«ՄՈԼԱԽՈՏԸ»

Սաշ

ԲԱՂԵՂԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

Ճամփա էր ընկել բաղեղը

Հաստաբուն կաղնու կեղևով,

Մագլցել կանաչ ճյուղերին,

Թառել էր գագաթին փառավոր:

Ներքևում՝ անմոռուկ, մանուշակ,

Ներքևում՝ երիցուկ ու զանգակ…

Գովքն էին անում բաղեղի,

Թե իրենց ընկերը՝

Փառահեղ բաղեղը,

Ելել է, հասել է արևին

Ու մի օր...

Ու մի օր, երևի,

Իրենց էլ լույսի շող կբերի…

 

Բայց այլ էր երգը բաղեղի.

-Ես խոտ չեմ այսուհետ,

Այլ մի ծառ,

Ու իմն է հորիզոնը անծայր,

Ես արքան եմ այս հին անտառի,

Իսկ դուք՝ ամենքդ ինձ գերի,

Ամենքդ հլու, հպատակ,

Իսկ կաղնին՝

Լոկ հարթակ ոտքիս տակ…

 

Սարսռաց անտառը հինավուրց,

Խոժոռվեց դարավոր կաղնին,

Զայրույթը դարձավ թեժ ապտակ,

Ու փռվեց մոլախոտը գետնին:

Վերևում՝ անմոռուկ, մանուշակ,

Վերևում՝ երիցուկ ու զանգակ…

Զարմանքից քար էին կտրել.

Բաղե՜ղն էր իրենց ոտքի տակ…

 

Բայց կրկին սողում էր բաղեղը,

Նոր ծառ էր որոնում տենդագին.

Այնտեղ է՝ վերևում, իր տեղը,

Ու նա է փրկիչը ամենքի…

 

 

ԲԱՂԵՂԻ ԵՐԳԸ

 

Ես մի ծառ եմ ծիրանի,

Հին արմատ եմ անվանի,

Պտուղներս քաղցրահամ,

Բոլոր մարդկանց պիտանի:

 

Աշուղ Ջիվանի

 

Ես մի ծառ եմ բաղեղի՝

Մեծարգո ու անվանի,

Ո՛չ պտուղ եմ տալիս ես,

Ո՛չ էլ բարիք պիտանի,

Բայց տվեք ինձ հենման կետ,

Ես կհասնեմ արևին,

Թե շուռ չտամ աշխարհը,

Ես կշրջեմ հակառակ

Խաղաղ հունը ձեր բախտի…

 

Ես մի ծառ եմ բաղեղի՝

Անսասան ու վիթխարի,

Թե ստվերիս տակ կքվեք,

Կարոտ մնաք արևի,

Ես կգտնեմ մի նոր ելք

Ու կհարթեմ ձեզ համար

Ճանապարհները գաղթի…

 

Ես մի ծառ եմ բաղեղի՝

Ընչաքաղց ու տմարդի,

Չունեմ ո՛չ տուն, ո՛չ երկիր,

Չունեմ ո՛չ սիրտ, ո՛չ հոգի,

Բայց տվեք ինձ պարարտ հող,

Ես կհասնեմ երկնքին,

Եվ դուք` հլու, հնազանդ,

Կենթարկվեք իմ կամքին…

 

 

 

 

ԲԱՂԵՂԻ ՎԱԽՃԱՆԸ

 

Խշշում էր անտառը տրտմագին,

Խշշում էր ու խո՜ւլ հառաչում.

Եկել էր բաղեղը կրկին,

Լարել էր իր հուժկու աղեղը,

Բարձրացել ծուռումուռ ճամփեքով,

Հավաքել իր շուրջը

Գաղձ, տատասկ… մոլախոտ…

Ու շաղ էր տալիս ոսկեփայլ բառերը,

Թե՝ լսե՛ք, եղբայրներ բախտակից,

Բարեկամ, ընկեր ու դրկից,

Թե օգնեք՝ բարձրանամ ես կրկին

Ու գտնեմ փառավոր իմ տեղը,

Տեր կանգնեմ ամենքիդ, ամենին…

Հարկ լինի՝ նաև գողոնին…

 

Ու անտառն այս՝ հին ու դարավոր,

Կրկին մեր ոտքի տակ լինի…

 

-Գլխատե՛լ, գլխատե՛լ տմարդին,-

Բղավեց զանգակը զայրացած:

-Բայց նա խոր արմատներ ունի,

Նոր ծիլեր կտա անկասկած,-

Շշնջաց մանուշակն այլայլված:

-Այրե՛լ, հրդեհե՛լ վայրագին,

Թող կորչի հիմնովին մեր հողից,-

Խոսեց երիցուկն իր տեղից:

Ու հանկարծ խոտերի միջից

Լսվեց շփոթված մի ձայն.

-Պարոնա՛յք, պարոնա՛յք պատվարժան,

Այդ ես եմ՝ անմոռուկն եմ, ձեր կողքին…

Եվ… սակայն չեք տեսնում ինձ կրկին,

Մոռացել եք դուք ինձ հարկավ,

Մոռացել եք, թերևս, նաև այն,

Որ ունենք ծագում նաիրյան,

Եվ ունենք մշակույթ ու ոգի

Ու երբե՛ք, երբե՛ք չենք տրվում

Վայրենու խաղերին մոլեգին…

 

Հառաչեց հաստաբուն կաղնին,

Հավաքեց հոնքերը իր կեռ.

-Վտարե՜լ, վտարե՜լ անկոչին…

Ու պահել սրբորեն այսուհետ

Մըր արև, մըր հող, մըր էրգիր…

Որ չգան, չբազմեն մեր գլխին

Բաղեղներն ու փշերն անհոգի…

-Վտարե՜լ, վտարե՜լ անկոչին,-

Ձայնակցեց անտառը վրդովված,-

Թո՛ղ գնա, թո՛ղ չքվի, թո՛ղ կորչի

Ծուռումուռ ճամփեքով իր եկած…

-Վտարե՜լ, վտարե՜լ անկոչին…

 

Չգիտեմ՝ ովքե՞ր են տերերն այս ամենի,

Ովքե՞ր են ցանում սուրբ հողում

Գիշակեր սերմերը ոսոխի,

Բայց դասն այս՝ անարդար ու դաժան,

Անտառը դեռ երկա՜ր կհիշի...