ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀՐԵՇՏԱԿԸ

Մարգարետ Դերանց

(նկարչի պատմածից)

 

Երեսուն տարեկան էի, երբ ավարտեցի Սանկտ-Պետերբուրգի՝ Ռեպինի անվան նկարչական ակադեմիան ու  վերադարձա լեռների մեջ կորած ծննդավայրս։

Փոքրիկ, գավառական քաղաքն ապրում էր գերդաստանային ավանդույթներով։ Ծնողներս բարեխոսեցին հարգարժան ընտանիքից մի օրիորդի համար։ Նա նոր էր վերադարձել մայրաքաղաքից՝ բարձրագույն բժշկական կրթությամբ։ Ընտրել էր  դատական բժշկի մասնագիտությունը, ինչը թերևս տարօրինակ կամ արտասովոր կարող էր լինել,  քանզի այս մասնագիտությունը, մեղմ ասած, կանանց այնքան էլ չի սազում։ Ուներ մոշի պես հուրհրան, սև աչքեր, որ խոշոր-արտահայտիչ էին։ Ամուսնական կյանքս կարող էի երջանիկ համարել, թեև կինս  հաճախ էր դժգոհում ինձանից: Ինչքան էլ ուշադիր լինեի նրա նկատմամբ, միևնույն է, երբեք չէր գոհանում։

Լսել էի, թե նա դպրոցական սիրավեպ էր ունեցել, իսկ մտավորական զոքանչս արգելել, խափանել էր նրանց ընկերությունը, քանի որ դեմ էր, որ դուստրն ամուսնանա անուս, հաշմանդամ կոշկակարի որդու հետ։ Մոր ցուցումով՝ եղբայրը հետևել էր քրոջը, բռնացրել պուրակի գողտրիկ անկյունում համբուրվելիս։ Ծեծկռտուք էր սկսվել։ Այդ դեպքից հետո կնոջս պատանի ընկերը մեկնել էր Ռուսաստան։ Նրանց ճանապարհները բաժանվել էին ընդմիշտ։ Խոսակցություններ էին հասել  ականջիս, իբր՝ կինս հաճախ էր մեղադրում մորն  ու եղբորը՝ պնդելով, թե իր երջանկությունը պետք է կայանար հենց ա՛յդ տղայի հետ։

Արդեն երկու տարի ամուսնացած էինք, ապրում էինք ծնողներիս հետ։Երբ ծախսեցի բոլոր խնայողություններս և արվեստանոց գնեցի, կնոջս դժգոհությունը կրկնապատկվեց։

- Մեր փոքրիկ բնակարան-անկյունը ստեղծելու փոխարեն՝ գնացիր ինչ-որ արվեստանոց առար,- պոռթկում էր երբեմն՝ զայրույթը չթաքցնելով։- Պարզվում է՝ եսասեր ես, իսկ ես չեմ էլ իմացել։ 

Արդեն չէի հասկանում, թե ինչպես գոհացնեմ նրան։ Մշտական ջանքեր պետք է գործադրեի կնոջս սիրտը գրավելու, նրան շահելու համար։ Կարծես աներևույթ մի խոչընդոտ էր բարձրացել  մեր միջև։

Եղանակի հետ փոփոխվող նրա տրամադրության պատճառով՝ ավելի երկար  էի մնում արվեստանոցում՝ ազատ ժամերս նկարչությանը նվիրելով։

 

…Արվեստանոցի զանգը հնչեց։ Շքամուտքում կանգնած էր անծանոթ մի զույգ։ Ամուսինը՝ թխահեր, հանդուգն հայացքով, կինը՝ խոնարհ, կապուտաչյա գեղեցկուհի։ Ապշեցի, երբ ամուսինն ասաց, թե ցանկանում է, որ նկարեմ կնոջը… մերկ։

- Հասկանում եմ,- պատասխանեցի, թեև ոչ մի բան էլ չէի հասկանում,- ուզում եք, որ ձեր կինը փայլի իր ողջ հմայքով։ Մարմնի գեղեցկությունը լավագույնս արտահայտվում է կանգնած լինելու դեպքում, բայց շատերը հրաժարվում են։ Օրվա մեջ մի քանի ժամ ոտքի վրա մնալը հեշտ բան չի։

- Նկարիչը դուք եք, դուք էլ որոշեք դիրքն ու տեղը,- ի միջի այլոց նետեց ամուսնը,-  գուցե՝ հայելու մոտ կկանգնի, գուցե… ես չգիտեմ։

Պայմանավորվեցինք գումարի, նկարի չափսերի և այլ մանրամասնությունների մասին։ Երիտասարդ կնոջը խորհուրդ տվեցի հետը խալաթ բերել։

Կանանց մերկ մարմիններ նկարելը տարերքս էր։ Ուսանողական տարիներից, երբ բնորդուհին  դեն էր նետում վերնազգեստը, արյանս մեջ ցանկությունն էր եռում, քանի որ ադամորդի եմ՝ մարդկային թուլություններով։ Ցանկությունն, իհարկե, նահանջում էր մի քանի րոպե անց՝ տեղը զիջելով ստեղծագործելու հափշտակությանը։ Քաղաքակիրթ մարդուն հարիր կեցվածքը միշտ էլ իշխում էր բնազդներիս վրա։

 Ինչպես և պայմանավորվել էինք, հաջորդ օրը նրանք եկան։ Կինը ոտքը կախ գցեց հանդերձարանում, որն ընդամենը վարագույր ունեցող անկյուն էր, ապա՝ խալաթով մտավ արվեստանոց։ Ապշեցի, երբ տղամարդը սեղմեց ձեռքս՝ ի միջի այլոց ասելով.

-Ես գնամ, Ձեզ չխանգարեմ… Մի քանի ժամից կգամ կնոջս ետևից։

Սա աննախադեպ բան էր հեռավոր լեռներում ծվարած, գավառական մեր քաղաքի համար։

Բնորդուհիս իրոք շքեղ մարմին ուներ։ Նա իջեցրեց խալաթը վեհերոտ անվստահությամբ, ինքն իրեն մի կերպ ստիպելով… Ի՞նչ հույզեր էին փոթորկվում հոգու մեջ՝ չէի կարող կռահել, բայց խորը կարեկցանք ունեցա նրա հանդեպ։ Սա այն բացառիկ դեպքն էր, երբ մերկ մարմինը չէր գայթակղում բնավ։ Չգիտես ինչու, նրան համեմատեցի կնոջս հետ։ Կինս թեև զիջում էր բնորդուհուն մարմնի գեղեցկությամբ, բայց առավել քան դյութիչ էր, երբ մերկանում էր լուսնալույսի ներքո՝ գիշերազգեստը հեռացնելով անշտապ, զուտ կանացի նազանքով։

Տասն օր շարունակ, երեքական ժամով, ամուսինը կնոջը բերում էր արվեստանոց և մեզ մենակ էր թողնում։ Հաճախ ուշանում էր։ Կարծում եմ՝ ուշանում էր հատուկ դիտավորությամբ՝ կնոջը հոգեբանական ճնշման ենթարկելով։ Խեղճ կինը սպասում էր անբնական լարվածությամբ՝ նյարդային ցնցումներ ունենալով։ Բուն խնդիրը, իհարկե, ավելի խորը արմատներ ուներ։ Ամուսինն իր վարքագծով կարծես շեշտում էր իր իշխանությունը՝ հստակ հասկացնելով, որ չի սիրում կնոջն ու վարվում է նրա հետ այնպես, ինչպես վերադասն՝ իր ենթակաների հետ։ Հաճախ նկատողություն էր անում առարկություն չընդունող տոնով, կտրո՛ւկ, կոպի՛տ։ Կինն ինքնամփոփ էր սովորաբար, չխոսկան։ Բայց մի անգամ, երբ ամուսինը կրկին ուշանում էր՝ չկարողացավ զսպել իրեն.

-Իսկ Դուք Ձեր կնոջը կթողնեի՞ք օտար տղամարդու հետ, այն էլ՝ մորեմե՛րկ,- լացակումած հարցրեց նա։

Խուսափողական պատասխան տվեցի՝ մխիթարության պես մի բան պարգևելով այդ ազնիվ, փխրուն ներաշխարհով, կոտրված կնոջը։

Նկարը գեղեցիկ էր, բայց նկարում կենդանի գեղեցկուհին գայթակղիչ չէր։ Նե չարչրկված-տառապած էր, նե նահատակված հրեշտակ էր հիշեցնում։ Ամուսինը, չնայած վճարեց ինչպես և պայմանավորվել էինք, բայց՝ բացահայտ դժգոհությամբ։ Եվ ապա՝ տարօրինակ հայացք գցելով, բառերը ծոր տալով, հեգնախառն ասաց.

-Համոզվա՛ծ եմ, Ձեր կնոջը մորեմերկ չէիք նկարի…

Այլևս չտեսա նրան, բայց անբացատրելի տագնապնէր բնավորվել ներսումս։

 

…Մեծ եղավ զարմանքս, երբ մի քանի օր անց իմացա, որ պատվիրատու տղամարդը  կնոջս առաջին սերն էր։

Իրարամերժ ենթադրությունները տանջում էին ինձ։ Սեփական կնոջը մորեմերկ նկարելու անհեթեթ ցանկությունը, ամուսնու նպատակային ուշացումները, կապուտաչյա գեղեցկուհու անբացատրելի խեղճությունն ու հնազանդությունն իր ամուսնուն… Իսկ պատահակա՞ն էր, արդյոք, նրանց այցը, թե՞ անտեսանելի ինչ-որ թելերով կապված էր կնոջս հետ։ Գլուխ չէի հանում, բայց համոզված էի, որ այդ ամենում կար կանխավ մտածված դիտավորություն, ինչը հաստատվում էր  լպիրշ ինքնավստահությամբ, որ առանձնապես ցայտուն էր ամուսնու վարքագծում։ Խիստ անհեթեթ և, միաժամանակ, ճշմարտությանը մոտ մի միտք ինձ հանգիստ չէր տալիս։  Այդ մարդը կանանց փոխանակելու առաջարկ էր արել թերևս, բայց դա սովորական, շարքային առաջարկ չէր իհարկե, այլ յուրօրինակ մարտահրավեր։ Խիստ լարված էի, տագնապո՛վ, կասկածներով լի, և վատ բանի էի սպասում։ Հետո պարզեցի շատ ուշագրավ մի մանրամասն.կինս տեղյակ էր, որ նրանք եղել են իմ արվեստանոցում։ Բայց ինչպե՞ս, ո՞վ էր նրան տեկացնողը։ Խանդի որդը կրծում էր սիրտս, մութ կասկածներ էին գլուխ բարձրացնում ժամանակ առ ժամանակ…

Ճնշող մտքերը հաղթահարած լինելու համար՝ նոր նկար սկսեցի։ Փորձում էի պատկերել մոշի պես հուրհրան, սև աչքերով այն աղջնակին, որ կարծես եղել էր աստղային ոլորտներում։ Նա իջել էր շուրջպար բռնած բյուր հրեշտակների ուղեկցությամբ։ Անբացատրելի տխրություն կար կանոնավոր դիմագծերով դեմքի վրա։

Նկարը անչափ գեղեցիկ էր։ Նայելով նկարին՝ հասկացա, որ  կնոջս խենթի պես եմ սիրում ու պետք է պայքարեմ նրան չկորցնելու համար։Դարձա շրջահայաց, համբերատար, և ամեն կերպ ամրապնդում էի մեր մտերմությունն ու միությունը։ Ամոթ է խոստովանելը, բայց հետևեցի նրան մի քանի անգամ ու համոզվեցի, որ անմեղ էր։

 

… Կապվածությունս այդ նկարի հետ առանձնահատուկ էր։ Պատահական չի, որ կտավը մեկն էր սակավաթիվ այն իրերից, որ վերցրեցի ինձ հետ հայրենիքս լքելուց առաջ։ Տասնամյակների ընթացքում մոշի պես հուրհրան, սև աչքերով տիկնախառն օրիորդը դարձել է տպավորիչ տիկին։ Երեխաներիս մայրն է։ Նրա տրամադրությունն էլի փոփոխվում է հաճախ, հիմա էլ՝ Կալիֆորնիայի եղանակի հանգույն։ Հիմա հեշտ է նրա հետ, քանզի նրա տրամադրության փոփոխությունները ինձ հետ կապ չունեն։ Պատճառ են դառնում երեխաները։ Կնոջս բարկացնելու բուռն ցանկություն եմ ունենում երբեմն, որպեսզի համոզվեմ, որ դեռ ինչ-որ չափով արժեքավոր եմ նրա համար։

Հետաքրքիր է,  իսկ ի՞նչ են բերել կյանքն ու տարիները  կապուտաչյա գեղեցկուհուն, որ նկարիս մեջ պատկերված հրեշտակներից մեկն է։

«Նահատակված հրեշտակի» առեղծվածը պիտի բացահայտվեր տասնյակ տարիներ անց` Նահանգներում: Ըստ սովորության՝ արվեստանոցում փակված աշխատում էի։ Տարօրինակ էր, բայց հին օրերի նկարը կարծես խոսում էր նորովի՝ ուշադրություն պահանջելով։ Թվում էր՝ հրեշտակները կենդանացել են, թվում էր՝ գաղտնիք կա նրանց երկնային շուրջպարում… Օրվա այդ ժամին կինս եկեղեցում էր։ Գուցե վերին ինչ-որ առաջնորդությամբ, գուցե անհայտ ինչ-որ բնազդներից ելնելով՝ կինս մոտեցել էր միջահասակ, հրեշտակադեմ տիկնոջը, որ հայուհի էր նույնպես, ու հարցրել.

-Անչափ ներողություն… Ձեր ամուսինը սովորե՞լ է այսինչ դպրոցում՝ այսինչ թվականին։

Նախքան պատասխանելը՝ անծանոթուհին երկար նայել էր կնոջս աչքերին, ապա՝ արտասվել բուռն, դառնաղի.

- Ա՜խ, ի՜նչ մեծ է կյանքի անարդարությունը։ Եթե մայրդ չարգելեր, և  համադասարանցիդ քե՛զ հետ ամուսնանար, ես կփրկվեի…

Կապույտ աչքերով կինը հանգստացել էր ի վերջո, ներողությունխնդրել բուռն պոռթկման համար։ Նրանք խոսքի էին բռնվել, և կապուտաչյա կինը պատմել էր գլխով անցածը։ Սեր չէին ունեցել։ Սեր ասելով՝ ամուսինը հասկանում էր փոխհարաբերություններ, որտեղ այլասերված իր կրքերն էր բավարարում։ Արվեստանոցում մորեմերկ նկարվելը եղել էր բռնություն՝ մահվան սպառնալիքով։ Եվ այդպես՝ տարիներ շարունակ… Ամուսինը հասնում էր իր ուզածին ատրճանակի սպառնալիքով։ Ի վերջո՝ բաժանվել էին… Նա՝ կապույտ աչքերով գեղեցկուհին, ամենատխուր հրեշտակն էր։ Պահպանել էր անաղարտ իր մաքրությունը կյանքի մութ շրջապտույտում և չէր կորցրել հոգու գեղեցկության կայծն անգամ ամենանողկալի բռնության պարտադրանքով։

 

...Նստած էի բազկաթոռին։ Կինս հենց նոր վերադարձավ եկեղեցուց.ծալապատիկ նստեց գորգի վրա, փարվեց ոտքերիս, շիփ-շիտակ, սև աչքերը դեմքիս հառելով՝ ասաց.

- Ի՜նչ լավ է, որ դու կաս իմ կյանքում… Գիտե՛ս, թե  գործի բերումով ինչքան եմ առնչվել զազրելի ոճրագործությունների, դիվական պղծությունների հետ։ Բայց կապույտ աչքերով կնոջ պատմությունը բոլորովին այլ մի բան է։ Այն, ինչը պատմեց նա համադասարանցուս մասին, դուրս է մարդկային երևակայությունից։