ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԱԼՅԱ ՄՀԵՐՅԱՆ

Ներկայացված է Արմավի մրցույթին

 

***

Բաց թողե՛ք, ես գնամ խաչվելու

Առանց ձեր ուրացման ու դավի,

Ու առանց ձեր խղճին բարդելու

Երեսուն արծաթն իմ մահի։

 

Ինձ թողե՛ք, ես գնամ անափսոս

Հեռանամ ու փրկեմ իմ հոգին,

Չեմ կարող ես ապրել ձեր ներսում,

Չեմ կարող խառնվել ձեր երթին։

 

Դուք սովոր արդար ձայն կտրելու,

Դուք սովոր պղծելու խունկ, մյուռոն,

Ինձ ներե՛ք, ես գնամ փրկելու

Իմ ուսմունք, դավանանք ու կրոն։

 

 

***

 

Կլռեն աղմուկներ ու հառաչ

Աշխարհը կքնի անվդով,

Կգամվեն մայթերին այս կանաչ

Լապտերի ցոլանք ու լույս՝ աղոտ...

Կլվա գիշերը տենդագին

Սպասման վերարկուն իմ խամրած,

Մինչ այսօր ինչ հագիս, որ կային

Կդառնան մերկության գաղջ առանցք,

Կդառնան թափանցիկ դողէրոցք

Սարսուռներ, ցնորանք ու աղերս,

Ճանկռոտված հույսերի կաթկթոց

Ու պոռթկում... ու պոռթկում երկնաքերծ։

Կլռեն աղմուկներ ու հառաչ

Աշխարհը կմտնի նորից քուն

Ու դարձյալ այս ցնորքից առաջ

Կհագնեմ կարոտիս վերարկուն...

Կգրկեմ խորն ու անհատակ,

Կսեղմեմ-կրճատեմ այն հեռուն,

Որ նորից մենք երկինք համբառնանք՝

Յոթերորդ, տասներորդ ու հարյուր…

Խարանում է հեզ ոգու կուսական

Խրախճանքներում՝ անաղուհացի,

Սարսափ է գուժում երկինքը մռայլ

Բախտազուրկ հոտի կիսաբաց գլխին։

Լուսնից մինչև խաչ անցնելիք ճամփան

Մրմուռ է ցանել թափորի երթին,

Մահահոտ ու ժանտ հռհռոցների

Գոլորշին խառնել աղեկեզ լացին։

Նախճիր է համայն, բռնություն ու դավ,

Յաթաղանների ճոճք է ամեն տեղ,

Վայրի կրքերի անզուսպ հոխորտանք

Ու ճեփ-ճերմակի հոշոտանք բռի։

Դիագիրկ ուղու թևերին փռված

Մորթված երազի ճիչն է մոխրանում,

Ու հանց հրաբուխ առանց շեկ լավա

Տարտամ ու մոլոր երկինք համբառնում։

Քառատրոփ վարգի հսկում ամեն տեղ,

Դահճի գնդակի սուլոց... ու վայուն,

Կարմիր հեղեղներ ափերը լքած...

 

***
...ու հպում մատների՝ անուրջին,
Կապույտի խմորում՝ անծավալ,
Մի պտղունց լռություն ու չնչին
Աղջամուղջ՝ ամոթխած մութից կախ...

...քարավան՝ կյանքամերձ ապրումի,
Հիշատանջ անցյալի փշրանքներ,
Հուսաճիգ՝ փշաքաղ ներկայի
Ու գալիք կարկատող ասեղ-թել...

...ժպիտի արցունքոտ ստեղներ
Ու հավատ՝ կյանքի ու հարության,
Սև սուրճի ջրվեժվող փրփուրներ
Ու աղմուկ... իսկություն խանձահամ...


***
Ոչ մի մարգարե չկանխատեսեց
Մեր կապույտ հոգու խռովքն անարդար,
Ու ավետարան չգրվեց ըստ՝ Մեզ.
Մեր մեղքն ուրիշ էր, մեր մեղքն՝ Արդար...

Ու մեր չգործած մեղքերի համար
Եվ ոչ մի աստված չի՛ խաչի որդուն,
Ո՛չ այժմ... հետո... ո՛չ էլ երբևէ՝
Զոհ չի՛ պահանջի մեր Մեղքն աշխարհում։

Դու միայն ներիր քո վեհ կապույտի
Անծայր խորքերը թևելու համար...

***
Կարմիր է մանում իլիկը աշնան,
Սարսուռ է կաթում դողդոջ մատներից
Բարակ կոնքերի կրքերը հանգան
Սպասումների մշտատևումից...

Հարատևումը խենթ ջահելության
Պատրանք էր միայն ու սին արբեցում,
Դեղին կսկիծներ մնացին ունայն՝
Հոգեխորշերում՝ նեղ ու անանցում...
--------------------------------------------
Կարմիր է մանում իլիկը աշնան.
Տաք թոնրատուն է գիրկդ այս ցրտին
Թե մեզ վիճակվել է վիճակվել իրար
Մուժերում իրար չկորցնենք պիտի...


***
Մրրկածուփ քաոսներում անդառնալի
Կյանքի մեռած խղճի վրա է ծանրանում
Երկփեղկումը՝ արեգնածին ժամանակի
Փրկում տենչող երկունքների գալարներում։

Լերդացման մեջ ցավի բոսոր ալիքների
Արմատվում է կսկիծը խոր հառաչանքի,
Տարրալուծման ափերից դուրս կաղապարվում՝
Մամռակալած հոգեվիհում ճգնավորի։

Անդառնումը՝ հին օրերի լուսավորյալ
Ստվերվում է ժամանակի մութ բիբերում,
Հուսահատված շաղվում գաղջով արցունքախառն
Ալեծփվում ամբոխածին բոհեմներում։

Բաղաձայնված արձագանքում՝ վայրահաչի
Խլացումի ահից սարսած շշուկները
Ամբարվում են քուլաներում՝ խնկաբույրի
Գրկախառնում երկինքների թաց շեմերը։

Ու թե հանկարծ խելքի չգա ժամանակը
Ճգնավորի ուխտամազյա շապիկից դուրս,
Չթևատի սև հրեշի բութ ճախրանքը՝
Տանուլ կտա ողջ գալիքը անտարակույս։

Ահա այդժամ տապալումի անդրադարձում
Բեկված կյանքի մեռած խղճին կծանրանա՝
Երկունքների գալարներում ահագնացող
Արեգնածին բիլ երկնքի ծայրատումը։


***
Ստվերածածկի՛ր,
Պահիր աննկատ ամբոխի աչքից
Իմ մի բուռ խիղճը այն հոգեպահուստ,
Որն այնպե՜ս եմ վախեցել երևան հանել
Ի տես շատերի մահացու շանթող,
Սուր հայացքների,
Եվ որն այնքա՜ն խնամքով թաքցրել եմ
Անսանձ օրերիս վարգով ընթացող
Փոշիների մեջ սև ու մահահոտ...
Աննվաճ պահի՛ր,
Թույլ մի՛ տուր ընկնել երախն ամբոխի,
Որ ժանիքները չսեղմեն հանկած ընդերքը հոգուս,
Չխմեն վերջին նեկտարս բերրի
Ու փոխարենը թույն չներարկեն երակներիս մեջ՝
Վարակելով անխղճությամբ բուժում չունեցող...
Անհաս պահի՛ր
Կեռ ու անլվա սուր մագիլներից,
Իմ հոգեպահուստ՝ քո պատկերը կրծքումս պահած
Որ չբզկտեն, չանեն խղճամեռ...
Ստվերածածկիր Տե՜ր
Պահի՛ր աննկատ չար աչքից հեռու...

***
Հուսալքության անդունդը քաշող
Հոգեվարք ապրող լույսի եզերքից՝
Երեք մարդաքայլ ու մի թիզ այն կողմ
Ուր ամպերն իրենց գահերից իջել
Սթափությունը պահելու համար
Խոնավ փեշերն են քարշ տալով տանում
Խառնակ մտքերի թանձր մշուշում
Հավատի վերջին կծիկը կորցրած՝
Կամքի գունատված երեսի վրա,
Հոգու եզերքը թևաթափ անող
Առանց ներկերի մի օվալաձև
Թափանցիկ ապտակ զուր նկարելուց
Այնքա՜ն զերծ պահող իրենց...
Ուր ապրած՝ չապրած մրոտ օրերի
Ուր վականներն են թավալվում գետնին
Ու փորձում որսալ գետնին մոտեցող՝
Ծիածանից առաջ՝ անձրևի վերջին
Կաթիլն արցունքի կյանքով շաղախված.
Հալելույա՜ Տեր...
Դու՛ չուրվագծված անտես երևույթ,
Դու՛ տարածություն ու հա՜ր ժամանակ,
Դու եռուն կյանք վառ հուր մշտարթուն
Ու անխախտ սահման հավիտենության՝
Հուսալքության անդունդից դեպի
Երեք մարդաքայլ ու մի թիզ այս կողմ...