ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամալիկ Բաղդասարյան

Ներկայացված է «Արմավ»-ի մրցույթին

 

***

Երևակայի՛ր

Թե հեռացել եմ...

 

Մի պահ մտածի՛ր,

Որ էլ չեմ լինի

Ու քմծիծաղ տուր...

Ա՜խ անիծյալս...

 

Դու չես է՞լ փնտրի...

Զու՜ր եմ հարցնում.

Հոգնել ես վաղուց

Իմ պես խենթերին

Ապաստան տալուց ու ետ բերելուց։

 

Գիտե՜մ, ցավում եմ,

Բայց քմծիծաղդ այնքան եմ սիրում,

Որ պիտի էլի գնամ ու ետ գամ

Մեկ անգամ էլ

Այդպես ծխելիս դու քմծիծաղ տաս,

Իսկ ես հիանամ...

 

Ի՜նչ լավ ես ժպտում...

 

Գնա՞մ, ետ կգամ

Ուրիշի կերպով

Ուրիշի աչքով կամ էլ հագուստով,

Բայց երբե՜ք, երբե՜ք

Ոչ ուրիշ դարձած...

 

Երևակայի՜ր, թե մոռացել եմ

Ու այնպես ուժեղ

Միալար խնդա՛,

Որ էլի ցնցվի

Վերացած կյանքը....

 

Գնա՞մ, էլ չեմ գա...

Հռհռոցիդ մեջ խեղդած քո սիրով

Արբել չեմ կարող,

Անուժ եմ, ների՛ր...

 

***

Սեղան պատվիրեք երկուսի համար

Մեկը չի գալու:

Էլ երբեք չի գա...

 

Կսառչի թեյը սերերի պես թանկ,

Որոնք որքան էլ եռացած լինեն

Սառչում են մի օր

Հանդարտությունից:

Սեղան պատվիրե՛ք ու լուսավորեք

Բեմը դահլիճի.

Սեր ենք խաղալու

Երկու կոպեկի ծափերի համար,

Որ շռայլում են դերասաներին

Երկրորդական դերերի համար...

Դուք բեմ հանեցեք անանկեղծ կյանքի

Անկեղծ սերերին,

Որ քծնեն նրանք քմահաճներին

Արդի քաղաքի:

Զարդարեք հիմա դահլիճը մթնած

Սուտ խոստումներով

Հեռվում քնածի

Եվ պար բռնեցեք քամիների հետ,

Որոնք մեր գլխում սերեր են ծնում,

Որ պիտի մեռնեն...

Սեղանը գցեք անուշ բույրերով

Դեռ նոր կյանք մտած պատանիների

Որոնք սեր են երազում խաղալ

Կյանքի բեմերից,

Ռոմեոի կործանված ոգով

Սեղան պատվիրեք սերերի համար,

Ոչ ոք չի՜ գալու,

Մաքրեցեք բեմը համաճարակից

Էլ չենք խաղալու...

 

***

Աչքերիդ հետևում

Մի մեծ բանտախուց է…

 

Դատարկ:

 

Համաներում էր

Նրանց,

Ում երբևէ իմացել ես:

 

 

***

Երբ գնաս,

Գրպանիցդ կհանես ժպիտս…

 

Կարված գրպանում ժպիտ չեն պահում,

Էն էլ անպետք,

Մի օր կարոտից խեղդվելու ես:

 

 

***

Վրձինը վայր ընկավ...

 

Հատակին ինքն իրեն

Նկարվեց պատկերդ

և

օդը սկսեց խեղդել։

 

Անդադար սեղմելով կոկորդս

Լռությունը բղավում էր,

Գրկի՜ր...

 

Ես մաքրեցի պատկերդ հատակից.

Հիմա

Ողջ սենյակը հեռացման

Բույր ունի...

 

Բացի՜ր պատուհանը։