ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ԻՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Զավեն Ավետիսյան

Այս գրախոսությունը գրելուց առաջ որոշեցի կարդալ մեզանում գոյություն ունեցող հուշագրական գործեր: Կես ճանապարհին կանգ առա Փիթեր Բալաքյանի “Ճակատագրի սև շունը” մեզանում ամենահաջողված հուշագրական երկի վրա:

Ինձ համար այս գիրքը իր աշխարհամտածությամբ, բովանդակության հարստությամբ, կառուցվածքային առանձնահատկություններով, գիտակցության խորքային շերտերի բազմազանությամբ, ցավագին ապրումներով, զսպվածությամբ, ճչացող լռությամբ, հատուցումի սպասումներով, ամեն, ամեն ինչով ինձ դուր եկավ: Մի օր հեռուստացույցով լսեցի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով արտասահմանյան շատ գրողներ ու գիտնականներ են ժամանել Երևան, որոնց շարքում նշված էր նաև տաղանդավոր արձակագիր և բանաստեղծ Փիթեր Բալաքյանի անունը: Որոշեցի անպայման հանդիպել նրան, մտքեր փոխանակել, ոչ միայն Փիթերի տաղանդավոր հուշագրության, այլև վերջինիս արարման ուղիների ու դժվարությունների մասին: Ինձ համար, ցավոք, այդ ցանկալի առիթը չկայացավ: Մի անհետաձգելի գործով մեկնել էի գյուղ: Երբ վերադարձա, լսեցի, որ նա ժամանակից շուտ վերադարձել է Ամերիկա: Որոշեցի նրա գրքի մասին գրած իմ գրախոսությունը տպագրել “Գրական թերթում”, ինչը և տպագրվեց:

 

 

***

 

“Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք...”

Հովհաննես Շիրազ

 

Այս պատանին հետագայում ամերիկյան գրականության մեջ լայն ճանաչում գտած տաղանդավոր բանաստեղծ և արձակագիր Փիթեր Բալաքյանն է, որի նախնիները ճակատագրի բերումով փրկվել են Եղեռնից` հայտնվելով հեռավոր Ամերիկայում: Բալաքյանի հեղինակած “Ճակատագրի սև շունը” գիրքը, որպես լավագույն հուշագրություն, 1986թ. արժանացել է Փեն Ալբրանդի մրցանակի և լայն արձագանք գտել ամերիկյան մամուլի տարբեր օրգաններում` “Publishers Weekly”, “The Philadelphia Inquirer”, “New York Times”, “San Francisco Chronicle”, “Library Journal”, “The Providence Journal”, “Krkes Reviews”, “The Fresno Bee” և այլք:

Այս արձագանքներից հատվածաբար բերենք մի քանի կարծիքներ, որոնցում գնահատվում է ոչ միայն Բալաքյանի գերազդեցիկ հուշագրությունը, այլև դատապարտվում թուրք ենիչերիների անպատկերացնելի գազանությունը մի ազգի նկատմամբ, որի հազարամյակների ընթացքում ստեղծած մշակութային արժեքները դժվար է գերագնահատել:

Այսպես` “Բալաքյանը մի աստիճան առաջ է գնում Նաբոկովի “Խոսիր, հիշողություն” գործից` գրելով մի հուշագրություն, որն իբրև համաշխարհային մի մութ պահի գոյություն է, ինչն անկարելի է ջնջել”:

“25-30 տարվա մեջ միայն մի անգամ է երևում այնպիսի մի ավարտուն գրական գործ, որն այդքան ուժեղ կերպով է առաջադրում ծանր հարցեր և որին հաջողվում է դրանց պատասխանները տալ պարզությամբ ու պերճախոսությամբ”:

“Ճոխ երևակայությամբ գրված ու ստույգ փաստերով հիմնավորված ցավոտ հարցեր, որոնք ուղղված են բոլորիս”:

“Խորապես հուզիչ կերպով է նկարագրում ամերիկահայ ժամանակակից բանաստեղծը, թե ինչպես է հայտնաբերել ցեղասպանությունը, այն էլ իր սեփական ժողովրդի: Բալաքյանի նրբագեղ ոճը, սակայն, չի ծածկում այրող մի զայրույթ նրա համար, որ աշխարհը երկար ժամանակ գերադասել է անտեսել այդ ողջակիզումը”:

Հուշագրության մեջ շատ ավելի ազդեցիկ է Փիթերի հորաքույր Նոնայի խոսքը. “Երկրի փոխարեն երազ ունենք, քանի որ մեր տարածքը ձեռքներիցս թռել է, հնարելու մի ազատություն ունեինք, որից զուրկ են շատ ու շատ ազգեր: Եվ որքան մեր աշխարհագրությունը նեղանում է, այնքան էլ ընդլայնվում է մեր երևակայությունը` նմանվելով խավարի մեջ թևածող բուերի”:

Բալաքյանի հուշագրությունը վերաբերում է իր հին ու համեմատաբար նոր գերդաստանի պատմությանը և սկսվում է Փիթերի տատիկից, որին նվիրված դրվագը ուշագրավ ենթատեքստ ունի` այն երեխաները, որոնք տարբեր պատճառներով իրենց տատիկների հետ չեն ապրում, շատ բան են կորցնում: Տատիկի բնավորությունը և դերն այնքան ազդեցիկ էր, որ ընթերցելիս ակամայից հիշեցի իմ սարվոր տատիկին, երբ նա գիշերվա կեսին սար ու ձոր ընկած գնացել էր փնտրելու մեր կորած հորթին: Ու երբ հորթն առաջն արած վերադարձավ, ջերմորեն գրկեցի նրան, ապա սկսեցի համբուրել հորթուկի շաղոտ դունչը: Դա իմ ամենաերջանիկ օրերից էր, որ մնացել է հիշողությանս մեջ:

Բոլորովին ուրիշ ճակատագիր էր բաժին ընկել Փիթերի Նաֆինա տատիկին, որ միայն իր ճակատագիրը չէ, այլ մի ամբողջ ժողովրդի: “Ես նրա ավագագույն թոռն եմ,– գրում է հուշագիրը,– Ֆրեզնոյի արևելքում հաջորդ սերնդի առաջին տղամարդը... Մանկության օրերին չէի էլ հասկանում, թե նոր սերնդի առկայությունը ինչ նշանակություն ուներ քաղաքակրթության համար, որ գրեթե ամբողջությամբ ջնջվել է երկրի երեսից 45 տարի առաջ”: Պատանի Փիթերը ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու է իր ընտանիքը հայտնվել Ամերիկայում: Նա տատիկին բազմաթիվ հարցեր է տալիս, որոնց պատասխանները կցկտուր էին և որոնք հասկանալն իր համար դյուրին չէր: Դանիել Վարուժանի խոսքով ասած. “Իր առջև դեռ մեծ գաղտնիք է անդիմակ”:

Ծնողները հայերեն էին խոսում, երբ ուզում էին մի գաղտնի բան ասել: “Դրանք ի՞նչ բառեր են”,– հարցնում էր թոռնիկն իր տատիկին: Պատասխանը միշտ նույնն էր ու խորհրդավոր: “Բառերը բարեկամներ են: Նեղ օրերին բարեկամանում են քեզ հետ”: Տատիկը Խուրբ գրքից ընդարձակ հատվածներ էր արտասանում ու երբ վերջացնում էր իր աղոթքը, հեռուստացույցով հետևում էր Բեյսբոլին, լսում “Դաբլյու Էմ Ջի” համերգային ծրագրերի երգերը: Այդ ամենով փորձում էր մոռացության տալ այն, ինչ ապրել էր անցյալում: Նրա կարծիքով “Ռոքնռոլի” ռիթմը մարդուն ազատ շարժվելու հնարավորություն է տալիս: Թոռնիկին ստիպում էր նույն կերպ մտածել, չէր ուզում հայկական անցյալի ծանր բեռը դնել խաղաղ ու անհոգ կյանքով ապրող թոռնիկի ուսերին: Կյանքի ժամանակն Ամերիկայում ուրախ էր, արագընթաց, ոչ թե հայկական ժամանակի նման դանդաղ ու խոհական: Տատիկը թոռնիկի համար պատմություններ էր պատմում, և դրանք նման չէին այն պատմություններին, որ ընկերներն էին լսում իրենց ծնողներից: Տատիկի պատմությունները ոչ կոնկրետ տեղի և ոչ էլ կոնկրետ ժամանակի մասին էին: Փիթերը երբեմն լսում էր երկիր բառը, որի վրա կարծես “կողպեք կար դրված”: Իսկ երբ հարցնում էր այդ երկրի մասին, տատիկը, ինչպես և մայրը, հորաքույրը, կամ լռում էին, կամ էլ հպանցիկ պատասխանում. դա հնագույն բնակավայր է,– ասում էին նրանք,– որ այլևս չկա: Մնացած դեպքերում` քար լռություն էր: Այդ լռությունը ողբերգական անցյալից ազատվելու համար ճիգեր էին: Կորուսյալ հայրենիքը հոգեբանորեն ցավ էր պատճառում նրանց և դրանից փրկվելու միակ միջոցը լռությունն էր:

Լավ հիշում եմ` իմ դպրոցական տարիներին մեր գյուղում գաղթական Տիգրան անունով մի մարդ էր ապրում, գլուխը կախ, բահն ու քլունգը ձեռքին գյուղի խորդուբորդ ճանապարհներն էր հարթում, իսկ երբ գյուղացիները հարցնում էին նրան իր անցյալի մասին, չէր պատասխանում, լռում էր` ցավագին հիշողություններից եկող լռություն:

Փիթերը տատի մահից հետո գրում է. “Այն միտքը, որ այլևս չէի կարող տատիս հարցեր տալ, սոսկումի սառն ալիքի պես շանթահարում էր ինձ: Որ նա այլևս չկա, որ մի դատարկ տարածություն կար, որ նա մի ժամանակ իր աշխարհն էր հարթել արագ քայլերով: Չէի կարողանում հավատալ: Համոզում էի ինքս ինձ` “նա կվերադառնա ալյումինե ցուպը ձեռքին ու կսկսի պատմել իր խենթ ու խելառ պատմությունները”: Տատի մահից հետո երկիրը շատ հեռու էր թվում. “Եվ քանի որ մեր տանը երկրի մասին շատ նյութեր չկային, և նույնիսկ իմ երևակայության մեջ բեկոր անգամ չկար նրանից, ուրեմն, այն առկա էր իմ տատիկի կերպարով: Ինչ որ էր այդ երկիրը, ուրեմն` հենց տատիկն էր: Ինչ էլ որ տատիկս էր, ուրեմն` հենց երկիրն է”:

Այնուհետև հուշագիրը մտովի կանգ է առնում իր մոր կերպարի վրա: Մայրը` չափազանց բարյացակամ, ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի նկատմամբ ուշադիր էր: Նա գրականության, մասնավորապես պոեզիայի սիրահար էր, ճշմարիտ հայ քրիստոնյա: Ընտանիքի բոլոր ներքին խնդիրները, կենցաղային հոգսերը ծանրացած էր նրա ուսերին, բայց բծախնդրորեն, առանց դժգոհելու, անում էր ամեն ինչ: Այն փողոցում, որտեղ ապրում էր Փիթերի ընտանիքը, հարևանները հիմնականում հրեաներ էին: Փիթերը մոր հետ միշտ այցելում էր մոտակա հայկական եկեղեցին: Շարունակ հարցնում էր մորը` հրեաները նույնպե՞ս այս եկեղեցում են աղոթում: Մայրը նրբանկատորեն ներկայացնում էր հարցի պատասխանը. “Մենք քրիստոնյա հայեր ենք, հավատում ենք Հիսուսի խոսքերին: Ավանդույթն ասում է, որ Նոյան տապանը ջրհեղեղի ժամանակ իջել, հանգրվանել է Հայաստանում` Արարատ լեռան գագաթին: Այն մեր ազգային խորհրդանիշն է”: Իսկ որտե՞ղ է Արարատ լեռը,– հարցնում է Փիթերը: Մայրը պատասխանում է, որ այն ուրիշ երկրում է և գտնվում է Արևելքում: Եվ այսպես ամեն հարցի անգամ կիսատ պատասխանը Փիթերին մոտեցնում է իր նախնիների երկրին: Տատիկի սենյակում պատից կախված նկարիչ Սարգիս Խաչատրյանի վրձնած գեղանկարը, ապա և “Ուորդ Բոքում” կարդացած նյութերը, որ վերաբերում էին Հայաստանին, նրան հնարավորություն են ընձեռում հայտնաբերելու ինչ-ինչ տեղեկություններ Հայաստանի մասին: Սրանք Փիթերի համար ինքնուրույն որոնումների ժամանակներ էին:

Հուշագրության մեջ Բալաքյանն անդրադառնում է նաև հոր կերպարին, ամեն կերպ ջանում է ամբողջության մեջ տեսնել նրա մարդկային էությունը, ներաշխարհն ու բնավորությունը` գտնելով նրա մեջ, նրա ընկալումներում մշակութային հակասություններ: Նա մի կողմից եվրոպացի էր, մյուս կողմից` ամերիկացի, իսկ ավելի խորքում` անդառնալի հայ: Նրա վերաբերմունքը խիստ պաշտոնական է, ինքնամփոփ, մեկուսի, հիշեցնում է Էդվարդյան շրջանի ազնվականի: Հայրը լայն ճանաչում գտած բժիշկ է, չափազանց մարդասեր: Վերջինիս համար ճանաչված լինելն այնքան կարևոր չէր, որքան հիվանդին ոտքի կանգնեցնելը: Ընտանիքի գործերին նա չէր խառնվում, դրանք թողնում է կանանց` գտնելով, որ ընտանիքը կնոջ հայտնագործությունն է: Նա սիրահարված է գյուղաշխարհին: Գյուղը, ըստ նրա, Աստված է ստեղծել, իսկ քաղաքը` մարդիկ: Հոր և տղայի հարաբերություններն այնքան էլ հարթ չէին, նրանց միջև կոնֆլիկտ կար, և գլխավոր պատճառը տղայի` աղջիկների հետ ունեցած հանդիպումներն էին, որոնք շարունակվում էին երկար ու ձիգ հեռախոսային զրույցներով: Փիթերը նկատում է, որ ուրիշ երեխաներից ոչ մեկի հայրն այնպիսի թշնամանք չէր տածում անցումային շրջան ապրող որդիների նկատմամբ, որքան իր հայրը: “Եվ որքան նա,– գրում է Փիթերը,– ինքնամփոփ, օտարոտի ու չհավան էր դառնում, այնքան ինձ հայ էր թվում”:

“Ճակատագրի սև շունը” հուշագրության մեջ հեղինակը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է իր նախնիների` Արուսյանների կյանքի պատմությանը: Վերջիններս իրենց հայրենիքում մետաքսամշակման և դրա արտադրական արհեստի մարդիկ են եղել: Նրանց միջոցով շերամապահությունը մուտք է գործել Արևելք: Նրանց առևտրական կենտրոնները տարածված են եղել Դիարբեքիրից, Ստամբուլից մինչև Աթենք:

Կարդալով այս հուշագրությունը` ակամայից մտածում ես, թե ինչպիսի հարուստ հայեր են ապրել իրենց հայրենի հողի վրա` Արևմտահայաստանում: Այդ մասին ես կարդացել եմ նաև Սևդա Սևանի “Ռոդոսթո, Ռոդոսթո” երկհատորյակում: Թուրքերը բռնագրավեցին ոչ միան մեր տարածքները, այլև այն արժեքները, որոնք ստեղծվել էին հազարամյակների ընթացքում` բերդեր, կամուրջներ, աշխարհիկ ու հոգևոր շինություններ, ճարտարապետական հուշարձաններ, ճանապարհներ, մշակված անծայրածիր հողեր, այգիներ, թուրքական բանկերում պահ դրված միլիարդավոր գումարներ: “Իմ նախնիների, նաև ծնողներիս սերնդի համար,– գրում է Բալաքյանը,– աշխարհը գուցե մի վայր է, ուր դավադրաբար ուզում են քեզ սպանել: Եղեռնից հետո մահվան սարսափը տարբերվում էր մահկանացու լինելու մտահոգությունից: Մարդկային բանականությունն ու բարոյականությունը ոտքի տակ դրած, լուսավոր Եվրոպայի աչքի առջև դաժանորեն ոչնչացրին արևմտահայությանը: Թուրքիան Թուրքիա դարձավ հայերից բռնագրաված հարստությամբ: Իր հուշագրության մեջ Բալաքյանն անդրադառնում է նաև համեմատաբար երկրորդ սերնդին վերաբերող դեպքերին ու դեմքերին` հորաքույրներ, մորաքույրներ, նրանց ամուսիններին ու ժառանգներին և Ամերիկայում վերջիններիս հետ սերտ առնչություններ ունեցող հայ և օտարազգի մշակութային գործիչներին` Վիլյամ Սարոյանին, Մայքլ և Ալիս Առլեններին, Յուդորա Ուելթիին, Կուրտ Վաննեգութին, Էրիկա Ջոնգին, Մարգրետ Յանգին, Դեյզի Օլդուինին, մասնավորապես Ալեն Գինզբերգին, Օռլովսկուն և ուրիշների: Հորաքույրները և մորաքույրները հրավերքների սիրահարներ էին: Իրենց ծանոթ գրողներին հավաքում էին ճոխ սեղանների շուրջ և երկար ու ձիգ ժամեր խոսում, բանավիճում էին գրականության և արվեստի մասին: Փիթերը գրում է. “Ճաշկերույթը, սնունդը մեզ համար մշակութային բարդ խորհրդանիշներ էին, հավաքական հիշողություն”: Խոսում էին անգամ ճաշատեսակներ եփելու, հայկական և ամերիկյան համադրության մասին, որ համահունչ էր Արուսյանների ներկա կենսագրությանը: Մորաքույր Լուն և Գլեդիսը Ուոլ Սթրիթում աշխատող ճանաչված գործատերեր էին: Նրանք Վինսենթ Փիլի մեջ էին գտնում կապիտալիզմի հանդեպ իրենց հավատքի ու քրիստոնեական բարեպաշտության կատարյալ միասնությունը: Արուսյանները, հայտնվելով Ամերիկայում, որոշում են ամերիկացի դառնալ: Շնորհիվ բողոքական լինելու առաքելության, ընդունում էին այնպիսի քաղաքակրթություն, որի թիկունքին շուրջ 2000 տարվա պատմություն ունեցող հայ քրիստոնյաներն էին: Այդուհանդերձ, դոկտոր Վինսենթ Փիլի մեջ էին գտնում կապիտալիզմի հանդեպ իրենց հավատքը: Փիթերի հորաքույրը` Աննան, Նյու Յորքի համալսարանի ռոմանական լեզուների ֆակուլտետի պրոֆեսոր էր: Փայլում էր ֆրանսերեն լեզվի և գրականության իմացությամբ: Մյուս հորաքույրը` Նոնան, երկար տարիներ խմբագիր էր աշխատում “Նյու Յորք թայմզ բուք ռիվյու”-ում: Երկուսն էլ մի շարք գրքերի հեղինակներ էին: Աննան հիմնականում գրում էր ֆրանսիական պոեզիայի մասին, իսկ Նոնան` արձակի, երբեմն էլ` Ամերիկայում ապրող հայ գրողների:

Արուսյաններն անչափ հպարտանում էին իրենց գեղագիտական բարեկրթությամբ ու ոճի նուրբ զգացումներով: Թեյլոր Քոլդուելին ու Վիլյամ Սարոյանին գերադասում էին Վուլֆից ու Անդրե Բրետոնից: Աննան հաճախ էր անդրադառնում իր ընկերոջ` արձակագիր Քարսըս Մըքըլըրզի ողբերգական տեսիլներին: Հորաքույր Աննան գտնում էր, որ ռոմանտիզմի բանաստեղծները իմացականացված զգայականության միջոցով խուսափում էին ներկայի տաղտկալիությունից: Դեռևս այն ժամանակ նրանք ըմբռնում էին մանր բուրժուազիայի խնդիրները: Մորաքույր Լուն հաստատում էր իրենը` Դոկտոր Փիլը հավատում էր բառերի իրական ուժին: Աղոթքի իմաստով բառերը մեր առջև դուռ են բացում դեպի մի ավելի հզոր ուժի, քան ինքներս ենք: Ուշագրավ կարծիք է հայտնում նաև Աննան, ասելով` բանաստեղծը մեզ սովորեցնում է, որ անդունդը մոտ է մարդկային երևակայությանը, և երևակայությունն է, որ մեզ գերմարդկային ուժ է տալիս: Աննան իր գրականագիտական հոդվածներով, մենագրություններով գրավել է ամերիկյան գրական միջավայրի ուշադրությունը: Հատկապես իր “Գերիրապաշտության գրական ավանդույթները” ինքնատիպ գրքում դիտողություն է անում նորօրյա գրողներին: Նա չափազանց խելոք կին էր: Ծնվելով Կոնստանդնուպոլսում` փիլիսոփայական դոկտորի կոչում էր ստացել Կոլումբիայի համալսարանում: Գրել է նաև “Խորհրդապաշտական շարժում”, “Գերիրապաշտության ճանապարհը դեպի բացարձակը” գրքերը: Երիտասարդ Փիթերի ականջին տարօրինակ էին հնչում հորաքրոջ հոդվածները` “Գեղեցիկ և չդատապարտված Ֆիցջերալդի պատմվածքները”, “Ներքին ռեալիստները”, “Հոգեզրկված ամերիկացիները”, “Քածերն ու տխրադեմ տիկինները”: Ինչպիսի ազատություն գրականագիտության մեջ: Այս ամենն ինձ մտածել է տալիս այն մասին, որ ժամանակն է ազատվելու ոչինչ չասող գրականագիտական կարծրատիպերից, իներցիայով շարունակվող հնաոճ տերմիններից, գրական մեթոդներն իրար հակադրող արհեստից, այն ամենից, ինչը գրականությունը դարձնում է օրենքների պաշտոնական ժողովածու, որ խորհրդային տարիներին կնիքով հաստատվում էր վերուստ:

Բալաքյանի հուշագրության մեջ ուշագրավ դրվագ է Ալեն Գինզբերգի և Օռլովսկու հանդիպումը ուսանողների և դասախոսների հետ: Լերիոնի քաղաքային դահլիճը լեփլեցուն էր պոեզիայի սիրահարներով: Բեմում հայտնվում է ճաղատ Գինզբերգը` փոքրիկ մորուսը ծնոտին թառած: Նա անփույթ էր իր շարժումների մեջ, ունկնդիրների հետ անմիջական, առանց վերևից նայելու: Նրանք երեք ժամ շարունակ կարդում էին իրենց բանաստեղծությունները և երգում ակորդեոնի ուղեկցությամբ: Օռլովսկին անհեթեթ, էքսցենտրիկ, նաև սեքսուալ շարժումներ էր անում` հիասթափեցնելով որոշ հանդիսատեսների: Այդ հանդիպմանը ներկա էր նաև Փիթերի մայրը, ով բարձր էր գնահատում Գինզբերգի մարտնչող, մտածողությամբ միանգամայն նորաոճ բանաստեղծությունները:

Փիթերի մորաքույր Նոնայի տանը հաճախ էին լինում գրական հանդիպումներ: Դրանց մեջ, թերևս, Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումը, լավ իմաստով, տարբերվում է: Սարոյանից բացի ներկա էին նաև ուրիշ գրողներ` Մարգարիտ Հովհաննիսյան, Մայքլ Առլեն, Փիթեր Սուրյան, Լեո, Ջեք Անդրեասյան, Նշան Փառլաքյան և ուրիշներ: Նրանք բոլորն էլ եղեռնից մազապուրծ ծնողների զավակներ էին: Խոսում էին գրականությունից, արվեստից, ամերիկյան կյանքից, իրենց կորուսյալ հայրենիքից: “Սարոյանը մուգ կապույտ տաբատով էր: Նա նման էր Երկրից հանկարծ հայտնված գյուղացու: Նրա ձեռքին երկու բաժակ կար` մեկում թեյ, մյուսում օղի, հրաշափայլ մի ինքնուս, որ բացահայտեց այն ոճն ու ժողովրդական ոգին, որով ամերիկացիները գտան ու լսեցին իրենք իրենց”: Այս հանդիպման մասնակիցները չշրջանցեցին Արշիլ Գորկուն, որ լայն հեղինակություն էր վայելում ամերիկյան վերացական գեղանկարչության մեջ: Ինտելեկտուալ, կիրթ հայորդիների հոգու մեջ լուռ, բայց և ճչացող հոգեբանական վիրավորվածություն կար, որ հատուկ է հայերիս, նաև խրոնիկական կարոտ: Կորուսյալ հայրենիքը հեռվից հեռու դեռ խոսում էր նրանց հոգու մեջ: Մանավանդ Փիթերի ընտանիքի անդամների մեջ, որոնք շատ հեռու էին հայրենիքը տեսնելու լավատեսությունից: Այդ պատճառով էլ տան անդամներն ամեն անգամ հիշում էին այս ամենից եկող տատիկի խորհուրդը` աչքերից մեկը բաց քնիր, վախեցիր չար աչքերից: Եթե ապրեք էլ, այս անտանելի կարոտաբաղձությունը դեռ երկար է մնալու մեր ժողովրդի հոգու մեջ: Դա էր պատճառը, որ Կոստան Զարյանը հաճախ է կրկնել` որքան դժվար է հայ լինելը:

Այլընդում գտնվող մի շքեղ գրադարանի դահլիճում Փիթեր Բալաքյանի “Լույսի տխուր օրեր” բանաստեղծական ժողովածուն քննարկելու ժամանակ ներկաները ոչ միայն խոսում էին հայ բանաստեղծի տաղանդավոր գործերի մասին, այլև Հայոց եղեռնի: Հորաքույր Աննան շատ էր ուզում, որ այդ տրամադրությունները հնարավորինս շուտ հեռանան հայերի հիշողությունից: Բայց ահա դրա կողքին հիշում էին Կոստան Զարյանի խոսքը. “Զոհ ենք առարկայական, աննպաստ պայմաններին, մեզնից անկախ հասունացած դեպքերին: Ուրիշների հաղթական կամուրջների առջև փռել ենք մենք մեր ցնցոտիները ու սպասում ենք: Ինչի՞, ո՞ւմ...”: Կոստանի խոսքը շատ է արդիական և շատ է նման մեզ` և՛ անցյալում, և՛ այսօր:

Փիթերը ծնողների գրադարանում պատահաբար հայտնաբերում է դեսպան Մորգենթաուի “Հուշերը”: 1913թ. Վիլսոնը նրան նշանակել էր Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան: Այս տարիներին Թուրքիան նման էր այն զառամյալ վիճակին, նկատում է հուշագիրը, որի հետևանքով դյուրին որս էր դարձել գերմանական դիվանագիտության համար: Աբդուլ Համիդն իր աչքերով տեսնում էր կայսրության քայքայումը` Ռումինիան, Սերբիան, Բուլղարիան դառնում էին ինքնանկախ երկրներ: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, որում պարտվել էր Թուրքիան, Սան Ստեֆանոյում կնքված պայմանագրով ռուսներին էր թողնվել Անատոլիայի գավառների վերահսկողությունը: Բայց հետո Դիզրայելի կարգադրությամբ սահմանները վերանայվեցին: Բեռլինի 1878թ. դաշնագրով եվրոպական ուժերը միայն տեսական պարտավորություն ստանձնեցին պաշտպանելու հայ ազգաբնակչությանը: Սրանից հետո թուրքերի քաղաքականությունը սկսեց կոշտանալ հայերի նկատմամբ: Երիտթուրքերը 1908թ. այս տարածքում դարձան իշխող ուժ: Թալեաթը, որ ներքին գործերի նախարարն էր, ստեղծված պահն օգտագործելով` սկսեց հայերի համատարած ջարդերը: Մորգենթաուի ներկայությամբ նա ցինիկորեն խոստովանել է` այն, ինչ Աբդուլ Համիդը 30 տարում չկարողացավ անել, ես արեցի 3 ամսում:

Մարդկային քաղաքակրթության պատմության մեջ թուրքերի միակ “ներդրումը” քրիստոնյա ժողովուրդներին, մասնավորապես հայերին ոչնչացնելն է, գրում է ամերիկյան դեսպանը իր “Հուշերում”: Այստեղ է, որ նա ակամայից հիշում է` տարբեր ձևերով ու միջոցներով, քաղաքական խարդավանքներով ողջակիզելն է եղել, ինչը շարունակվում է մինչև այսօր: Այս ամենի մասին կարդալը շատ դժվար է: Ես հիշում եմ` 60-ական թվականներին Երևանի պետական համալսարանում սովորելիս այս դաժանությունների մասին կարդում էինք` ձեռքից ձեռք անցնող Գեմբարսկու նամակները, Փարիզում հրատարակված “15 թիվը”, “Դեյր Էզ Զորը”: Դրանք Եղեռնից մազապուրծ եղած հայերի հուշագրություններն էին: Կարդալուց հետո ես հայտնվել էի հոգեբանական ապատիայի մեջ, երկար ժամանակ խուսափում էի այդ բովանդակությամբ գրքեր կարդալուց: Փիթերի հուշագրության մեջ “Արցունքոտ լուրեր” գլխում Բալաքյանի հորաքույրը հիշեցնում է ֆուտուրիստ բանաստեղծ Մարինետիի խոսքերը. “Չենք կարող մեջքներիս տանել մեր նախնիների գերեզմանները”: Փոխաբերական իմաստով դաժանության մասին առավել քան դաժան է ասված: Այսուհանդերձ, չենք կարող չկարդալ, չենք կարող չգրել. դա անհնար է, որովհետև հայերիս ճակատագրի մեջ ներխուժած սև շունը դեռ զորեղ է, դեռ շարունակում է հաչել:

Փիթերը Մորգենթաուի հուշերից այսպիսի մի մեջբերում է անում. “Որքան հզոր է ոճրագործը, այնքան ծանրակշիռ է նրա առանձնաշնորհները սահմանելու և որոշելու իրավականությունը, նույնքան ավարտուն է նաև նրա գերակայությունը”:

Ցավոք, սա դաժան ճշմարտություն է: Մեծ տերությունների քաղաքական խաղերի արդյունքում փոքր ժողովուրդները ժամանակ առ ժամանակ հայտնվում են անելանելի ծուղակի մեջ: Այսօր հայերիս համար վերջին օրինակը Քեսաբն է: