ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՍԵՐ

 

Արևից սեր կկաթի,
կլռեցնի վավաշոտ աղմուկն՝
ինձ ու քեզ բաժանող,
յոթ ամպ ձյունաբուքից հետո
երեք թիզ ձյունը կհալվի ու
ձնծաղիկ կլինի,
ու կլինենք ես ու դու թերթիկը։
-Լսո՞ւմ ես, կշշնջամ,- եկել եմ, քո՜նն եմ …
Կշիկնեմ, ինչպես առաջին անգամ,
կայրվեմ հպումիցդ ու կդողան շուրթերս:

Ձգվեմ վե՜ր, վե՜ր ոտնաթաթերիս,
որ հասնեմ աչքերիդ, որ ապրե´մ աչքերդ,
ու խենաթանամ՝ ծովացած.
նետի´ր ժամանակն ավազե
ու գրկիր ինձ համբույրով,
իսկ ես հալվեմ, իսկ ես հոսեմ
մինչև վերջին կաթիլն արյան,
լցնեմ քեզ ինձնով,
ու զրնգա համբույրից գինովցած
մերկությունս:
Սիրե՜մ, սիրե՜մ քեզ մինչև լուսաբաց,
մարեմ գրկիդ մեջ ու մնամ ընդմիշտ ՝
սրտիդ փարված…

Ես՝ գրիչ, դու՝ թուղթ:

 

Երևանյան խճանկար



Հիշեցրին.
մեկի թոռը, ծոռը կամ սիրուհին չեմ,
որ ինձ վայ-վույով դիմավորեն։
Ակամա ժպիտիցս
մթնեցին.
- Ի՜նչ էլ պայծառ ես:
Արդարացա
բնությանս համար, ու…
նեղացավ հայելիս՝
արդարանալուս համար:
Շահութաբեր չի՝
քամու սառնությունից
մրսեցի սաստիկ:
հետո հազում էի դառնահամ,
ու, քանի դեռ խունկը չէր հալվել,
վազեցի գլխապատառ,
ու էլի´
ուշացա.
ու էլի´ կորցրեցի
մի քիչ աղաջուր,
մի քիչ ժպիտ,
մի քիչ հավատ…

Հիշեցի.
որդիս երգ է գրել քրոջ համար,
կարոտեցի
ժամանակները,
երբ ես էի երգում օրորոցային։
Վաղը նորից ճանապարհ;
Մայրս
գիշերը չի քնելու,
ես էլ…

Գիտե՞ս, քարերը
Ունեն անուններ.
Կյանքի անուններ`
Կարճ ու անծանոթ,
Դառնության քամին
Դեռ չի էլ լռել`
Մեկը հասել է
Երկնի դռան մոտ:

Գիտե՞ս, քարերը
Ունե՛ն անուններ.
Տարբե՜ր անուններ`
Կարճ ու մոռացվող,
Մեկը՝ երեկ էր
Կյանքից խռովել,
Քարերն անուն են
Մտածում այսօր:

 

Թևատ թռիչք



Երկա՜ր 
ձգվող
տողեր,
մի ոտնաչափ տարածք,
կապո՜ւյտ,
կապույտ
երկինք,
աչքեր ՝
միշտ բաց…
Թևե՜ր,
համր,
անփետուր,
հիշողությունը կորցրած,
երգեր`
կանաչ,
կողպեքը ժանգատառ կնքված:
Կաթ -կաթ
հալվող մոմեր`
խոնարհ
ծնկած,
խեղդող «եթե»,
անդունդից կախ մի «բայց»,
Ու չեղարկված «ինչու»
Լռության դեմ
Թևատ թռիչք,
hետո…
երկինք կապո՜ւյտ
քարեր` ծաղկած.
տա՜ք, թա՜ց ...

Այնտեղ՝
«այսօր»- ը հյուր է,
իսկ «երեկ»-ի
ոլորաններն

անվերադարձ փախուստի դիմաց

գրավ որպես
կաթել են ժամացույցին`
յուղով համբերության...
Այնտեղ

մայրամուտներ չկան,
և ո´չ լուսաբացի սպասում։

 

Երբ Արևն աստված էր...


Մարգարիտներս.
թախիծը մոգերի հիասթափված
ու ձախողումը հեքիաթների`
չուղարկված նամակների
ճամպրուկում ...
մարգարիտներս.
լուռ, բոլոր անկտուր հրաժեշտների
ու չբողբոջած սերերի համար,
որ խժռեց անտարբերություն հրեշը,
Մարգարիտներս
արձակել եմ՝ ցողելու հողը
վաղուց թաղված երազանքների.
գրպանումս` երկինք։

  

***

Թե ճերմակ փետուր
պատահի ճամփիդ,
Զգո՜ւյշ, չտրորես
կարոտներս,
որ թևում են
դեպ քեզ:

 



ՀԵՔԻԱԹ ՍԻՐՈ ՄԱԻՆ

Հեքիաթից մնաց կազմը ոսկետառ,
Ավա՜ղ, իմաստը կորցրինք կեսճամփին։
Հեքիաթն ասում էր. «Փերին էր չքնաղ,
Բայց գեղեցիկ էր Հրեշի հոգին։»

 


ՆԵՐՔԵՎ- ՎԵՐԵՎ

Վերևում հրե ամպեր,
ներքևում` մոխիր հանգած,
վերևում ամա՜ռ, արև՜,
ներքևում`ցրտից սառած:
Վերևում` թեթև ճախրանք,
ներքևում` ոտքեր ուռած,
հոգնած, քրտինքի մեջ,
ընթրիքին`չոր հաց։
Վերևում`հազա՛ր բարև,
ներքևում`խռով կացած,
ո՜վ գիտի,քանի՜,քանի՜
«թասդ բեր» ` չասված,
գոռոզ,
աքլորակտուցը վեր չբարձրացնող.
գարի՜,գարի՜կտցող…


Վերևում`պապս նստած,
ներքևում` ես խուրջինով,
կեսից ցած եմ դրել,
տարվել սար ու ձորով,
ճամփեզրի խիճով
տուն եմ հավաքել,
Հետո քամին ծիծաղով
Դեսուդեն է արել…
Վերևից`թելը կախ,
ներքևում` լվացք փռած
ու պարանին երկու
պանդուխտատեղ թողած։
Վերևում շաղ-շաղ աստղեր,
ներքևում` ծառեր ծաղկած,
արցունքաջուրը դույլով
շվաքին պահ տված:
Վերևում`կայծակ լուսաչք
գիշերվա կեսին,
ներքևում`«մի՛ն էլ ուժ տուր,
հե՜յ, հարա՜յ, սուփրան բացի՜ր…»


Վերևում` մեկով ավել
ներքևի մեկի դիմաց,
ներքևում ե՛ս, դու՛… դու՛էլ,
վերևն` Աստված։