ՓԵՏՈՒՐԵ ԲԱՐՁԸ

ՕՐԱՍԻՈ ԿԻՐՈԳԱ

Նրա մեղրամիսը երկարատև մի սարսուռ էր: Շիկահեր, հրեշտակային դեմքով և երկչոտ` ամուսնու ծանր բնավորությունը սառը ջուր լցրեց նրա աղջկական միամիտ երազանքների վրա: Այնուամենայնիվ, շատ էր սիրում նրան, երբեմն թեթևակի ցնցվելով, երբ գիշերը միասին տուն դառնալիս ծածուկ հայացք էր նետում մեկ ժամի չափ լուռ մնացած Ջորդանի բարձրահասակ կերպարանքին: Վերջինս էլ իր հերթին էր խորապես սիրում նրան` առանց ցույց տալու:

Երեք ամիս (ապրիլին էին ամուսնացել) առանձնահատուկ մի երջանկություն էին ապրել: Կինն, անտարակույս, ավելի քիչ խստություն կցանկանար սիրո այս անխռով երկնակամարում, ավելի շատ պարզ ու անկեղծ խանդաղատանք, սակայն ամուսնու դեմքի սառը արտահայտությունն անմիջապես զսպում էր նրան:

Տունը, որտեղ ապրում էին, պակաս չէր ազդում նրա սարսուռների վրա: Լռության մեջ թաղված բակի ճերմակությունը (մարմարե ծոփորներ, սյուներ ու արձաններ) կախարդված դղյակի աշնանային տպավորություն էր թողնում: Ներսում, աննշան քերվածք իսկ չունեցող բարձր պատերի ծեփի սառցե փայլը խորացնում էր ծակող ցրտի այդ զգացողությունը: Մի սենյակից մյուսն անցնելիս քայլերն արձագանքում էին ողջ տնով մեկ, ասես երկարատև լքյալ վիճակը զգայուն դարձրած լիներ նրա անդրադարձելու հատկությունը:

Սիրո տարօրինակ այդ օրրանում անցկացրեց Ալիսիան ողջ աշունը: Այդուհանդերձ, որոշել էր քող գցել իր վաղեմի երազանքների վրա և տակավին ընդարմացած ապրում էր անբարեհամբույր տանը, չցանկանալով որևէ բանի մասին մտածել, մինչև գալիս էր ամուսինը:

Բնավ տարօրինակ չէր, որ նիհարում էր: Թեթև հարբուխ տարավ, որը դավադրաբար օրեցօր ձգձգվեց. Ալիսիան ոչ մի կերպ չէր ապաքինվում: Վերջապես մի օր կարողացավ ամուսնու թևին հենված այգի դուրս գալ: Անտարբեր չորս կողմն էր նայում: Հանկարծ Ջորդանը կաթոգին քնքշանքով նրա գլուխը շոյեց, և Ալիսիան միանգամից փղձկաց` նրա պարանոցը գրկելով: Երկար աղի արցունք թափեց իր անմռունչ սարսափների համար` գորովանքի ամեն աննշան փորձի հետ ողբը սաստկացնելով: Այնուհետև հեծկլտոցը հետզհետե դադարեց, սակայն դեռ երկար ժամանակ գլուխը թաքցրած մնաց ամուսնու պարանոցին` անշարժ ու անբարբառ:

Այդ օրն Ալիսիայի ոտքի վրա անցկացրած վերջին օրը եղավ: Հաջորդ օրը լուսաբացն ուշակորույս դիմավորեց: Ջորդանի բժիշկն ամենայն ուշադրությամբ քննեց նրան, կարգադրեց լիակատար խաղաղ և հանգստ վիճակ պահպանել:

- Չգիտեմ,- դռան շեմին ասաց Ջորդանին` դեռևս ցածրաձայն խոսելով,- Շատ թույլ է, և ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու. առանց սրտխառնոցի, առանց որևէ բանի ... Եթե վաղն էլ այսօրվա նման արթնանա, անմիջապես կանչեք ինձ:

Մյուս օրն Ալիսիան ավելի վատ էր: Բժիշկների խորհուրդ հրավիրվեց: Սրընթաց զարգացող, բացարձակապես անբացատրելի սակավարյունություն ախտորոշվեց: Ալիսիան այլևս ուշաթափություններ չունեցավ, սակայն ակներևաբար մահվան դուռն էր գնում: Ամբողջ օրը ննջարանը վառած լույսերի և լիակատար լռության մեջ թաղված էր լինում: Ժամեր էին անցնում` առանց աննշան ձայն լսվելու: Ալիսիան թմբիրի մեջ էր: Ջորդանն ուղղակի սրահում էր ապրում, նույնպես բոլոր լույսերը վառած: Անդադար սենյակի մի ծայրից մյուսն էր քայլում անխոնջ համառությամբ: Գորգը խլացնում էր նրա քայլերը: Մերթընդմերթ ննջարան էր մտնում և շարունակում իր համր դեգերումները մահճակալի երկայնքով` ամեն անգամ կնոջը նայելով նրա ուղղությամբ քայլելիս:

Շուտով Ալիսիան սկսեց տեսախաբություններ ունենալ` սկզբում աղոտ և օդում վետվետող, որոնք հետո գետնին իջան: Երիտասարդ կինը, աչքերն անասելի չռած, մահճակալի եզրակողի այս ու այն կողմից միայն գորգին էր նայում: Մի գիշեր հանկարծ սկսեց շատ սևեռուն նայել: Քիչ անց բերանը բանաց, որ գոռար, և ռունգերն ու շուրթերը քրտինքի փայլուն կաթիլներով պատվեցին:

- Ջո՛րդան, Ջո՛րդան,- ձայն տվեց զարհուրանքից քարացած` չդադարելով գորգին նայել:

Ջորդանը ննջարան վազեց, և երբ Ալիսիան նրան տեսավ, ահաբեկված վայնասուն բարձրացրեց:

- Ե՛ս եմ, Ալի՛սիա, ես եմ:

Ալիսիան մոլորված հայացքով նայեց նրան, նայեց գորգին, դարձյալ նրան, ապա երկա՜ր-երկար ապուշ կտրած համեմատություններ անելուց հետո հանդարտվեց: Ժպտաց և իր ձեռքերի մեջ առավ ամուսնու ձեռքը և դողդողալով սկսեց շոյել այն:

Նրա սևեռուն զգայախաբություններում մարդակերպ մի արարած, մատների վրա գորգին հենված, նրա վրա էր սևեռում աչքերը:

Բժիշկները նորից եկան, սակայն դարձյալ ապարդյուն: Նրանց առջև կյանք էր հանգչում` օր առ օր, ժամ առ ժամ արնաքամ լինելով բոլորովին անհայտ պատճառով: Վերջին կոնսիլիումի ժամանակ Ալիսիան բթացած պառկած էր, երբ նրանք նրա զարկերակն էին շոշափում` մեկը մյուսին փոխանցելով անհաղորդ դաստակը: Երկար ու լուռ քննեցին նրան և ճաշասենյակ անցան:

- Ու՜ֆ...,- թևաթափ եղած ուսերը թոթվեց Ջորդանի բժիշկը,- Ծանր դեպք է...Շատ բան չենք կարող անել ...

- Միայն սա՜ էր ինձ պակաս,- հառաչեց Ջորդանը: Եվ նյարդային թմբկահարեց սեղանը:

Ալիսիան հանգչում էր անեմիայի զառանցանքների մեջ, որը բարդանում էր երեկոյան, սակայն թուլանում օրվա առաջին ժամերին: Օրվա ընթացքում հիվանդությունը չէր զարգանում, սակայն ամեն առավոտ նա արթնանում էր քաթանի պես գունատ, գրեթե ուշաթափ: Թվում էր միայն գիշերն էր կյանքը հեռանում նրանից արյան նորանոր ալիքներով: Արթնանալիս միշտ այնպիսի զգացողություն էր ունենում, ասես հազար փթանոց ծանրությունը վրան տապալված լիներ անկողնում: Երրորդ օրվանից այդ զգացողությունն այլևս չլքեց նրան: Հազիվ էր կարողանում գլուխը շարժել: Չէր ուզում դիպչեն իրեն, անգամ բարձն ուղղեն: Նրա կիսագիտակցված սարսափները չարքերի վերածվեցին, որոնք սողում էին դեպի մահճակալը և մեծ դժվարությամբ վերմակին մագլցում:

Այնուհետև գիտակցությունը կորցրեց: Վերջին երկու օրն անդադար զառանցեց կիսաձայն: Լույսերը ողբալիորեն շարունակում էին վառված մնալ ննջարանում և սրահում: Տան մեռելային լռության մեջ միայն անկողնուց եկող միապաղաղ զառանցանք էր լսվում և Ջորդանի հավերժական քայլերի խլացած աղմուկը:

Ի վերջո մահացավ: Սպասուհին, որ հետո սենյակ էր մտել անկողինը քանդելու, միայն այդժամ մի պահ անակնկալի եկած բարձին նայեց:

- Սենյոր,- կամացուկ ձայն տվեց Ջորդանին,- բարձին կարծես արյան բծեր կան:

Ջորդանը հապշտապ մոտեցավ և ինքն էլ բարձի վրա կռացավ: Իսկապես բարձի երեսակալին, Ալիսիայի գլխի թողած փոսի երկու կողմերում արյան բծեր էին երևում:

- Խայթոցների են նման,- շշնջաց սպասուհին` մի պահ քարացած զննելուց հետո:

- Լույսին մոտ պահեք,- ասաց Ջորդանը:

Սպասուհին բարձը լույսի մոտ բարձրացրեց, բայց իսկույն վայր գցեց և գունատված ու դողահար սկսեց բարձին նայել: Չիմանալով, թե ինչու, Ջորդանը զգաց, որ փշաքաղվում է:

- Ի՞նչ կա,- շշնջաց խուլ ձայնով:

- Շատ ծանր է,- հազիվ արտասանեց սպասուհին` չդադարելով դողդողալ:

Ջորդանը գետնից վերցրեց բարձը. արտասովոր ծանր էր: Բարձը վերցրած դուրս եկան, և ճաշասենյակի սեղանի վրա Ջորդանը մի հարվածով կտրեց երեսակալն ու պաստառը: Վերևի փետուրները թռան, և սպասուհին սարսափահար ճչաց` բերանը լայն բացած, կծկված ձեռքերը դեպի փետուրների խուրձը տանելով: Երեսակալի վրա, փետուրների մեջ, մազմզոտ ոտքերը դանդաղ-դանդաղ շարժող մի զազրելի, այլանդակ կենդանի կար` կպչուն և կենդանի մի գունդուկծիկ: Այնքան ուռած-փքված, որ հազիվ էր բերանը նկատվում:

Ալիսիայի անկողին ընկնելու օրվանից ամեն գիշեր ծպտված գործի էր դրել իր բերանը, ավելի ճիշտ` կնճիթը, վրան նստած ծծելով նրա արյունը: Խայթոցն աննկատելի էր գրեթե: Բարձի ամենօրյա տեղաշարժերն, անկասկած, խանգարել էին նրա զարգանալուն, բայց երբ դեռատի կինն այլևս չէր կարողացել շարժվել, գլխապտույտ արագությամբ էր ընթացել արյան կլանումը: Հինգ օր ու հինգ գիշերվա ընթացքում դատարկել էր Ալիսիային:

Թռչունների այդ մակաբույծները, սովորական միջավայրում մանր լինելով, որոշ պայմաններում հսկայական չափերի են հասնում: Ինչպես երևում է, մարդկային արյունը առանձնահատուկ կերպով նպաստավոր է նրանց համար, և հազվագյուտ բան չէ փետուրե բարձերի մեջ նրանց գտնելը:

 

Իսպաներենից թարգմանեց Կարինե Չոբանյանը