ԱՆԷ

 

Մի՛ սահմանեք ինձ.

Ես անսահման եմ

Իմ էության մեջ,

Նաև աննյութ եմ

Նյութի եզերքում,

Անըմբռնելի

Ձեր տիեզերքում…

Ես անբարբառ եմ

Իմ խոհերի մեջ,

Անշահախնդիր՝

Իմ հույզերի մեջ,

Գուցե անգո եմ

Ձեր մտացածին

Գոյի ջրերում,

Գուցե և անձև՝

Անթի՜վ, անհամա՜ր,

Կտրած-կարկատած

Բանաձևերում,

Ձեր դոգմաներից

Ու կանոններից

Պարականոն եմ,

«Կա՛մ…կա՛մ» հերքող եմ,

 «Ե՛վ...և՛» չփնտրող,

Ու անվե՜րջ, անվե՜րջ

Էությանց խորքում

Անտուն, անմարմին

Հավերժ թափառող…

Չասե՛ք, թե ով եմ…

 


ԽՂՃԻ ԴԻՑԵՐԸ

 

Խղճի դիցերը երբեք չեն գալիս

Սատանայի պես,

Ձեռքդ չեն խայթում սենյակ սողոսկած

Նենգ իժերի պես...

Գալիս են մաքուր, անաղարտ հոգով

Լույս հրեշտակի

Եվ թևատարած ճախրում երկնքում

Ճահճոտ մտքերի,

Գալիս են որպես աչքերիդ նայող

Երեխա անբիծ,

Աչքերիդ հունով թափանցում հոգիդ,

Սոսկում տեսածից...

Դիցերն երկնածին երբեք չեն դատում.

Սխա՛լ ես կարծել,

Այլ քեզ են թողնում՝ սեփական դատիդ

Դատավոր լինել,

Նրանք գալիս են, որ քո գոյության

Նվաստ շունչն զգաս,

Եվ ոչ թե իրենց, այլ քո թույների

Ցավից մղկտաս...

Խղճի դիցերը երբեք չեն գալիս

Սատանայի պես,

Նրանք բույն դրել, քո մեջ են ապրում,

Դիցը հենց դո՛ւ ես...

 


ԼՅԱ ՄԻՆՈՐ ՎԱԼՍ

 

Գուցե դու մի օր
Ծերացած ձեռքս
Դնես ափիդ մեջ 
Ու գրկես մեջքս 
Արդեն կռացած…
Գուցե պտտվենք 
Մեր գունեղ կյանքի
Կարևոր վալսը՝
Ամենաերկա՜ր,
Ամենասպասվա՜ծ…
Գուցե թե անցնենք
Մեր բոլոր դժվար
Ու խենթ օրերի
Արահետներով
Ու գուցե ժպտանք՝ 
Հեռվում տեսնելով
Ապրած ու չապրած
Կյանքի ամեն պահ,
Ամեն ակնթարթ,
Ամեն երազանք…
Գուցե միասին
Խոր հոգոց հանենք
Դրանց հետքերով,
Գուցե ափսոսանք,
Գուցե կարոտենք…
Իսկ երբ մատներով 
Զգույշ հետ տանես
Դեմքիս վրայից
Մազերս ճերմակ,
Գուցե մենք գգվենք…
Իսկ ես առաջվա
Սրտի թրթիռով
Ու երեկվա պես
Չդիմադրեմ 
Քո սեր աչքերին
Ու նուրբ համբուրեմ
Հատիկ առ հատիկ
Քո՝ ժամանակի
Վրձնած շերտերը
Դրանց ծայրերին…
Իսկ հետո գուցե
Ինձ կրծքիդ սեղմես
Ու մեղմ շշնջաս.
-Մենք էլ ծերացանք 
Միասին, սե՜ր իմ…
Ու կհասկանանք
Մեր այս պատմության
Ճամփաբաժանին,
Որ հենց սա էր մեր 
Կյանքի երազը…
Գուցե այդ օրը
Պարենք միասին
Մեր կյանքի վերջին
Կամ էլ առաջին
Լյա մինոր վալսը…

 


ԺԱՄԱՆԱԿ

 

Օ՜, դու ժամանակ՝ անեծք ու օրհնանք,

Վիժեցրո՛ւ կյանքիս ամեն մի պատրանք,

Ե՛վ իմ հուշերի կտակը ցավոտ,

Ե՛վ ճամփիս ընկեր՝ ստվերներն աղոտ,

Ե՛վ ամորֆության շունչը հարատև,

Ե՛վ դրա ճիչը, և՛ ընթացքն անթև:

Համբարձի՛ր հոգին, որ դատարկ մեռավ,

Մեռավ ու մեխվեց ճամփեքին պառավ:

Օ՜, անժամանակ պարոն ժամանակ,

Արա՛ մի ընծա վաղաժամանակ.

Կա՛մ ավազներով ջնջի՛ր ամեն ինչ,

Կա՛մ էլ ինձ նետի՛ր պահը որոշիչ:

Հռհռա՛ անծես՝ գոյությանց դեմքին,

Հորիզոն ձգվող մտքերիս շեմքին,

Ներկան` մի ծվեն երեկվա հուշից,

Մինչ «վաղս» ճախրեմ կյանքիս վերհուշից:

 

 

***

Չասե՛լ, մնջե՛լ...

Քան հետևել,

Թե ինչպես է

Հույզդ, խոսքի

Հանդերձ հագած,

Լուռ լղոզվում

Մուգ ապակուն

Ու թափվում ցած...

 

 


ՀԱՐԱԶԱՏ ԴԱՀԻՃ

 

Իմ կամայական
Լինելիության 
Դու ըմբոստ պայման, 
Բացասումներիս
Շղթա բացասման,
Որ փլուզում ես 
Օրենքներն համայն
Անձիս գոյության 
Ու կերտում նո՛ր բան
Ամեն բջիջում
Ճանաչողության…
Տարերկրային
Կատարյալ մի գիր,
Մի ճակատագիր
Դեռ չվերծանված,
Բայց այնպե՜ս ձգող,
Այնպե՜ս մագնիսված,
Որ թվում է, թե
Թաքնագրության
Շղարշից այն կողմ
Մի ողջ տիեզերք է
Լողում անիմաց…
Իմ ներկապնակ
(Քմահաճ մի քիչ),
Մի քիչ դավաճան,
Երբեմն խամրած,
Երբեմն կորած,
Կորած անարդար,
Որ կյանքը դառնա
Խունացած թղթին
Անհաշտ խզբզած
Մի ճեպանկար,
Որ ապրեմ անգույն,
Առանց հոգու ճիչ…

ՀԱՐԱԶԱ՛Տ ԴԱՀԻՃ…

 

 

 

***

Քո լու՜ռ խոկումի

Հայացքն հպանցիկ

Ծանրացել է թաց

Կոպերիս վրա,

Ուզում եմ զննել

Հատակն աչքերիդ

Ու պեղել խորքից

Գեթ մի պատուհան...

 

 

 

***

Ես էսօր մեռա․

Ես` իմ մահիճում,

Դու երևի քո…

 

Ես էսօր կորա․

Ես` իմ ճահիճում,

Դու երևի քո…

 

Ես էսօր մեռա

Մեռնելուց առաջ,

Մեռնելուց ցավոտ…

 

Թե մահից հետո

Ուրիշ մահ չկա,

Իմ մահն է ԿԱՐՈ՜Տ ...