ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽԱՆ ԱՎԱՆՅԱՆ

***

Կրակ վառենք սիրտդ տաքանա,

 անսի՛րտ տղամարդ,

Հորդի երակներովդ

կարմիր ջրիմուռները,

Թե քանի՞  տարում կտաքանա`

մեկ-երկու ու  չորսից   ավելի

լուսատու Աստվածները վկա

անհայտ է,

Ձախի  ձայն եմ հիշում,

Հիշում  եմ երգի տակ սպասում էինք

երկրի արգանդից  օրվա ծնվելուն:

Մենք ժամերով խոսում էինք ամեն ինչից,

բացի մեզանից:

Մերկ  օր էր, երբ արմատներդ պոկվեց,

Հողին հանձնելը իմը չէր…

Գրողը տանի

Ո՞ր երրորդ տարին է  ընկույզներով հաշվում եմ

Թաց  աչքերով գիշերներին:

 

  

***

Ծերացած  օրվա  մազերից

ուլունքաձև  թափվում էին

ճերմակափայլ  հուշերը,

Դեղնակարմիր հույսի դռնով

մեկիկ-մեկիկ ներս էր մտնում

օրվա  ոտնահետքը:

Հեռվում` ծովերի գրկում,

բարի կախարդների  ծոցում

մահանում է մրսող երազը`

հեքիաթից   ծնված:

Արևն ու լուսինը պարանով

Իրար եմ կապել,

Չորացնում եմ օրվա  թախիծը:

 

 

***

 Ամառը խմորվեց մորս հացի թասում,

Ճարճատուն կրակում վառվում էին

 Հիվանդանոցից   բերված օրերս․․․

 Թեյի բաժակում

 մելանխոլիան խառնելով

մորս թխած անպանիր հացն եմ ուտում,

Դրսում թաց անձրևը մաքրում է

 հոգուս աշնանացավը։

 

 

***

Մի օր կալեկոծվես,

ափերիցդ դուրս կգաս

Կասես` Ծովն եմ հիշաչար,

Ինչ - որ մի տեղ, ինչ - որ մի ափում

փաթեթավորված են արցունքներդ։

Իմ թախծախեղդ  Ծով,

Երբ գիշերավասարին ափերիդ փրփուրը

կծածկի մարմինս,

Կվիժի դառնաջուր,

 Նորից օր կիջնի մեր միջև

 սառն ու արցունքաբեր։

 

 

***

Դեռ  օրը չէր զարթնել,

անկողնում  անշարժացած էր,

չէր բացել աչքերը,

բոլորից շուտ նա էր  զարթնում:

Աչքերից   ձեռքով  տարուբերում  էր

կարմրագույն հուշերը,

օդ քաշում  դեպի ներս` թոքերը:

Սովորություն ուներ.  ամեն առավոտ 

Հոգուց հանել դալկացած  երազները:

 Սրտում մի կին  էր պարում,

 ով հանգիստ չէր  թողնում քայլել,

մտածել  գոնե իր մասին:

 Վայրագորեն բուրում էր

նրա  բոլոր բանաստեղծություններից ,

անձրևող  հեքիաթներում

մոռացված հերոսների կողքին ծլում  էր  կինը:

 

 

***

Գյումրու ճաքճքած պատերին 
աճում են ծաղիկներ,
ջրվում արցունքներով թախիծի:
Փայտե պատշգամբների 
Երկխոսությունից
Երգում էր Գյումրին`
Իր հոտավետ բարբառը 
փռելով մարդկանց շրթունքներին:
Երկրաշարժից հետո ծննդկանը 
Նորից սովորեց ծիծաղել լիաթոք…
Ես ապրել եմ քո մեջ,
Ես ծնվել եմ քեզանից:

 

***

Քեզ…
Այսօր ուրբաթ է,
գայլերի ոռնոցից գիշերը 
կուզեկուզ փախչում է 
օտարականի գրպանից:
Նրա վարդագույն սրտում 
թաքնվել են սերն ու կիրքը 
համատեղ:
Սևաթույր իմ սե’ր,
գիշերվա աչքերում 
չէր երևում սիրտդ ,
այն սև էր հագել:

 

***

Դեռ օրը չէր զարթնել, 
անկողնում անշարժացած էր, 
չէր բացել աչքերը:
Բոլորից շուտ նա էր զարթնում,
Աչքերից ձեռքով տարուբերում էր
կարմրագույն հուշերը, 
օդ քաշում դեպի ներս` թոքերը:
Սովորություն ուներ. ամեն առավոտ 
Հոգուց հանել դալկացած երազները: 
Սրտում մի կին էր պարում,
ով հանգիստ չէր թողնում քայլել,
մտածել գոնե իր մասին, 
Վայրագորեն բուրում էր 
նրա բոլոր բանաստեղծություններից ,
անձրևող հեքիաթներում
մոռացված հերոսների կողքին ծլում էր կինը:

 

***

Հայ զինվորը

իր տարիքը շպրտել է

թշնամու ոտքերի տակ,

Ամենուրեք փոքր-փոքր

խրամատներ են,

այնտեղ  մեծ  ուժ է ապրում:

Արյունով ջրված

ծիրանափողը

համայն աշխարհին  պատմում է

մեր  կյանքը  գերեզմանների  վրա:

Հերոսները ծառեր են ,

Ամեն մի բողբոջ զինվորն է երկրիս:

 

 

***

Մոնթե  ՛ 

ծերացել են  կնոջդ  հուշերը…

դրանից  է  կառուցվել     թշնամու երազը թղթե:

Մանուկ հասակում

 քեզ չեն պատմել հայրենիքի  հեքիաթը`

ոտաբոբիկ քայլող:

Փչի ՛ր  ժամանակը  , փչի ՛ր Մոնթե

Ժամացույցները լալիս են ցավից

Կարմրածաղիկը  ալ է  ջրերում աճում…

Մոնթե  ՛ 

 Քո մարմնով

Վիրակապեցիր  երկիրդ  `

 լացը խեղդող  կռվի ճակատներում,

Քո մահով

Կողպել ես   հայրենիքի  սահմանները թշնամուց: