ՏԱՂԵՐ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՄԱՍՏԱՍԵՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՄԱՍՏԱՍԵՐԻ ԵՎ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՍՓՈՓԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՍԱԾ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾ ՍԱՐՅԱԿ ԿՈՉՎՈՂ ԹՌՉՆԻ ՁԱԳԻՆ, ՈՐԸ ՆՐԱ ԱՂՈԹԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ ՔԱՂՑՐԱՁԱՅՆ ՃՌՎՈՂՈՒՄ ԷՐ

 

Զվարթուն և կայտառ թռչուն, դու մշտարթուն ու բարբառող,

Անտառասեր ու մենակյաց, ձեռնընտել ու համբուրասեր,

Դու կանչող ես ու կարկաչող, ճռվողող ու ժամերգասեր,

Ե՛կ ինձ մոտիկ` գովաբանեմ, որ մեծանա փառքն Արարչի,

Մեծը փոքրիցդ քարոզվի և քաջարվեստ թող ճանաչվի:

Թռչնազգի ես դու թևավոր` քեզպեսներով ջրից բխած,

Բայց տեսակով դու տարբերված աննշան ու հետինի մեջ.

Նույների մեջ` դանդաղաշարժ, և որ տեսքով` վայելչազուրկ,

Կազմվածքով անչափ փոքրիկ, թռչունների վերջին դասում:

Այլերի հետ նաև դու ես կոչվում աղքատ ու անպաշար,

Նաև անհոգ ու ինքնագո, ինչպես ուսանք Քրիստոսից,

Բայց հոգեպես անչափ կիրթ ես` ամեն մասով քո էության,

Շրջահայաց ու խելացի, արդարացի և քաջասիրտ:

Իսկ արվեստով դու երաժիշտ` բազմաշնորհ, անվարդապետ,

Ինքնաբավ ես և ինքնավարժ, լեռնաբնակ ու անքաղաք,

Հեռավոր ես, բայց մերձավոր, լսողներին ուրախացնող,

Քաղցրաձայն ես եղանակով, արվեստին է ինչպես պատշաճ:

Արագախոս ու դյուրահունչ, գորովագութ և ողբասաց,

Հրամայող և աղերսող, խրատականներ ներդնող,

Սպառնացող ու հեզախոս, գգվող, կանչող, նաև մերժող,

Ողբերգասաց ու ձայնարկու, հույժ խնդացող և ցնծացող:

Արդ` գիշերը ցերեկ է քեզ, իսկ խավարը քեզ` որպես լույս,

Տքնասեր ու միշտ աղոթող` հրեշտակների նմանությամբ,

Հոժարակամ աշխատանքով և վաստակով այդ գոհացած,

Կարիքների սակավությամբ` չուտելով իսկ բավարարվող:

Նվագներով կերակրվում` հանց զորությունն այդ ունեցող,

Զբաղվում ես լոկ երգերով հրեշտակների հետ երկնային:

Մենակյացին` անգիր օրենք և կշտամբող ես ծույլերին

Ոչ թե մի, այլ շատ անգամներ, ինչպես տեսանք քո նախերգում:

Ո՛վ դու պարողըդ անձանձիր և կաքավիչ բազմանվագ,

Դու աննշան երևելի և անպատիվ` փառավորված,

Սքանչելի խորհուրդ ունես, որով ընտրեց Տերն աշխարհից,

Բայց չստացար դու զորություն, որով դյուրավ խոսես լեզվով:

Մուտք չես գործել դու Վերնատուն` կանչվածների Ավետիսին,

Արդ` ինչպե՞ս ես խոսում լեզվով և՛ օտարի, և՛ ընտանի.

Ե՛կ, ուսուցի՛ր, որ հասկանամ իմաստակիս կիսակատար,

Մի՛ ձևացրու, թե անխոս ես, դու պերճախոս ճարտասան ես:

Պարզ ձայնով դու ուսուցանի՛ր և ընդունի՛ր ինձ աշակերտ,

Որ ուսանած իմաստության փոխարեն քեզ ես հատուցեմ:

Եվ ներբողյան քեզ ձոնելով` անապական թողնեմ հետո

Այն ապագա ժամանակին` անջնջելի և շատ պատշաճ,

Խրախուսիչ և արժանի, որից շահեն գիտուններն իսկ:

 

 

ՍԱՐՅԱԿԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

 

Արդ` լսեցի և իմացա, ինչ խորհեցիր և ասացիր,

Պահանջում ես արդ մեզ պատմել, ինչ որ ունես դու քո մտքում,

Եվ այնպիսի˜ եղանակով, որ ասելը կարգով լինի`

Անշեղորեն և անսայթաք, թեպետ շատ բան բաց թողնելով:

Ո՛չ մեռա, ո՛չ մեղանչեցի, ո՛չ կորցրի, ինչ ստացա,

Պահպանեցի ավանդվածը և պատժի էլ չարժանացա:

Ես աշտարակ չշինեցի, որ բազմակի մեղքեր գործեմ

Կամ ստանամ ես պատիժներ, ինչպես դուք` բանականներդ.

Եվ բարբառը միատեսակ բաժանվեց շատ լեզուների,

Ու չարակամ միությունը այդպես իսկույն մի կողմ զատվեց:

Եվ շատերի միությունն է նմանապես պարսավելի,

Անբնական փոփոխություն` ըստ մեղքերի փոխհատուցման:

Արդ` մնացի ես բնական, որը շնորհն է Հայտնության,

Որ ընծայվեց փոքր խմբի, երբ ժամանակը լրացավ:

Տրվեց նրանց բազմապատիկ, որ կանչվեին շատերն ի մի,

Եվ որ մեկով կորցրին, հակառակով այն ստանան,

Ինչպես մյուս գործիչները, որ մահվանից մեզ փրկեցին,

Մեզ նորովի նորոգեցին` սխալներին ընդդիմադիր:

 

 

ՎԱՐԴԱՊԵՏԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՍԱՐՅԱԿԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՆՈՒՄ Է ԱՄԲԱՍՏԱՆԱԿԱՆ ՈՃ

 

Բազմանվագ եղանակաց պատճառն այսպես մեկնաբանեց

Քաղցրաբարբառ այն թռչունը, երբ որ նրան մենք հարցրինք.

□Թե Միությունը շատերի, թե տրոհվելը միակի

Բնությանը հակառակ են` սխալմունք առ Գերագույնը,

Եվ նման այլ պատուհասներ, ինչպես գիտենք բնությունից:

Սովորեցի նաև ես էլ պարապելով շատ տարիներ,

Եվ տքնեցի ամբողջ օրը և գիշերները բովանդակ`

Բաղձանքով առ իմաստություն, նաև սիրով առ գիտություն□:

Այսպես ասաց և հաստատեց` որպես կնիք իր գործերի,

Հանդիմանեց մեզ ուղղակի և սլացավ ինքն էլ օդով,

Գնաց-նստեց բարձր ճյուղին`բարբառելով իր հայրենին:

Ինձ ձանձրացրեց աղաղակով, չօգտվեցի իմ խոկումից,

Տխրեցի և զվարճացա` այդ երկուսի մեջ պաշարված.

Նրան հենց ինքս կանչեցի, սպառնացի դատաստանով,

Հարցեր տվի և քննեցի ու պարտվեցի իր հաղթությամբ:

Եվ ասացի ես անմեղին, որ խոսում էր ինձ հետ ճարտար,

Դիտավորյալ ներհակ խոսքով ջանում էր ինձ հաղթել վեճում,

Ասի. □Ինչո՞ւ ես դու նեղում իմաստություն խոկացողիս,

Ընթացքին ես տիրում մտքիս ճռվողյունով քո անդադար,

Իմ խոհերի փոփոխությամբ տառապանքս դարձնում իզուր,

Տրոհում ես հայացքս դու, լցնում ականջս խռովքով.

Եվ մտքերս ցրում ես դու, չմնալով ինձ մոտ` նրանք

Դուրս են վազում հանց ծերպերից` բնավ արգելք չունենալով:

Ճարտարությանն եմ քո ձգտում և գտածս իսկ մոռանում,

Եվ շահեկան ճառից զրկվում` անշահելիդ ստանալով:

Անապատում այս գամ նստեմ, որ մտորեմ հանդարտությամբ,

Միտքս խոսքով արտահայտեմ, որ չմնամ ես անվաստակ,

Չտառապեմ ես անօգուտ, ունայնամիտ մտածությամբ

Ձգմամբ բազում զրկանքների, որ հանդիպում են մարդկանց մեջ:

Դու անձանձիր նեղում ես ինձ` որպես ինձնից վնաս գտած,

Ամբաստանում ես աղմուկով` պատժողներին հատուկ կարգով:

Դատավորի մոտ բացահայտ ինձնից սաստիկ չարախոսում

Կամ համարում ինձ թշնամի` օտարաբար քեզ հետ վիճող:

Քեզ սիրում եմ, բայց տրտնջում իմ կրածից, ինչ ասացի.

Տառապում եմ և նրանից, որ փաստով եմ ամբաստանվում,

Երկար ժամեր զբաղվեցի քո ձեռագիր գանգատներով`

Մոռանալով կարևորը, որ փրկում է հոգի-մարմին:

Մոտիկ բաներն եմ խափանում, որով պետք է իմաստնանալ,

Հավասարվել արդարներին և երկնային զվարթներին:

Արդ, ես երբեք ինձ չտեսա` ապրեմ այնպես, որ քեզ ասի,

Բայց առավել եմ մեղադրում, որ թշնամանքը ճանաչվի,

Ինչպես սովոր են այն անել ատյանի մեջ դատվողները,

Որ խոսքերը զորանան և կարողանան բարիք բերել:

 

 

ՄԱՇՎԱԾ ԶԳԵՍՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՎՐԱ ԹԱՓՎԵՑ ԹԱՆԱՔԸ

 

Նաև նոր իսկ պատահածից պիտի խոսեմ չլռելով,

Մեր նախահոր կաշեզգեստը, որ ստացավ մեղքից հետո`

Ի ապացույց մահկանացու և կանխասաց ունակության,

Ինձ արժանի այդ զգեստը դու դարձրիր ոչ պիտանի,

Քանզի տարված քո խոսքերով` անչափ ներկվեց այն թանաքով:

Բայց ասա՛ ինձ իմաստնաբար, որ հարցնում եմ մտածմունքով,

Չնայած որ դատախազին դատվողը չի հարցաքննում,

Թե ազգակից ես սոխակի, ծիծեռնակի կամ ճռիկի,

Ինչո՞ւ չունես անապատում դու օթևան, ինչպես նրանք:

Երաժիշտներ են և նրանք, բայց անապատն են նախընտրել,

Եվ ներդաշնակ նվագներով անապատն են գեղազարդում:

Սակավներն են ունկն դրել քաղցրահնչյուն երգին նրանց,

Ովքեր քաղցրերգն այդ լսեցին, հիացան ու մեծարեցին:

Թեբացի այր Ամփիոնը և Արիոնը Միթեմնացի,

Թրակացի Օրփեոսը երաժիշտներ են մեծանուն,

Բայց թերի են նրանց հանդեպ, որ երգեցիկ են բնածին,

Քանզի նրանք բնությունից շնորհ չունեն երգարվեստի:

Մեկն էլ դու ես և նրանցից, որոնց մասին դու լսեցիր,

Արվեստակից և անվանի, ինչպես երգերդ են վկայում.

Մի բանով ես պակաս միայն, որ նրանց մոտ դու չապրեցիր,

Դադար չառար դու էլ այնտեղ, ուր և նրանք են հավաքվել.

Եկել, նստել ես աստ` ինձ մերձ, որպես նման ինձ արվեստով,

Որ բազմալար երգարանով դու նվագես ու կաքավես:

Հոմերական տաղաչափը քեզնով հայտնի դարձավ բազմաց,

Ոտանավոր և ցուցական` քերթողների ըմբռնումով,

Կամ թե նաև ավելի շատ, ինչպես թվում է գիտունիս,

Զի վարժանքն ու կրթությունը չեն հասնելու բնականին□:

 

 

ԹՌՉՈՒՆԸ ԱՄԲԱՍՏԱՆԱԲԱՐ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՎԱՐԴԱՊԵՏԻՆ

 

Դարձավ ապա, պատասխանեց ասված բոլոր իմ խոսքերին,

Այնչափ արագ, քան թե լսեց, հակաճառեց հագներգությամբ,

Հասկացրեց ինձ հավաստումով և համոզիչ մեկնաբանմամբ

Խորհուրդների իմաստները` մեր համատեղ բնակության:

□Արդարախոս չես,- ասում է,- ամբաստանողդ մեզ` խոսքով,

Անտեղի ես դու տրտնջում բաներից, որ մեղավոր չեմ.

