«Մեր գյուղի էսսեն»

ՀԱՍ ՉԱԽԱԼՅԱՆ

Գյուղում գարունը ավելի շուտ է գալիս, քան քաղաքում: Էստեղ մարդատար մեքենաները բեռնատար են (ուղևորները ճզմում են իրար. ով շուտ նստեց նա կհաղթի և մատը չի թողնի դռան տակ): Գյուղի նայողը մեկն է` գյուղապետը: Ով ինքն է ընտրում, ինչպես նայի ակնոցով, թե առանց դրա: Նրան գյուղացիները տեսնում են տարին երկու անգամ: Մեկ` ամանորին, մեկ էլ` ընտրությունների ժամանակ: Իսկ առհասարակ գյուղապետի դուռը փակ է՝ ծածկված ծերտով: Կնիք դնելու կամ հաստատելու կարիք չկա: «Օրենքները սահմանում է Աստված» սա է գյուղապետի թևավոր խոսքը: Ճանապարհը թեքվում է գետի երկայնքով: Ցեխոտ և մամռակալած քարերն էլ շատ են, որ սահում են ոտքի տակ: Գյուղամեջը միշտ լիքն է, խոսում են մեծ քաղաքներից, ուր չեն եղել կամ ուր պիտի գնան որպես խոպանչիներ: Հետո հասնում են կարկուտին, հիշում` որքա՜ն տուժեցին (թե՛ բերքը կուլ գնաց, թե՛ չարքաշ քրտինքը): Էստեղ արդեն լռում են` վարկերի ծանրության պարկերը զգալով: Ու տխրում են, բայց գյուղը լքել չեն կարող: Որովհետև սարերի մեջ գյուղ սարքեցին և գյուղը դարձրին սար,ուր արևը թանապուրի համ ունի: Եվ չնայած գյուղը մեծ է, բայց բոլորը ճանաչում են իրար: Սովետական խարխուլ տանիքի տակ խոնարհվել է դպրոցը, ուր ձմռանը ցուրտ է, ամռանը` շոգ: Նստարաններին քերված սիրո խոստովանություններն էլ մգլել են անպատասխան հասցեներից: Լղոզված ծամոն է դասամիջոցը, որի զանգը հազիվ է լսվում, երբ գյուղի զիլ երեխաները իրար հրմշտելով թափվում են բակ: Գյուղը դեռ ապրում է, որովհետև նրա մի սահմանը նստել է փշալարին, ուր փամփուշտները չեն քնում խաղաղությամբ: