ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԱԹՈՒԼ ՀՈՒՐՅԱՆ

ԱՍՏՂ

 

1

Գիշեր. ահա աստղերն են

Երկնակամարում:

Գիշեր. ահա աստղերն են

Վառվում ու մարում:

 

Երկինքը ջինջ է, կապույտ,

Փռված գորգի պես,

Հովը տալիս է համբույր,

Ում որ հանդիպե:

 

Ես նայում եմ երկնքին,

Երկնակամարին .

-Ու՞ր ես, տատի՜կ իմ անգին,

Իմ հե՜զ, իմ բարի՜...

 

Երբ ծնվեցի, նա ասաց

Ձայնով դաղդոջուն...

Երկինքն ամպոտ էր ու թաց,

Եվ շունն էր հաչում...

 

-Ո՛չ մի աստղ չի շողում,

Երկինքը մութ է,

Աստղ չունես, ջան բալես,

Աստված անգութ է...

 

Այսպես եկա ես աշխարհ

Մեր հին տնակում,

Ու մեծացա ինչպես ծառ

Երկնքի տակ լուրթ...

 

Հորս հետ հանդ գնացի

Մերկ ու ոտաբաց,

 Երկնքի տակ քնեցի

Աստղերով հարբած:

 

Ինչպես քամուց քշված ամպ

Տարիներն անցան,

Ու ես հասա խնդությամբ

Օրերին պայծառ...

 

2

Գիշեր. ահա աստղերն են

Երկնակամարում:

Գիշեր. ահա աստղերն են

Վառվում ու մարում:

 

Երկինքը ջինջ է, կապույտ

Փռված գորգի պես,

Հովը տալիս է համբույր,

Ում որ հանդիպե:

 

Ես նայում եմ երկնքին,

Երկնակամարին,

Եվ ասում եմ,- իմ անգի՛ն,

Տատի՛կ իմ բարի,-

 

Իմ աստղը ամենից

Պայծառ է շողում,

Ողջ աշխարհն է իր անբիծ

Լույսով ողողում:

 

Իմ աստղը Կրեմլի

Աստղն է անմար,

Որ շողում է, լույս տալիս

Ամոքիչ ու վառ:

 

Իմ աստղը նա է, նա՛,

Վառվող սուտակի,

Որ շողում է Կրեմլյան

Մեծ աշտարակից:

 

Միլիոնների ա՜ստղ, դո՜ւ

Վառվի՛ր, հուրհրա՜,

Երջանկություն դու մարդու,

Դու ցնծության ջահ:

 

 

ՄԵՆՔ ԴԱՐԵՐՈՎ

 

Մենք դարերով կերտել ենք մեր արվեստի տունը

Եվ գիշերները անքուն, և ցերեկները բազում,

Բույր ջանքերով մաքրել ենք մեր երգերի հունը,

Որ ջրերը պարզ հոսեն, երկնքի պես լազուր:

 

Մենք դարերով տվել ենք մեր արյունը նրան,

Մեր երգերի համար մենք թափել ենք չեղած ջանք,

Երակներն ենք ներարկել նրա ինչքան կրակ,

Որ նա հավետ զրնգա, լինի հար անվախճան:

 

Բայց երբեմն քարեր են նետել նրա հունը,

Մեր հայրենի երգերը պղտորել են հաճախ,

Պսակազերծ են արել նրա պայծառ սյունը,

Որով կանգուն է եղել նա, և անդավաճան:

 

Արդ, երբ մեզ պարգևել են երգի անհուն տենչանք,

Երբ երկիրն ճառագում է մի նոր, հզոր արև,

Եվ ծաղկում է անկաշառ մեր արվեստը հանճար,-

Նոր դափնիներով պետք է մեր երգը զարդարենք:

 

Եվ պետք է բաց անենք բոլոր ակունքները

Մեր հարուստ ու սառնորակ երգի աղբյուրների,

Որ ջրենք մեր նոր երգի դալարուն տունկերը,

 Որ դիմացկուն լինեն չարամիտ հողմերից:

 

 

 

* * *

Թոն է գալիս, ծառն է դողում,

Գարնան Թո՜ն է, գարնան թո՜ն.

Երթամ սերմեր գցեմ հողում,

Գարնան թո՜ն է, գարնան թո՜ն:

 

Արևն ելավ, շոգ է դաշտում,

Ամռան շո՜գ է, ամռան շո՜գ,

Քաղենք հացը... ծեծենք կալում,

Ուտենք ուրախ ու անհոգ:

 

Դեղնավ տերև, իջավ աշուն,

Մրգահա՜ս է, մրգահա՜ս,

Դաշտն ու այգին դառնան նախշուն

Ի՜նչ երազ է, ի՜նչ երազ:

 

Ցուրտ է դրսում, ձյուն կմաղի,

Հո՜յ  ձմեռ է, հո՜յ ձմեռ.

Երթամ ինձ տամ քեֆի, խաղի,-

Չունեմ հոգս ու չունեմ բեռ:

 

 

ՄԱՆԿԱՆ

 

Ինչպես ջուրը գետի էլ ետ չի բարձրանում,

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ,

Այնպես օրերը մեր երբեք ետ չեն տանում,-

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ:

 

Շողշողում է հողը, համայնական, հանուր,

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ.

Արևի տակ հզոր, պայծառանուն.

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ:

 

Դու զարթնում ես հիմա առավոտը կանուխ,

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ,

Թոթովում ես անբառ ու ձեռքով ես անում,

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ:

 

Հին կյանքն է քո շուրջը պայքարով մահանում,

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ.

Այս նոր կյանքը, ա՜խ, քեզ ի՜նչ բարձունք է տանում,

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ:

 

Ա՛խ, իմ երգն էլ քեզ պես ու քեզ պես բարձրանում,

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ,

Այս լավ օրերի դեմ թող չլինի անուժ,

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ:

 

Արևի տակ այս վառ, հզոր պայծառանուն,

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ,

Ա՜խ , մեծացեք մեկտեղ, պայծառանուշ,-

Իմ լա՛վ մանուկ, իմ լա՛վ մանուկ:

 

 

 

ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

 

Ես կանգնած եմ ահա քո դեմ,

Փշատենի թավշագանգուր,

Ոչ մի մրրիկ քեզ չի հատել,

Դու կանաչ ես ու դեռ կանգուն:

 

Դեղնաճերմակ ծաղիկների

Ձույլ բեռի տակ նազում ես դու,

Խինդն է  շողում աչիկներիդ,

Դու գեղուհի իմ զվարթուն:

 

Բույր ես փռում նորից չորսդին,

Հարբեցնում, գերում նորից,

Փշատի ծառ, իմ փշատի,

Զույգ ձեռքերդ սիրով տուր ինձ:

 

Երբ արևի պայծառ շողին

Քո բողբոջը ծնեցիր դու,

Ես առաջին երգս թողի

Դպրոցական պատի թերթում:

 

Ու տարիներ անցան հերթով

Մենք մեծացանք ուրա՛խ, անցա՛վ,

Ես գնացի երգի ճամփով,

Դու մրգավետ մի ծառ դարձար:

 

Ես կանգնած եմ ահա քո դեմ,

Փշատենի, թավշագանգուր,

Ոչ մի մրրիկ քեզ չի հատել,

Դու կանաչ ես ու դեռ կանգուն:

 

 

 

ԳՆԱՑ ՍԱՐՈՎ ԻՄ ԵՂՆԻԿԸ

 

Գնաց սարով իմ եղնիկը

Մոտես գնաց, ինձ չտեսավ,

Աչքը ջինջ էր հանց երկինքը,

Խոսքը շուրթին, ինձ խոսք չասավ:

 

Պաղ ջուր խմեց աղբյուրի մոտ,

Բույրով լցրեց արտ ու արոտ,

Սիրտս վառեց, թողեց կարոտ

Ձեն ածեցի՝ ձեն չհասավ:

 

Խռով գնաց եղնիկս էսօր,

Ինչպես ամռան կիզիչ կեսօր,

Ես հալվեցի սրտով բոսոր

Ցողի նման խոտերին թավ:

 

Ա՜խ, քեզ էլի ես յար կասեմ,

Ամեն շշուկ, ձեն կլսեմ,

Աղբյուրի մոտ դեռ կսպասեմ,

Գուցե ե՛տ գա եղնիկն իմ լավ:

 

 

  

ՀՐԱՎԵՐ

 

Աշուն է, արդեն աշուն, և հավքերը չվում են

Իմ հայրենի աշխարհից դեպ երկրներն  հեռավոր,

Ծառերը մերկ ճյուղերով շարժվում ու սվսվում են

Իրիկունից իրիկուն, առավոտից առավոտ:

 

Աշուն է, արդեն աշուն, այգիներից քշում են

Լի սայլերով մրգերը ու խաղողը խնկագույն,

Հնձաններն ու մառաններն արդեն լցված խշշում են

Ու ամեն կողմ տիրում է առատություն, լիություն:

 

Խազալներն են հավաքել, խազալները դեղնագույն

Փսփսում ու աշունքվա ոսկե երգերն են կարդում,

Ցած են իջնում սարերից քամիները սրաթև

Ու ձմեռվա գալուստն են նրանք արդեն ավետում:

 

Արեգակի շողերն էլ սարի ետև կորչում են,

Վերջին սաղարթն է թափում չինարին էլ դարավոր,-

Ու հավքերը երամով թևին տալով թռչում են

Դեպի ջերմին երկրներ, իրենց բներն հեռավոր:

 

Ես դիմում եմ երկնքին, ես դիմում եմ հավքերին,

Իրենց լեզվով հարազադ դիմում դեպի նրանց չուն.

-Ո՞ւր եք գնում, կռունկներ, ո՞ւր եք գնում, հավքե՛ր իմ,

Ո՞ւր եք ողղում դուք ձեր չուն, դեպի ո՞րտեղ եք թռչում:

 

Գնում եք տաք երկրներ, գուցե Բաղդադ եք գնում...

Ախ, ինչո՞ւ չեք հասկանում ինձ, թռչուննե՛ր, թռչուննե՛ր.

Որ չկա ողջ աշխարհում իմ երկրից թանկ անուն,

Որ արևից կիզիչ է իմ երկրի սառը ձյունն էլ:

 

Դուք գնում եք, թռչուններ, փորձանքներին  անգիտակ,

Ով գիտե ի՜նչ աղետներ ճանապարհին պատահեն,

Լավ է մնաք, թռչուններ, իմ հայրենի հողի տակ,

Միշտ ապահով կլինեք հայրենիքում իմ ջահել:

 

Մեկ է, ուր էլ գնաք դուք, ուր էլ չվեք երամով,

Իմ հայրենի երկրից չկա չքնաղ ու ջերմ վայր,

Մեզ մոտ ձմեռն էլ անգամ իր բքաբեր ցուրտ քամով

Ձեզ ջերմություն կտա միշտ, կլինի ձեզ տուն ու մայր:

 

Կացե՛ք, կացեք, կռունկնե՛ր,  ես դիմում եմ ձեզ սրտանց,

Հաստատվեցեք դուք մեզ մոտ ձմեռ, ամառ ու աշուն.

Ոչ մի երկիր աշխարհում չունի այնքան սեր ու հաց,

Քան երկիրն իմ հյուրընկալ, օթևանն իմ ջերմաշունչ:

 

***

Կռունկների երամը դեռ ճախրում է օդի մեջ,

Եվ փնտրում է կարծես վայրէջքի տեղ կամ բացատ...

Շուրջը աշունն է նազում իր զարդերով շեկ ու պերճ

Եվ ձմեռվա քամին է արդեն իջնում սարից ցած: