Ի ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳԵՐ շարքից

ՋԻԴԻ ՄԱՋԻԱ

ՑԵՂԻՍ ՌԻԹՄԸ

Գիշերվա քար լռության մեջ,

թափանցելով
հոգուս խորքը և փոթորիկ բարձրացնելով,
այն իմ ներսում արթնացնում է
ցանկություններ, որ քնած են ցերեկն ամբողջ:

Ցերեկները, երբ ելնում եմ զբոսնելու,
մեկ էլ տեսար հայտնվում է ականջիս տակ –
մատը դնում զարկերակիս,
ստիպելով արագացնել քայլքս,
սուրա՜լ համարյա թե:

Երբ քնած եմ հանգիստ,
հոգնած ոտքերիս ցավը մոռացած,
հիշողությունս է գրգռում,
հազար ու մի դրվագներով
խաղեր տալով ուղեղիս մեջ:
Եվ գիշերս լուսանում է առանց քնի…
 

Ես, իհարկե,
վաղուց գիտեմ,
որ այդ ուժն է,
ձեռքս բռնած,
թելադրում տխուր երգեր
իմ Ի ցեղի կյանքի  մասին…




ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂ

Ես սիրում եմ իմ հողը,

ոչ միայն նրա համար, որ ծնվում ենք նրա վրա,
ոչ միայն նրա համար, որ նրա վրա ենք մեռնում,
ոչ միայն նրա համար, որ նա պահպանում է
հիշողությունը հարազատ ցեղերի բոլոր սերունդների,
որ հերթով հեռացել են այստեղից ուրիշ աշխարհներ:

Ես սիրում եմ իմ հողը,
ոչ միայն նրա համար, որ հազարավոր վայրի հոսանքներ
տանում են իրենց ջրերը նրա քարե ափերի միջով,
որտեղ գիշեր ու զօր մրրկվում է արյունը մեր նախնիների:

Ես սիրում եմ իմ հողը,
ոչ միայն նրա համար, որ հին երգերից
տրտմում են հոգիները, և սրտերն են պաղում,
ոչ միայն մայրական քնքշանքի համար,
ոչ միայն, որ այնտեղ կղմինդրե տանիքներով տները
տաքացնում են մեզ դարերով,
ոչ միայն, որ հարյուր հազարավոր տարիներ մեր կանայք
գործել են մեզ համար, նստած բակերի ցածրիկ
նստարաններին, և հիմա էլ շարունակում են գործել:

Ես սիրում եմ իմ հողը,
ոչ միայն նրա համար,
որ մայրամուտից հետո անգամ
շարունակում են գվվալ ջաղացքարերը,
որ արևի ոսկին արբեցնում է
և նրբորեն լցնում կանացի թուխ կրծքերը:

Ես սիրում եմ իմ հողը,
նաև նրա համար, որ այն պարզապես ի՜մ հողն է:
Ինչպես էլ որ մենք փառաբանենք այն,
նա լռում է քարի նման,
ու երբ ես պառկում եմ հարազատ հողին,
զգում եմ, որ այն՝ նախամայրը Ի ժողովրդի,
ինչպես միշտ, օրորում, օրորում,
օրորում է անդադար ծանրացող օրորոցը:


 

ԼԵՌՆԵՐԻ  ՍՏՎԵՐՆԵՐԸ

Նրանց արևի շողերն են բերում:

Ոչ մարմին  ունեն,
Ոչ շուրթեր ունեն, ոչ բերան ունեն:
Չեն ճչում երբեք,
և չեն խանգարում երբեք ոչ ոքի:

Ասես փետրավոր հանդերձներ լինեն շողերի համար,
թե որտեղից են գալիս, անհայտ է,
հանգստացնում են մարմիննները մեր, հույսեր են բերում,
անհասկանալի զգացումները դարձնում են գրեր՝
գուշակոսկրերի իմաստը բացող:

Մեր ազատության ոգին են անմեռ,
թալիսմանն ամբողջ Ի ժողովրդի:
Կարող ես պառկել լռության գրկում,
աստղեր նշմարել դեղինով ներկվող մայրամուտի մեջ,
և ճռնչացող պողպատի ձայնը չհիշել մի պահ:

 

 

ԿՈՐԱԾ ԲԱՌԵՐԸ ՄԵՐ ՆՎԻՐԱԿԱՆ

Ես ուզում եմ գտնել
այդ բառերր:
Նրանք ջրեր են մայր –
գալիքը սնուցող:
Ձկներ են – խորքերում շողշողացող:

Ես ուզում եմ գտնել այդ բառերը,
նրանց աստեղային լույսն ալմաստե:
Նրանց հետևում է
գուշակների հայացքը սևեռուն, որտեղ
ստվերներ են խաղում թռչունների:

Ես ուզում եմ գտնել այդ բառերը:
Նրանք լեզվակներ են խարույկի մեջ քրմի:
Նրանք հոգիներն են կանչում նախնիների,
նրանց ունկնդիրն է աշխարհը մեր:

Ես ուզում եմ գտնել այդ բառերը,
քանզի մենք լեռների զավակներն ենք,
այդ բառերով ենք լոկ
մենք փոխանցում գալիք սերունդներին,
հարազատ Ի լեզվով,
գիտելիքները մեր գաղտնախորհուրդ:





ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱԼԻՔՆԵՐԸ

Այդ ամենը իմ մեջ

եղել է միշտ:
Եղել է իմ հոգում
դեռ ծննդից առաջ:

Արևի այս լույսը, աշխարհի այս օդը,
անհնար է մեկնել,
թե ինչպես են անցել իմ արյան մեջ,
և արմատներ ձգել գիտակցությանս մեջ:
Տարօրինակն այն է, որ անցլալը
կորցնում է պատկերն իր իրական,
չէ որ ինձ ասել են՝ արծիվը մեր հայրն է,
և այն ճանապարհը,
որով ընթացել են նախնիները,
սպիտակ ճանապարհ է,
որ մեզ տանում է ի հավերժություն:
Եթե երկար նայես
լեռնագագաթներին՝ կուտակ-կուտակ,
մշուշվում են աչքերդ արցունքներից,
և հասկանում ես, որ
հոգի ունի ամեն ապրող էակ,
իսկ հեռացողները
երկնքում են գտնում հանգիստ իրենց:
Եվ հասկանում ես, որ
քանի ապրում ես դու,
անհետ չի կորչելու ոչ մի էակ,
չի կորչելու երբեք.
ինչպես ազգն իմ Նուսու այս աշխարհում:

 

 

ՄՈՐՍ

Դու չկարողացար սանձահարել տարիների

մակընթացություններն ու ալեբախումները –
կռանի պես պատնեշները ծեծող:
Դու չկարողացար պահպանել
աղջկական փայլը քո աչքերի –
փայլը սաթի և ագաթի:
Դու չկարողացար խանգարել
ժամանակի ուղարկած քիլլերներին,
թափանցել քո երբեմնի հարթ մաշկի միջով:
Ո՞վ կարող է թաքնվել այդ անմարդկային ուժերից:
Ո՞ւր է այն թեթևությունը,
որով դու ցած թռար հարսանեկան թամբից:
Ո՞ւր են հյուսակներդ –
սև կայծակի նման շողշողացող:
Նոսրացել են նրանք, բարալիկ թելեր են դարձել:
Խոնարհվել է հոգնած գլուխդ,
մշուշով է պատվել ամենը, ինչ տեսնում ես շուրջդ:
Մանկությանդ ստվերնե՜րը –
նրանք հեռուներում մնացին:
Պատանությանդ տնա՜կը –
միայն երազում էր հայտնվում նա:
Զարդարանքներիդ արծաթը – օ՜, Ի-երի թագուհի –
ծալքերը տոնական շրջազգեստիդ,
հուրախություն նախանձողներիդ,
հնանում և գունաթափվում են աստիճանաբար:
Դու այս աշխարհում տեսել ես ամեն ինչ –
և ուրախություն, և վիշտ, և հրաժեշտ վերջին:
Եվ հիմա եկել է քո հրաժեշտի ժամը:
Ետ չես շրջի ոչինչ,
չէ որ բոլոր քույրերը քո տարեկից
վաղուց արդեն քնած են կիզման վայրում:
Ոչ ոք ետ չի բերի անցած օրերը:
Եվ ոչ ոք քեզ չի ընծայի
անհնարին սփոփանքը:



 

ԳՈՒՑԵ ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԷԼ ՄՈՌԱՑԵԼ


                             
Նվիվում է մանկությանս և ծննդյանս վայրերին

 


Երազներում ինձ շատ հաճախ այցելում են
մեղեդիները հարազատ,
երգերը փոքր այն քաղաքի, ուր ծնվել եմ,
ժամանակը, երբ ես անհոգ մանուկ էի:
Լեռնային խուլ անտառներում
հետևել եմ, թե աշխարհը ոնց է փոխվում,
տարի չանցած,
երկրի վրա, երկնքի տակ
ամենայն ինչ փոխակերպվում և անցնում է
մի այլ, նոր մի կենսաձևի:
Բնության մեջ անապական
թափանցիկ են թևիկները ճպուռների:
Մութն ընկնելուց առաջ, նրանք
հանգրվանում են ամայի բլուրներում:
Ոչ բառ, ոչ միտք, ոչ նպատակ չունեն նրանք –
շնչում են լոկ, իրենց կյանքը վայելելով 
ժամանակի և անհունի միջակայքում:
Ինձ թվում է, որ շատ վաղ եմ ես հասկացել,
թե մահն ինչ է նշանակում,
և երկյուղած ակնածանքը կյանքի հանդեպ,
իմ հոգու մեջ երախտապարտ վարքի առողջ
սերմ է ցանել:
Ես որտեղի՞ց իմանայի,
թե այդ որքան գեղեցիկ են տարիները
մանկության ու պատանության:
Բայց գուցե և ես երբեք էլ չեմ մոռացել,
թե աստղային երկնքի տակ, մթնում կանգնած
ոնց հասկացա,
որ իմ խիղճը և արյունն իմ ժողովրդի,
արտոնում են ինձ ասելու.
ահա այստեղ ու հենց հիմա,
նվիրական այս վայրերում
բարձրացրել եմ վարագույրը,
և նախերգանքն սկսվել է:

 

-------------------------------
Ծանոթագրություն

Կիզման վայրում – ըստ Ի ազգության ծիսակարգի, հանգուցյալներին դիակիզել են և մոխիրը շաղ տվել կիզման վայրում:

 

Թարգմանեց՝ Գագիկ Դավթյանը