ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

Ներկայացված է Արմավիմրցույթին

 

***

Գիտե՞ս,

հաղթել եմ,

հաղթել եմ հողին՝

չեմ տրվել նրան,

չեմ թողել անգամ քամին ինձ դիպչի,

որ լուսնաբույրը վարսերիս միջից հանկարծ չկորչի:

Հաղթել եմ վաղուց ես մահ կոչվածին,

խեղդել եմ նրան իմ որբ ափերում,

հաղթել եմ անգամ ես ժամանակին՝

խելքահան արել ծե՜ր ժամագործին,

հաղթել եմ մարդկանց,

այդ կեղծ ամբոխին

և հավատացրել այն «սուրբ» պոռնիկին,

որ ինքն էլ մի օր կմաքրագործվի:

Հաղթել եմ, տոնել հաղթանակս լուռ,

միայնակ հարբել արևածագին

և ժպտացել եմ այս կյանքի վրա

թույլ տվել, գինին ինձ հետ մերձանա,

իսկ պարտությունը ներսից ինձ խեղդի:

 

 

***

Հիմա գնում եմ,

հրաժեշտ տալով արևածագին,

որ վաղը ծնվեմ արևից մի նոր,

հիմա գնում եմ,

դեպի լռություն,

դեպի աստղերը փոքրիկ հեքիաթի,

որտեղ պիտ պար գամ լուռ հավերժության նվագի ներքո,

և Աստվածամոր աղոթքից հետո առնեմ թևերը «սուրբ» հրեշտակի

և իջնեմ ներքև դեպի մթություն,

ուր սատանածին ժամագործները կխլեն ինձնից հավերժությունս նվիրելով ինձ օր ու ժամանակ,

հետո ճանապարհ…

բարդ ու փշալար,

և նորից վերելք,

և նորից անկում,

հետո կգաք դուք,

ինձ կնվիրեք ձեր կյանքից մեկ օր,

ու կհեռանաք ձեզ հետ տանելով ժամանակը իմ՝ թանկ ու կարևոր,

հետո կգա սով,

աշխարհը նորից հոգին կծախի,

կմնամ մենակ…

ու նորից անձրև,

արևակարոտ կուրծքս դեմ կտամ հողի թաց կրծքին ու կհագենամ,

ճերմակ շապիկս երկնի պարանից կախ կտամ,

և մի կում կանեմ անմեղության վերջին գավաթից

ու թաց մարմնիս մերկությունը հողի կրծքով կծածկեմ

կհամբուրի ճաքած շուրթս ,կտիրանա հողը ինձ,

և կփակեմ աչքերս կանէանամ աշխարհից:

Հիմա գնում եմ,

որ վաղը ծնվեմ արևից մի նոր,

հիմա գնում եմ դեպի մայրամուտ,

ետևում թողած՝

մի բուռ սեր, կարոտ,

երկար գիշեր և մի անքուն առավոտ:

 

 

***

Քո անապատում ես մոլորվեցի

և տապից քրտնած մարմինս տկար

հազիվ քարշ տալով հասա օվկիանիդ,

լու՜ռ արտասվեցի դիակիս առջև

և այն խառնեցի ցամքած օվկիանիդ խենթ ալիքներին,

հոգիս պապանձվեց համր լռությամբ

և ինչպես անզգա,անշունչ գոյություն

սկսեց  ճախրել քո բաց երկնքում

և երազելով աստղերի մասին

քո մու՜թ երկնքում հոգիս քուն մտավ

և իմ հույսի մի փոքրի՜կ կտոր հոգուս խորքերից

ես լու՜ռ խառնեցի քո սևածովին

և ինձ թաղեցի քո մու՜թ գիշերում՝

երազելով արևիդ մասին:

 

***

Ես դեռ չէի ծնվել, իսկ դուք արդեն իմ գիշերներն էիք աճուրդի հանել

և որբ մարմնիցս գինի էիք քամում,

սրտիս թելերը լարել էիք թաքուն և երգ հորինել,

իմ կույր աչքերը դարձրել հոգետուն,

աճյունիս առջև գինի էիք խմում,

կենաց էիք ասում,իսկ ինձ չէիք հիշում։

Անարդար կյանքի ոտնահետքերն էի զգում երեսիս,

մոմի շիթերով ծխում էր հոգիս,

 երկնային աչքը կարոտ էր լալիս

և իջնում,փարվում սառը կոպերիս։

Ես դեռ չէի ծնվել,իսկ դուք արդեն ձեզնով էիք արել օրերս բոլոր,

գրոշի դիմաց հոգիս վաճառել,

գերի էիք դարձրել սատանա կյանքին,

ծեր ժամանակի ճաքճքած ու չոր համբույրներն էի զգում մերկ մարմնիս վրա,

փորձում էի փախչել արգանդից այդ պիղծ,

որտեղ չծնված ինձ խաչն էին հանել։

Փորձում էի հասնել այլ երկինքների

և ինքնավիժել,

և ես վիժեցի

և ես մահացա,

մահացա ձեր երազներում,

այն երկնքի տակ,

որտեղ  Աստված լքեց իր որդուն:

Դուք խլեցիք ինձնից գիշերները իմ,

նվիրելով ինձ հավե՜րժական քուն,

դուք ինձնից տարաք գիշերները իմ,որ դեռ չէի ապրել

և նվիրեցիք առավոտներ,որ դեռ պիտ ապրեմ,

իմ վաղվա օրը դեռ նոր է գալու,

Ես դեռ չեմ ծնվել…

 

Մեղմի՜կ շոյելով մարմինս մոմե,

շուրթերդ դանդա՜ղ կիջնեցնես ներքև,

ապա մեղրահոտ մատներով կոպիտ կհպվես կրծքիս

և կհամբուրե՜ս՝

կուրծքս կդողա՜: