ՎԱՍՆ ՄԵԾԱԳՈՒՅՆԻ

ՄԱՐՏՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը 

ո՞ւմն է»: Նրանք ասացին՝ կայսրինը: Այն

ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք

կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»: Երբ

այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին:

Մատթեոս 22:20–22

                                                                           

75 տարեկան հասակում, ամառ օրով, կյանքին հրաժեշտ էր տվել «Գիտական աթեիզմի» չարահռչակ դասախոս Խաչատուր Աստվածատուրյանը, ով, ժամանակին չափից դուրս զբաղված լինելու պատճառով, չէր նկատել, որ իր անուն–ազգանունը, ինչը ժառանգել էր պապից, Խաչատուր Աստվածատուրյան է։ Բայց այդ հանգամանքն էլ իրեն չէր խանգարել «Քրիստոսի՝ առաջին կոմունիստ լինելու մասին» աշխատության համար արժանանալու «Թոմազո Կամպանելայի անվան» պատվաբեր մրցանակին: Վերջին հաջողությունից հետո նա իր կյանքը նվիրեց Կամպանելայի «անտուն» գաղափարներին՝ ո՛չ ամուսնացավ, ո՛չ էլ տունուտեղ դրեց՝ մնացյալ ողջ կյանքը նեղություն  տալ–ապրելով ընկեր–բարեկամների տներում։
Իր վերջին հանգրվանը քաղաք Ե.–ի հանրակացարաններից մեկն էր, որտեղ էլ ավանդեց իր մեղապարտ հոգին։
Այսպիսի գաղափարանվեր կյանքից հետո նա չէր թողել իր մահը սգացող մարդկանց, բացի թերևս երկու հոգուց՝ իր վաղեմի սիրեցյալ Նռանեից և նրա աղջիկ Կառլայից։ Մահը լացողները միայն այս երկուսն էին։ Բոթն առնելուց ի վեր՝ մայր ու աղջիկ անճարությունից իրենց տեղը չէին գտնում. չէ՞ որ մահացել էր իր՝ հետ գցած ցարական մեդալիոնները ծախելով և վրան իր «անաստված» թոշակը ավելացնելով՝ իր սարսափար կարծիքով՝ ալիմենտ վճարող ծերուկը։

  Նռանեն վաթսունին մոտ, տարիքը մի տեսակ անդուր կերպով առած կին էր, ով իր կյանքի մեծագույն ձեռքբերումն էր համարում բյուրեղ աղջկան, որի հորը, մինչև իր շունչը փչելը, այդպես էլ տեղը չբերեց։
Աղջիկը, իսկ աղջիկը, որը դավադրաբար կրում էր Աստվածատուրյան ազգանունը, չէր տարբերվում մորից ոչ մի բանով, միայն մի բացառությամբ՝ մայրը երկու տասնամյակը չշեքած՝ դեռ չէր հասցրել դառնալ արնահեղությունների, բազմապիսի զեղում–խեղումների և կենաց խորտակումների պատճառ, իսկ ինքը հասցրել էր։
Թերևս այսքանով վերջացնենք Կառլայի և իր մոր նկարագրությունը։ Սրանից ավելը կնշանակեր հատորների համար հող նախապատրաստել, իսկ դրա ժամանակը չկա, դժվար էլ լինի։
Կան պատմելու ավելի կարևոր բաներ, օրինակ՝ թե ինչ եղավ մեռածի հետագա ճակատագիրը, եթե, իհարկե, կարելի է այդպես արտահայտվել։
Նրան պետք էր թաղել, բայց սգավորներից ոչ մեկը չգիտեր՝ ինչ կարգով։ Լավ է, որ հանրակացարանի պարետը այնքան ատելությամբ չէր լցված «Գիտական աթեիզմի» նախկին դասախոսի նկատմամբ, որ երկու մասնագետի անուն տվեց, ովքեր գոնե պետք է մասնակցեին թաղման արարողությանը՝ փրկության համար աղոթող քահանան և գերեզմանի փոսը փորողը։ Պարետը սգավորներին տվեց այդ մարդկանց հեռախոսահամարները, իրենք էլ զանգեցին։
Առաջինը կապվեցին քահանայի հետ, որին կոչում էին Տեր Լ.։ Հետո զանգեցին գերեզմանափորին. անունը Արամ էր։

Տեր Լ.–ն նվիրյալ քահանա էր, ով կրոնական դառնալու ճամփեն էր բռնել՝ վրեժից դրդված, ինչ–որ բանից, ինչ–որ հարվածից հետո։ Լինում է նաև այսպես՝ վրեժը դառնում է բարուն տանող շարժիչ ուժ։ Բայց շա՜տ քիչ են հանդիպում նման բաները։
Նա անխոնջ ծառայում էր Աստծուն` փորձելով օգնել մարդկանց, ջնջել, մաքրել մոտ մեկ դարի թողած հեռացման հետքերը։ Գործը կամաց–կամաց կարծես գլուխ էր գալիս, երբ ներս սկսեցին հորդել ինչ–որ թեիստական հոսանքներ, որոնք, միջանկյալ նշեմ, խոստանում էին  ավելի ծանր հարված հասցնել մարդկանց հավատին, քան կարող էր աթեիզմը հասցնել։ Տեր Լ.–ն իր կյանքի իմաստը տեսնում էր այդ ամենի ազդեցությունը ոչնչացնելու մեջ։ Եվ ծառայում էր, աշխատում էր զօր ու գիշեր։
Մոտ կես ժամ անց, երբ դիակը տարել հացրել էին Ե. քաղաքի գերեզմանատներից մեկը, քահանան արդեն թաղման տեղում էր։

Այդօր վերևում արևը կուրացնելու աստիճան վառ էր: (Խավարից ահավոր է կուրացնող լույսը:)

Կարգն իրականացնելու որպես ամենաառաջնային պայման՝ պետք էր իմանալ մեռնողի անուն–ազգանունը։ Երբ իմացավ, ինչ–որ բան մտքին գալով՝ քահանան հարցրեց, թե ո՞վ է եղել այդ մարդը։
Տեր Լ.–ն մի բան հիշեց, ինչն ուզեցավ միանգամից մտքից ցրել, բայց չստացվեց:

 

Հետևելով «հնացած» ռեալիզմի «հնացած» կանոններին` մի քանի բան էլ գերեզմանափորի մասին ասեմ, որը նույնչափ կարևոր է:


Արամն ուներ մի նպատակ, որի բնությունը իրենից բացի այդպես էլ ոչ ոք չէր հասկանալու: Նա, իր ամենավառ երազները, իր լավագույն ցանկությունները բոլոր կերպերով խեղդելով, չեղած և երևի թե այլևս չկրկնվող տիպի վրեժ էր լուծում. այդ նա համարում էր հայհոյանք բնության դեմ՝ նրա անբաժան մասնիկը լինելով հանդերձ։ Նրա սիրտը թեթևանում էր նայելով այն բանին, որ լուսաբացին թռչունների՝ հոգին մաքրող ճռվողյունի, իր կտրված բնի վրա նորից շիվեր տվող ծառի կողքին կա կանգնած կյանքից կտրված մեկը, իրեն հավատացող աչքերի մեջ նայող անպետքական ու կործանված մեկը… Երբ Արամն ուշացումով եկավ հասավ, քահանան արդեն սկսել էր աղոթքը: Քահանան երբ աղոթքի մեջ, մեռյալի հոգու փրկության համար, պետք է հիշատակեր նրա անուն–ազգանունը (սովորաբար կնունքի ժամանակ դրված անունն են այդպիսի դեպքերում մտցնում աղոթքի մեջ, բայց քանի որ «Գիտական աթեիզմի» նախկին դասախոսը կնքված չէր եղել, քահանան աղոթքի մեջ ներառել էր նրա անձնագրային անուն–ազգանունը), Արամն, ինքն էլ չգիտե՝ ինչու, ուշադիր սկսեց լսել անուն–ազգանունն ասելու պահը։ Գերեզմանափորն (արժեքների) այդ միջոցին քիչ մնաց՝ կաթվածահար լինի. նա անուն–ազգանունը հիշեց, ավելի ճիշտ՝ հիշում էր ամեն օր, նա իր մեջ երբեք չէր կարողացել մեռցնել այդ անունը և անվան հետ կապված ամեն ինչ։

Քահանան և գերեզմանափորը ժամանակին սովորում էին նույն ֆակուլտետում, և այդ դասախոսը իրենց համար եղել էր շրջման կետ։
2–րդ տարում, երբ անցնում էին «Գիտական աթեիզմ», քննության ժամանակ երկուսն էլ համարյա նույն բովանդակությամբ էին հանդես եկել.

– Արամ, այսքան իմ ասածներից հետո դու ի՞նչ ես կարծում, Աստված գոյություն ու՞նի։ Կա՞:

– Պրն. Աստվածատուրյան, ես չեմ հասկանում, թե ինչպես է կարելի անգամ քննարկել այդ հարցը։ Եթե Աստված գոյություն չունենար, ոչինչ չէր լինի. մի տերև անգամ չէր շարժվի, մի ծաղիկ, մի հասկ անգամ ծիլ չէր տա…

– Թվում է բանականության փայլատակում, բայց այս մտքին դու չե՜ս հասել...

Այսքանն էր եղել հաստատությունից իրենց հեռացման պատճառը։ (Հիմա կլինեն մարդիկ, որ կմտածեն. «Այս մի բանը  ինչպե՞ս կարող է նման ճակատագրական հետևանքներ ունենալ:» Ես էլ եմ կիսում այդպես մտածողների կարծիքը: Ես էլ եմ համոզված, որ Բյուզանդիան ընկավ ոչ այն պատճառով, որ պարեկակետի դուռը մոռացել էին փակել:)  
Դեռահասության շրջանում մարդն առավել մեծ չափով է դառնում խոցելի կյանքի դիմաց.  ընդամենը մի կայծ է պետք, որ իր առջև հրդեհվի, մոխիր դառնա աշխարհը, ու ինքը չնկատի, որ այդ աշխարհը նոր–նոր է պճնվել կանաչով և այն ուղղակի չի կարող հրդեհվել՝ կանա՛չը չի՜ վառվում։

Թվում է, թե եկել էր վրեժ, սիրտը թեթևացնող վրեժ լուծելու պահը. ո՛չ կփորեն, ո՛չ կաղոթեն, թեկուզ երկու ժամից ուրիշները կարող են այդ գործը անել։ Կա՛պ չունի։ Ինչը որ իրենցից է անցնում, չեն անի, թեկուզ այդ երկու ժամվա մեջ անհնար դառնա դիակի կողքին կանգնելը կամ մեռածի հոգու փրկությունը։ Մյուսները թող անեն՝ իրենք չեն անի։

Հարգելի ընթերցողներ, երբևէ լսե՞լ եք Նյուտոնի և կամ իր երրորդ օրենքի մասին։ Այդ վերջին օրենքը, որի օգնությամբ կարելի է արտածել տիեզերքի ամենահիմնարար՝ էներգիայի պահպանման օրենքը, ասում է, որ եթե մի մարմինն ազդում է այլ մարմնի վրա, ապա վերջինս նրան հակազդում է նույնպիսի, բայց հակառակ կողմ ուղղված ուժով:
Թվում է՝ տիեզերքում ամեն ինչ «ստիպված» է շարժվել այդ օրենքով, բայց Մարդը, լինելով տիեզերքի անբաժան մասնիկը, կարող է, կարո՛ղ է խախտել այդ օրենքը՝ առանց մի թիզ անգամ տիեզերքը հավասարակշռությունից դուրս բերելու: Մարդը ունա՛կ է ներել, ունա՛կ է ուժին ուժով չպատասխանել։ Սա մի՞թե ապացույց չէ, որ Մարդը` բացարձակ արժեքը, իր մեջ կրում է Աստծո մասնիկը։

Քահանան երկար կարդաց աղոթքը՝ հոգով՝ այն մարդը, ով, ոչինչ չասելով, հեռացել էր :

ՎԵՐՋԱԲԱՆ

Երեկոյան վերջացավ ամենօրյա հավաքը, որը կազմակերպում էր եկեղեցու ավագ քահանան: (Այդ եկեղեցում էր եղել այն հայտնի միջադեպը, երբ քահանայի հարցին՝ «Որդյակս, հնազա՞նդ ես», հարսնացուն պաատասխանել էր՝ «Տերտեր  հայր, մի հատ հլը աչքերիս նայի: Էս աչքերով՝ հնազանդությունը ո՞նց ես պատկերացնում» ու զգալով, որ հիմարություն է դուրս տվել, իրավիճակը «շտկելու» ու կարդացած թվալու համար, առանց մտածելու, ավելացրել էր համացանցից կարդացած մի աֆորիզմ՝ «Աստված մեռած է, մեռած էլ կմնա:») Հավատացյալների խումբը, դուրս ելավ եկեղեցուն հարևան մատուռից, ու երկու–երեք հոգիանոց խմբերի ցրվելով, աստիճաններով իջավ ներքև: Շատերի դեմքին կար հուսահատություն, արհամարհանք, ինչի վրա հույսը մարմրող ցոլք էր գցել՝ նման լապտերների լույսին, որոնք աշնանային գիշերով լույս էին փռել եկեղեցու շուրջբոլորը: Քահանան փակեց եկեղեցու դուռը և դուրս ելավ բակ՝ հոգնած քայլերով մտքում կազմելով վաղվա քարոզի բովանդակությունը: Անուշադիր կերպով հայացք գցելով մեկին, ով հայացքը սևեռել էր գմբեթին ու անշարժ կանգնած էր, շարժվեց դեպի ներքև տանող աստիճանները:

– Լևոն, ո ՞նց ես,– լսելով կարծես թե ծանոթ ձայն՝ քահանան շրջվեց:

– Դու ես… Գիտեի որ կգաս…

– Անցնողներից լսեցի, որ այսօր ինչ–որ բնագիտական օրենքներներ ես խառնել աստվածաբանությանը: Ինչ–որ ներել, սիրո աննկուն զորություն,  Հոբ, Օսէէ, Յերեմի–յա: Հա՞,–  խոսողը սաստիկ վրդոված էր:

– Առաջ ամեն օր հայացք էի գցում խորանից՝ հույսով, որ նստած աղոթում ես: Ամեն օր սպասում էի, որ հետ կգաս:

– Ո ՞ւր վերադառնամ: Ես ամեն բանի, ինչ որ արված է, դնում եմ «nihil»:  Միշտ է այդպես՝ մեջդ կորցրիր, էլ ոչ մի տեղ չես գտնի,– մի պահ լռեց՝  ճգնելով հիշել կարծես ամենակարևորը, որ խոսքի ընթացքում մոռացել էր ասել,– Գիտե՞ս, հա, այսօրվա հավաքիդ հավատացյալների տասից ինը կմոռանային ամենայն Մեծ, կուրանային որևէ Գալիք, եթե հանկարծ իմանային, եթե նոր անցնելիս իրենց ասեի, որ ինչ Խոստում այսօր լսել են, վերաբերում է այն… այն անդենականին: Բոլորով խելքները թռցրած կվազեին տուն ու… գուցե այդժամ փնտրեին ճշմարտությունը:

– Ով հաստատ մնա, նրա վարձքը մեծ է վերևում: Այդ կասկածանքի որդն է դեպի  անդունդը տանող ճանապարհը,- քահանան մի քանի վայրկյան լուռ փորձեց կարդալ խոսակցի հայացքը ու ոչինչ չկռահելով, հայացքը բարձրացրեց եկեղեցու գմբեթին,– ամեն օր գործի եմ գալիս ու միշտ մտածել եմ ճարտարապետության մասին: Ուշադիր նայի՛ր. գմբեթը բրգաձև, գնալով մակերեսը նեղանում ու վերջում, ամենավերևում խաչն է: Ու հիմա ես հասկացել եմ, թե ինչու է այդպես հորինվել. ինչքան մոտենում ես Խաչին, այդքան ճանապարհդ նեղանում է, այդքան դժվար է դառնում ուղին դեպի փրկություն: Այդքան ավելի են հոգիդ խռովում ամենայն երկրային: Անկարելի է կորցնել հույսը: Մարդուց վերցրու միայն փրկության հույսը, և աչքին ամենայն գեղեցկություն կվերածվի ապականության:

Այստեղ քահանան կանգ առավ՝ կրկին նայելով զրուցակցին ու կրկին ոչինչ չկռահելով խոսակցի հայացքից:

– Արի պատարագին, վաղն է: Արի, կլսես, կխոսես Աստծու հետ: Իմացի՛ր հաստատ. Ձեռքը միշտ է մեկնված, միայն թե պետք է վերև նայել:

– Ո՜չ,– «ոչ» ասաց Արամը ու ոչինչ չավելացնելով շրջվեց դեպի աստիճանները՝ դեմքին անհեգնական ժպիտ,- մեզ այնքան անհաս է ճշմարտությունը – չա՜փը:

Մեկ քայլ… երկու… երեք… ևս մեկ քայլ և մարմրող լապտերը էլ չգծեց նրա մեջքը: Բայց և կուրացնող լույսը խավարի՛ց ահավոր է: