ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆ

Արծվիկը տառապանքների մեջ մեռնում էր։ Անկողնում պառկած՝ նա լսում էր պատի այն կողմում տեսության, իսկ ավելի ճիշտ՝ հրաժեշտի եկող հարազատների ու բարեկամների ցածրաձայն խոսակցությունները, քանզի բոլորը գիտեին, որ նրա երկրային կյանքի օրերը հաշված են։ 

Նա երիտասարդ էր, ընդամենը 35 տարեկան, սակայն օրգանիզմն արդեն քայքայվել էր կանաչ օձի հետ տղամարդկային ամուր կապվածությունից։ Լյարդը, փայծաղը, երիկամները, սիրտն ու մյուս օրգանները չէին դիմացել անմարդկային ծանրաբեռնվածությանը ու կտրուկ արգելակել էին։
«Ափսոս, էսքան երիտասարդ, դեռ կին չառած․․․»,- լսվում էր մորաքրոջ հեծկլտոցը։
«Լռիր, կինարմատ, ի՞նչ ես ասում, չէ՞ որ տղան ողջ է․․․ Դեռևս․․․ ողջ է»,- հետևում էր ամուսնու շշուկով պատասխանը։

Արծվիկի հետ հարազատները խոսում էին ոգևորված ձայնով, բայց նրանց աչքերը մատնում էին, որ իրենք էլ չեն հավատում իրենց ասածներին․․․
Արծվիկը, անկողնում պառկած, լուռ լսում էր՝ պատասխան չտալով։ Համոզված, որ ուր-որ է լքելու է այս մեղսավոր աշխարհը։ Նա հիանալի գիտակցում էր, որ, անկախ այն բանից, թե ո՞ւր կընկնի՝ դժո՞խք, թե՞ դրախտ, այլևս չի ունենալու խմելու հնարավորություն, ու դրանից հուսահատության գիրկն էր ընկնում։ Սակայն անսխալ հիշում էր, որ համակարգչի էկրանի հետևում հոգեպահուստ ունի թաքցրած և րոպեներն էր հաշվում, թե ե՞րբ իրեն հանգիստ կթողնեն, որ կարողանա հասնել դրան․․․

Արծվիկը փակեց կոպերը, որ կողքը հավաքված հարազատները հեռանան՝ կարծելով, թե քնել է։ Մորաքույրը ամուսնու հետ ոտքերի մատների վրա դուրս սահեց՝ զգուշորեն իր հետևից ծածկելով դուռը։
Արծվիկը չկնատեց, թե ոնց իսկապես քնեց․․․

Երբ արթնանալով՝ բացեց աչքերը, տեսավ իր կողքը կանգնած եղբորը՝ Սոկրատին, որը թախիծն աչքերում նայում էր իրեն։ Կոկորդում քար հայտնվեց․ շնչելը դժվարացավ, սկսեց շնչահեղձ լինել․․․ Սոկրատը հուզմունքով ներս կանչեց Արծվիկի քրոջը՝ Մաշային։ Վերջինս վազեց դեպի մահճակալը ու բարձրացնելով եղբոր գլուխը՝ շուրթերին մոտեցրեց ջրի բաժակը։

—Չեմ ուզում,- շշուկով ասաց Արծվիկը ու, նայելով եղբոր դեմքին, արտասվեց․- Ներիր, եղբայրս․․․ Ներիր․․․

Հեկեկոցները խեղդում էին։

Սոկրատն ու Մաշան զարմացած իրար նայեցին։

—Ինչի՞ համար, եղբայր,- չհասկանալով՝ հարցրեց Սոկրատը։

—Կա՛ բան․․․ Ութ տարի առաջ քո տնից թանկարժեք զարդեր կորան, հիշո՞ւմ ես․․․ Էդ․․․ ես եմ․․․ Ներիր, եղբայրս, եթե կարող ես․․․,- արցունքների միջից շշնջաց Արծվիկը։

Մաշան ետ ցատկեց անկողնուց․ արցունքներից այլայլված՝ նա ու Սոկրատը նայեցին Արծվիկին։

—Ես գիտեմ, որ մեռնում եմ ու չեմ ուզում գաղտնիքը հետս տանել․․․,- հեկեկաց Արծվիկը։

Սոկրատը ցնցված էր, չգիտեր ինչ պատասխանել։ Ութ տարի առաջ իրենց բնակարանից անհետացել էին կնոջ զարդերը, ոստիկանությունը չէր գտել հանցագործին, ու գողությունը մնացել էր չբացահայտված․․․
—Ներում եմ․․․,- ազդված շշնջաց Սոկրատը և գրկեց եղբոր գլուխը։ 
Նրանք երկուսով հեծկլտացին, իսկ Մաշան նայում էր եղբայրներին ու լալիս։
Երբ քույրն ու եղբայրը դուրս եկան սենյակից՝ փակելով դուռը, Արծվիկը ուժ հավաքեց և պատից բռնվելով, օրորվելով, դանդաղ ուղղություն վերցրեց դեպի սեղանը, որի վրա համակարգիչն էր։ Իսկ նրա հետևում՝ «Ստոլիչնայա» օղու երանելի շիշը։ Դողահար ձեռքերով դուրս հանեց խցանը և սկսեց ագահորեն խմել բուժարար, ինչպես իրեն էր թվում, հեղուկը, որը շուրթերից հոսում էր շապիկի վրա․․․

Երբ առավոտյան արթնացավ, անկողնում էր։ Ինչպե՞ս էր հասել, չէր հիշում, բայց զարմացավ, որ մարմինը թեթև էր, իսկ վնասված օրգանները չէին նվում, ինչպես առաջ։

Արծվիկը ելավ անկողնուց, դողացող ձեռքերով հագը գցեց սպորտային հագուստն ու ոլոր-մոլոր քայլերով դուրս եկավ միջանցք։ 

Տեսնելով եղբորը՝ Մաշան քարացավ․․․

Լուրը, որ Արծվիկը միտքը փոխել է ու չի մեռնելու, հարազատների ու մտերիմների շրջանում տարածվեց լույսի արագությամբ։ Շատերը դա համարեցին հրաշք, և գալիս էին ու գալիս շնորհավորելու, որ ապաքինվել է։ Եկան բոլոր հարազատները, բացառությամբ․․․ Սոկրատի․․․

Անցավ մեկ ամիս։ Արծվիկը լրիվ կազդուրվեց, ոտքի կանգնեց, տեղավորվեց աշխատանքի ու կարողացավ թողնել կործանարար սովորույթը։ Երեկոները, երբ նստած էր լինում պատշգամբում և քնելուց առաջ ծխում էր վերջին գլանակը, նա անիծում էր իրեն, որ խոստովանել էր եղբորը, որ գողությունն ինքն է կատարել։

«Բայց ախր ի՞նչ իմանայի, որ չեմ մեռնի։ Ոնց-որ թե պիտի թողնեի էս մեղսավոր աշխարհը, բայց․․․ չհաջողվեց․․․ Եղբորս հետ հարաբերություններս փչացրի․․․»,- ծխի հետ ձգվելով՝ տրտմում էր Արծվիկը՝ զղջալով խոստովանության համար․․․

 

Ռուսերենից թարգմանությունը՝ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