քշել Դեր-Զոր, դիմադրողներին խողխողել իրենց իսկ տանը: Հայերի տեղահանումն սկսել Վանից: Ջևդեթ փաշա, տալիս ենք ձեզ բոլոր լիազորությունները գործելու ազատ և ինքնիշխան: Ոչնչացրու հայ կոչվող այդ սերմը Վանի նահանգից,-եզրափակեց Թալեաթը:

Ջևդեթի հայաոչնչացման երազները կամաց կյանք էին առնում:

Թալեաթ փաշան արագ ու վայրենի քայլերով մտավ իր առաձնասենյակ: Այնտեղ՝ բուլղարական ընտիր գորգերի վրա ուշաթափ էր եղել սևահեր հայուհին: Թալեաթին բռնի հարվածներից աղջիկը հուսահատ մի ճիչ արձակեց՝ փորձելով ազատվել գազանի ճիրաններից:

 

-Ահա′, այսպես մենք կճզմենք բոլոր հայերիդ,-հռհռաց Թալեաթը: Նա քաշեց աղջկա վարսերից՝ դեմքը տեսնելու համար և սարսափեց. Աղջկա աչքերը կապույտ էին, մուգ կապույտ, ինչպես Շատախի երկինքը և Վանա ջրերը: Թալեաթին մի պահ թվաց թե միլիոնավոր կապույտ աչքեր իրեն են նայում և խոսում լուռ. ,,հայերը մեկ փչոցից ծառից պոկվող տերև չեն,,:

-Գյավուրնե′ր, մենք կոչնչացնենք ձեզ, կոչնչացնենք ձեր կապույտը: Ինքնատիրապետումը կորցրած Թալեաթը երկու ձեռքով բռնեց հայուհու կոկորդից և խեղդեց՝ միանգամից: Անշնչացած աղջկա սառչող մարմինը տեսնելուց հետո միայն Թալեաթն ուշքի եկավ. ,,Ինչու՞ այսպես սպանեցի նրան՝ առանց եղնիկի մատղաշ միսը համտեսելու,,: Հետո Թալեաթը նորից կատաղեց. ,,Ես կոչնչացնեմ հայոց կապույտը, Շատախի կապույտը,,: Թալեաթը ոտքով հարվածում էր անշնչացած աղջկա մարմնին, հասկանալով, որ նրա հոգին հենց ինքն ազատեց մարմնական և հոգեկան ցավից:

Իսկ Վանի կուսակալ Ջևդեթ փաշան շտապում էր կատարելու Էնվերի և Թալեաթի հրամանը, շտապում էր արյունոտ խրախճանքի:

 

 

Վան նահանգի Շատախ գավառի Թաղ կենտրոնը ժայռաշատ լեռներով շրջապատված ավան էր: Լեռներում ձորերը շատ են՝ մթին, խորհրդավոր առասպելներով լի: Ամեն ձորի պռնկին քչքչան մի աղբյուր՝ սառը, մաքուր ջրերով, շատախյան հերոսական պատմություններն է պահ տալիս ազատ ձորերին: Լեռները բարձր են, խենթորեն կանաչ, նայողին թվում է, թե զմրուխտն անծայրածիր է հագել՝ չունի սկիզբ և ավարտ: Թաղյան լեռներում ծաղիկները բազմերանգ են, նուրբ, ինչպես նորահարսը,  հեզորեն ամաչկոտ, ինչպես երիտասարդի հայացքից շիկնող դեռատի օրիորդը, փխրուն, ինչպես որսորդից փախչող  վախվորած եղնիկը և ամուր, ինչպես հայոց լեռները:  Լեռներն ի վար, դեպի ավելի ու ավելի մոտ գյուղը, ծաղկաթույրում իշխում է կապույտը: Լեռան լանջերին՝ գյուղի չորս կողմը, գարնան առաջին օրերին ծաղկում են երիցուկները, երազային կապույտ երիցուկները: Կապույտով է սկսվում  կյանքը Թաղում: Կապույտը ազատության, հավատի ու երազանքի գույնն է Թաղում: Թաղի կողքով է հոսում Արևելյան Տիգրիսը, և երբ գարունը բացվում է, գետն, ազատվելով սառցե կապանքներից,  ավելի ազատ է սկսում քչքչալ, գյուղի կանայք շտապում են դեպի Տիգրիս և մի-մի կուժ սրբազան ջուր են տանում իրենց տուն, շաղ տալիս այգում, որպեսզի հողը այդ տարի բերրի լինի, իրենց օջախից ուրախությունն անպակաս լինի, սև օրեր չտեսնեն և հացը առատ լինի: Շտապում են դեպի սրբազան գետը, հավատում են նրա զորությանը, հավատում են, որ իրենց գյուղը սև չի հագնի, չէ, որ Տիգրիսը այս տարի էլ կարողացավ ազատվել սառցե կապանքներից, չէ-որ այս տարի էլ լեռան լանջերը մուգ կապույտ երիցուկներ են դարձել, չէ-որ մթին ձորերը առասպելներ են խոսում, չէ- որ Շատախի երկինքը կապույտ է ժպտում:

Շատախի կենտրոն Թաղը տների կանոնավոր շարքով կառուցված փոքրիկ ավան  էր: Տները միմյանցից առանձնանում էին փայտե ցանկապատներով, որոնց դռները միշտ բաց էին՝ հյուրին ընդառաջ: Ամեն ընտանիք ուներ իր այգին, այգում փթթում են խնձորենին, տանձենին, սալորենին՝ իրենց հոտավետ բույրը տարածելով ողջ գյուղում: Մարգ առ մարգ աճում է  բանջարեղենը, թաղեցիները անմեղ մրցակցության մեջ էին միմյանց հետ, թե ում միրգն է ավելի ջրալի լինելու, ում բանջարեղենը՝  ամենահամեղը, ում հյուրընկալումը՝ ամենաբացն ու մտերմիկը:

Գարունը, ինչպես ամեն տարի, մտավ Թաղ: Գյուղի բոլոր կանայք, կուժը վերցրած, շտապեցին Տիգրիս: Տղամարդիկ, բահն ուսերին, տնամերձ այգու դռնակը բացեցին, որպեսզի մի քանի տեղ առաջին վարն անեն և իրենց կանանց բերած ջուրը ցողեն մայր հողին:

