ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

....

ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱՔԼՈՐԸ

 

Մի անգամ գյուղում մար­դիկ սկսեցին գոռալ. □Նայեցե՜ք, նայեցե՜ք, աղվեսը տանում է աքլորին։ Դա Ժան Շարդինգի աքլորն է□։

– Աղվես,– ասաց աքլորը, որին աղվեսը պահում էր բերանում,– իսկ դու նրանց պատասխանիր. □Հիմարներ, ձեր ի՞նչ գործն է□։

Հենց որ չար աղվեսը բերանը բացեց, աքլորը դուրս թռավ ու եկավ տիրոջ մոտ։

– Է՜հ,– ասաց աղվեսը, սարսափելի ամաչելով, որ այդպես խայտառակվեց,– ավելի լավ էր առանց պոչ մնայի։

Հենց այդ րոպեին գյուղացիներից մեկը կացնով ուժեղ հարվածեց աղվեսին և արմատից կտրեց նրա պոչը։

– Այս ի՜նչ տեղ է,– գոռաց աղվեսը, լեղապատառ փախչելով,– կատակ չեն հասկանում։

 

 

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

 

Մի անգամ արծիվը սավառ­նում էր երկնքում, իսկ աղ­վեսը, որ նայում էր նրան ներքևից, սկսեց լեզու ցույց տալ արծվին։

Բայց արծիվը սուր աչքեր ունի, նա կայծակի արագությամբ հարձակվեց աղվեսի վրա, բռնեց, բարձրացրեց վեր, մինչև ամպերն, ու այնտեղից գցեց ցած։

Ընկնելիս աղվեսը գոռում էր.

– Ծղոտ փռե՜ք։ Ծղոտ փռե՜ք։

 

 

ՀԵՔԻԱԹ ՀԱՅՐԻԿԻ, ՄԱՅՐԻԿԻ ԵՎ ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ

 

Լինում է, չի չինում մի մարդ. նա ունենում է կին ու մի աղջիկ։

Մի անգամ մարդն ասում է.

– Գնանք խաղողի այգի խաղող ուտելու։

Նրանք գալիս են խաղողի այգի։ Տերն սկսում է բռով ուտել խաղողը, իսկ կինն ու աղջիկը՝ մեկ-մեկ պոկում և ուտում են հատիկները։

Կուշտ ուտելուց հետո ամուսինն ասում է.

– Շո՜ւտ արեք, շո՜ւտ, տուն գնալու ժամանակն է։

– Չէ, մենք էլի ենք խաղող ուզում։

– Շո՜ւտ արեք, շո՜ւտ, տուն գնալու ժամանակն է։

– Չէ, մենք էլի ենք խաղող ուզում։

Այդ ժամանակ նա մենակ է գնում տուն և շանն ասում է.

– Շո՛ւն, գնա կծիր իմ կնոջն ու աղջկաս։

– Տե՛ր, ես չեմ ուզում կծել քո կնոջն ու աղջկադ։

Այդ ժամանակ տերը վերցնում է փայտը, որ շանը ծեծի: Բայց փայտը ասում է.

– Տե՛ր, ես չեմ ուզում շանը ծեծել։

Այդ ժամանակ տերը փայտը գցում է կրակի մեջ։

Բայց կրակն ասում է.

– Տե՛ր, ես չեմ ուզում այրել փայտը։ Այդ ժամանակ տերն ասում է ջրին.

– Ջո՛ւր, հանգցրու կրակը։

Բայց ջուրը պատասխանում է.

– Տե՛ր, ես չեմ ուզում հանգցնել կրակը։

Այդ ժամանակ նա ասում է իր եզներին.

– Եզնե՛ր, խմեք ջուրը։

Բայց եզները պատասխանում են.

– Տե՛ր, մենք չենք ուզում ջուր խմել։

Այդ ժամանակ տերը վերցնում է լուծը, որ լծի եզներին:

Բայց լուծն ասում է.

– Տե՛ր, ես չեմ ուզում լծել քո եզներին։

Այդ ժամանակ տերն ասում է առնետին.

– Առնե՛տ, կրծի՛ր լուծը։

Բայց առնետը պատասխանում է.

– Տե՛ր, ես չեմ ուզում կրծել լուծը։

Այդ ժամանակ տերն ասում է կատվին.

– Կատո՛ւ, կե՛ր առնետին։

Եվ կատուն ուզեց ուտել առնետին։ Առնետն ուզեց կրծել լուծը։ Լուծն ուզեց լծել եզներին։ Եզներն ուզեցին ջուր խմել։ Ջուրն ուզեց հանգցնել կրակը։ Կրակն ուզեց այրել փայտը։ Փայտն ուզեց ծեծել շանը։ Շունն ուզեց կծել մորն ու աղջկան։ Իսկ մայրն ու աղջիկը ուզեցին իսկույն տուն գնալ։

 

 

ՎԱԴՈԻԱՅԵ

 

Մի մարդ է լինում, անունը՝ Վադուայե։ Նա ունենում է ցորենի մի հատիկ։ Գալիս է Վադուայեն մի պառավի մոտ ու ասում.

– Բարև, մորաքույր։

– Բարև, Վադուայե։

– Խնդրում եմ պահեք իմ ցորենի հատիկը։

– Սիրով։ Դիր ա՜յ, այնտեղ, մենք հետո մեր ցորենի հետ քո հատիկն էլ կտանենք ամբար։

Մյուս օրը Վադուայեն գալիս է այդ բարի կնոջ տունը։

– Բարև, մորաքո՛ւյր։

– Բարև, Վադուայե։

– Լա՞վ եք պահել իմ ցորենի հատիկը։

– Վա՜յ, խեղճ Վադուայե։ Դժբախտություն է պատահել, իմ հավը նախաճաշին կերել է քո հատիկը։

– Ես կգնամ դատարան կբողոքեմ, մորաքույր, ես կգնամ դատարան կբողոքեմ։

– Չէ՜, չէ՜, այդ մասին խոսք լինել անգամ չի կարող։ Վերցրեք իմ ամենալավ հավը։ Դուք դժգոհ չեք մնա, սա լավ թխսկան է։

Վադուայեն հավաբնից վերցնում է հավն ու գնում մի այլ գեղջկուհու մոտ։

– Բար՛և, մորաքո՛ւյր։

– Բարև, Վադուայե։

– Դուք չե՞ք պահի իմ հավին։

– Լա՛վ, թողեք հավին այստեղ։ Ես նրան կտանեմ հավաբուն ու կպահեմ ոնց որ իմ հավին։

Բայց կովը կճղակով խվում է հավին ու սպանում նրան։

Որոշ ժամանակ անց գալիս է հավի տերը։

– Բարև, մորաքո՛ւյր։

– Բարև, Վադուայե։

– Լա՞վ եք պահում իմ հավին։

– Վա՜յ, իմ խեղճ հարևան։ Այսօր առավոտյան մեր կովը կճղակով խփեց ու սպանեց հավին։

– Ես կգնամ դատարան կբողոքեմ, ես կգնամ դատարան կբողոքեմ։

– Ինձ հանգիստ թողեք, Վադուայե, բողոքելու փոխարեն ավելի լավ է մեր կովը տարեք։

Նա տանում է սև ու սպիտակ խալերով, բարակ, փայլուն բրդով կթան կովն ու գալիս է մի այլ կնոջ տուն։

– Բարև, մորաքո՛ւյր։

– Բարև, Վադուայե։

– Չեք պահի՞ դուք իմ կովը։

– Է՛հ, ինչ կա, կպահեմ։ Կապեք այստեղ մոտիկ մի տեղ, հետո մեր կովերի հետ կտանենք գոմ։

Երբ մթնեց, սպասուհին վերցրեց դույլն ու աթոռը և եկավ կթելու կովերին, բայց Վադուայեի կովը նրան մոտ չէր թողնում, քացի էր տալիս և, ուժեղ խփելով սպասուհուն, շրջեց դույլը: Սպասուհին ջղայնացավ ու այնպես խփեց նրան աթոռով, որ տեղնուտեղը սպանեց։

Մյուս օրը Վադուայեն գալիս է։

– Բարև, մորաքո՛ւյր։

– Բարև, Վադուայե։

– Լա՞վ եք պահում իմ կովին։

– Վա՜յ, իմ խեղճ Վադուայե։ Երեկ մեր սպասուհին ուզում էր կթել ձեր կովին, բայց այնպես բարկացավ, որ աթոռը վերցրեց, խփեց նրան ու տեղնուտեղը սատկացրեց։

– Ես կգնամ դատարան կբողոքեմ, մորաքույր։ Ես կգնամ դատարան կբողոքեմ։

– Դուք դա չեք անի, հարևան։ Ավելի լավ է սպասուհուն վերցրեք տարեք։

Վադուայեն աղջկան մտցնում է պարկի մեջ ու գնում մի այլ կնոջ մոտ, իսկ այդ կինը սպասուհու կնքամայրն էր, բայց Վադուայեն այդ մասին չգիտեր։

– Բարև, մորաքո՛ւյր։

– Բարև, Վադուայե։

– Կարելի՞ է իմ պարկը կարճ ժամանակով ձեզ մոտ թողնել։

– Խնդրեմ, դրեք դռան ետևում, ոչ ոք ձեռք չի տա։

Վադուայեն գնում է։ Մի քիչ հետո պառավը, մտածելով, որ իր սպասուհին մոտակայքում է, ասում է.

– Ժաննետա, մի աման ապուր չե՞ս ուտի։

Սպասուհին չի լսում, բայց պարկի մեջ նստած աղջիկը նրա փոխարեն պատասխանում է.

– Ես հաճույքով կուտեի։

Պառավը երկու անգամ կրկնում է իր հարցը, ու ամեն անգամ նրան պատասխանում է պարկից եկող ձայնը։ Պառավը բացում է պարկը և, տեսնելով իր սանուհուն, օգնում է նրան դուրս գալ պարկից, իսկ աղջկա փոխարեն պարկի մեջ է մտցնում մի մեծ շուն։

Գալիս է Վադուայեն ու ասում.

– Բարև, մորաքո՛ւյր։

– Բարև, Վադուայե։

– Լա՞վ եք պահել իմ պարկը։

– Հա, կարող եք վերցնել ձեր պարկը։

Վադուայեն պարկը գցում է ուսին, համոզված լինելով, որ այնտեղ սպասուհին է նստած։ Մի քիչ գնալուց հետո բա­ցում է պարկի բերանն ու ասում.

– Ժաննետա, համբուրիր ինձ։

– Հա՜ֆ, հա՜ֆ,– հարձակվում է գամփռը։

Վադուայեն այնպես է վախենում, որ պարկը ցած է գցում ու լեղապատառ փախչում։

 

 

ՀԵՔԻԱԹ ԿԱՏՎԻ, ԱՔԼՈՐԻ ՈԻ ՄԱՆԳԱՂԻ ՄԱՍԻՆ

 

Մի աղքատ ջրաղացպան մահանում է և իր երեք որդիներին ժառանգություն թողնում մի կատու, մի աքլոր և մանգաղ։

– Իսկ ջրաղացն ու էշը,– կհարցնեք դուք։

Ջրաղացը պատկանում էր գյուղի տիրոջը, իսկ էշը սատ­կել էր ջրաղացպանի մեռնելուց մի շաբաթ առաջ:

□Ին՞չ անենք□,– մտածում էին եղբայրները գերեզմա­նոցից վերադառնալիս։

– Ի՞նչ անենք, ի՞նչ անենք,– տխուր կրկնում էին նրանք։

– Մեր բախտը չբերեց,– ասաց մեծ եղբայրը։– Եկեք բաժանենք մեր հայրական ժառանգությունը, որն, ինչպես գիտեք, հարուստ չէ, և գնանք աշխարհում բախտ փնտրելու։ Եթե ուզում եք, եկեք պայմանավորվենք, որ ուղիղ մեկ տարի և մեկ օր հետո հանդիպենք հենց այս նույն տեղում։

– Դե, ինչ արած, այդպես էլ անենք,– պատասխանեցին կրտսեր եղբայրները։– Դու ավագն ես, դու էլ բաժանիր ժա­ռանգությունը։

– Լա՛վ։ Ահա և մենք տանն ենք։ Ժան, դու վերցրու աք­լորին։ Ժա՛կ, դու վերցրու մանգաղը։ Իսկ ես էլ կվերցնեմ Մինե կատվին։

Ժանը կանչեց աքլորին, Ժակը վերցրեց մանգաղը, Պիեռը՝ ջրաղացպանի մեծ տղան, կանչեց կատվին, ու նրանք ճանա­պարհ ընկան։

Երեք եղբայրները հասան խաչմերուկին, գրկեցին իրար ու բաժանվեցին։

Ամեն մեկը գնաց իր ճանապարհով՝ Պիեռը կատվի հետ, Ժանը՝ աքլորի, իսկ Ժակը՝ մանգաղի հետ։

Գնաց–գնաց Պիեռը ու վերջապես հասավ մի թագավորական դղյակի։ Հենց այդ ժամանակ թագավորի երկու հազար ծառաները՝ զինված վիթխարի փայտերով, կռվում էին մկների դեմ, որոնք բոլորովին քայքայել էին երկիրը։ Արդեն կես տարի այս երկրում կռվում էին մկների դեմ, իսկ սպանել էին ընդամենը չորսին։ Պիեռը զարմացած նայում էր այս ամենին, երբ հանկարծ պալատի նկուղից դուրս թռավ մի գեր մակ ու վազեց ուղիղ նրա կողմը, իսկ մկան ետևից վազում էին մոտ հիսուն որսորդ։ Պիեռը չկարողացավ ծիծաղը զսպել, տեսնելով, թե նրանք ոնց են չարչարվում մկանը սպանելու

համար, իսկ մուկն ասես դիտմամբ վազվզում էր իր կատա­ղած հետապնդողների ոտների արանքում և ծաղրում նրանց։ Մկնորսներն, աշխատելով խփել մկանը, ամբողջ ուժով հար­վածում էին իրար փայտերով, իսկ Պիեռն ավելի ու ավելի բարձր էր ծիծաղում։ Թագավորի ծառաները ջղայնացան. նրանցից մեկն ասաց Պիեռին.

– Օտարերկրացի, եթե դուք մեր տեղը լինեիք, այդպես չէիք ծիծաղի։

– Ինչո՞ւ եք այդպես մտածում։

– Ինչո՞ւ։ Մի՞թե չեք տեսնում, թե որքան դժվար է այս գազաններին բռնելը, Աստվա՜ծ պատժի դրանց։

– Իսկ ես առանց դժվարության կբռնեմ այդ մկանը։ Նայեք։

Եվ, դա ասելով, Պիեռը պարկից բաց թողեց Մինե կատվին, որը մի ցատկով հասավ մկանը, բռնեց նրան ու բերեց տիրոջ մոտ։

– Օ՜, Աստված։ Սա ի՜նչ հրաշալի կենդանի է,– միաբերան գոռացին թագավորի ծառաները, հազիվ ուշքի գալով զարմանքից։

– Այս կենդանին կոչվում է կատու, և նա հեշտությամբ կարող է բռնել ձեր թագավորության բոլոր մկներին։

– Կատո՞ւ... Իսկ նա մարդկանց չի՞ ուտում։

– Ո՛չ, բայց նա շատ է սիրում առնետներին ու մկներին։

– Դե, որ այդպես է, գնանք մեր թագավորի մոտ։ Նրա համար շատ հետաքրքիր կլինի տեսնել ձեր... Ինչպե՞ս էր կոչվում...

– Կատու։

– ...ձեր կատվին, և նա շատ փող կտա կատվի համար։ Միայն հիշեք, թագավորը շատ հարուստ է, ինչքան կարող եք շատ ուզեք։

Պիեռը ծառաների ետևից գնաց պալատ, և նրանք Պիեռին տարան թագավորի մոտ։

– Ինձ ասացին, թե այդ կենդանին, որին դու բռնել ես քո ձեռքում, մի րոպեում կոչնչացնի իմ թագավորության բոլոր մկներին, և նրան կարելի է ազատ բաց թողնել՝ չվա­խենալով իմ հպատակների կյանքը վտանգի ենթարկել։ Ճի՞շտ է արդյոք:

– Ճիշտ է, և եթե ուզում եք, հիմա դա կապացուցեմ։

Մոտ կես դյուժին մկներ ազատ վազվզում էին սենյա­կում։ Պիեռը բաց թողեց կատվին, որի ախորժակը բավական բորբոքվել էր առաջին մկանը բռնելուց հետո, և Մինեն, շատ գոհ լինելով այդ հարուստ ավարից, ցատկում էր մեկ մկից մյուսը, մինչև որ բոլորին էլ սատկացրեց։

Թագավորն ապշել էր։

– Որքա՞ն ես ուզում քո կատվի համար։

– Իմ կատուն չի վաճառվում։ Ամբողջ աշխարհում չկա այդպիսի երկրորդ կենդանի, և ես չեմ կարող բաժանվել նրանից։

– Բայց նա ինձ այնքա՜ն շատ է դուր գալիս, որ պատ­րաստ եմ տալ իմ թագավորության կեսը։

– Չեմ կարող։ Այ, եթե ձեր աղջկան կնության տաք ինձ ամեն ինչ լավ կլինի, ես չեմ բաժանվի իմ Մինեից, իսկ նա էլ ձեզ կպատկանի։

Թագավորն ուրախությամբ համաձայնվում է այդ առա­ջարկությանը, և հենց նույն օրը Պիեռն ամուսնանում է արքայադստեր հետ։

Ջրաղացպանի երկրորդ տղան՝ Ժանը, նույնպես հասնում է մի թագավորական դղյակի, բայց ուրիշ երկրում։ Նա այնտեղ ապաստան է խնդրում, իսկ երեկոյան շատ է զարմանում, երբ տեսնում է, որ դղյակից դուրս է գալիս սև ձիեր լծված մի վիթխարի մարտակառք։ Այդ մարտակառքը սլա­նում է դեպի արևելք։ Ժանը հարցնում է պալատական ծառա­ներից մեկին.

– Ո՞ւր գնաց կառքը։

– Ուր գնաց կա՞ռքը։ Դա ի՜նչ հարց է։ Բնականաբար, գնաց ցերեկի ետևից, թե չէ նա չի գա։ Իսկ մի՞թե ձեր երկրում հավերժական գիշեր է։

– Ո՛չ, ի՜նչ եք ասում։ Շնորհակալություն, որ բացատ­րեցիք։

Եվ Ժանը սպասեց հաջորդ օրվան։ Նա արթնացավ, երբ պալատի ժամացույցը խփեց ժամը վեցը, և քանի որ ամառ էր, նրան շատ տարօրինակ թվաց, որ այդ ժամին դեռ բոլորովին մութ է։ Խփեց ժամը յոթը, հետո ութը, իսկ գիշերը դեռ շարունակվում էր։ Վերջապես ժամը իննին հեռվում լսվեց անիվների ուժգին ձայն, կառքը վերադառնում էր, բերելով ցերեկը։

– Ահա թե ի՜նչ։ Մի՞թե այս երկրում աքաղաղ չկա։ Տես­նենք, թե վաղն ի՜նչ է լինելու։

Ժանը ծառաներին ոչինչ չասաց իր որոշման մասին, բայց երբ նորից մթնեց, նա բաց թողեց իր սենյակում աքաղաղին և սպասեց։ Գիշերվա ժամը երեքին աքաղաղն արթնացավ, թափահարեց թևերը և խլացուցիչ կանչեց իր □ծուղրուղուն□, այն էլ ոչ թե մի անգամ, այլ մի քանի անգամ։

Իսկույն սկսեց լուսանալ։ Ինչպե՜ս իրար անցան դղյա­կում... Սկզբում ենթադրեցին, որ մարտակառքը սովորակա­նից շուտ է վերադարձել, բայց իսկույն համոզվեցին, որ սխալվել են։ Սկսեցին հարցուփորձ անել ծառաներին, և նրանցից մեկը պատմեց, որ լուսաբացն սկսվելուց անմիջա­պես առաջ նա լսեց, թե ինչպես օտարերկրացու սենյակում մի ինչ-որ թռչուն □ծուղրուղու□ կանչեց։ Թագավորը հրամա­յեց Ժանին բերել իր մոտ ու հարցրեց նրան.

– Դուրս է գալիս, որ դո՞ւ բերեցիր ցերեկը։

– Այո՛, ես, ավելի շուտ՝ այս թռչունը, որն իմ ձեռքում է։

– Ինչպե՞ս է այն կոչվում։

– Աքաղաղ։ Հենց որ նա □ծուղրուղու□ է կանչում, ցերեկը շտապում է գալ նրա կանչին։

– Իսկ որտե՞ղ են լինում այդ հրաշալի թռչունները։

– Ամբողջ աշխարհում այդպիսի ուրիշ թռչուն չկա։ Ինձ նվիրել է իմ կնքամայր Փերին։

– Ծախի՛ր ինձ քո աքաղաղը, իսկ ես քեզ կտամ ինչ որ ուզես, թեկուզ թագավորությանս կեսը։

– Իմ աքաղաղը չի վաճառվում ո՛չ արծաթով, ո՛չ ոսկով, և ես երբեք չեմ համաձայնվի բաժանվել նրանից, իսկ եթե նա ձեզ շատ է դուր գալիս, եկեք այսպես անենք. դուք ձեր աղջկան՝ արքայաղստերը, կտաք ինձ կնության, իսկ ես աքա­ղաղը կզիջեմ ձեզ։ Աքաղաղը ամեն առավոտ ցերեկը կբերի ձեզ մոտ, իսկ ես էլ ստիպված չեմ լինի բաժանվել նրանից։

– Համաձա՜յն եմ, համաձա՜յն եմ,– ուրախ բացականչեց թագավորը, հրճվելով, որ այդքան հաջող գործարք կատարեց։

Եվ հենց նույն օրը Ժանն ամուսնացավ արքայադստեր հետ։

Իսկ Ժակը, որ մտածում էր, թե եղբայրներն իրեն խաբեցին, մի քանի անգամ արդեն ուզել էր մանգաղը դեն գցել։ Բարեբախտաբար, նա այդ չարեց և շարունակում էր գնալ այն ճանապարհով, որով գնացել էր եղբայրներից բաժանվելուց հետո։

Պիեռի ու Ժանի նման, նա էլ եկավ մի անծանոթ երկիր, թագավորի պալատի մոտ։ Պալատը բոլոր կողմերից շրջա­պատված էր ցորենի դաշտերով, և հարյուրավոր հնձվորներ փայտերով հավաքում էին բերքը։

Գրեթե ամբողջ ցորենը թափվում-կորչում էր, իսկ մարդիկ ուժասպառ էին լինում հոգնածությունից։

Ժակը զարմացած նայում էր նրանց, չհավատալով իր աչքերին։ Հետո մոտեցավ գյուղացիներին, ցույց տվեց իր ման­գաղն ու ձեռքի մի շարժումով հնձեց մի խուրձ հասկ։

– Սա ինչ հրա՜շք է,– բացականչեցին հնձվորները։ – Գնանք պատմենք թագավորին։

Եվ նրանք գնացին թագավորի մոտ ու պատմեցին, թե օտարերկրացին իրենց աչքի առաջ ի՜նչ արեց։ Թագավորն ուզեց ինքն էլ տեսնել հրաշքը և իր ծառաների հետ եկավ դաշտ, որ խոսի ջրաղացպանի տղայի հետ։ Նրա խնդրանքով, Ժակը մանգաղով հնձեց հասկերի մի քանի խուրձ։

– Վաճառիր ինձ քո մանգաղը,– խնդրեց նրան թագա­վորը։

– Իմ մանգաղը չի վաճառվում։ Ես այն ձեզ կտամ մի­այն մի պայմանով։

– Ի՞նչ պայմանով։

– Տվեք ինձ կնության ձեր աղջկան։

– Համաձա՜ յն եմ, համաձա՜յն եմ։

Հենց այդ երեկո Ժակն ամուսնացավ արքայադստեր հետ։

Եվ ուղիղ մեկ տարի ու մեկ օր հետո երեք եղբայրները՝ Պիեռը, Ժանն ու Ժակը, վերադարձան ջրաղաց, գրկեցին իրար ու պատմեցին, թե ի՜նչ հարստության, փառքի ու պատվի մեջ են ապրում, և բոլորը շնորհիվ կատվի, աքաղաղի ու մանգա­ղի՝ աղքատ ջրաղացպանի ժառանգության։

 

Թարգմանեց՝ Ջ. Ղազարյան