ԿԱՐՃԱՏԵՎ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ շարքից

ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

***

Քաղաքն առանց քեզ

ամենագեղեցիկ ձեռագրով
գրված տողն է,
որ լղոզվում է
թևքիդ տակ,
ինչպես պատին 
թափված թարմ ներկը…


ԿԱՐՈՏ

Երբ մոտեցա քեզ, 
հասկացա,
որ հեռացած էի
ամբողջ աշխարհից...


ԿԱՐՃԱՏԵՎ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ

Քամին
սիրահարվեց բույրին
և պատմեց
քաղաքին դրա մասին...

 


* * *

Տերևները
ծառերի ոտնահետքերն են,
նրանց քայլելու երազանքը...


* * *
Ես պաղ ջուր եմ՝ 

խաղողի չեչից քաշած,
երբ մոտ եմ գալիս,
գինեհարվում ես,
հարմար պատ ես ման գալիս
մարմնիդ կշիռը պահելու համար...

 


* * *

Բաժակիցս ջուր ես խմում, 
կումերով ես չափում
յուրաքանչյուր միլիմետրին
մնացած շրթնահետքը...

 

ԱՆՀԱՆԳԻՍՏ ՍԵՐ

Երկար վարսերս չեմ կտրում.
գիշերը, երբ քնած ես,
զեփյուռի հետ պարանոցդ են
խուտուտ տալիս:
Աչքերիդ եթերից
դատարկ զգեստապահարանի պես 
սիրտս 
ամբողջանում է...

 


* * *

Սկուտեղի կողքին 
ձնագնդի տեսք ստացած անձեռոցիկ`
անզուսպ զգացմունքների իջևան...

 

ՄԻՆՈՒՃԱՐ

Պիջակդ ուսերիս գցած
տուն մտա,
մայրս ձագը կորցրած աղավնու նման
վեր թռավ,
հայրս թաց փայտածուխ դրեց
բուխարու մեջ...

 


* * *

Գետնահարկում նստած էինք,
աչքերդ փայլեցին,
ինչպես ընկնող երկու աստղ,
չհասցրի երևակայել:
Երբ ծնկի իջար ոտքերիս առաջ,
սալիկե հատակը կիզահող դարձավ,
պատերը՝ կիպ դասավորված ծառեր,
առաստաղը՝ բաց երկինք,
ես՝ նորատունկ ծառ,
բարակ թևերիս
զույգ արտույտներ են նստած՝
նոր ընկած
ձյան պես թեթև և թարմ:
Երազանքին հասնելու պես
իջնում եմ գնացքից,
կանգառում դու ես կանգնած:
- Շը՜շշշշ ...
լույսի մեղեդին շրջանաձև
պսակներ է հյուսում մեր գլխին...


* * *

Գրկում ես ինձ այնպես,

ինչպես գազօջախի

կրակն է իր բոցերով

օղակում սրճեփը...

 


* * *

Որտեղ դու ես ապրում,
ամենուրեք եղևնիներ են,
քեզ հետ ամեն օրս 
նոր տարի կլիներ...

 


* * *

Ննջասենյակիս
պատուհանի ճաղավանդակից
դուրս էի նայում.
մի թռչուն հացի փշրանք 
դրեց պատուհանագոգին...