«Երևանյան էսքիզներ» շարքից

ՀԱՍ ՉԱԽԱԼՅԱՆ

ՊԱՏՇԳԱՄԲ

 

Փչի՛ր քաղաք,
ես կթաքնվեմ
քո մոռացության
տուֆե թփերում,
որ դու չհիշես,
անինձ օրերիդ
գողգոթան կարմիր....
քո սիրտը արդեն
հոգեհասցե չէ
և ոչ էլ գոգնոց,
իմ համեմահոտ
շերեփի համար...
ինձ լքի՛ր քաղաք,
ուզում եմ գրկել
ես քո շներին,
որ չունեն ոսկոր,
բայց թափառում են
լիալուսնիդ տակ
և չեն հարցնում
օր և ամսաթիվ....
չգիտեն նրանք,
որ դու մերկության
ցնցոտիներով
բաժանում ես քեզ
մուրացկաններիս,
այս կարճամետրաժ
լվացքի համար,
որ կոչեցինք սեր
առանց արմատի
ու քեզ տեսնելու.....
ինձ փռի՛ր քաղաք,
քո պատշգամբից,
ես `քո ծակ գուլպան,
կարող եմ զգալ,
ինչպես է քամին
հոգուցդ եռում...

 

 

ԻՄ ՈՒ ԻՄ ՄԻՋԵՎ

 

Իմ և իմ միջև 
դու ես,քաղա՛ք,
և կանգնել է
լռությունը,
միջանցքում,
ուր մահճակալս
մամռոտ 
հևում է վերջին
արցունքներդ....
անձրևը կթափվի
և դու կթափվես
փոշոտ խորդանոցներում,
ուր թաքցրել էի ես
քեզ մոտ բերող հեծանիվս....
դու կիսատ ես,քաղա՛ք,
երկտողի մեջ,
որը ես եմ....
և ուր դու ես`
ջրափոսեր ավլող
անձրևանոցով....

 

 

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

Իմ արնաներկ բիբերով քաղաք,
ճաղավանդակից
ձեռքդ չհանե՛ս....
հոգեթաց օրվա 
շուրթերը արդեն...
հայհոյեցին քեզ`
հրաժեշտների 
կայարաններում
կուրծքդ կախելով
որպես ցուցափեղկ
ինքնության մաղձի....
չտեսած երբեք
քրտինքդ տուֆե,
քո ոսկորները
մենք շոշափեցինք
և ժամերգության
ծակ վրաններում
մլավեցինք քեզ
առանց հավատքի....
մենք վաճառվել էինք,
երբ դու աճուրդում,
չէիր վաճառում մեզ....
նետի՛ր դու,քաղաք,
մնացորդները 
քո կերակրի,
որ մենք չկոչենք
քեզ հիշողություն
և ոչ էլ մշուշ
ծխելույզների,
որ չունեն ներկա
ցրտահարության...
չմեռնե՛ս,քաղաք,
հոգեզարկերդ
թո՛ղ իմը լինեն,
իմ, իսկ սրտի մեջ
ինձ սիրի՛ր ,քաղաք....

 

 

***

 

Իմ սրտի
կարմիր ժապավենին,
արնահոսում էր ձմեռը՝
ոտաբոբիկ փաթիլներով,
և հուշերի մետրոյում
սառում էր մի քաղաք,
որի գնացքն էի ես...

 

 

***

 

Տուֆամաշկ իմ քաղաք,
քեզ պահել եմ հագած
շորերիս երջանկության մեջ,
որովհետև տեղավորվեցիր 
ընդամենը մի դարակում, 
երբ ծալում էի հոգիս.....

 

 

***

 

Տեսե՞լ եք մի քաղաք,
ուր ջրափոսերի մեջ 
լողացող երեխաները երջանիկ են
եվ արգելված արցունքների 
թեյը խմում են
ծառերի,գրքերի,
փողոցների վերջում,
որոնք եղել են.....

 

 

***

 

Սենյակը ծխում է

մենությունը քաղաքի,

ուր ոչ մի քար իմը չէ...

որքա՜ն տխուր է ժապավենը,

որտեղ բիզ-բիզ էիր երջանկությամբ

և չունես գդալ մի քաղաքի համար,

որ քո շաքարամանն է եղել....

 

 

***

 

Աշխարհի բոլոր
կամուրջները 
վերադարձնում են տուն,
երբ հոգին 
պատուհան է ծաղկաթերթ
և ջերմում է երկինքը
քաղաքի անցքերից,
ում մրջյուններով
խաղացել ես չորեքթաթ
և չես մեծացել.
Բարև Երևա՜ն

 

 

***

 

Տու՛ր ինձ մարմին,
որը ունի
արքայություն 
ոչ երկրի,
ոչ երկնքի վրա,
այլ քեզանից դուրս:

«Վերադառնում են սիրտ
ձեռնունայն»,-շշնջաց Երևանը
երկուսիս համար....

Եվ ձյունեց:

 

 

ՋՐՑԱՆ

 

Քաղա՜ք,
ջրցանում ենք միշտ քեզ,
երբ ուզում ես կանգնել
առանց չոչի....
և չգիտես վաղուց
տերդ ո՞վ է դարձել,
և ո՞վ չի լքել բառը
քեզասպան`
շպրտելով դեմքիդ.
-Կգա՜մ......
քեզ ջնջեցինք,քաղա՜ք,
այն կավիճով,
որով ասֆալտներիդ
մեզ էինք գծել
և հարևանից բերած
դառը սուրճով
քո ցուրտն ու անլույսը
լուռ կծել....
քեզ փոխեցինք,քաղա՜ք,
մեր շորերի,հասցեների
ու ուրիշ քաղաքների հետ,
որովհետև գիտեինք
դու մնում ես նույնը`
թաց և չոր,
հին և անգույն,
ու ժպտացող
վարագույրի ծալքերից տաք
ջրցանադեմք,
ուր մեզ սիրել սովորեցինք`
չհիշելով քոնը լինել
մի նոր տողից ծիածանի....