Լսիր և դու խոսքերը իմ` արդարախոս այս դատվողիս:

Իմն ու ձերն է այս աշխարհը, ուր նաև դուք եք պանդխտած

Այն աշխարհից բնակության, որ հարազատ էր, հայրենի,

Տիրոջ կողմից մեզ ավանդվեց որպես միջոց ուսման, աճի,

Մեր պետքերին հարմարավետ, ինչպես որ մեր կազմվածքն է:

Ինքներդ ձեզ պատժեցիք` Արարչի դեմ հանցանքներով,

Դուք ցանկացաք լինել Աստված. ինչ ունեիք, այն էլ կորցրիք,

Դեպի երկինք բարձրանալով` դեպի դժոխքը սողացիք,

Ձեռնարկելով հարստանալ` աղքատացաք, տնանկացաք,

Բարձրանալով դեպ Գերագույն` կործանվեցիք անդունդներում,

Դեպի մեծ փառք ընթանալով` նահանջեցիք այստեղ` մեզ մոտ,

Արարչի խոսքը մոռացաք` բանսարկուին հավանելով,

Ապօրինի օրենքներով, անեծքներով պատժվեցիք,

Անմեղ կյանքից հեռանալով` անթիվ չարյաց եղաք պաշտպան:

Արդարությունը կորցնելով` գտաք մեղքեր բազմատեսակ,

Դուք` տերերդ, ծառայեցիք, մարդասպանի հանձնառությամբ

Ծառաներն այս ձեր դեմ ելան, ինչպես և դուք` ընդդեմ Տիրոջ,

Փուշ ու տատասկ դուք ստացաք, զի փափկություն չսիրեցիք,

Մահվան վճիռ ձեզ հատուցվեց, որ չուզեցիք կյանքը անեղծ:

Դուք` ստամբակներդ, ատեցիք ձեզ սիրողին` Հոր սիրո դեմ.

Վտարեցին այս երկիր ձեզ` Աստծո պատկեր եղծողներիդ,

Ձեզ կերակուր տրվեց հողից, ինչպես երկրում ապրողներիս,

Կենդանական կեր տրվեց ձեզ` վայելուչը մերժողներիդ:

Բնակեցրեց մեր կողքին ձեզ` Աստծուն չնախընտրողներիդ,

Անհավասար ծառայիս մոտ` հավասարը չուզողներիդ:

Անմեղներս պատժվեցինք պատճառով ձեր հանդգնության:

Մենք` ստեղծված ի փառս ձեր, ձեր պատճառով ապականված,

Եվ ոչ միայն սպանությամբ, այլև սաստիկ գանահարմամբ:

Դուք` Տիրոջ կամքը ճանաչող, մենք` գիտություն չընկալողներ,

Դուք` ազատ կամք ունեցողներ, մենք` բնության հետևողներ,

Դուք` բանական և խելացի, մենք` կաշկանդված անխոսությամբ:

Արդ` մենք ու դուք առհասարակ եղանք կորուստը գտնողներ,

Որ նաև մեր հանցանքի տեղ պիտի հաշիվ տաք Արարչին:

Եվ աղետները վշտագին պաշարում են մեզ այս երկրում,

Ե՛վ խորշակներ, և՛ ձմեռներ, և՛ պետքերի պակասություն,

Ե՛վ ցավեր, և՛ հիվանդություն, և՛ տարաժամ մահվան դեպքեր,

Որ շատացան մեղքի համար, որ պատժեն ստահակներիս,

Որ չարչարվենք մենք ավելի` չունենալով տուն ու քաղաք,

Ո՛չ ամբարված պահեստարան` կարիքները լիացնելու,

Ո՛չ դեղորայք, ո՛չ բժիշկներ, որ ցավերը ապաքինվեն,

Ո՛չ էլ փափուկ մի կերակուր` մեզ հեշտությամբ սփոփելու,

Եվ բացի այս ամենայնից` սնվում մեզնով հատիկի պես.

Կորուսանում նաև միմյանց, ինչպես գիտեք և տեսնում եք:

Արդ` մեղքերով եթե այսքան, որ վերևում թվարկեցիք,

Դուք զրկվեցիք ունեցվածքից և հարազատ բնակավայրից,

Ինչո՞ւ եք մեզ մեղադրում, որ մեկի տեղ չենք պատժվել

Եվ չենք խախտել այն սահմանը, որ Արարիչն ավանդեց մեզ:

Մեր զրկանքը ձեզանից է, և դո՞ւք եք մեզ ամբաստանում.

Իրավունքով դատեցեք` ըստ Ստեղծողի հրամանի□:

 

 

ԵՐԿՈՒՍԻ ՎԵՃԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԴԱՊԵՏԻ` ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼԸ

 

Ճշմարտապես հենց այս խոսվեց վիճաժամին մեր հանդիպման,

Մեկնաբանեց խոսքաբույլը`բարբառելով իմաստնաբար,

Որով հաղթեց իմաստնոցս և բանաստեղծ կարծվածներիս,

Հանդիմանեց լռությամբ` հարկ չունենալով երկար խոսքի:

 

Թարգմանությունը` Վանո Եղիազարյանի, 2015 թ.