-Անահիտ, երգիր բնության գարունը, թող այս գարունը հային քաղցր աչքով  նայի, խեղճ հայս շատ ցավ է տեսել, շատ թաց է տեսել, երգիր գարնան գալուստը, թող այս գարունը հային մի քիչ քաղցր աչքով նայի,- հրահանգեց գյուղի ամենատարեց բնակիչը՝  103-ամյա Նինա տատիկը, ում ամեն խոսքը՝ մի թանկ խորհուրդ էր, ամեն հանձնարարությունը՝ անքննելի` գյուղի յուրաքանչյուր բնակչի համար:

Անահիտը՝ բարձրահասակ, նրբիրան, սպիտակաթույր, կապուտաչյա, սևահեր գեղեցկուհի էր, ում քաղցր ձայնն այնքան ներդաշն էր նոր զարթնող բնության գեղեցկությանը, ինքն էլ բնության մի պատառիկ էր, նոր ծաղկող՝ պատրաստ փթթման, պատրաստ գեղեցկության ամենավեհ ճախրանքների: Գյուղի բնակիչները հիանում ու վախենում էին իրենց թանկագին զարդով. Հանկարծ անօրեն թուրքը չտեսնի Անահիտի գեղեցկությունը: Այդ էր պատճառը, որ Անահիտը հիմնականում տանն էր լինում և գյուղից դուրս էր գալիս միայն գարնան զարթոնքին և միայն Տիգրիս: Անահիտի քաղցր ձայնը սփռվեց Թաղյան լեռների լանջերին:

-Կեցցե′ս, Անահիտ, ձայնդ անսպա′ռ: Մայրանու′շ, Անահիտիդ ձայնի հետ կարող է մրցել միայն իր գեղեցկությունը: Բայց մինչև ե՞րբ եք փակ պահելու այս նախշունին: Անահիտը հասակն առել, պսակվելուն պատրաստ է, կանաչ-կարմիրը կապելու ժամանակը վաղուց է եկել,-Մայրանուշի կողը բշտելով խոսեց ջուլհակագործ Հովսեփ Զաքարյանի  կինը՝ Նարգիզը:

-Էհ, նարգի′զ ջան, ի՞նչ ասեմ, Անահիտիս տարիքն արդեն վաղուց ամուսնանալու է: Բայց սրա հայրը՝ Սամսոնն, ով ուզելու է գալիս, չի տալիս, ասում է՝ դեռ ժամանակը չէ:

Անահիտը  սրտի դողով էր լսում այս խոսակցությունը: Կյանք առնող նրա մարմինը առանց աղջկա գիտակցելու սեր էր ձգտում, նրա աչքերը քաղցր ժպիտով էին լցվում, երբ գյուղի կանայք խոսում էին իր գեղեցկությունից, ներքին համոզմամբ գիտակցում էր, որ գյուղի ամենագեղեցիկ աղջիկն է և հպարտ ժպիտով էր նայում կողքից քայլող դեռատի օրիորդներին:

-Է՜յ, քիչ չաչանակեք,-Նինա տատիկն էր,-ամենքդ մի կուժ ջուր վերցրեք սուրբ Տիգրիսից, և թող Աստված օրհնի գարունը:

-Աստված, Տե′ր մեր, օրհնի′ր մեր գարունը,- խորին հավատով խաչակնքվեցին գյուղի բոլոր կանայք և աղջիկները:

Բոլորը միևնույն ժամանակ կժերը դրեցին գետը, լցրեցին ջրով, բայց ջուրը պղտոր էր, կեղտոտ, մամռախառն:

-Տե′ր իմ Աստված, Տե′ր իմ Աստված,-սարսափեց Նինա տատիկը: Երբե′ք, երբե′ք Թաղ գյուղում Տիգրիսը չէր  պղտորվել: Էս ինչ զուլում է կանգնել մեր գլխին: Սա վատ նշան է, վատ նշան: Երկինքը ինչ բանդագուշանք է ուղարկել մեզ համար, ինչ մի նոր դժբախտություն է սպասվում հայոց ազգիս:

-Հիմա ինչ անենք, Նինա տատիկ, գետը չի՞ նեղանա, որ ջուրը թափենք,-հարցրեց համեստ Մայրանուշը:

-Ի՞նչ պիտի անենք, մեզ սև բախտ է տվել մեր Տերը, պիտի լուռումունջ տանենք: Վերցրեք մեզ բաժին ընկած ջուրը, տանենք մեր այգին ջրելու:

Սև հագած կանայք պղտոր ջուրը տարան գյուղ, տղամարդիկ մռայլվեցին, բայց ջրեցին այգիները: Պղտորը մտավ գյուղ և մռայլեց մարդկանց սրտերը:

Երեկոյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու զանգերը անսովոր կանչեցին. Գյուղը վախ  շնչեց: Կանայք բերանները փակած շալերը մի ակնթարթ հետ տարան շրթունքներից՝ առ Աստված աղոթք շշնջալու, դեռատի օրիորդները վախվորած աչքերը երկինք հառեցին,  Նինա տատիկը շտապեց տան կողքի հնամենի մատուռը՝ փրկության մոմեր վառելու, իսկ գյուղի երիտասարդները հավաքվեցին Թաղի գյուղապետ Միսաք Իշխանյանի տան դիմաց  և համառ, համարձակ, սպասումով լի հայացքներով փորձում էին գուշակել գյուղի տղամարդկանց հանդիպման, ժողովի պատճառը: Գյուղապետի տանն էին հավաքվել գյուղում հարգանք վայելող, նշանակություն ունեցող այրերը՝ գյուղի դպրոցի տեսուչ  Հովսեփ Չոլոյանը, Սուրբ Հովհաննես եկեղեցու վանահայր Թովմաս Տեր Գալստյանը, ով խաղաղ ժամանակ հոգևոր հայր էր, իսկ վտանգի պահին զենքը ձեռքին աննկուն մարտիկ՝ դեռևս Առնոսյան կռիվների ժամանակ, ջուլհակմիության ղեկավար Հովսեփ Զաքարյանը, զինվորական գործիչ 28-ամյա Տիգրան Բաղդասարյանը, ով Էնվերյան բանակի հարգանք վայելող սպա էր, սակայն իրարամերժ լուրեր լսելով երիտթուրքերի ծրագրերի և Հայաստանի տարբեր շրջաններում սկսված հալածանքների մասին, արձակուրդի քողի տակ շտապել էր հայրենի գյուղ, դպրոցի պատմության ուսուցիչ Սամվել Մեսրոպյանը, գյուղի թատրոնի տնօրեն Ազատ Սիմոնյանը, ամբողջ նահանգում իր քաջագործություններով հայտնի հայդուկ Հրայրը, ում արդար վրիժառությունների համար, դեռ համիդյան հանցագործությունների ժամանակ, տեղացիները Վրեժ անվամբ էին վկայակոչել, նախկին զինագործ Փառիկը, ում անվան փոքրացումը բնավ չէր համապատասխանում նրա աժդահա արտաքինին և նույնքան մեծ սրտին, Փառիկը 1895-1896թթ Համիդյան ջարդերի ժամանակ Հրայր Վրեժի հետ ուսուսի տված կռիվ է տվել Առնոսի լեռներում և կարողացել փրկել Առնոսի ծերպերին ապավինած հարյուրավոր վանեցիների:

-Մենք երկու նամակ ունենք կարդալու,-խոսեց գյուղապետ Միսաք Իշխանյանը: Մեկը Շատախի գայմագամ Համդի բեյից է, մյուսը մեր բարեկամ Մոկսի քրդերի ցեղապետ Մուրթուլլա բեկից:

-Ի՞նչ պետք է գրի հայի արյան ծարավ սատանա Համդին, երևի դեռ գարունը չեկած, ցորենը չցանած էլի տասանորդ է ուզում կամ էլ մի խաս աղջիկ է ուզում փախցնել: Ա՜խ, եթե թողնեիք, վաղուց երկրի երեսից բնաջնջած կլինեի այդ մարդակեր գազանին,-մռայլվեց Հրայր Վրեժը: Ամեն անգամ Համդիի անունը լսելուց արյունոտ հուշերը մթագնում էին նրա ուղեղը: 20 տարի առաջ էր, հողագործ Հրայրը այգուց տուն էր շտապում իր սիրելի կնոջ շարմաղ երեսը գուրգուրելու, երկու տարին չբոլորած անդրանիկ զավակին՝  Հայկին, իր ուսերին դնելու և աշխարհի ամենաերջանիկն իրեն զգալու համար: Ցանկապատի դուռը կոտրված էր, արագ մտավ ներս, բակում անսովոր լռություն էր, ոտքը կանխազգացումով տուն դրեց և սահմռկեց տեսածից. Փոքրիկ Հայկի անգլուխ մարմինը ընկած էր հատակին, իսկ գլուխը գլորվում էր գետնին: Գոռաց անզգա, թվաց՝ խելագարվեց: Գրկեց զավակի անշունչ  մարմինը  և քարացավ ժամերով: Հետո հասկացավ, որ կինը՝ Մարիամը չկա: Իր միակ զենքը՝ բահը ուսին, դուրս եկավ՝ գոռալով, աղմկելով, Մարիամին որոնելով:  Գյուղը սահմռկել էր տեսածից ու լսածից, երկու օր հետո միայն Մարիամի բռնաբարված և այլանդակված մարմինը գտան Խորունկ ձորում: Բոլորը գիտեին, որ հանցագործությունն արվել է այն ժամանակ դեռ գայմագամի քարտուղար Համդիի կողմից: Դիմեցին մինչև Վանի նահանգային ոստիկանություն, բայց ապարդյուն, ոչ մի թուրք հայի բողոքը լսելու ցանկություն չուներ, խառնակ ժամանակներ էին: Հրայրը ամբողջ կենդանությամբ Համդիից վրեժ էր երազում, բայց հայրենասեր երիտասարդը չէր կարող վտանգել ամբողջ գյուղի կյանքը և համիդյան ենիչերներին գյուղ մտնելու առիթ տալ: Բայց նախկին կյանքով էլ ապրել չէր կարող: Հրայրը փակեց իր այգու դուռը, թաղեց բահը և բարձրացավ Առնոսի լեռները: Տարիներ շարունակ չմտավ գյուղ, զենքն էր իր ընկերը, ամենահամեղ կերակուրը թուրքերի արյունը: Տարիներ անց, երբ սկսեց կարողանալ վշտի հետ ապրել, վերադարձավ հայրենի գյուղ, բայց չբացեց տան դռնակը, գյուղացիների օգնությամբ Խորունկում փոքրիկ քողտիկ կառուցեց և այնտեղ էր ապրում: Բայց բոլորը գիտեին, որ եթե անմեղից գողացվածն իրեն է վերադառնում, եթե առևանգված հայուհիները անվնաս ազատվում են գազան թուրքերից, էդտեղ Հրայր Վրեժի մատն է խառը:

-Ես արդեն կարդացել եմ  երկու նամակներն էլ,-գյուղապետի ձայնը կեղեքող հիշողություններից կյանքը վերադարձրեց Հրայր Վրեժին,-նամակներից մեկը չարագործի ուղարկած արհամարհական հրամանն է, մյուսը՝ բարեկամից ուղարկված բոթ:

-Ահա թե ինչ է գրել գայմագամը,-նամակը բացեց Սամվել Մեսրոպյանը ,, Թաղի բնակիչներ, Օսմանյան մեծագույն կայսրությունը կռիվ է մղում իր անօրեն թշնամիների դեմ, կովկասում անհավատ ուռուսներն են ուզում ոչնչացնել մեզ, Բալկաններում ֆռանկներն ու անգլիացիները: Հետևաբար պարտքն է ձեր սրբազան Օսմանյան մեծագույն պետությանը աջակցել զինվորներով: Գյուղում 75 զինվորացու կա՝ 17-20տարեկան երիտասարդներ: Երեք օրից նրանք մեկնում են զինվորական ծառայության,,:

-Նե′նգ Համդի,-գոռաց Հրայրը,- հայոց տան դարպասներն է ուզում կոտրել՝ մեր երիտասարդ ուժը մեզնից բաժանելով: Գիտեմ դրանց, գիտեմ դեռ Համիդի ժամանակներից: Թուլացնել է ուզում մեզ, որպեսզի նենգորեն, գաղտագողի՝ իսկական ավազակի նման, ներխուժի մեր օջախ: Թուրքը հայի արյանն է ծարավ ու չի հանգստանա մինչև մեր երակների վերջին կաթիլ արյունը չծծի: Պետք է Համդիին ոչ թե մեր մատղաշ տղաներին տալ, այլ մի քոռ կոպեկ դրանց բանակին օգնության:

-Սպասեք, Հրայր-խոսեց գյուղի ամենաուսյալ երիտասարդը՝ Սամվել Մեսրոպյանը, ով գրաճանաչ էր դարձել տեղի ծխական դպրոցում, ապա Վանի կենտրոնական վարժարանում, հետո Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Ունենալով լայն հեռանկարներ՝ նա հրաժարվել էր աշխատանքի տարբեր առաջարկներից և վերադարձել էր հայրենի գյուղ՝ իր գիտելիքները գյուղի երեխաներին տալու: Մենք էլ լավ ենք ճանաչում թուրքին: Դարեր շարունակ օսմանները փշրե′լ, ջարդե′լ, ավիրե′լ են մեզ, դարձել են մեր արյան գիշատիչները: Բոլորս գիտենք: Բոլորս ենք ուզում վրեժ լուծել հարյուրավոր հայ գեղուհիներին առևանգման, հոշոտման համար, հայ տղաների բռնաբարության համար, հայ օջախների ավիրման համար: Բայց կկարողանա՞նք արդյոք մի փոքրիկ գյուղով վրեժ լուծել  Շատախում կենտրոնացած 7000-անոց բանակի դեմ: Այո′, տիարք: Իմ հաստատ տեղեկություններով, Վանից Շատախ է շարժվում Ջևդեթի ուղարկած 7000-անոց բանակը, որը մեծամասամբ կազմված է Թեշքիլաթ Մահսուսայի վտանգավոր հանցագործներից: Վրեժ լուծելով հոգիների համար՝  մենք կենդանիներին հոգի կդարձնենք:

-Ուրեմն ի՞նչ ես առաջարկում, Սամվե′լ,-խոսեց մինչ այդ լուռ Ազատ Սիմոնյանը: Մեր՝ նոր կյանք մտնող պատանիներին, մատաղացու գառների պես հանձնենք գիշատիչ բորենիների՞ն: Մենք բոլորս գիտենք, որ այսօրը երեկը չէ, և ոչ էլ վաղն է այսօրը լինելու: Համդիի հրամայական և գոռոզ գրելաոճը մի խորհուրդ ունի՝ իսպառ ոչնչացնել հայի ազատ ոգին, հայի միտքը:

-Եվ հայի′ն իսպառ,- մոլեգնած գոչեց Հրայր Դժոխքը: Հայը Թուրքիայի բկին կուլ չգնացող ոսկոր է դարձել, բայց եթե մենք շարունակենք ընտրել ազնիվ վրեժի և ստրկական օրինապաշտության միջև, Թուրքիան մի անգամ պինդ կհազա ու ոսկորը կուլ կտա:

-Ես չեմ ասում, որ մենք միանգամից զորակոչության ուղարկենք տղաներին,-խոսեց Սամվելը,-Պետք է իմանալ ուր են տանելու նրանց և ինչ պայմաններով, բայց հրաժարվել էլ չենք կարող: Դա ազգամիջյան կռիվներ հրահրելու լուրջ պատրվակ կդառնա թուրքերի և քրդերի համար: Խորհենք ավելի զգոն, մեզ է ապավինում մեր սիրելի Շատախը:

-Իսկ ինչ է գրել Մոկսի Մուրթուլլա բեկը,-հարցրեց Տիգրանը: Նա, որպես ռազմական գործիչ, խիստ կարևորում էր տարբեր ուղղություններից ստացված տեղեկությունների ուսումնասիրումը:

Սամվելը կարդաց Մուրթուլլա Բեկի համառոտ ու բոթալից նամակը: ,,Սիրելի′ Թաղեցիներ, իմ եղբայր Միսաք, քո տանը շատ եմ հաց կերել, քո ջուրը խմել, մորդ՝ Նինա տատիկի օրհնանքներն եմ ինձ հետ միշտ տարել: Չեմ կարող մոռանալ այդ ամենը և չգրել ճշմարտությունը: Թուրքական կառավարությունը որոշում է կայացրել: Անատոլիայի ամբողջ հայությունը պետք  բնաջնջվի: Մեթոդներն ու միջոցները ամենատարբեր են լինելու: Ելք որոնեք փրկվելու,,:

Թվաց՝ օսմանյան յաթաղանը կախվեց սենյակի առաստաղից, թվաց՝ հավաքվածները թքի տեղ արյուն կուլ տվին՝ իրենց հարազատների, իրենց կործանցված շատախյան երկնքի արյունը: Քարացան մի պահ:

-Գուցե մեր բարեկամ Մուրթուլլա բեկը ոչ ճիշտ տեղեկություն է ստացել: Պետք է խոսել գայմագամի հետ, պետք է փորձել նրանից ստանալ որևէ հստակ տեղեկություն,-վերջապես խոսեց Հովսեփ Չոլոյանը, ով ոչ միայն գյուղի դպրոցի տեսուչն էր, այլ բավական ազդեցիկ էր ամբողջ նահանգում:

-Դե, իհարկե, դու կգնաս Համդիի մոտ, ինքը քեզ եղբայրական կընդունի, կգրկի, կտանի իր թախտին կընստեցնի, բայց դե դու չես մոռանա որ այդ թախտի գորգը  մեզանից է գողացել; Հետո քեզ թուրքական թեյ կհյուրասիրի: Թեյը կբերի իր առևանգված հայ հարճերից մեկը, ու դու անպայման ամոթից գլուխդ կկախես: Հետո Համդին քեզ սիրալիր կներկայացնի թուրքական կառավարության ռազմական ծրագրի գաղտնիքները և հայերին տեղահանելու ուղղությունները: Հետո կասի, թե որ հային որտե′ղ ու ինչպե′ս են սպանելու: Վերջում քեզ ավագ եղբոր պես կգրկի, ճակատդ կհամբուրի և կճանապարհի Թաղ,-կատաղած խայթեց Հրայրը:

-Հրա′յր, Շատախը փրկել կարող ենք միայն գիտակից ճանապարհով, միայն բանակցելով, ժամանակ շահելով: Վրեժը ամենակուլ է, այն  կարող է կործանել բոլորիս: Այո′, մենք կարող ենք հարձակվել գայմագամի շտաբի վրա: Հարվածել ու ոչնչացնել նրա՝  30 հոգուց կազմված կայազորը: Իսկ դու պատրա՞ստ ես պատասխան տալ 1000-ից ավել հայերի առջև, երբ 7000-անոց թուրքական արյունածուծ բանակը շարժվի դեպի Շատախ,-փորձեց վրիժառու հայդուկի միտքը հանդարտեցնել Հովսեփը: Ազգին փրկում են ոչ թե վրեժով, այլ գաղափարով: Ազատության գաղափարը միայն կփրկի մեզ: Մենք պետք է ամբողջ աշխարհին տարածենք հայության գլխին կանգնած վտանգը, թերթերի, հյուպատոսների միջոցով քրիստոնյա աշխարհի ուշադրությունը պետք է սևեռել Հայաստանի վրա:

-Թաղի ամեն պատանի իմ զավակն է,-խոսեց գյուղապետ Միսաք Իշխանյանը: Ես պատասխանատու եմ 75 տղաների ընտանիքի առջև: Ինչ եմ ասելու նրանց  ծնողներին, որ իրենց տղաներին մատաղացու գառան պես նվիրում եմ գայմագամի՞ն:

-Ո′չ, մենք պետք է խոսենք գայմագամի հետ, սատանա, թե հրեշ, նա է գավառի ղեկավար ուժը, նա օրենքի և մեր առջև ունի պարտավորություններ, որը եթե նրան մատնացույց անենք, չի կարողանա միանգամից հրաժարվել այդ պատասխանատվությունից,  նա ստիպված կլինի մեզ տրամադրել հավաստի տեղեկություն տղաների զորակոչի վերաբերյալ: Ես հենց ինքս կգնամ և նրանից անվտանգության հավաստիացումներ կպահանջեմ,-որոշեց Հովսեփ Չոլոյանը:

-Ես այլևս չեմ ուզում մասնակցել այս հիմար ժողովին, փոխանակ փրկության ճանապարհ որոնենք, գնում ենք Համդիի ոտքը, որ մեր գլուխը ոլորի, իսկ մարմինն օգտագործի կամեցածին պես,-վրդովված Հրայր Դժոխքը ոտքի կանգնեց: Ավելի լավ է բարձրանամ Առնոս: Այնտեղ՝ ժայռերին հարազատ դարձաց լեռ-տղերքը, ամեն մեկը մի արդար վրեժ է ընդդեմ ուխտադրուժ թշնամու: Նրանք գիտեն պատվով մեռնել ու պատվով ապրել:

-Հրա′յր, եղբա′յր, սպասի′ր,-փորձեց վաղեմի ընկերոջը տարհամոզել իմաստուն Փառիկը: Այստեղ իմն ու քոնը չի որոշվում, որ ամեն մեկս մեզ համար վճիռ կայացնենք: Այստեղ ամբողջ Շատախի ճակատագիրն է որոշվում:

-Հենց դրա համար եմ ասում: Հրաժարվե′նք տղաներին ուղարկել ամենակուլ հրեշին զորակոչվելու: Փնտրենք հազար ու մի պատրվակ, բայց հրաժարվենք:

-Հրաժարվել չենք կարող: Մենք թուրքական պետության օրենքին ենք  ենթարկում: Հրաժարվել նշանակում է կամովի գնալ ինքնասպանության, Հրայր,-շարունակում էր հանգիստ համառել Փառիկը:

Բայց Հրայրը չհամոզվեց, նույնիսկ չփորձեց չլսել: Նա Հայաստանի այսօրն ու վաղը պատկերացնում էր միայն սրբազան վրեժի մեջ: Կարծում էր, որ հայը զրկվել է իր պատվից և այդ պատիվը կարող է վերականգնել միայն հայասպան թուրքերի ոչնչացմամբ, նրանց հայի ոտքերի առջև ծնկի իջած տեսնելով:

Հրայրի հեռանալը ժողովականների մտքերը մի պահ կարկամեցրեց, բայց երկար քննարկումներից հետո որոշվեց, որ Հովսեփ Չոլոյանը՝ որպես Թաղի ներկայացուցիչ, պետք է գնա գայմագամի մոտ և նրանից ստանա հստակ խոստում, որ հայ երիտասարդները տաժանակիր աշխատանքների չեն ուղարկվի, ոչ էլ կյանքին անմիջական վտանգ սպառնացող գործողությունների: Ժողովականները ցրվեցին: Իսկ Միսաք Իշխանյանի տան դարպասների մոտ սպասող երիտասարդները չիմացան, թե որն էր հանդիպման պատճառն ու նպատակը:

Ժողովից անմիջապես հետո Հովսեփ Չոլոյանը շտապեց Շատախի գայմագամ Համդի բեյի գրասենյակ:

Համդին նրան դիմավորեց ընդգծված սիրալիությամբ:  Ալլահի անունով երդվեց, որ տղաներին բանակ զորակոչելը պետության ռազմական անվտանգության համար է արվում և Անգամ թուրքական կառավարության կողմից լիազորված կնիքով ստորագրեց մի փաստաթուղթ, որտեղ խոստանում էր, որ տղաների բանակ զորակոչվելը պայմանավորված է միայն Անտանտի պետությունների դեմ պատերազմական իրավիճակով, և որ երիտթուրքական կառավարությունը անվերապահորեն պաշտպանելու է իր պետության քրիստոնյա քաղաքացիների ՝ հայերի կյանքը: Խոստացավ Համդին, խոստացավ պետության անունից: Հավատաց Թաղի պատվիրակ Հովսեփ Չոլոյանը: Հավատաց  Աստծո անունով երդմանը: Եվ թուրքական կառավարության կնիքով ստորագրված խոստում-նամակով վերադարձավ Թաղ: Գյուղացիներն այլընտրանք չունեին: 75 երիտասարդ պետք է լքեին իրենց հայրենի օջախները և մեկնեին անհայտություն՝ հանուն իրենց ընտանիքների, հանուն հարազատ գյուղի, հանուն զմրուխտ լեռների և կապույտ երկնքի, հանուն նրբաթույր ու հեզախոս կապուտաչյա հայուհիների անվտանգության: Ստիպված էին:

 

Հովսեփ Չոլոյանի բերած խոստումնալից նամակը չգիտես հույսով, թե՞ հուսահատությամբ լցրեց գյուղապետ Միսաք Իշխանյանի սիրտը: Ինքը պատասխանատու էր ամբողջ գյուղի առջև:  Այդ պատասխանատվությունը ժառանգաբար փոխանցվել էր սերնդեսերունդ: Իշխանյանները Շատախում հայտնի իշխանական տոհմի շառավիղներն էին, ովքեր մշտապես կազմակերպել և կառավարել էին թուրքական անօրինությունների դեմ շատախյան ազատագրական շարժումները: Ամբողջ գավառը ղեկավարելու իրավունքից Իշխանյաններին մնացել էր միայն Թաղի տանուտերության իրավունքը և այդ իրավունքն ու պարտականությունը գյուղապետին ստիպում էր կամովին համաձայնվել տղաների զորագրմանը: Սակայն գյուղապետ լինելուց առաջ Միսաք Իշխանյանը հայր էր՝ 17-ամյան Գոռ Իշխանյանի հայրը, ով 75 զինվորացուների խմբի մեջ էր: Փորձում էր աչքերը փակել, որպեսզի նիրհը հանգստություն տա հոգի կեղեքող  մտքերի տարափից, սակայն անկամորեն երևակայության մեջ պատկերվում էր կրտսեր որդու՝ Գոռի մարմնի թրատումը, տեսնում էր, թե ինչպես են թուրքերը թրատում տղայի մարմինը՝ սկզբում պոկում եղունգները, ոտքերը մեխում, ծնկների ջլերը պոկում, ,,Վերջին հայն է, աշխարհի վերջին տղամարդ հայն է, էլ հայը սերմ չունի,  էլ հային ժառանգ չի լինի, էլ հայ չկա,-հռհռում է թուրքը,,: Ինքը գոռում էր սարսափից, ծառս լինում նստած տեղից, արթնանում կիսաթմրած վիճակից,  հասկանում, որ տեսիլքն իրական չէ, իսկ կողքի սենյակում  Գոռը հանգիստ քնած է: Միսաքը կամաց մոտենում է տղայի սենյակին,  գլուխը դնում պատին՝ զգալու որդու խաղաղ շնչառությունը, գուցե վերջին անգամ: Սարսափում է այդ մտքից, “Վերջին հայն է, վերջին հայը,-հռհռում է թուրքը”, այդ տեսիլքը հանգիստ չի տալիս Միսաքին, սկսած Համիդյան ջարդերից այդ նույն տեսիլքը հետապնդում էր նրան, այն ժամանակ անդրանիկ զավակի՝ Կորյունի տանջանքներն էր իր մղձավանջներում տեսնում Միսաքը, այժմ կրտսեր որդու՝ Գոռի:

Միսաքը փորձեց միջանցքով անձայն մտնել իր ննջասենյակ՝ տնեցիներին չարթնացնելու համար: Սակայն այգուց ներս թափանցող աղոտ լույսն անհանգստացրեց նրան: Չլինի՞  ինչ որ գող կամ ավազակ է: Արագ վերցրեց ննջարանի պատից կախված տոհմական դաշույնը և շտապեց այգի: Տեսածը կարծես պոկեց գյուղապետի՝ տանջանքով պահվող վերջին ուժերը. Այգում գտնվող փոքրիկ մատուռում՝ Աստվածածնի նկարի առջև, ծունր էին իջել ընտանիքի կանայք՝ մայրը, կինը, դուստրը և հարսը: Հավատքով հնչող աղոթքը, միախառնված վառվող մոմերի լույսին, սլանում էր երկինք՝ դեպի Արարիչը: Գյուղապետի մայրը՝ Նինա տատը, հավատում էր, որ Բարձրյալը վտանգից հեռու կպահի գյուղի 75 ջահելներին, իր սիրասուն թոռանը՝ Գոռին: Հիշում է, որ երբ Գոռը ծնվեց, նրան անվանակոչեցին պապի՝ իր ամուսնու անունով: Ինքը ամեն առավոտ Ջեյրան կովին կթելիս պարտադիր մի բաժակ սառն, անարատ կաթ էր տալիս Գոռին, չէր բարկանում նրա վրա, երբ գոմում դարսած խոտի վրա թռչկոտելով պար էր գալիս և քանդում դասավորությունը, չէր բարկանում, որ երբ հարսները սրբում էին բակը, Գոռը ծառերից պոկած և հավաքած ղավերը բերում, զինվորական շարասյան նման դասավորում էր, իրեն կարգում էր Գոռ սպարապետ և զինվոր-ղավերի հետ ճակատամարտի էր դուրս գալիս թուրքերի դեմ՝ ղավերով հարվածելով բակում կուտ ուտող հավերին՝ որպես թուրքերի: Հավերի կչկչոցը տարածվում էր ամբողջ թաղամասով, իսկ թոռը ղավերի հետ բարձրանում էր տան տանիը ու գոռում՝ Թաղն ազա′տ է: Մայրն այդ խառնաշփոթի համար բարկանում էր տղայի վրա, ավելով հետույքին հարվածում և նորից սկսում բակը սրբել, իսկ ինքն իր թախտի մոտ էր կանչում փոքրիկ սպարապետ Գոռին և հպարտությամբ համբուրում ճակատը: Չէր բարկանում, երբե′ք չէր բարկանում թոռան վրա,  չբարկացավ  նաև այն ժամանակ, երբ 10 տարեկան Գոռը հորթերն արածացնելիս, հարևան գյուղից իր մի տարեկից թուրք տղայի էր հանդիպել հանդամասում, նրա հետ խաղացել է, իբր երկու թագավորներ էին, իսկ հորթերն իրենց զորքը: Թուրք խաղընկերը՝ Մեհմեդը, Գոռին խաղի ժամանակ գյավուր էր ասել և պահանջել, որ  զորքն իրեն հանձնի, ինքն էլ դառնա իր հարկատուն: Բարկացած Գոռը հարվածել էր խաղընկերոջը, քարերով խփել էր թուրքի հորթերին և վռնդել իրենց գյուղի հանդամասից: լացակումած թուրք տղան ամեն ինչ պատմել էր ծնողներին, իսկ սրանք էլ գայմագամ Համդիի հետ ներխուժել էին իրենց տուն՝ պահանջելով գյուղապետից պատժել տղային և իբր թե փոխհատուցել իրենց կրած վնասը: Իշխանյանը ստիպված բոլորի առջև քաշել էր տղայի ականջներից, ապտակել նրան և ստիպել թուրք տարեկցից ներողություն խնդել, իսկ ինքը, իբրև վնասի փոխհատուցում, թուրքերին էր տվել 5 ոսկի, 3 ոչխար և թուրք տղայի ընտրած մեկ հորթ, իսկ այդ հորթուկը Գոռի ամենասիրելին էր… Փոքրիկ Գոռը մի կաթիլ արցունք չթափեց, կարծես միանգամից մեծացավ, հասկացավ, որ այն, ինչ իրենցն է օրենքով և կարգով, կարող է մեկ ակնթարթում դառնալ ուրիշինը՝ թուրքինը, հասկացավ, որ օրենքն այստեղ արդարինը չէ, այլ թուրքինը, և որ միշտ նա է անմեղ ու արդարը լինելու, իսկ հայը՝ անօրենը: Հասկացավ և արցունքը կուլ տվեց: Իսկ հետո, երբ հայրը մեղմ ձայնով կանչեց իր մոտ և հարցրեց, թե հասկացե՞լ է, որ պետք չէ թուրք տղաների հետ կռիվ անել, որ պետք է լուռումունջ լսել  նրանց բոլոր ասածները, Գոռը գլուխը տարուբերեց: Հայրը փորձեց խրատել նրան, հասկացնել, որ իրենք ենթարկվում են թուրքերին, որ այս հողերը, որ պապենական ժառանգությամբ և իրավունքով իրենց է պատկանում, թուրքերը կարող են խլել իրենցից, խլել իրենց տները, վնասել իրենց, վտանգել իրենց կյանքը, հորդորեց երբեք չվիճել թուրքերի հետ և մեկ էլ հարցրեց:

-Տղաս, հասկացա՞ր իմ ասածը, խոստացի′ր, որ երբե′ք-երբեք թուրքերի հետ չես վիճի, խոստանու՞մ ես:

Գոռը մերժողաբար տարուբերեց գլուխը: Արցունքը կախ էր ընկել նրա արտևանունքներից և եթե մի բառ էլ ասեր, հաստատ կլացել, իսկ Գոռը չէր ցանկանում, որ հայրը տեսնի իր արցունքը, հանկարծ չմտածի, որ ինքը վախեցավ թուրքից, չէ սա վախի արցունք չէ, այլ վիրավորանքի: Այդ թուրք տղան իրեն գյավուր անվանեց, մտավ իր տուն, որպե′ս տեր ու տիրակալ, ստիպեց, որ հայրն ապտակի իրեն և վերջում էր՝ որպես պարգև, ստացավ իր ամենասիրելի հորթուկին: Չէ, սա վախի արցունք չէ, սա վիրավորանքի արցունք է, ինքը վիրավորված է նաև հոր՝ Թաղի գյուղապետ Միսաք Իշխանյանի համար, որ այդպես լուռումունջ կուլ տվեց այդ նվաստացումները, նույնիսկ ապտակեց տղային, քաշեց ականջներից  նրա′ն, ում միշտ շոյում էր, գուրգուրում: Նինա տատն իրեն միշտ պատմում էր իշխանական ապուպապերի և տոհմական հպարտության մասին, ու՞ր կորավ այդ հպարտությունը, ինչու՞ հայրը գլուխ խոնարհեց այդ թուրքերի առաջ, ինչու՞:

-Չէ′,-ժայթքեց, համարյա լացեց Գոռը,-ես չհասկացա, հայր, քո ասածները, չհասկացա, թե ինչու պետք է գլուխ խոնարհեմ թուրքի առաջ, ինչու պետք է կատարեմ նրանց ուզածները, ինչու տամ նրանց այն, ինչ ինձ է պատկանում՝ իմ ազատությունը, իմ հպարտությունը: Չէ, չե′մ տա, -այլևս լացը չկարողանալով պահել՝ փղձկաց Գոռը:

Միսաք Իշխանյանը շվարեց,  չիմացավ ինչ անել, թվաց այդ տասնամյա տղայի միջոցով իր դեմ ծառս է եղել իր տոհմական հպարտությունն ու ազատասիրությունը, իր ազգային եսը: Հայրը կանգնել էր Գոռի առջև, ուզում էր գրկել նրան, նույնիսկ ծնկի գալ այդ փոքր տղայի մեծ ազատասիրության առջև, բայց  Օսմանյան կառավարության վտանգի գիտակցությամբ զսպեց իրեն:  Իսկ Նինա տատը չզսպեց իրեն, ամբողջ խոսակցության ընթացքին սենյակի մի անկյունից լուռ հետևող տատը մոտեցավ Գոռին, գոգնոցի ծայրով սրբեց նրա արցունքները, մեծ հպարտությամբ համբուրեց ճակատը և սրբելով նաև սեփական արցունքներն ասաց.

-Չէ′, բալաս, չես տա, իրավունք չունե′ս ուրիշին տաս այն, ինչ սերնդեսերունդ քո պապերը քեզ են փոխանցել՝ քո ազատությունը, քո հպարտությունը, հայ լինելու մեծագույն պատիվը: Չէ, չհասկացար հորդ ասածներս, բալա′ս, և պետք չէ հասկանալ: Քեզ հետ խոսում էր քեզ պաշտող, քո համար անհանգստացող հայրդ և ամբողջ Թաղի պատասխանատու գյուղապետը, բայց դու նրան լսեցիր որպես քո նախնիների  արժանի հետնորդ՝ ովքեր իրենց գլուխները միշտ բարձր են քայլել: Դու Թաղի վաղն ես, ա′յն վաղը, որն ազատ է լինելու, ազատ, բալաս,-թոռան ճակատը մեծ հպարտությամբ համբուրեց Նինա տատը:

Եվ հիմա այդ թոռը մեկնում է անհայտություն, երեկվա պատերազմ-պատերազմ խաղացող փոքրիկ սպարապետը վաղն իսկական արյուն է տեսնելու:

-Ախ, հայի բախտ, մթի′ն բախտ, ինչու՞ ես այսքա՜ն սև, միթե՞ հայոց հող մտնելու ճանապարհին մի դատարկ անապատ չգտար՝ այնտեղ քո սև հագուստ հանելու և ճերմակ հագուստով հայոց տուն մտնելու համար,-բախտի հետ կռիվ էր տալիս Նինա տատը:

Գյուղապետի կինը՝ տիկին Եփրաքսեն,  ծունր էր իջել իր վառած մոմի առջև, նայում էր Աստվածամոր պատկերին և կարծես խոսում էր նրա հետ, իրեն թվում էր, թե խոսում է Մարիամ Աստվածածնի հետ, նրան շատ բան է ասում, շատ բան է պատմում որդու մանկության մասին, Եփրաքսեին թվում է, թե ահա Աստվածամայրն առանձնանում է  նկարից, ահա ոտքը դրեց գետնին, ահա հուշիկ քայլերով մոտենում է իրեն, Աստվածամայրն էլ է ծնկում և աղոթում, գու՞ցե իր որդու՝ մարդկության մեղքերն իր վրա վերցրած Քրիստոսի և կամ էլ իր որդու՝ դեռ պատանյակ Գոռի համար: Բայց աղոթում է Աստվածամայրը, աղոթում և խաչակնքվում է, և դրանից ուժ է առնում Եփրաքսեն, արցունքների մեջից ժպտում է հավատքով ու տեսնում, որ ժպտում է նաև Աստվածամայրը:

Աղոթում էր նաև Գոռի քույրը՝ գեղիրան Սոսեն: Գեղանախշ հագուստը  պիրկ գրկում էր փթթուն մարմինը, հուզմունքից դողացող կուրծքը վեր ու վար էր անում, ծնկները դողում էին, թվում էր՝ գետինը փուլ էր գալիս, խոնարհ հայացքը, շաղախված աչքերի անհուն կապույտին և շրթունքների ալ-կարմիրին, աղերսալից աղոթք էր մրմնջում եղբոր համար: Ինքը Գոռի հետ էր մեծացել, միասին խաղացել էին, միասին հանգստացել, եղբայրն էր իրեն Տիգրիսի  վճիտ ջրերում լողալ սովորեցրել, եղբայրն էր իրեն Առնոսի ծերպերն անվնաս մագլցել սովորեցրել, եղբայրն էր իրեն  դաշույն օգտագործել, հրացան կրակել սովորեցրել: Եվ հիմա գնում էր եղբայրը, կտեսնի՞ նրան մեկ էլ…

Միսաք Իշխանյանը, տեսնելով ընտանիքի կանանց աղոթք խոսելիս, չդիմացավ, փլվեց, ծնկի եղավ “Տե′ր, փրկի′ր, հայերիս: Տե′ր, փրկի′ր հայերիս”,-միայն կարողացավ աղոթել:

Աղոթում էր ընտանիքը, իսկ Գոռը խաղաղ քնած էր: Նոր-նոր հասակ առնող նրա մարմինը լիքն էր կենսունակությամբ, նորածիլ բեղերը հասունությունն էին խորհրդանշում , բազուկներն ամենօրյա մարմնամարզությունից ամրացել, մկաներ էր ձգել: Սենյակում դրված վառարանից կարծես հրդեհ դուրս գալուս լիներ. Մայրը վառարանի մեջ ինչքան տեղ կա փայտ էր լցրել, Գոռը շոգից ձեռքերով մի կողմ էր հրել վերմակը և խաղաղ քնել էր: Երազում Գոռը կռվում էր և չէր հասկանում, թե ում դեմ կամ ինչու է կռվում, բայց կռվում էր, ձեռքին հրացանի տեղ պարսատիկ էր, ինքը քարեր էր ման գալիս, դնում պարսատիկի մեջ և կռվում: հանկարծ քահ-քահ ծիծաղ լսեց կողքից, թուրք պատանու մի ծանոթ ծիծաղ, որ դեռ մանկությունից հալածում էր իրեն՝ Մեհմեդն էր:

-Դու′ք՝ հայերդ, հիմա′ր ազգ եք, Ալլահի արև: Ո՞վ է պարսատիկով կռիվ գնում, որ դուք եք եկել, չե՞ս տեսնում թնդանոթները, հրացանները, մի կրակոցով քեզ ու պարսատիկիդ հօդս կցնդեցնեն, հա′հ-հա′հ,-հռհռաց Մեհմեդը:

-Իսկ դու ինչ ես անում այստեղ, Մեհմեդ: Քե՞զ էլ են բանակ բերել,-վիրավորանքը կուլ տվեց  Գոռը:

-Իսկ ինչի համար եք գյավուր հայերդ, որ Մուհամմեդի հզոր զավակները պետք է կռվեն մեր թշնամիների դեմ: Դուք մեզ եք պատկանում, ձեր կյանքը մենք ենք տնօրինում, մենք էլ ձեզ բերել ենք մեր թշնամիների դեմ կռվելու, իսկ ես եկել եմ, որ վերահսկեմ քեզ ու քո նման խոզերին, որ հանկարծ կռվից չփախչեք, վախկո′տ շներ,-հայհոյեց Մեհմեդը:

-Մե՞նք ենք վախկոտը, մե՞նք են խոզը: Տո′ վախկոտն էլ եք դուք, անհավատն էլ եք դուք, շուն Մեհմեդ, փոքրոգի Մեհմեդ,- ժայթքեց Գոռը և ձեռքի պարսատիկով փորձեց հարվածել  Մեհմեդին, բայց Մեհմեդի զենքը զրնգաց ուժգին: Սրտից արյունոտված Գոռը լսում էր Մեհմեդի հռհռոցը “Հայը կռվել չգիտի, հահ-հահ-հահ”:

Գոռն ուժգին նստեց անկողնում, մարմինն ամբողոջությամբ սառը քրտինքով էր պատվել, ականջներում դեռ զրնգում էր վաղեմի ախոյանի հռհռոցը “Հայը կռվել չգիտի, հահ-հահ-հահ”: