«ԾՈՎԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ» բանաստեղծական շարք

ՏԱԹԵՎ ՈՍԿԱՆՅԱՆ

***

Բանաստեղծությունը ռումբ, է որ

Պայթում է ներսում.

Ժեստ է քարարձանի և թռիչք է քարի։

 

Բանաստեղծությունն ումպ է, ինչը ներս է հոսում։

Իսկ քո ներսը՝ հատակ Դանայան տակառի։

 

Բանաստեղծությունը վերջին,  վերջին թելն է հյուսում

Ներսդ ծածկող բարակ, մաշված կարկատանի։

 

Դու կարող ես հազար, հազար լեզվով գրել,

Բայց միայն մեկ լեզվով այն քեզ կթարգմանի։

 

***

 

Պատռի'ր կեղևդ

Եվ բաց իմ առջև

Արշալույսներով

Պարուրված երկար

Հեռու հեռավոր

Ճամփան դեպի տուն

Ուր աղավնինե՜ր,

Աղավնինե՜ր կան...

Պատռիր կեղևդ՝

Շինծու հմայքով

Պսակված դառը

Խոստովանանքի

Մենաստանների

Դռների առջև...

Եվ թույլ տուր քայլեմ

Դեպի քավություն։

Պատռի'ր կեղևդ ...

Եվ այն կնետեմ

Խանձված հասկերի

Ոսկեհարդ ճամփին՝

Որպես ոտնաման

Իմ վերադարձի։

Պատռիր կեղևդ

Որ Ես քայլեմ տուն

Առանց դիմակի

Որն այստեղ է միշտ,

Ուր օտար եմ ես՝

Որպես ծովերում

Մոլորված արծիվ։

 

Եվ այս նոր ջրում,

Ինչպես մետաղը,

Չի լուծվում մաշկն իմ,

Գույնն իմ աչքերի

Ձայնս, աղոթքս

Եվ սիրտս ժայռոտ...

Երկրիս պես անծով։

 

Պատռիր կեղևդ...

 

***

Դատարկ է... Խորն ու տխուր

Լռությունը իրիկվա,

Ի՜նչ են կոչում ցավը թյուր՝

Թովչա՜նք, հուզու՜մ, լիրիկա՜...

 

Թրջված, խամրած մայթերի

Տխրությունը անթերի,

Ի՜նչ սիրուն է տարածվում

Մակերեսին ջրերի...

 

Իմ աչքերին՝ շաղի հետ,

Եվ այտերիս, ափերիս...

Իրիկունը կաթնագույն,

Որքա՜ն առատ է լալիս։

 

Դալուկ կապույտ լիրիկան,

Մոմանման մատներով,

Թովչանքներով իրիկվա,

Աստղի լացը մատնելով,

 

Կաթիլ֊կաթիլ՝ ծովերին,

Բուռ֊բուռ՝  քամի֊հովերին,

Ցոլանքներ է բաժանում,

Գիշերն առած իր թևին։

 

Դատա'րկ է...  Մով ու տխուր

Լռությունը իրիկվա։

Սիրե՞լ,  մերժե՞լ անչափ խոր

Անչափ թաց այս լիրիկան...

 

 

***

Պարզ է ու խաղաղ,

Գիշեր է ու լուռ...

Կարծես ամեն բան

Ավազ է մի բուռ

Ավազե շրջած

Ժամացույցի մեջ...

Իսկ ունայնության

Պարանը ոսկե

Հրեղեն ու հուր

Ձիերն է սանձել.

Եվ ես եմ այսօր

Որոշել հսկել

Նինջը գիշերվա...

Ազատության մեջ

Բյուրավոր հասկեր`

Անմեղ գոյությամբ

Եվ անգիտությամբ

Ցորեններն են լուռ

Մեղմիկ օրորում

Քնապարկերում

Հարդագույն սիրո...

Իսկ աշունն այնքան

Հեռու է թվում

Նրանց ոսկեգույն

Տաք երազներից,

Անգիտությունն ինձ

Այնքան է թովում,

Ցորենագույն ու

Խաղաղ դաշտերից,

Որ մի պահ ես եմ

Փափագում չասված,

Աննյութ մի տենչով

Ցորենի արտում,

Ննջել մեղմաբար`

Նյութից շատ հեռու

Եվ մոտ Արարչին,

Նշխար դառնալու

Անհաս անուրջով,

Երազով դյութիչ...

Քանզի այս գիշեր

Ինչպես որ երբեք,

Ես ու աշխարհը

Հոգնել ենք նյութից...

 

 

***

Ձայն տուր ինձ, Հրե'։

Այս արթնության մեջ,

Մոխրե մթության բիբերում կավե,

Ուր որոնողը կորչում է անգամ,

Քանի՜ գիշեր եմ ես լույս մուրացել։

Ձայն տուր ինձ, Հրե'։

Սև հիրիկներիս կապտության մեջ իսկ

Խցկվել է մի կարմրաթև հրեշ։

Ես,  խաղաղության ծարավ շուրթերով,

Որսում եմ ամեն մամռապատ քարին

Փլվող իմ ծովի մասունքները ջինջ։

Ծաղիկների թունդ կապույտից հարբած ծովածոցն, ահա,

Որ կախարդել է քանի՜ իմ նման ծովանուշների,

Նայի'ր,  դատարկող մի ծիսակարգով,

Հրաժեշտներ է բաշխում սիրալիր։

Ալատելությունն այստեղ, հենց հիմա,

Մերկացնում է բյուր կառամատույցներ

Առագաստների շքեղ հանդեսից։

Ձայն տուր ինձ, Հրե',

Որ ես չտարվեմ թունաբեր քնով

Այս հեծկլտացող սև սիրենների

Վիշապախաղից։

Ես,  օդի պես պաղ, կլանում եմ սուր ցավող ջիղերով

Աղջամուղջների տիեզերական լազուրն անսահման,

Ես հավատում եմ ավազին խրվող բոլոր սրտաչափ ոտնահետքերին,

Հլու հավաքում առագաստներս, ճամպրուկների մեջ նեղ պատրանքների,

Խոր, կախարդական քնով լուսնոտի,

Քայլում նրանց հետ՝ նրանց սիրարկու,

Մոռանալով իսկ վերջաբանն անծով իմ նավարկության՝

Ընդերքում հողի,  ծովերից հեռու...

Ձայն տուր ինձ, Հրե'։

 

Իմ հիրիկների պարը գիշերվա թանաքե ծովում,

Հրավառությամբ՝ երկնքին ուղղված սրտիս զարկերից,

Քեզ ժպիտ լինի։

 

Միայն... Ձա'յն տուր ինձ...