ՄԵՐ «ԱԽՊԱՐՆԵՐԸ»

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Նվիրում եմ Պերճ Զեյթունցյանին

 

Հիմա նրանցից Երևանում համարյա ոչ ոք չի մնացել: Մնացածներն էլ երևանցի են դարձել, իսկ մեծ մասը ետ գնաց այնտեղ, որտեղից որ եկել էին:

Առաջինը, շնորհիվ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Պինոյի, սկսեցին ետ գնալ ֆրանսահայերը: Այդ նրանք էին, որ միապետության պատմության մեջ առաջիններից մեկը ցույց կազմակերպեցին Թումանյանի թանգարանի սանդուղքների տակ: Պինոն ինչ-որ մի ձևով իմացել էր կազմակերպվելիք ակցիայի մասին, և մեքենայով ճիշտ ժամին եկել էր ցույցն անձամբ տեսներ, իմանար, թե ինչ է կատարվում: Պինոն իջել էր մեքենայից, իսկ նախկին ֆրանսահայերը, հիմնականում կանայք, իրենց մանուկներին գլուխներից վեր բռնած գոռացել էին` “Փարիզ ենք ուզում, մեր տունն ենք ուզում”: Եվ Պինոն հասկացել էր, որ ինչ-որ բան այնպես չէր արևոտ Երևանում: Իսկ նրա դիմումին Երևանի վերևներում ասել էին՝ մենք անկարող ենք երկրից այսքան մարդու դուրս գալը կազմակերպել, Մոսկվան պիտի որոշի: Եվ Պինոն դիմեց Խրուշչովին, նրան հանձնելով ֆրանսահայերի դիմումները: Ընդամենը մի քանի տարի առաջ բոլոր այս մարդիկ կհայտնվեին Սիբիրում, սակայն “ձնհալի” հեղինակը հանեց իր գրիչը և թույլտվություն մակագրեց: Դա 1962 թվին էր, իսկ 1964-ին Խրուշչովին հանեցին, սակայն “Ելքը Եգիպտոսից” արդեն սկսվել էր: “Վիվ լա Խրուշչով”, “Պինոն ապրած կենա”: Բայց հենց Պինոն հիմքը դրեց այն գործի, որ Երևանը սկսեց դատարկվել մեր “ախպարներից”:

Միշտ մաքուր, ճաշակով հագնված, տղամարդիկ՝ հաճախ ֆետրե շլյապայով և ճիշտ կապած փողկապով, կանայք՝ բարետես, կանացի, գեղեցիկ հագնված, ամառները զոնտիկով և ձեռքին գեղեցիկ հովհար, ունեին դեմքին օտարերկրացու կնիք: Մեր “ախպարները” սափրված էին, արևի ակնոց էին դնում, արևածաղիկ չէին չրթում, բաժակ-բաժակի ետևից գարեջուր չէին խմում և չէին հայհոյում տեղի թե անտեղի: Նրանք դիմում էին մարդկանց եղբայր բառով, սակայն այդ բառը նրանց առոգանությամբ ստացվում էր “ախպար” և, ինչպես լինում է առօրյա կյանքում, այդ բառը կպավ մեր հայրենադարձներին, հետզհետե դառնալով հավաքական պիտակ: Երբ գնում էին, արդեն բավական ապահով կենցաղի տեր էին դարձել: Բայց ինչե՜ր քաշեցին, մինչև այդ վիճակին հասան:

Հակիրճ պատմեմ իմ հիշածը: Չորս թե հինգ տարեկան էի, մի օր, առավոտ վաղ, մեր տուն զանգահարեցին Կենտկոմից: Բաղրամյան փողոցի վերին հատվածում, բլուրներին, ուր արդեն մի քանի ամիս է հայրենադարձները ապրում էին վրանների տակ, իսկ դիմացը խստաշունչ ձմեռն էր, և մարդկանց ոչ մի հանգրվան, էլ ուր մնաց բնակարան չէին տալիս, փոխարենն առաջարկում էին բնակության գնալ Հայաստանի այլ վայրեր, իսկ նախօրոք Երևանում էին խոստացել: Բնականաբար, մարդիկ հավաքվել և բողոքի ձայն էին բարձրացրել, և ահա Կենտկոմից խնդրում են Վարպետին` հանդիպել մեր հայրենադարձների հետ, մեղմացնել կրքերը, համոզել, որ մի քիչ էլ համբերեն, և վերջը կստանան ապրելու իրենց տեղերը: Հանդիպումը շատ ծանր էր եղել, սակայն արդյունքում ոչ թե բնակարան տվեցին, այլ` հողամասեր, որտեղ մեր եկվորները պետք է իրենք իրենց տները կառուցեին: Եվ այսպես Երևանում գոյացան “ախպարական թաղեր”, որոնք կոչվում էին Արևմտյան Հայաստանի շրջանների անուններով՝ Կիլիկիա, Կամարակ, Կիրզա, Արաբկիր, Բյութանիա, Զեյթուն, Սեբաստիա, Մալաթիա, Արեշ, քիչ չէին ներգաղթածները նաև Շիլաչիում...

Մարդիկ գիտեին, թե չգիտեին, պետք է իրենք իրենց տները կառուցեին, և արդյունքում թվածս թաղամասերում գոյացան հիմնականում մեկ հարկանի շենքեր` կառուցած առանց որևէ ճարտարապետական նախագծի: Ում խելքն ինչպես փչել էր, այդպես էլ կառուցել էին: Ավելի ճիշտ՝ ով ինչ հնարավորություն ունեցել էր, դրան համապատասխան կառուցել էր, իհարկե թույլ տվածի սահմաններում:

Զբոսնենք նախկին “ախպարական թաղերով”. ի՜նչ ոճի ու բնույթի կառույցի չես հանդիպի, որոշ մարդիկ նաև երկրորդ հարկ կամ ձեղնահարկ էին կառուցել, այդ 40-ականներին կառուցած տների տերերը հետո էլ մի 40 տարի վերանորոգել են, որ կարգի բերեն, որ հետո 80-90-ական թվականներին թողնեն գնան...

Միացյալ Նահանգներում, հիմնականում Կալիֆոռնիայում, նրանք, տեղի մասշտաբով, արդեն ուրիշ հնարավորություններ ունեցան, բայց էլի նույն տրամաբանությամբ կառուցեցին իրենց տները, մեկ, իսկ առավել դեպքում՝ երկու հարկ, ներքին բակ, ավտոտնակ, խոհանոցը առանձին, քիչ թե շատ ընդարձակ հյուրասենյակ-ճաշասենյակ, երկու կամ երեք ննջասենյակ, և եթե հիշածս երևանյան թաղամասում “պետքարանը” հիմնականում բակում էր, ապա գլենդելյան տարբերակում շենքը ուներ այնքան “պետքարան”, որքան ննջասենյակ: Խորհրդային կառավարության տված հողակտորները երկու-երեք հարյուր քառակուսի մետրից ավել չէին, որպես օրենք, այնպես որ, տները քիփ-քիփ իրար կպած էին, բնականաբար հարևաններն էլ իրար մոտ էին:

Մեր հայրենադարձները իրենց հետ Երևան բերեցին և’ նոր ճաշատեսակներ, և’ կենցաղի որոշ ձևեր: Դրանցից հիմնականը սև սուրճն էր: Վստահաբար կարող եմ ասել, որ մինչև մեր “ախպարների” գալը Երևանում սուրճ չէին խմում: Հիմա դժվար է ասել, թե ում մտքով էր անցել Հայաստան գալիս հետը սուրճ բերել, բայց դա հաստատ իմաստուն որոշում է եղել: Սուրճը, որ Մերձավոր Արևելքի երկրների թագավոր խմիչքն էր, հետզհետե դեռևս առաջին ալիքի եկվորների հետ մտավ երևանյան կենցաղ: Երևանցիները զարմացած էին՝ այդ ի՞նչ մատնոցաչափ բաժակներով, սև գույնի ու դառը համի, անպայման եռացրած վիճակում մի հեղուկ են օգտագործում մեր “ախպարները”: Եվ եթե իրերի բերումով իրենց մոտ հյուր ես գնացել կամ պարզապես մեկ-երկու րոպեով այցելել ես, ապա քեզ պետք է անպայման սուրճով հյուրասիրեին և այն եփելիս էլ ողջ տունը բռնվում էր հիանալի բույրով: Եվ մեկ օրինաչափություն ևս. ինչքան սուրճ եփող կա, այնքան էլ սուրճի համ կա: Եվ անգամ մայրն ու աղջիկը նույն որակի սուրճ չէին եփում, ուր մնաց հարսը: Ամեն ընտանիք իր լավագույն սուրճ եփողն ուներ. “Մեր սուրճը Քրիստինե մայրիկն է եփում”, “Իսկ մեր սուրճ եփողը Համբիկն է”: Նույնն է մինչև այսօր հայոց տներում և կամ թե հիմնարկներում, սուրճ թեև բոլորն են եփում, սակայն միայն մեկի մոտ է լավ ստացվում: Հայրենադարձները, էլի որպես օրենք, պետք է խմեին առանց շաքարի, և որպեսզի հյուրի բերանը շատ չդառնանա, հետը քաղցրավենիք էին հյուրասիրում: Քրիստինե մայրիկները նաև մեծ վարպետներ էին թխվածք պատրաստելու գործում. հիշում եք դեռ երեկ մեր ծանոթ հայրենադարձների տանը կերած փահլավան, շաքար-լոխումը կամ ղադեիֆը, գազարով պյուրեկի համը: Ի՜նչ բարձր արվեստ խոհարարության: Եվ եթե, ինչպես ասացի, հյուր էին եկել, դիցուք, Քրիստինե մայրիկի խնամիները, ապա նրանք ճաշի պիտի մնային, և Քրիստինե մայրիկը իր Եղիսաբեթ աղջկա օգնությամբ պետք է պատրաստեին չիֆ-քյուֆթա, իմամ-բայադլի, աջաբ-սանդալ, գառնե-յարեխ և էլի նման կախարդական անուններով ուրիշ կերակրատեսակներ, որոնց պատրաստման գաղտնիքը նրանք իրենց կարի մեքենայի, ջազվեի ու անգլիական արդուկի հետ բերել էին այն երկրից...

Հապա պոլսահայի սարքած բաստուրմա՜ն... Շիլաչիում, Նար-Դոսի փողոցում բնակվում էր նշանավոր Յուսուփ աղան: Նա սիրում էր հանգստի պահին ոտքերը ծալած ծունկերով դուրսը նստել, դրա համար նա վաստակել էր Ծալապատիկ մականունը: Ծալապատիկ Յուսուփ աղան երևանյան առաջին ու անգերազանցելի բաստուրմաջին էր: Նրա հարևանությամբ էր ապրում Պոլսից դեռևս 20-ականների վերջին գաղթած Նշանը: Օ՜, Նշանը... Այդ նրա երևակայությամբ էր մայրը վերարկուի աստառի ներսի կողմից երեք շարք բռնակներ կարել, որոնց վրա նա հաջողությամբ կախ էր տալիս առանձին-առանձին կտրված բաստուրմայի կտորները և ապա վերարկուն պինդ կոճկած գնում իր գործավայրը՝ Շիլաչիի կոլխոզ-շուկան, հիմնական մուտքի մոտ, և երբ կտեսներ շուկա եկած բարեկեցիկ հագնված կին կամ տղամարդ, դավադրաբար կանցներ նրանց մոտով և կամացուկ կարտաբերեր. “Բաստուրմա կա...”: Ու եթե վերջիններիս հետաքրքրեր նրա առաջարկը, ապա կբացեր վերարկուի փեշերը և ցույց կտար աստառի վրա կոկիկ-կոկիկ կախված բաստուրմայի կտորները, որոնցից յուրաքանչյուրի քաշը նա գիտեր անգիր և ճիշտ ու ճիշտ կասեր, առանց նույնիսկ 10 գրամի տարբերության: Գնորդներից շատերը Նշանին արդեն գիտեին, և անխոս կատարում էին իրենց գնումը, իսկ նորերը մի՞թե չէին զարմանում՝ հանձին Նշանի հանդիպելով հայ առաջին կոմիվոյաժորին...

“Բաստուրմա կա...”,- կամացուկ ասում էր Նշանը ու անց կենում, ու երբեք չէր նայում պոտենցիալ գնորդի դեմքին, նա պարզապես շուկայում ճեմում էր, իր դերը կատարելով: Նա իր գործը մշակել, հասցրել էր արվեստի աստիճանի. ո'չ պարտադրում էր, ո’չ համոզում, պարզապես հետաքրքրություն էր առաջ բերում, իսկ մնացածն արվում էր ժանրի բոլոր կանոններով: Նշանը գիտեր, որ ինքը պարտավոր է օրվա ընտրած կտորները վաճառել, քանզի դրան սպասում էր ոչ միայն իր ընտանիքը, այլև իր թաղի նշանավոր բաստուրմաջիները՝ Յուսուփ աղան, Շավարշ եղբայրը, Բաստուրմա Արամը, որոնցից վերցնում էր իր ծախելիքը: Թեև շուկայի այն տեսուչներին, որոնք կոչված էին “տակից” առևտրի դեմ պայքարելու, Նշանն էն գլխից “նայած” էր լինում, բայց միշտ ներքին վախ ուներ, թե իրեն կարող է մի նորելուկ ֆինտեսուչ բռնել կամ իր պոտենցիալ գնորդների մեջ կարող է ծպտված ներքին գործերի աշխատակից լինել: Այ, այն ժամանակ Նշանը կարող էր մեկ վայրկյանում կորցնել իր վերարկուի ողջ պարունակությունը... Բայց, դե, ներքին մի զգացողություն ուներ “բռնող” մարդկանց հանդեպ, ու նրանց կողքից անձայն էր անցնում, ինչպես մնջախաղի արտիստը...

Մեր հրաշագործ եկվոր խոհարարների արտադրանքը հիմնականում տնից էր վաճառվում, մարդիկ հասցեն էին իրար տալիս, քանզի այն տարիներին տանը հեռախոս միայն ընտրյալներն ունեին, գնորդները տուն էին գնում այս կամ այն ծանոթի միջնորդությամբ: “Շավարշ եղբայրը տա՞նն է, ինձ տիկին Վերժինեն է ուղարկել”: “Օ, հրամմեք, հրամմեք”,- ներս կկանչի Շավարշի կինը տիկին Եղիսաբեթին: “Սուրճ մը կառնի՞ք”: “Մերսի, մերսի”,- կլիներ տիկնոջ պատասխանը: Ապա տիկնոջը կուղեկցեին ներքին սենյակը, ուր մի հին փայտյա ճամպրուկի մեջ կոկիկ դարսված էին բաստուրմայի կտորները, և որպես օրենք, ամեն կտորի վրա դրված էին մեկ-երկու շերտ բարակ-բարակ կտրված համտեսի նմուշները:

Շավարշ եղբայրը և Ծալապատիկ Յուսուփ աղան թեև հին ընկերներ էին դեռևս Թուրքիայից, բայց մեր տակավին ստալինյան ժամանակի Երևանում մրցակիցներ էին բոլոր կողմերով` թե’ բաստուրմայի վաճառքի, թե’ նարդու սեղանի շուրջ, թե’ իրենց սարքած բաստուրմայի որակով և թե’ անգամ րախի խմելու ձևով: Յուսուփ աղան քչակեր էր, բոյով, նիհարավուն, բայց ջլուտ և քչախոս, սիրում էր օղի, բաստուրմա և ծխախոտ: Շավարշ աղբարը խոշորամարմին, բավական գեր, սիրում էր օղի, բաստուրմա և ծխախոտ: Բայց և շատ էին սիրում իրար հետ նարդի խաղալ և պարծենալ այդ խաղի իրենց արվեստով: Բնականաբար զառերը նետելիս բերած թվերի անունները թուրքերեն էին ասում, սակայն, որպես օրենք, խոսում էին հայերեն, Պոլսի գեղեցիկ բարբառով, որն այսօրվա Երևանում արդեն շուրջ քսան տարի է ոչ մի տեղ չես լսի:

Արեշում կային դրկից փահլավա ու ղադեիֆ պատրաստողներ՝ Աբրահամն ու Շնորհքը, նրանց պետք էր այցելել նախօրոք և պատվեր տալ: Փահլավա առնողը գիտեր, որ տված փողով տոնական սեղանին իսկապես բարձրարվեստ մի քաղցրավենիք կդրվի: Նրանց փահլավան համարյա նույնն էր, սակայն մեղրն ու ընկույզը առնում էին տարբեր տեղերից և դրա համար էլ տարբեր էին թխվածքի համերը, մեկը մի քիչ ավելի չոր էր, մյուսը՝ ավելի փափուկ, բայց երկուսն էլ կատարյալ էին: Եվ ինչպես ասացի, այդ փահլավան առնողը միայն կշահեր:

Մեր “ախպարների” մեջ կային, այսինքն` ոչ թե կային, այլ համարյա բոլորը հիանալի արհեստավորներ էին՝ կոշկակար, դերձակ, ոսկերիչ, վարսավիր, խոհարար, ավտո դզող-փչող, ներկարար: Բայց կային աշխատանքներ, որ էն գլխից մեր ախպարներին չէին տրվում, իսկ ավելի ճիշտ` չէին վստահում, օրինակ` միլիցիոներ, դատավոր, կոնվոիր, մաքսային աշխատող, ֆինտեսուչ…

Սարի թաղում էր ապրում Երևանում բոլորից լավ տղամարդու “դվուխբորտնի” կոստյում կարող վարպետ Մարտիրոսը: Մարտիրոսը նաև երգում էր Օպերայի երգչախմբում, իսկ կիրակի և տոն օրերը՝ Էջմիածնի տաճարի երգչախմբում, որն այն տարիներին ղեկավարում էր բեյրութահայ խմբավար Հրանտ Գևորգյանը: Լայնաթիկունք, բարձրահասակ, միշտ կոկիկ խնամած, լայն բեղերով, նա ավելի շատ նման էր սիցիլիական մաֆիայի կնքահոր, քան թե դերձակի: Ինքն էլ միշտ հագնում էր “դվուխբորտնի” կոստյում, մուգ գույների: Զարմանալի է. սովորական կոստյում կարելը նրա մոտ այնքան լավ չէր ստացվում, ինչքան “դվուխբորտնին”: Այժմ, ավաղ, չկան և այն մարդիկ մեր քաղաքում, որոնց համար վարպետ Մարտիրոսը հատուկ կարում էր իր “դվուխբորտնի” կոստյումները, թվարկում եմ գիտցածս չափով՝ Խորեն Աբրահամյան, լուսանկարիչ Սամվել Խանդիկյան, Արման Կոթիկյան, Վիգեն Իսահակյան, կինոռեժիսոր Արշավիրը, դերասան Նորիկը, գիմնաստ Կառլոսը, “Արմենիա” ռեստորանի բուֆետապան Բոյով Ռուբիկը, գյուղշիննախարար Գառնիկ Թադևոսյանը և ուրիշներ: Այս մարդկանցից յուրաքանչյուրը ուներ իր ոճը, իր դեմքը, և իհարկե, քիչ դեր չէին խաղացել նրանց համար վարպետ Մարտիրոսի կարած կոստյումները:

Ընդհանրապես տղամարդու կոստյում կարելու ողջ “ինդուստրիան” գտնվում էր մեր “ախպար” վարպետների ձեռքում, այժմ էլ հիշեմ այդ “ասեղի հրաշագործների” անունները՝ վարպետ Նշան, եղբայրներ՝ վարպետ Անդրանիկ, վարպետ Հովսեփ, Անդրե (ֆրանսահայ), Սովմինի ատելյեի գլխավոր դերձակ Ներսեսը, երևանյան “Դոմ մոդ”-ի նկարիչ-ձևարար Բենիկը, Ջոնը Մարսելից, լավագույն շալվար կարող Լևոնը (“Հայկինոյից”) և, իհարկե, Կարո Տոնիկյանը: Կարո Տոնիկյանը Արտեմի Այվազյանի հայ առաջին ջազային նվագախմբի (որը Ագիտպրոպի վերակացուների “թեթև ձեռքով” վերանվանվել էր էստրադային նվագախումբ) հիմնական երգիչ-մենակատարն էր՝ բարձրահասակ, սպորտային կազմվածքով, գեղեցիկ դեմքով, սուր բեղերով, լայն ժպիտով հիշեցնում էր լատինամերիկյան ֆիլմերի հերոսներին, Ռոման Նավառոյի տիպի, ռուսները լավ խոսք ունեն՝ “սերդցեեդ”, այսինքն՝ սրտակեր հերոսի: Ավելորդ է ասել, որ Կարոն միշտ լավ էր հագնված, քանզի ինքն էր իր կոստյումները կարում, և երեք հիմնական զբաղմունք ուներ, երեք կոչում՝ երգել էստրադային բեմահարթակից Արտեմի Այվազյանի նոր երգերը, կարել կոստյումներ 1947-48 թթ. ներգաղթածների բերած կտորներով, և կանանց սրտեր գրավել: Այս վերջին գործը նրա իսկական կոչումն էր, և պետք է ասել, որ այս բնագավառում նա մեծ հաջողություն ուներ Երևան ժամանած ռուս վայելչատես զբոսաշրջուհիների շրջանից մինչև Անժելիկա Մալխասյան: Այդ Կարո Տոնիկյանի տաղանդի շնորհիվ է, որ մեր սերնդակիցների ականջում մինչև օրս հնչում է “Կարինե, Կարինե“ կամ “Գյուլնարա” երգերը: “Կարինե“ երգում, եթե չեմ սխալվում, կային այսպիսի տողեր. “Մեր երկրում ազատ, ուրախ, / Ուր գարունն է միշտ բուրում, / Դու ծաղկել ես շողշողուն, Կարինե, / Իմ երկրի քնքուշ ծաղիկ”: Երգի խոսքերի հեղինակը պարսկահայ տաղանդավոր արձակագիր Հովհաննես Ղուկասյանն էր: Եվ նրա գրած տողը` “Մեր երկրում ազատ, ուրախ”, Կարոն հաճախ երգում էր “ազատ, անկախ”, ինչը այդ տարիների համար համարձակ քայլ էր: Այնպես որ Կարոն նախընտրել էր այդ տարիներին շատ-քիչ օգտագործվող ազգային “թեքում” ունեցող “անկախ” բառը: Այսօրվա պես հիշում եմ լույսերի մեջ ողողված Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի բեմը, Արտեմի Այվազյանը խմբավարի տեղում, Ռոբերտ Յոլչյանը՝ վիրտուոզ թմբկահարը, մեր մյուս հրաշալի ջազիստները, որոնց թվում շատ էին և հայրենադարձները, և վերջապես ծափերի ներքո բեմ է մտնում Կարո Տոնիկյանը իր անգերազանցելի ժպիտով, և սկսվում է տոնը... Տոնը, որ այնքան հազվադեպ էր ստալինյան շրջանի մեր համայնական երկրում... Կարոն, որպես դերձակ, իհարկե չէր գերազանցի վարպետ Նշանին, կամ թե Անդրանիկ և Հովսեփ եղբայրներին: Բայց գամ հերթով. վարպետ Նշանը գրանդ մաստեր էր, լռակյաց, շատ կիրթ, համարյա լուռ կանցկացներ հագուստի “պրիմերկաները” (փորձերը), կժպտար միայն գործի վերջում, անթերի էր աշխատում: Իմ բախտը բերել էր. երբ ավարտում էի Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակը, հայրս ինձ նվեր արավ՝ պատվիրելով Պարսկաստանից վերջին գաղթածների մոտից առած մի գեղեցիկ կտորից կոստյում, իսկ մինչ այդ մի կոստյում էլ իր համար էր պատվիրել: Նշանի կարածը բառիս բուն իմաստով անթերի էր, նման կար կարող էին ունենալ միայն Փարիզի ամենաշքեղ նորաձևության տները, իսկ մեր Վարպետ Նշանը աշխատում էր 90 ռուբլի աշխատավարձով, Օպերայի դիմացի մի համեստ ատելյեում: Համեմատելու համար ասեմ, որ սա նույնն էր, եթե Մարիո դել Մոնակոն երգեր երևանյան Օպերայում, ուր, իմիջիայլոց, հաջողությամբ երգում էր մեր լավագույն երգիչներից մեկը՝ Միհրան Երկաթը, էլ չեմ ասում անզուգական Գոհար Գասպարյանի մասին. դա արդեն ուրիշ թեմա է:

Անդրանիկ և Հովսեփ եղբայրներն ապրում էին Մալաթիայի շուկայի դիմաց: Երկուսն էլ տաղանդավոր դերձակներ էին: Մի հայր ունեին 90 տարեկան, առավոտ բերում էին, նստեցնում շքամուտքի թախտին և երեկոյան տանում քնելու: Հայրիկը նստում էր ծալապատիկ և օրը մի տասը բաժակ սուրճ կխմեր և նաև մի մատնոց օղի: Վարպետ Անդրանիկը կասեր. “Ով կըսե, թե այս երկիրը առաջ չէ քայլեր, համա գծերն են սխալ ուղղությամբ գցած...”:

Ֆրանսահայ Անդրե Թրյանցը ամենաերիտասարդն էր թվարկածս վարպետներից և շատ տաղանդավոր: Պատահական չէ, որ վերջին տարիներին նա էր կարում կոստյումները մեծն Մարտիրոս Սարյանի: Անդրեենք ապրում էին Բաղրամյանի վերին մասի նրբանցքներից մեկում, ընտանիքով 1949-ին աքսորված էին եղել Ուրալ, ետ եկած Հայաստան 1955 թվին, և հազիվ կառուցած իրենց քոլիկը, 1972 թվին ետ գնացին Ֆրանսիա: “…Ուրալյան ցուրտը դեռ ոսկորներիս մեջ է, վախենում եմ մի օր նորից զգամ”,- ասում էր Անդրեի հայրը, և ճամպրուկները հավաքեցին, երբ եղավ գնալու առաջին հնարավորությունը: Ով իրավունք ուներ աքսորի “տելնյաշկա” հագած մարդուն խրատ տալ...

Հայ ոսկերիչներին հիշատակելիս կուզեի առանձնացնել եգիպտահայ վարպետ Ժիրայր Չուլոյանի անունը: Նա մոտ 40 տարի եղել է Վազգեն Ա կաթողիկոսի պատվերները կատարող ոսկերիչը և արծաթագործը: Այդ նա է կերտել ոսկուց և թանկարժեք քարերից Հայոց այբուբենի ստելան և ոսկյա մեծադիր Սուրբ խաչը, որոնք պահվում են Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում և ցուցադրվում են անվանի հյուրերին: Իսկ նրա ստեղծած “Սիրամարգը” ոսկյա մանրակերտ քանդակը նվեր է ուղարկվել Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն:

Երևանը միշտ աչքի է ընկել իր ոսկերիչ “ախպարներով”, և դրանց մեջ, իհարկե, բառիս բուն իմաստով կային արվեստագետ-վարպետներ` Արամ Կյուրեղյանը, Ժիրայր Չուլոյանը, Ժորժը՝ Մոնտե Քրիստո մականունով, Բաբկենը, Արտաշեսը, Վարդանը, Հարութը: Նրանց մեջ իր բարձր արվեստով աչքի էր ընկնում Փարիզից եկած Արամ Կյուրեղյանը` մի շատ կիրթ ու զուսպ մարդ: Այդ նա էր 1949 թվականին, Ստալինի ծննդյան 70-ամյակի առթիվ, ոսկուց և թանկագին քարերից ստեղծել Երկրագնդի փոքր մոդելը, որը ներքին մեխանիզմով հնչեցնում էր ՍՍՀՄ օրհներգը: Այդ հրաշքը ես տեսել եմ մինչև Մոսկվա ուղարկելը, Պետական պատկերասրահի դահլիճում: Սակայն այս հանգամանքը չօգնեց, որ հետագա տարիներին, մի անհեթեթ մեղադրանքով Կյուրեղյանին չձերբակալեին, և եթե չլիներ Մարտիրոս Սարյանի միջամտությունը, Արամին հավանական է Սիբիր աքսորեին:

Եթե Աբովյան փողոցով իջնեիր ցած, մինչև հրապարակ, ապա կանցնեիր հայ ոսկերչական մի յուրահատուկ համքարության միջով: Զվարթ, կատակասեր, գործի հրաշալի գիտակ, այդ նրանք մի քանի սերունդ հայ հարսների, ինչպես և որոշ տնտեսական հաջողության հասած տիկնանց սովետական 593 պրոբի ոսկով, պարգևեցին այնպիսի զարդեր, որ ոչնչով չէին զիջի “Կարտիերին” կամ “Գուչչիին”: Հետո Աբովյան փողոցի վրա գտնվող արհեստանոցներից նրանց որոշեցին հավաքվել Մարքսի փողոցի նախկին բաղնիքի շենքում, որն այսօր ոսկու հայտնի տոնավաճառ է, և մեր երբեմնի ինքնուս կարտիերների փոխարեն աշխատում են ոսկյա իրերի վերավաճառողները, իսկ մեր նախկին երևանյան ոսկերիչ “ախպարները” Լոս Անջելեսում են, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում, Լոնդոնում ու էլի աշխարհի տարբեր վայրերում: Իսկ Արամ Կյուրեղյանը, որ մինչև Հայաստան գալը ուներ ոսկերչական խանութ Փարիզի Շանզէլիզեում, հայաստանյան ոդիսականից հետո, 1980-ականներին կրկին վերաբացել էր այդ խանութը:

…”Արմենիա” հյուրանոց. քանի որ նրա անմրցելի տնօրեն Իլյա Կևորկովը լավ էր հասկացել, որ “Ինտուրիստի” ճաշարանում պիտի աշխատեն օտար լեզուներ իմացող մատուցողներ, նա այս սկզբունքով հավաքել էր սպասարկման գործի փայլուն մասնագետ հայրենադարձների մի բրիգադ՝ ռեստորանի մետրը` պարսկահայ Սոկրատը, մատուցողներ Մացոն, Հովնանը, Աբրահամը, Անդրեն, Միսակը, շեֆ խոհարարներ Մայիսը, Խաչիկը, բուֆետապան Բոյով Ռուբիկը, առաջին հարկի բարմեն Եսային, կաֆեի բարմենուհի գեղեցկուհի Անահիտը: Այդ մարդիկ աշխատում էին լավ գործող շվեյցարական ժամացույցի պես. բոլոր սեղաններին մաքուր, ճերմակ սփռոցներ, փայլում էին բաժակները, սպասքը: Սիրալիր ընդունում էին պատվերը, ձախ ձեռքին գցած ճերմակ երկարավուն անձեռոցիկի հարևանությամբ բռնած բլոկնոտում գրառում էին պատվերները, ոնց որ պետպլանի կարևոր առաջադրանք... Նրանք սիրալիր զրուցում էին, կատակում չափով և բավական արագ մատուցում: Եվ պատահական չէ, որ հաճախորդները ուզում էին նստել Մացոյի կամ Հովնանի մոտ, իսկ “Արմենիայի” երկրորդ հարկի ռեստորանի հաճախորդներն էին Հրաչյա Ներսիսյանը, Երվանդ Քոչարը, Վիգեն Իսահակյանը, բեմադրիչ Գրիգոր Մկրտչյանը, դերասաններ Խորեն Աբրահամյանը, Հովհաննես Ավագյանը, Գենը, Շահում Ղազարյանը, Վ. Մարգունին, Մհեր Մկրտչյանը, գրողներից Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Կոստան Զարյանը, Արարատ Բարսեղյանը, Կայծունին, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը, պրոֆեսորներ Վազգեն Գևորգյանը, Հովհաննես Ճուղուրյանը, Միքայել Զավարյանը, և նրանց մշտական սեղանակիցներ գնդապետ Վրույրը, ժողկրթբաժվարիչ Հակոբը, ֆիզիկոս Համլետը, Արշակունին, Մոպրի Յագոյի տղա Ռոբերտը, հետագայում ուշագրավ գրքերի հեղինակ Երջանիկ Կարախանյանը:

“Արմենիա” հաճախելը ռիտուալ էր: Այստեղ միակ տեղն էր, ուր մեր երևանյան բոհեմի մտավորականները կարող էին շփվել արտասահմանցիների և կամ սփյուռքահայերի հետ: Այդ թվում էին զբոսաշրջիկներ, որոնց հետ մերոնք պարզապես ծանոթացել էին հենց ռեստորանի սրահում, ինչպես նաև քիչ թե շատ հենց Սփյուռքում մշակույթի հետ կապ ունեցող մարդիկ, որոնք իրենք էին մոտենում մեր բոհեմի սեղանին: Բայց և կային հանրահայտ անուն ունեցող սփյուռքահայ գործիչներ, ինչպես օրինակ՝ Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մելիքը, Անդրանիկ Ծառուկյանը, Գառզուն, Լուսին Ամարան: Նրանք, որպես օրենք, գալիս էին վերևներից իրենց կցած “մերոնքական” մտավորականների ուղեկցությամբ: Այդ մարդիկ էլ համարյա նույնն էին՝ Վարդգես Համազասպյան, Վահագն Դավթյան, Վարդգես Պետրոսյան, Լևոն Մկրտչյան, Սաղաթել Հարությունյան, Ռուբեն Պարսամյան, Գուրգեն Առաքելյան և այլ՝ ավելի մանր կալիբրի գործիչներ... Սրանք իհարկե հիմնականում շրջանցում էին մեր բոհեմի սեղանը, թեև այնտեղ նստած էին Հրաչ Ներսիսյանը, Շիրազը, Դաշտենցը, Երվանդ Քոչարը, իսկ 60-ականներից` նաև Կոստան Զարյանը, և քայլերն շտապ ուղղում էին դահլիճի վերջի բանկետային “Նռագույն” կամ “Գարնանային” սրահը:

“Արմենիան” աչքի էր ընկնում նաև իր նվագախմբով, որի երաժիշտների ու երգիչների մի մասը նույնպես հայրենադարձներ էին: Նվագախմբի ղեկավարն էր տաղանդավոր դաշնակահար Լևոն Մարգարյանը, որը շատ համակրելի կին ուներ՝ Եվան, սաքսաֆոնիստն էր Մաքսուդը: Երբեմն “Արմենիայում” էր նվագում “Արարատ” ռեստորանի վիրտուոզ թմբկահար, բնածին ջազիստ, փարիզահայ Ժան-Պիեռ Փափազյանը, էստոնուհի գեղեցկուհի Մոնիկայի ամուսինը, արդեն երեսուն տարի է, ինչ նրանք հանգրվանել են Փարիզում: Ողջույն ձեզ, “սալութ” յոթանասունականները հիշող երևանցի ջազի սիրահարների կողմից...

Այդ տարիներին Երևանում ոչ մի տեղ չէիր կարող լսել ջազային երաժշտություն, բացառությամբ Արտեմի Այվազյանի, իսկ հետո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ գործող էստրադային նվագախմբի: Բայց ահա “Արմենիա” ռեստորանում ամեն երեկո դու կարող էիր ջազային երաժշտություն և արտասահմանյան մոդայիկ երգերի համերգ վայելել: Համերգ այն էլ բարձր մակարդակի: Այնպես որ, “Արմենիա” գնալը իսկապես մի փոքր տոն էր: Տոն, որ վերջնականապես մեզնից, այսինքն` երևանցիներիցս, խլեցին 1990-ականների կեսերին, երբ “Արմենիան” կոչվեց “Մարիոթ” և երբ ռեստորանում մի բաժին պանրի գինը դարձավ 20 դոլար, փակվեց հայկական հոյակապ խոհանոցը և ցրվեց երաժշտախումբը: Այժմ նա սպասարկում է միայն հյուրանոցի կենվորներին: Ռեստորանը, որպես օրենք, դատարկ է, խոհանոցը` Միջերկրական (ծովի անունով), իսկ հավելյալ արժեքը, որն ինչպես հայտնի է Մարքսի “Կապիտալից”, խթան պիտի հանդիսանար մեր “անկախ” տնտեսության զարգացման, հոսում է ոչ թե հյուրանոցի դիմացի մայթի Պետբանկի պահոցը, այլ Նյու Յորք` Ուոլ Սթրիթ, ուր գրանցված են “Մարիոթի” իսկական տերերը, որոնց այնպես անխոհեմաբար վաճառեցին 1990-ականների առաջին կեսի Հայաստանի նոր տերերը: “Արմենիան” այսօր հիշողություն է երևանցիների համար, քաղաքի կենտրոնում խոյացած եգիպտական մի բուրգ, հիշեցնող երբեմնի երևանյան քաղաքակրթության մասին, որի կայացման գործում մեծ դեր էին խաղացել այսօր վաղուց ի վեր Արմենիան լքած մեր “ախպարները”:

Հապա վարսավիրնե՜րը: Նրանք քաղաքի կենտրոնում հավաքված էին հիմնականում երեք-չորս կետերում, “Պրոսպեկտի” վրայի Դերասանների տան դիմացի շենքում, ուր հիմա “Ջորդանո” հագուստի խանութն է, և Մարգարյանի ծննդատան դիմացը, ուր հիմա պարզապես բուլվար է, ապա Աբովյան փողոցի հանրախանութի դիմացի մեկ հարկանի շենքում և Մարքսի փողոցի վրա, բաղնիքի հարևանությամբ: Ասեմ նաև, որ ամեն հյուրանոց ուներ իր փոքր վարսավիրանոցը: Իմ երբևէ ճանաչած ամենալավ վարսավիրը եղել է “Արմենիա” հյուրանոցի առաջին հարկի ձախ թևի տաղավարի վարպետ Կարոն: Հիսունին մոտ, բարձրահասակ, սպիտակահեր, քչախոս և կիրթ մի անձնավորություն, իր գործի ճշմարիտ գիտակ, կարծեմ գաղթած էր Բեյրութից, նրա հարևանությամբ Գրիգորը և Ասատուրն էին, բայց Կարոն ուրիշ էր, բարձր մակարդակի, դու ասելիք չունեիր, նա գիտեր, թե ինչ պիտի աներ, այնպես կհարդարեր մազերդ, որ կարծես ձեռք չի կպել, բնական, քեզ միշտ սազող սանրվածքով: Վարպետ Կարոն աշխատում էր բացարձակապես միայն մկրատով, “մազերին էլեկտրասափրիչը չպետք է կպչի”՝ ասում էր նա:

Ահա արագ, “Արմենիայի” վարսավիրանոցի սրահն է մտնում Հրաչյա Ներսիսյանը: Բոլորը բարևում են մեծ արտիստին և սիրահոժար հերթը զիջում: Նա արագ նստում է բազկաթոռին, հավաքարարուհուն մի տասնոց է տալիս և պատվիրում երկու գավաթ սուրճ՝ իրեն և վարպետ Կարոյին. “Միայն թե շուտ, աղջիկս...”: Կարոն սկսում է իր գործը՝ սափրել Վարպետին, երբ երևում է սուրճը, դարակից հատուկ հանում է մի գեղեցիկ մոխրաման և դնում Վարպետի դիմաց: Ծխում է միայն արտիստը, և դանդաղորեն՝ կում-կում, որ չխանգարի Կարոյին աշխատել, խմում իր սուրճը: Այդ պահերին Կարոն զինվորի պես ձգվում է և ածելին հեռու պահում: Վարպետը դնում է գավաթը տեղը և ձեռքով նշան անում՝ “Հայդա, տղաս...”: Ու Վարպետ Կարոն շարունակում է իր աշխատանքը՝ մեր անչափ սիրելի Վարպետ Հրաչյային այդ օրն էլ դասականորեն սափրելով և մազերը հարդարելով:

Իսկ Աբովյանի վրա գտնվող վարսավիրանոցը աչքի էր ընկնում իր սպասասրահի փոքր, կլորաձև ջրավազանով, սրահի երկու կողմերում տեղադրված երկու բարձր արմավենիներով: Այս ամենն, իհարկե, որոշակի շքեղություն էր տալիս մեր այն տարիների Երևանի կենցաղհիմնարկների համեստ ինտերյերին: Հաճելի էր, գեղեցիկ, մաքուր: Այնտեղ աշխատած վարպետներից լավագույնը Վարպետ Արտաշն էր: Նիհարավուն, ցածրահասակ, կարճ բեղերով: Արտաշի ծնողները Ալաշկերտից գաղթել էին Ռոստով, պատերազմից հետո՝ Երևան: Նրա կողքին աշխատում էին Թորոսն ու Եղիան՝ սիրիահայեր: Ընդհանրապես համերաշխ էր և բավական հեղինակավոր Երևանի վարսավիրների արհկոմը (համքարությունը): Ինչպես այն ժամանակ էինք ասում, կինո “Նաիրիի” դիմացի վարսավիրանոցում աշխատում էին հայրենադարձներ Արսենը, Հակոբը, Գոքորը և տեղացիներ Արտյուշն ու Հակոբը: Վերջինս՝ ներկա Երևանի լավագույն վարսավիրը, ղարաբաղցի է, 80-ն անց: Նա ՝ այս լեգենդար վարպետ Հակոբը հարդարել է մազերը Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Ներսիսյանի, Յակով Զարոբյանի, գեներալ Նվեր Սաֆարյանի և այլ անվանի մարդկանց: Փառք Աստծո, նա այսօր կա, աշխատում է Փափազյան փողոցի մի փոքրիկ սրահում, և մենք՝ մի խումբ նրա հաճախորդներս, երկար կյանք ենք մաղթում վարպետին:

Վարսավիրությունը առաջին հայացքից թվում է հեշտ գործ: Հեշտ է, եթե պարզապես մազ ես թեթևացնում, բայց դժվար է, եթե դու հարազատ ես մնում հաճախորդի կերպարին և փորձում նրան ճանապարհ ձգել “քիչ մը շուք տված”:

Իսկ հայրենադարձ օտար լեզվի ուսուցիչների բազմաքանակ բանակը… Դե, ասենք, որ այդ տարիներին, բացի օտար լեզու դասավանդողներից, ուրիշ “ուսուցիչ ախպարներ” չկային, առավել ևս դպրոցի տնօրեն` հայրենադարձ: Չեղած բան էր… Ժամանակին Բեյրութի, Հալեպի կամ Փարիզի լիցեյներում լավ սովորելով օտար լեզուներ, մեր հայրենադարձ օտարախոս-մասնագետները այժմ իրենց կտոր հացն էին վաստակում գիտցածով թե’ դպրոցներում, թե’ մասնավոր դասեր տալով: Ես հիշում եմ հենց իմ անգլերենի դասատուներ Արաքսիին և Վոլթերին: Դժվար կյանք էին երկուսն էլ անցել: Արաքսին եկել էր Բեյրութից, կատարյալ մենակ էր Երևանում, չուներ իր ընտանիքը, ապրում էր Թումանյանի թանգարանի հարևանությամբ, մեկ սենյականոց մի բնակարանում, վերին աստիճանի կիրթ, բարեհամբույր ու մարդասեր, դասատուի համար շա՜տ բարի էր: Շուրջ երեսուն տարի առաջ գնաց Ամերիկա` իր միակ քրոջ մոտ: Դրամատիկ կերպար էր Վոլթերը, նաև իր քույրիկը: Նրանց մայրը, որ ամուսնացել էր երկրորդ անգամ, ամերիկահպատակ լրագրող և մասնագիտությամբ համայնավար Պատրիկ Սելյանի հետ, Հայաստան եկան պատերազմից հետո` հետները բերելով երկու դեռատի զավակներին: Ի դեպ, Սելյանը ԱՄՆ-ից գաղթած միակ կոմունիստը չէր, մեկն էլ կար, նույն բնույթի, նույն բոյի, նույն խոշոր քթով, որից միշտ կախ էր ընկած ակնոցը` հայ գյուղացու կլոր դեմքով Օգսեն Սարյանը: Թեև երկուսն էլ միշտ ամերիկյան փողկապ կապած, դեռևս Ամերիկայում կարված կոստյումներ էին հագնում, սակայն նրանց հայացքները “չքալեցին” Ամերիկայում, և “փրկած” Ամերիկան Մարքսի հայացքներից, եկան իրենց դավանանքի երկիրը և այստեղ էլ ջանացին Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: Երևի այս ծրագրի մեջ էր մտնում, որ իր կնոջ անտարբեր հայացքի տակ, պարոն Սելյանը իր խորթ զավակներին փողոց նետեց բառիս բուն իմաստով, մտածելով՝ “Ասոնք ալ թող պրոլետարիատի կյանքով ապրին”:

Սակայն մեր երիտասարդները չկոտրվեցին: Իրենք գիտեն, թե ինչեր քաշեցին, բայց անգլերենը, որն իրենց առաջին լեզուն էր, նրանց չթողեց, որ սովահար լինեն: Վոլթեր Դեղձանյանի աշակերտներից էի ոչ միայն ես, այլև ապագա բանաստեղծներ Արտեմ Հարությունյանը, Դավիթ Հովհաննեսը, ապագա ակադեմիկոս Ռուբեն Հարությունյանը: Վոլթերը և քույրիկը առաջիններից ետ գնացին, չգիտեմ՝ ո՞ղջ են արդյոք ամերիկաներում, բայց գիտեմ, որ պարոններ Սելյանն ու Սարյանը ետ չգնացին Ամերիկա: Տեսա՞ն արդյոք նրանք իրենց երկրպագած ուսմունքի փլուզումը Հայաստանում թե ոչ, այդ էլ չգիտեմ: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում համարյա էլ ոչ ոք չի մնացել Ամերիկայից և Ֆրանսիայից ներգաղթածներից:

Ինչպես և չկան հայրենադարձ լուսանկարիչները և նրանց նշանավոր ֆոտոսրահները: Նրանք ևս քաղաքի յուրօրինակ դեմքն էին: Եվ ինչպես արհեստի ամեն բնագավառում, այստեղ ևս կային իրենց գործի վարպետներ և շարքային արհեստավորներ: Հայրենադարձ ֆոտոգրաֆներից ամենից հայտնին Սամվել Խանդիկյանն էր, որի առաջին ֆոտոսրահը գտնվում էր “Երևան” (“Ինտուրիստ”) հյուրանոցից մի տասը քայլ ներքև, արևելյան քարե մի դալանի տակ: Դալանի աջ և ձախ կողմի պատերը, որոնք դուրս էին գալիս ուղիղ Աբովյան փողոցի վրա, նա զարդարել էր իր արած լուսանկարների մեծ ցուցափեղկերով, և ձախ պատին տեղադրված էր արվեստի որևէ հայտնի գործիչի ֆոտո. ես հիշում եմ Հրաչյա Ներսիսյանի, Թաթուլ Դիլաքյանի կամ Դավիթ Մալյանի ֆոտոները, շատ խոսուն և հաջող, իսկ աջ կողմում, որպես օրենք, տեղադրված էր երևանյան մի անանուն երիտասարդ գեղեցկուհու ֆոտո, որը բնականաբար դեռ ամուսնացած չէր...

Այդ փեղկերի հերոսները փոխվում էին վեց ամիսը մեկ պարբերությամբ: Սամվել Խանդիկյանը իր արհեստը սովորել էր տակավին Պոլսում, մի վարպետ հայ լուսանկարչից, որը լուսահոգի Տիգրան Լևոնյանի հայրն է եղել: Իր վարպետի մահից հետո Խանդիկյանն ամուսնացել էր նրա կնոջ հետ և ընտանիքով հանդերձ 1947-ին գաղթել էին Հայաստան, ուր ունեցավ ևս երկու արու զավակ, որոնցից է տաղանդավոր բեմադրիչ Արմեն Խանդիկյանը: Սամվելն աշխատում էր իր ատելյեում մինչև ընդմիջում, մինչև ժամը 13-ը: Հետո մի քանի քայլ բարձրանում էր վերև և ընկերանում “Ինտուրիստի” բացօթյա կաֆեում հավաքված արվեստագետներին: Գեղեցիկ, ինքնատիպ մարդ էր, միշտ ճաշակով հագնված, լավ տրամադրությամբ և սիրում էր զրույցներում հիշել Պոլիսը, կում-կում սուրճ խմել ջրով և 50 գրամ րախին էլ հետը:

Յուրահատուկ մարդ էր և լուսանկարիչ Եկավյանը (եգիպտահայ): Նրա, ինչպես և այլ երկու հայրենադարձների ֆոտոսրահները գտնվում էին ունիվերմագի ետևի փողոցում: Այս բոլոր սրահները ճաշակով զարդարված էին և իհարկե նրանցից անբաժան էր արմավենին, որը հիշեցնում էր երևի աֆրիկյան արևի տակ թողած Եգիպտոսը...

Այն էլ ասեմ, որ մեր “ախպարները” մեծ մասով հագնում էին այն հագուստները, որ հետները բերել էին: Հեռու չգնամ, տատս՝ Սոֆյան, հետը Փարիզից տակավին 1936 թվին երևի բերել էր 100 տուփ “Կոտի” մակնիշի դեմքի պուդրա, անթիվ քանակի օծանելիք, կոսմետիկ կրեմներ: Նա հրաշալի գիտեր, թե ի՜նչ երկիր է գալիս և անվերջանալի կերպով սիրահարված լինելով իր Ավետիքին, մտածել էր, կան բաներ, որ կինն իրավունք չունի ինքնահոսի մատնել, և շատ ստույգ ծրագրված բերել էր այն քանակի պուդրա, որ անգամ ես հստակ հիշում եմ այդ կլոր տուփերը՝ վրան փոքրիկ հովհարներ նկարած ու ֆրանսերեն գրած “Coty”, իսկ դա արդեն 1954 թիվն էր, իրենց գալուց 18 տարի էր անցել:

Կային և բացարձակ զարմանալի անձեր: Օրինակ, հագուստի մաքրման մասնագետը: Զարմանալի արագաշարժ և արագախոս, ցածրահասակ, միշտ հագին կոստյումը և միշտ կարմիր գույնի փողկապով: Այդ սնդիկի պես շարժուն մարդու անունը Կարո էր: Կարոն ամիսը երկու անգամ իր քառակուսի ֆիբրե ճամպրուկով կգար մեր տուն, կհավաքեր տատիս կամ մորս մոտից քիմմաքրման ենթակա շորերը և մի 5 օրից դրանք կբերեր: Կարոն ապրում էր Նար-Դոսի փողոցում, Անդրանիկ պապիս տնից մի փոքր ներքև, իրեն իսկ ձեռքով կառուցած մեկ հարկանի տանը: Այս գործը նա արել էր տակավին Հալեպում, և հետը ահագին քանակով նյութեր և սարքավորումներ էր բերել: Քայլում էր շատ արագ, տրանսպորտից երբեք չէր օգտվում, հետո երբ կյանքը մի քիչ բարելավվեց, 60-ականների կեսերին, նա արդեն պատվերները տանն էր ընդունում, դե երևի մեծացել էր և հոգնել, Երևանո՞ւմ արդյոք նա կնքեց մահկանացուն, թե՞ Գլենդելի թաղերում, դժվարանում եմ ասել:

Մեր տանը, մեր շրջապատում, ընդհանրապես լինում էին թե’ տեղացի, թե’ եկվոր զարմանալի բնույթի մարդիկ: Դե, միշտ այդպես է լինում. մեծ մարդը մագնիսի պես դեպի իրեն է քաշում շատ անպաշտպան, մոլորյալ, հաճախ այս կամ այն տարօրինակություններ ունեցող մարդկանց:

Դրանց մեջ յուրահատուկ էր Ադրունին: Պապիս հետ ծանոթացել էր 30-ական թվականներին Փարիզում, այն ժամանակ նա ներշնչել էր բանաստեղծին, որ ինքը աստղագետ է: Եվ երբ պատերազմն ավարտվեց, նա Փարիզից գրեց, խնդրեց, որ Վարպետը իրեն հրավիրի և բարեխոսի Վիկտոր Համբարձումյանի մոտ, որ իրեն Բյուրականում գործի վերցնեն… Եվ ահա, հայրենադարձների “երկրորդ քարավանով”, 1947 թվին, Ադրունին ժամանեց Երևան: Պապս միամտաբար մեր այս Ադրունուն տանում է ակադեմիա՝ Վիկտոր Համբարձումյանի մոտ, ծանոթացնում և փորձում բարեխոսել: Վիկտորը բնականաբար գիտական զրույցի է ուզում բռնվել Ադրունիի հետ, որ տեսնի, ճշտի՝ ով է այս նորահայտ գիտնականը, և նրա հետ մի տասը րոպե խոսելուց հետո, շուռ է գալիս դեպի Ավետիքը և ռուսերեն կամացուկ ասում. “ԹՈՐտպՑ, ֆՑՏ վպ ՈրՑՐՏվՏՎ, Ո ՈրՑՐՏսՏչ” (“Վարպետ, սա ոչ թե աստղագետ, այլ աստղաբաշխ է”): Սրանով Ադրունու մուտքը Բյուրական ավարտվում է: Բայց ինչպե՞ս ապրեր խեղճ մարդը: Եվ նա ճշմարիտ որոշում է կայացնում` շաբաթվա յոթ օրերին համապատասխան գտնել Երևանում յոթ ընտանիքներ, որոնց մոտ ինքը պարբերաբար կճաշի: Մեզ ընկել էր ուրբաթ օրը, և ինչքան հիշում եմ, մեզնից բացի պարբերաբար գնում էր և Արա Սարգսյանենց տուն, և մյուս պապիս՝ Անդրանիկի և Թագուհի տատիկի տուն, և երբեմն էլ Վիկտոր Համբարձումյանի հոր՝ Համազասպ Ասատուրիչի տուն, որի հետ ծանոթացել էր մեր տանը:

Ադրունին բավական կոմիկ արտաքին ուներ: Մի քիչ հիշեցնում էր մոսկովյան ծաղրածու Կարանդաշին. կլոր դեմքով, կլոր քթով, ցածրահասակ, միշտ շագանակագույն կոստյումը հագին, փողկապով, կլոր ձևի լայնեզր գլխարկով, որը գլխից չէր հանում: Մենք խոհանոցում մեծ, սև կաշվե բազմոց ունեինք, նստում էր աջ անկյունում և անցնում գործի, որը կայանում էր նրանում, որ պիտի աղար մեր տան սուրճը, իսկ քանի որ հյուրեր շատ էինք ունենում, ուրեմն նրա գործն էլ բավական երկար էր: Լուռ իր գործը կաներ, ավելորդ երբեք չէր խոսի: Ճաշից հետո սուրճ մը կառներ և հայդե կերթար մինչև մյուս ուրբաթ, և այդպես ամեն ամիս ու տարի, մինչև 1960-ականների սկզբները, երբ հոգին ավանդեց:

Տատիկիս ընկերուհին էր տակավին Փարիզից` Մելինե Մանուշյանը: Ֆրանսիական դիմադրության հերոս, ֆաշիստների կողմից Փարիզում գնդակահարված Միսակ Մանուշյանի այրին:

Վառած ծխախոտը միշտ ձեռքին, սպիտակախառն գզգզված մազերով և միայն իրեն հատուկ բավական խռպոտ, տղամարդուն բնորոշ բարձր ու բամբ ձայնով: Հազիվ շքամուտքից ներս մտած` բոլորին շատ բարձր ողջունում էր, և հանկարծ մեկեն ձայնը ցածրացնում էր. “Ավետիքին չարթնացուցի՞”:

Մելինեն մշտական խոսակցության երկու թեմա ուներ. մեկը` Միսակը, նրա կործանումը և նրա հիշատակի մեծարումը Փարիզում, մյուս թեման մեր կյանքի քննադատությունն էր: Այս թեման ուներ մի շարք ասպեկտներ` քննադատում բյուրոկրատ չինովնիկների, քննադատում իրեն տրվող թոշակի չափսի, քննադատում երևանյան գների և, վերջապես, քննադատում կեղծ ու արհեստածին սոցիալիստական “արժեքների”:

“Միթե Միսակը ասոր համար իր կյանքը զոհեց”:

Այս խոսքերի վերաբերյալ հայրս ասում էր. “Բայց չէ որ Միսակը զոհվեց Փարիզում, և եթե դու, Մելինե, օր մը Փարիզ գնաս, գուցե այնտեղ Երևանը կհիշես բարի խոսքով”: “Օր մը, օր մը, ո՞վ ինձի կթողնե, դու տեսե՞լ ես ինչպես է կույրը պահում ձեռքն ընկած լուին, հիմա իմն է` պինդ պահում են”: Այսպես էր խոսում Մելինեն ողջ 50-ական թվականներին, իսկ 60-ականների կեսերին նա մշտապես մեկնեց Փարիզ, ուր նրան ամենուրեք մեծարում էին որպես ազգային հերոսի այրու: Այնտեղ նա հաստատ իր թոշակի չափսը չէր հայհոյում, ֆրանսիական չինովնիկների վերաբերյալ դժվարանում եմ ասել, բայց մի բան հաստատ էր` Մելինեն հաստատ կհայհոյեր փարիզյան գները. “Աս ի՜նչ գներ են…”: Սակայն Փարիզից նա այլևս տեղ չուներ փախչելու…

Հորս ընկերն էր ֆրանսահայ Ժիրայր Ինճեյանը` մազերը միշտ բրիոլինով փայլեցրած, քթին՝ տակավին Փարիզից բերած կլոր ապակիներով ակնոցը, ճիշտ և ճիշտ Ժան-Պոլ Սարտրի նման, տարվա բոլոր եղանակներին մուգ կապույտ գույնի լավ կարված կոստյումը հագին, որը սակայն տարեցտարի մաշվում էր, ճաշակավոր փողկապով: Մոտ էր շատ հորս հետ, և ինչ-որ ադմինիստրատիվ գործ էր անում “Հայկինոյի” նկարահանման տարբեր խմբերում: Կինոյի գործը գոց գիտեր, որովհետև ժամանակին աշխատել էր “Սինեմա Ֆրանսեզի” ստուդիաներում: Թուրքահայ հայտնի ընտանիքից, 10-12 տարեկան հասակում մի կերպ հրաշքով նավով Ստամբուլից գցել էր իրեն Մարսել, հետո այնտեղից Փարիզ: Փարիզը իր համար և’ հայր էր, և’ մայր, սակայն ոչ` հայրենիք, դրա համար էլ 1947 թ. “Սինայ” շոգենավով եկավ Հայաստան: Վիգենին, որին գիտեր դեռ Փարիզից, շնորհակալ էր, որ գործի դասավորեց “Հայկինոյում” և դեռ իր մեկ սենյականոց բնակարանը, որ որպես ստուդիա տվել էին Վիգենին, նշանավոր սփյուռքահայ հրապարակախոս, ստալինյան բռնությունների զոհ Տիգրան Զավենի տիկնոջ` Սիրանույշի հարևանությամբ, Թումանյան փողոցի վերին մասում գտնվող “Հայրենադարձների տանը”, ահա այդ մեկ սենյակն էլ Վիգենը զիջեց իր ընկերոջը, որ նա փողոցում չմնա: Ինճեյան Ժիրայրը Ադրունիից, ճիշտ է, շատ էր տարբերվում, սակայն նա էլ ուներ մի որոշակի ցուցակ, թե տվյալ ամսում ում մոտ պետք է ճաշեր: Այդտեղ և’ մենք էինք, և’ իրենց հյուրասիրությամբ հայտնի քանդակագործ Արա Սարգսյանի ընտանիքը, որի որդու՝ մի շատ բարի անձնավորության՝ Արմենի հետ մեր Ժիրայրը ընկերություն էր անում, ապա և դերասան Վաղարշ Վաղարշյանի ընտանիքը, ուր Ժիրայրի ընկերն էր փարիզապաշտ երիտասարդ բեմադրիչ Լաերտ Վաղարշյանը: Ժիրայրը փարիզյան հայտնի սովորություն ուներ՝ ճաշի սեղանը եզրափակել պանրով և մի բաժակ կարմիր գինով: Դրանից հետո ինչ էլ հյուրասիրեիր՝ սուրճ թե գաթա, պիտի մերժեր և ասեր իր հայտնի ֆրազը. “Բերնիս համը չեմ փոխեր...”: Թե ինչպես նա չհասկացավ, որ Փարիզից Հայաստան գալով՝ նա պարզապես ոչ թե բերնի համը պիտի փոխեր, այլ` իր կյանքի ոճը, դժվար է ասել:

Մորս համակուրսեցին էր Թատերական ինստիտուտում Ալբերտ Գրքաշարյանը: Հինգ եղբայրներ էին, ապրում էին Այգեձոր թաղամասից Բաղրամյան դուրս եկող նրբանցքներից մեկում, իրենց իսկ կառուցած մեկ հարկանի տանը: Հայրը շուտ էր մահացել, դեռևս Բեյրութում, և մայրը, որը շատ ազդեցիկ կին էր, իր հինգ արու զավակներին 1946 թ. “երկրորդ քարավանով” բերել հասցրել էր Խորհրդային Հայաստան, որ երկրին “պետք գային”: Լիբանանում բավական հայտնի տոհմ էին, հետո ցրվել էին Հայաստան, Ֆրանսիա, ԱՄՆ:

Եղբայրները թե բնավորությամբ, թե արտաքուստ բավական իրար նման էին: Մեծը՝ Անդրանիկը, կլիներ 1925 թվականի ծնունդ, և փոքրը՝ Սահակը, կլիներ 1935 թվի ծնունդ: Ինչպես ասացի, բոլորն էլ ծնվել էին Բեյրութ: Ուրեմն, Անդրանիկը մի տրադիցիա էր ներդրել, որը մեծապես ողջունում էր իրենց մայրիկը՝ չամուսնանալ: Եվ ոչ ոք այդ տրադիցիան չխախտեց, միայն ամենափոքրը՝ Սահակը: Նայում էիր՝ ափսոսդ գալիս էր, մեկը մյուսից բոյով, թիկնեղ, ֆիզիկապես ուժեղ ու առողջ, բայց ամուսնանալը իրենց օրենքից դուրս էր: “Հայրերնիս կանուխ ամուսնացավ նե, ի՞նչ հասկացավ, այնքան կաշխատեր որ սա մանչերը պահեր, որ հինգերորդին աշխարհ գալուց քիչ մը հետո անոթի աշխարհեն գնաց: Ի՞նչ հասկացավ: Չամուսնանար նե, հիմա ողջ-առողջ կլիներ, ինձ էլ այս կրակը գցած չէր լինի”,- այսպես էր ասում Սիրանուշ մայրիկը, ուղիղ կապ տեսնելով չամուսնանալու ու երկարակեցության մեջ: Եվ այսպես առաջին չորս եղբայրները մոր խրատը լսելով չամուսնացան, վերջինը՝ Սահակն ամուսնացավ, և երբ չորս եղբայրները 1978-ին Ամերիկա գնացին, Սահակը մնաց, ու մի տասը տարի հետո խեղճը ինֆարկտից մահացավ Երևանում՝ թողնելով երկու զավակ: “Ամուսնացավ, ատոր համար մահացավ”,- ասում էր մայրիկը, որին ես տեսա Լոս Անջելեսում տակավին 2000 թվականին: Ճիշտ է, գամված էր արդեն անկողնին, բայց այնտեղից էլ ղեկավարում էր իր մանչերին: Կարծեմ, ապրեց ուղիղ 100 տարի:

Ալբերտը ազնվագույն, բարի ու ռոմանտիկ տղա էր, սովորում էր Թատերականում, մորս, Սոս Սարգսյանի, Արմեն Խոստիկյանի և ուրիշների հետ: Թե ինչպես էր ընկել, կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ էր ջոկել Թատերականը, հայտնի էր միայն իրեն, որովհետև նախ շատ ուժեղ արևմտահայ առոգանությամբ էր խոսում և երկրորդ՝ իր խոշորակազմ, թիկնեղ ու չափից ավելի նատուրայով ի՞նչ դերեր պիտի խաղար: Այնպես որ, երբ ավարտեց Թատերականը, մի կարճ ժամանակ Սունդուկյանում էր, քանի որ Վարդան Աճեմյանի կուրսից էր, իսկ հետո անցավ աշխատանքի ռադիոյում որպես Հայաստանի տարբեր շրջաններից ռադիոթղթակցություններ կազմակերպող: Թե ինչ էին անում մյուս եղբայրները, դժվարանում եմ պատասխանել: Բոլորն էլ օրվա ապրուստով ապրող մարդիկ էին, հիմնականում տների “ռեմոնտ” էին անում՝ պատ շարել, ներկել, սվաղ անել, նման բաներ: Ալբերտը միակ, այսպես ասած, “պետական” աշխատողն էր: Շատ կապված էր մեր տան հետ, պաշտում էր Վարպետին, մորս-հորս համար եղբոր պես մի մարդ էր, և ինչ քիչ թե շատ օգնելու գործ կար, պատրաստ էր առաջինը ձեռք մեկնել. մի խոսքով՝ “մեր տան տղան էր”: Եվ երբ 1978-ին նա գնաց, մենք նրա պակասը շատ էինք զգում: Ես էլ հետը շատ էի ընկերացել, քանզի հազվագյուտ մաքրության մարդ էր:

Եվ ահա 1992-ին, երբ առաջին անգամ, մոտ երկու ամսով, եղա Լոս Անջելեսում, առաջիններից մեկը եղա Գրքաշարյան եղբայրների տանը: Բոլորը ողջ-առողջ էին:

 Մեր “ախպարներից” Ալբերտն ու իր եղբայրները նրանցից էին, որոնց ես գիտեի Երևանում ու շարունակեցի հանդիպել նաև Լոս Անջելեսում: Թեկուզ չէր փոխվել նրանց կենսաձևը, ապրուստն ու հոգեբանությունը: Առաջվա պես շարունակում էին թե առավոտ, թե ճաշին, թե ընթրիքին բաստուրմա ուտել: Ճաշին բնական բաստուրման ձվածեղով: “Միսն ինքնին վնասակար ուտելիք է,- ասում էր մեծ եղբայր Անդրանիկը, որն իր ձեռքով էր բաստուրման պատրաստում,- բայց ամեն անգամ, երբ անցնում է պղպեղի ու չամանի միջով և արևի տակ էլ չորանում, դառնում է շատ օգտակար ու առողջարար”: Եվ էլ ինչպես չհավատաս Անդրանիկին, երբ իրոք բոլոր եղբայրներն էլ ողջ-առողջ էին:

Ալբերտը Ամերիկա սկսել էր բանաստեղծություններ գրել ու դեռ մի փոքրիկ գրքույկ էլ տպել էր: Բնաբան էր ընտրել Ավետիք Իսահակյանի մի տողը, որն իր հերթին բնաբան էր ընտրել Հայնեից. իր երիտասարդական տարիների բանաստեղծությունների համար՝ “Չար մարդիկ երգ չունեն”: Այդ գրքույկում հիմնականում սիրային և հայրենասիրական բանաստեղծություններ էին: Բանաստեղծություններից մի քանիսը նվիրված էին Տանյա անունով մի աղջկա: Ասացի. “Ալբերտ, ուրեմն ժամանակին սիրահարված ես եղել”: “Այո,- քիչ շիկնեց Ալբերտը,- Մոսկվա 1950-ական՝ դերասանական պրակտիկայի տարիներին էի պատահել, իմ առաջին ու վերջին սերն է եղել: Եվ գիտես, մինչև հիմա նամակագրություն ունեմ”: “Բա ինչպե՞ս է չամուսնացար, ինչո՞ւ չես կանչում Լոս Անջելես, գոնե մի կին կլինի, կնայի ձեզ, մայրիկիդ”: “Էհ, Ավիկ ջան, կուզես Գրքաշարյան տոհմը վերացնե՞ս, ի՞նչ ես խոսում, մամայիս ականջին տես չհասնի”: Այս խոսքերի վրա լսվեց Անդրանիկ եղբոր ձայնը՝ սեղանը գցել եմ, եկեք, եկեք: Սեղանին մեկ շիշ օղի էր ռուսական, կոկա-կոլա, և Գրքաշարյան չորս եղբայրների ձվածեղով բաստուրման: Հիանալի բուրմունք էր բռնել ողջ սենյակը...

Ընդհանրապես մեր “ախպարները” ջոկվում էին իրենց անհատականությամբ, ինքնությամբ: Նրանք շաքարի պես չէին հալվում համայնական թեյի մեջ: Արհեստավոր հայրենադարձների շքերթը լրիվ չի լինի, եթե մենք չհիշենք կոշիկ մաքրողներին (փայլեցնողներին): Նրանցից ամենաաչքի ընկնողը “Ինտուրիստ” հյուրանոցի մուտքի ձախ կողմում իր մշտական կետն ունեցող վարպետ Կիրակոսն էր: Ավելի ցածր աթոռակի վրա նստած էր ինքը՝ Կիրակոսը, իսկ դիմացի` մեջքով դեպի հյուրանոցի մուտքի սյան ներքին անկյունը դրած մի բարձրադիր աթոռի վրա, որ ասես մի թատերական ներկայացումից մնացած հնամաշ գահ լիներ, նստում էր հաճախորդը: Ներկերի մեծ մասը ինքը Կիրակոսն էր պատրաստում, ամեն չափսի ու ձևի խոզանակներ, մի խոսքով՝ մի ընտիր տնտեսություն, և անցնում էր գործի, երբեք գլխառադ չէր անում, իր գործն անում էր ամենայն լրջությամբ ու ամենամաշված կոշիկին էլ մի 10 րոպե անց տալիս այնպիսի տեսք, որ կարծես նոր էր գնված Միլանի “Անդրեա” խանութից: Ում կոշիկն ասես չի փայլեցրել Կիրակոսը, քանի մարդու տրամադրություն է բարձրացրել, և իր անաչառ գործով հարգել տվել առաջին հայացքից այս ամենացածր թվացող գործը, որի արհեստի հարթակը ընդամենը տասը սանտիմետր էր բարձր գետնից:

Երկրորդ նշանավոր կոշիկ մաքրողը Աբովյան փողոցի կենտրոնական ունիվերմագի մուտքի ձախ կողմի սյուների տակ նստած նշանավոր “Բերիրն” էր, որի մասին այնքան է ասվել ու գրվել, որ հարկ չկա կրկնվելու: Բայց որ հայրենադարձ այդ ծերուկն էլ Երևանի ամենագունեղ մանրատիպերից մեկն էր, դա անխոս այդպես էր: Եվ երրորդը դա երբեմնի 20-30-ական թթ. ճարտարապետական մոդեռնիստական ոճով կառուցած “Սևան” հյուրանոցի դիմացի մայթին նստած վարպետ Վարդանն էր, չափից ավելի լուրջ և քչախոս: Սա, իհարկե, չուներ Կիրակոսի մակարդակը և ոչ էլ “Բերիր”-ի պես պայթյուն էր, սակայն իր գործը լավ գիտեր, կաշվի լեզուն հասկացող մարդ էր:

Արժե՞ արդյոք ասել, որ գորբաչովյան պերեստրոյկան շատ այլ բաների պես ավլեց ու տարավ մեր քաղաքի կոլորիտը կազմող այս վարպետներին, որոնք մի մասն էին ետպատերազմյան և լճացման տարիների Երևանի:

 

Դատարկվել են մեր “ախպարների” թաղերը, այսօր հազվագյուտ հայրենադարձ կգտնես Արաբկիրում, Կիլիկիայում, Զեյթունում, թերևս մի քիչ ավելի՝ Արեշում: Իմ նպատակը չէ գրել, թե նրանք ինչու գնացին, սակայն իմ սիրտը ցավում է, որ նրանք չկան այսօրվա Երևանում: Նրանց տեղը շատ է երևում, նրանք կարծես ի սկզբանե քաղաքացի էին և քաղաքին էլ տալիս էին իրենց հատուկ կոլորիտը, ձևը, գույնը, ոճը: Ես հիշում եմ նրանց կարոտով և էլի ի վիճակի չեմ հասկանալ, թե ինչու և ինչպես կայացավ “Ելքը Եգիպտոսից” հակառակ ուղղությամբ: