ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ

Էդվարդ Միլիտոնյան

 

ՍԻՐՈ ԿԾԱԾԸ

 

Սերը պիլբոտայն շան նման

Խածում է ու բաց չի թողնում,

Դա մի ցավ է անպատմելի,

Եվ մի ցոլք է հար շողշողուն։

 

Եվ այսքանը ո՞նց է կրում

Սիրտը փոքրիկ, բռնցքաչափ,

Նա արյուն է անվերջ մղում

Հանուն սիրո ծովի անափ։

 

 

ՊԱՐԱԿԱՆՈՆ ԵՐԱԶՆԵՐ

 

Հենց երազն է բորբ

Լինում անամոթ,

Դա՝ վայրի սիրո

Տեսիլք անամոք։

 

Ինչ տարիքի էլ

Լինես, տղամարդ,

Հետապնդում է

Այս կիրքը կախարդ։

 

Պիկասոյի պես

Կնկարեիր

Պատկերները կեզ

Խենեշ ու պատիր։

 

Բայց կանխել է քեզ

Ծուռ իսպանացին,

Քո մղձավանջը

Հանձնիր անհայտին։

 

   

ԼՈՒՍԻՆԸ

 

Դու հիշո՞ւմ ես այն լուսինը աշնան,

Նա մեզ էր նայում իր թեք ժպիտով,

Համբուրվում էինք առաջին անգամ

Ուսանողական այգու մեջ մթոտ։

 

Հիմա երեխեք ունենք, սիրելիս,

Նույնիսկ թոռնիկներ իմ ու քո անվամբ,

Եվ նույն լուսինն է հայում վերևից

Իր թեք ժպիտով՝ դարեր ամբարած։

 

Եկ մենք էլ ժպտանք և առավել թեք,

Երևի մի օր մենք թռչենք լուսին,

Տիեզերական այս այգում երբեք

Սերը չի մարի։ Փառք տանք միասին։

 

 

ՍԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԸ

 

Դաշույնը զարկեց

Ու պատռեց սիրտը,

Ցոլաց արյան հետ

Սև մարգարիտը,

Դա ամենաթանկ

Նվերն էր նրան,

Ով դարձավ խանդի

Զոհն աղջկական։

Ինչ, որ գրեցի՝

Դուք չհավատաք,

Աղջիկ, համարիր

Սա մի սև կատակ։

 

 

ՆՈՐ ԲԱՌ

 

Սեր և սեքս բառերի

Առաջին երկու տառերը նույնն են,

Նրանց գումարենք,

Հորինենք նոր բառ

Ու նոր անուն։

Սիրո պես սարսուռ,

Հազարան հավքի նման ոսկե,

Միասին ասենք՝

Սեսե։

 

 

 

ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

Երևանի

Մի բաց խաչմերուկում

Գզվռտվում են շան պես

Արևելյան սերն ամաչկոտ

Եվ վայրի սեքսն արևմտյան։

 

Վախենում եմ՝

Հանկարծ կցվեն

Ոստիկանի աչքերի դեմ,

Ու նա փախչի շփոթահար

Արևելյան հայհոյանքով

Եվ նուրբ խոսքով արևմտյան

Իրավունքի։

 

 

ԽԵՆԹՆ ՈՒ ՍԻՐԱՀԱՐԸ

 

Սիրահարն ու խենթը իրարից

Քիչ են տարբերվում,

Սրընթաց եկող գնացքի դիմաց

Կարող են կանգնել

Ռելսի կողքին աճած ծաղկի պես,

Կամ աշտարակներ ելնել ու գոչել.

– Է, հե՜յ, է, հե՜յ,

Ես Նապոլեոնն եմ։

 

Տարբերությունն էլ այս է, շատ քիչ՝

Մեկը սիրուց է խելագարվել,

Իսկ մյուսը դեռ

Չի սիրահարվել։

 

 

ԾՈՎԱՓ

 

Մերկ նստել էինք ջրերի ափին

Ու նայում էինք կապտածուփ հեռուն,

Չեմ կարող ասել, թե ով այդ պահին

Ուր է թևածում հոգու եթերում,

Հանկարծ քսվեցին մեր ոտքերն իրար,

Ու բոցավառվեց ջրերի ոգին,

Մի ձուկ վեր թռավ։ Ինչ պարգև է, Տեր,

Տեսնել, շոշափել ջուր, ավազ ու կին։