ԱՅԼԱԾԱՂԿՈՒՄ

ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆ

ԱՅԼԱԾԱՂԿՈՒՄ


  1. Ազատ երկինք չկար
    Էս կողմերում։
    Ստիպված հեռանում եմ
    Դեպի սիրտը նրա
    Եվ անձրևում…

  2. Իսկ նա ծիծեռնակ է.
    Պոչով չափում սերը,
    Իմ հայացքին հարմար
    Զատիկներ է որսում
    Զմայլելի…

  3. Կփշրվե՞ս իմ մեջ,
    Կտարածվե՞ս չորս դին.
    Չէ՞ որ լույս ես.
    Բեկվի'ր բույրի ադամանդում:

  4. Զեփյուռն ուսս հրում,
    Համոզում է` ուղղեմ նրա
    Սանրվածքը
    Լուսաբացի սանրով…

  5. Ձորում մշուշ է մունջ.
    Փաթաթվում է ուսիս,
    Համբուրում է դեմքս
    Թաց շուրթերով։
    Մի՞թե սիրուհիս է
    Նրան հուշել…

  6. -Կարմիր ծաղիկ ունե՞ս,-
    Հարցնում եմ ծաղկած
    Խնձորենուն։
    _Ո'չ, ձագերս են կարմիր,_
    Շիկնում է նա:


  7. -Սիրտդ շոյե՞մ մատով,-
    Հարցնում եմ ջրին։
    -Սառնորակ եմ ախր,
    Լավ է` ինձնից խմիր,-
    Բխում է նա։

  8. Մահը հո բոբո՞լ չէ.
    Դուռ է ընդամենը`
    Էս ու էն կողմ բացվող`
    Անզսպանակ, խախուտ…

  9. -Ճամփան ու՞ր է տանում,_
    Հարցնում եմ թռչնին։
    _Հարկավ դեպի երկինք,-
    Ծիծեռնակի տեղակ
    Խշխշում է բարդին
    Եվ սլանում…

  10. Իսկ ես դեռ կգնամ
    Գիշերների միջով,
    Որ հանդիպեմ լույսին։
    Իսկ ես դեռ կգրկեմ
    Նրա ուսերը բաց,
    Որ չմրսեն...

  11. Գնամ էսօր հարբեմ.
    Զուր չայպանեք։
    Գետի ափ եմ գնում`
    Աչքալուսանք։
    Մանրաձուկ է իջել
    Վերին աղբյուրներից։
    Նվեր էլ եմ տանում`
    Հրճվանքը սրտիս...


  12. Սիրուն պատկեր տեսա
    Մի իրիկուն` արդեն մթնժորած։
    Մի անձրև տեղաց
    Լեղապատառ։
    Հազիվ մի ծածկ գտա,
    Ասի` պատսպարվեմ։
    Հետո մութը իջավ։
    Լուսնի լույսերի տակ
    Անձրևի խոշոր կաթիլներով
    Լույս էր տեղում...
    Ասի` լուսավորվեմ,
    Կամ էլ թրջվեմ
    Աստծո թաց լույսերով...

  13. Մի կնոջ հիշեցի`
    Լացս եկավ։
    Կին էր սովորական,
    Եվ ո'չ հոպոպ...

  14. Մի կնոջ էլ հիշեմ,
    Ով ինձ մերժեց:
    Եվ մերժելով` ցայսօր
    Սիրում է դեռ...

  15. Պարզապես բարդ է
    Չհավատալ Աստծուն:
    Հո իզուր չի՞ բուրում
    Շաքրուկենին։
    Դա էլ ի'ր աղոթքն է`
    Հազարաշուրթ ծաղկած,
    Առավոտյան` ուղիղ ժամը յոթին։

  16. Երեք կարմիր կակաչ
    Կանաչ դաշտի միջին
    Նրա աչքն են շոյում
    Եվ վկայում սերը...

  17. -Քո հայացքը ու՞ր է`
    Է'ն, որ գրկում էր ինձ,-
    Ծածանվում է, ծփում,
    Շնկշնկում է հովը սիրո ուսին...

  18. Թե հարմար է`
    Արի' մի կիրակի,
    Որ կիրակի~ լինի...

  19. Չծուլանամ.
    Ելնեմ գնամ,
    Էն լորենուն տեսնեմ։
    (Էս ձմեռը ցուրտ էր
    Սրտաճմլիկ...)

  20. -Շա~տ հոգավոր ծաղիկ ես,-
    Ասացի ես։
    -Գիտեմ։ Փուշ էլ ունեմ,-
    Ծկլթաց նա...

  21. —Կլինե՞ս իմ հոգսը։
    —Այո'։
    —Հեշտ կգրկվե՞ս։
    —Ըհը։
    —Ապրե~ս։
    —Քեզ համար եմ հոգում։
    —Ինչու՞
    —Որ երազե~ս։
    —Ու՞մ։
    —Իհարկե` ինձ։

  22. Մի գաղտնիք գտա`
    Ծառից կախված,
    Ասի` ելնեմ պոկեմ։
    Մինչև ծառը ելա,
    Մոշահավը տարավ.
    Թե նրան ինչ էր պետք,
    Չհասկացա։
    Նա գաղտնիքը տարավ,
    Ես մնացի անհարց։
    Անգա~մ անպատասխան...


  23. Հոգի'ս, մահը կգա,
    Իսկ դու դեռ պատրաստ չես
    Անձրևներին այլաշխարհի...

  24. Ես հիշում եմ ծովը.
    Պարբերաբար, անվերջ
    Նա ծփում է իմ մեջ
    Եվ ողողում սիրտս։
    Իսկ նա...հիշու՞մ է ինձ`
    Գոնե մի ալիքո~վ…

  25. Մի բուռ աղանձ տեղար
    Երկինքներից.
    Շան թուլեքը արդեն
    Ատամ ունեն
    (Ծանոթ շուն է։ Համ էլ
    Լավ է հաչում…):

  26. Էն բարեգութ կինը
    Ասաց նվեր բերե՞մ:
    Ասացի` հա', քե'զ բեր`
    Թեթև սարաֆանով,
    Ոտիդ` ճերմակ սանդալ,
    Եվ փնջով էլ
    Երկա~ր-երկար
    Գիշերներ բեր…

  27. Կարմիր գինեգույն մազերով
    Պատկերն եմ հիշում էն կնոջ`
    Ծնկները կիպ սեղմած։
    Իսկ սեղանին` պնակում,
    Ծիրաններ են բուրում,
    Եվ ինքն է բուրում ծիրանե հայացքով…

  28. Բնավ պարտադիր չէ,
    Որ ես հարբեմ քեզ տեսնելիս.
    Ախր մանրի~ց, դանդա~ղ,
    Համառորեն հարբեցող եմ դառնում։
    Ո՞վ է տուն տանելու,
    Կամ էլ, մի տեղ`քեզ մոտ…

  29. Եթե ծովի վրա
    Անկողին է ծփում,
    Իսկ անկողնուց կին է
    Քեզ հետևում`
    Ձեռքին հեռադիտակ,
    Ուրեմն` ի՞նչ ասեմ,
    Բանդ բուրդ է, եղբա'յր,
    Կամ էլ հարբած ես շատ
    Կարոտներից անանց…

  30. Երեկ մի հայելու նայեցի.
    Թվաց` անաչառ է,
    Բայց ալիք էր գետի. 
    Դեմքս քշեց, տարավ…
    Հիմա լոկ… հայացքս է
    Ինձ որոնում հեռվում…

  31. Ես գիշերից իջա,
    Ինչպես ավտոբուսից,
    Որն ինձ զուր պտտեց
    Մութի փողոցներով,
    Եվ ձեռքիցս խլեց
    Սրտիս մի կտորը`
    Չեղած տոմսակի տեղ
    Տրտում ուղևորի...

  32. Դու որտե՞ղ էիր այսքան տարի
    Ինձ մութի մեջ թողել`
    Այլ խոտերի վրա...

  33. Ես մի թռչուն գիտեմ.
    Հույս են ասում։
    Միջնաշխարհի եզրին
    Թևում է նա, բուրում,
    Մի թևով ինձ է նա ողջունում,
    Իսկ մյուսով նրան,
    Ով հեռացավ մի օր
    Անվերադարձ...

  34. Միայն հույսն է չեզոք. 
    Նա ոչ զինում է քեզ,
    Ո'չ էլ զինաթափում։
    Ուզում ես` հուսա,
    Ուզում ես` ո'չ...

  35. Արցախում մի տրտում գետ կա,
    Ջրիմուռներ ունի կարմիր,
    Կարմի~ր ու տաք։
    Հարբա՞ծ ես կարմի~ր, կարմիր գինուց`
    Ոտքերդ դնում ես ու նստում։
    Ձկները կտցում են ոտքերդ,
    Ձկները կտցում են թաքուն,
    Արնոտում են ոտքերը քո։
    Հետո, դե, ասենք, յոթ օրից,
    Երբ գնում ու որսում ես նրանց
    Եվ շոյում, համբուրում ես
    Կարմիր խալիկները,
    Դու հիշու՞մ ես արդյոք,
    Որ նրանց խայտացող պուտիկները,
    Քո արյան կամ խմած քո գինու
    Արյունն է` նրանց թեփուկներից պսպղում...

  36. Առանց խեցու ապրեցի.
    Ներսս դրսում եղավ,
    Եվ լույսից էին նիզակներս...

  37. Թռչու'նս, մի բան հուշիր
    Հոգու արևելքից։
    Եվ մի փետուր էլ տուր,
    Քսեմ իմ աչքերիս.
    Թող երկնքոտ լինի`
    Օգոստոսյան ցնորք...

  38. Կին էր`արցունքենի։
    Ասում էի` բարև,
    Լաց էր լինում...

  39. Մայրամուտը
    Համբուրել էր նրա շուրթը։
    Միշտ վառ կարմիր
    Շրթներկով էր
    Պռոշները ներկում,
    Եվ շապիկիս վրա
    Թողնում հետքը
    Գալիք առավոտի...

  40. Բայց իմ ծովն ուրիշ է։
    Չի վնասի։
    Շատ-շա~տ` խեղդի...

  41. Ո՞վ կբուրի այսօր խնձորներով,-
    Ես հարցրի լույսին։
    -Քո սիրուհին գիտի,-
    Պայծառացավ պայծառ կամավորը...

  42. Իսկ նա թավշե դեղձ էր պոկել,
    Եվ ափի մեջ տրորում էր նրա այտը։
    Ինչ լա~վ է, լա~վ.
    Կառնեմ դեղձի համը
    Նրա անուշ բերնից...

  43. Քաղաքներից փախա,
    Ավաններից փախա,
    Եվ գյուղերից փախա,
    Եվ ոչ մի տեղ չկամ։
    Ա'յ, հենց էդ պատճառով
    Մի հոպոպ ինձ հարցրեց`
    Թափառակա'ն տղա,
    Կարմիր բզեզներ կա՞ն
    Ծաղկած անապատում...

  44. Զուսպ ապրում է ծորում
    Տերևներից ծաղկած խնձորենու։
    Նրանք պիտի տքնեն,
    Որ խնձորներն հանկարծ չմահանան..


  45. Էլի' հանդիպեցի.
    Տոմսավաճառն էր նա ժամանակի։
    Ասի`մի հոգի եմ,
    Սակայն երկու տոմս տուր։
    Նայեց նա իմ սրտին,
    Ասաց` ճեղքված է արդեն.
    Ցավը զուր կթափվի կանաչ խոտին։
    Ասի` բա ի՞նչ անեմ...
    Ասաց` առվույտ պոկիր ափով,
    Խառնիր սիրուն, խցկիր` ճեղքը փակվի։
    Ասի` աչքի'ս վրա։
    Գնում եմ սիրելու
    Ինձ պես սրտապատառ մեկին...

  46. Ծեքծեքում է քամին
    Ծաղիկների մասին,
    Նրանց բույրերից է
    Պատմում անվերջ,
    Հետո ամաչում է,
    Փակում է թևերը
    Եվ աչքերն է փակում,
    Որ սև փոշիներից
    Սրտից զուր չկաթի
    Ծաղկաբույրը
    Կարմիր կակաչների...

47.***
Սաթը կարկաչում է
Երազիս մեջ։
Սրտիս որձաքարը
Վստահում եմ նրան։
-Ա'յ, -ասում եմ,-
Քիչ էլ որ կարկաչես,
Գլաքար կդառնամ
Ողորկ լույսի...


  1. Սաթը թռչուն է մի,
    Անուն չունի.
    Սաթ եմ ասում նրան,
    Որ իմանաք։
    Սաթը թռչուն է մի
    Կանաչ լույսի...

  2. Սաթը ցող է զմրուխտ
    Կանաչ խոտի վրա…
    Երբ տխուր եմ լինում,
    Սաթով եմ լվացվում,
    Եվ Սաթով եմ սրբում լուսաբացը...

  3. Ասաց`
    Սարաֆանս հարդուկել եմ,
    Դեղին կրունկներով կոշիկներս սրբել։
    Ասաց`
    Քանի՞ գիշեր պիտի
    Հանեմ , հագնեմ անքեզ...
    Ի՞նչ ասեի նրան...
    Ասի` վայ թե`100։


  4. Մի օր ինձ հարցրեց`
    Դու սիրու՞մ ես ծովի
    Խաղաղ խորքը։
    Ասացի` երևի։
    Ասացի` չմոռանա'ս,
    Որ խորքերում լինենք,
    Հարկավոր է,
    Որ մենք անցնենք
    Փոթորիկի միջով`
    Ահեղ ալիքներին
    Մեր սրտերը տալով...

  5. Քանի՞ լուսաբաց է
    Թռչունը բերելու,
    Որ մի գիշեր
    Նրան սրտանց խնդրեմ`
    Ա'յ փետրավոր հոգի,
    Այս գիշերը...թող մեզ
    Յոթ գիշեր լինի`
    Մեկ լուսաբաց սրտով...

  6. Մի ցավ ինձ խնայեց.
    Ասաց` բնավ կույր չես,
    Եվ տեսնում ես շուրջդ
    Մահ ու կսկիծ։
    -Լավ է ` կուրանայի,-
    Ասացի ես։
    -Չէ, մի ասա,-ասաց,-
    Քո չտեսածից
    Սիրտդ մեկի տեղակ
    Յոթ ճեղքվածք կտար։
    -Մի՞թե այդքան,-զարմացա ես...

  7. Մի կին ձեռքով աներ,
    Համբուրեի ձեռքը`
    Թեկուզ հեռվից...

55 
Մի կին աչքով աներ,
Հայացքը որսայի`
Որպես թիթեռ,
Ալրափոշին նրա թևիկների
Լուռ մաղեի սրտիս...


  1. Մի կին պճնվեր
    Սիրուն սարաֆանով,
    Իմ դուռը գար,
    Ասեի` բեր հանեմ,
    Թող զուր չճմռթվի...

  2. Զուր չեմ հիշում նրա կարկաչոցը...
    Նրանով եմ անցնում անդունդները
    Լարախաղացի պես,
    Ձեռքիս` կարկաչողի երկար ձողը։

  3. Զուր չեմ հիշում նրա հիացմունքը...
    Տաղիկներ եմ մանրում համեմունքի նման, քամիների ներսում
    Եվ սփռվում...

  4. Զուր չեմ կանչում` արի',
    Որ մի աստղ ցոլա
    Իրիկնադեմ հույսի...

  5. Զուր չեմ ասում`
    Հանկարծ չվհատվես...
    Սեր է. պիտի ծփա տրտմության հետ...

  6. Զուր չեմ ասում`
    Ծաղկի'ր գիշերվա մեջ...
    Կհոտոտեմ սրտանց,
    Որ չպրծնես բույրից...

  7. Զուր չեմ ասում նրան`
    Հո իզուր չէ՞ սերը...
    Նա կա,
    Որ երջանիկ լինես
    Հոգուս ժամանակով
    Ժամը կյանքին։

  8. Երկնքից բան չեմ ուզում.
    Ընդամենը` երկու թռչուն,
    Մեկ սեր։
    Որ երկուսով գրկեն մինուճարին։

  9. Գնամ գիշերվա դուռ,
    Ասեմ` Սևու'կ, 
    Մի տեղաշոր գցիր
    Դեղձենու տակ։
    Հեռուներից շուտով
    Կարկաչողն է գալու,
    Որ սրտովս հոսի...

  10. Գնամ գիշերվա դուռ,
    Ասեմ` Սևու'կ,
    Թե սփռոցներ ունես`վրան աստղեր,
    Փռի'ր քո երկնքին։
    Եվ նրա'ն էլ ասա`
    Հարավային քամուն,
    Իր թոռնաթոռ
    Փոքրիկ զեփյուռիկին ասի`
    Թող չուշանա հանկարծ.
    Կարկաչողն է գալու...
    Թող մազերը խառնի
    Դեղձաբույրով։


  11. Մի անուշ տաղ տանեմ
    Դեղձենուն տամ.
    Անգիր թող սովորի։
    Գուցե մի օր պետք գա։
    Գուցե մի օր բուրի
    Գիշերվա մեջ...

  12. Օտար ճանապարհ էր.
    Իզու~ր անցա, իզու~ր...
    Օտար ճանապարհ էր,
    Դարձավ ծանոթ։
    Հիմա ինչքան տխրեմ,
    Պիտի խմեմ...

68 
Սրտի մեջ 
Նա յոթ տաղիկներ ունի.
Դաշտից է քաղել։
Հենց որ հանդիպի 
Կարկաչող մեկին,
Ականջներից է կախելու նրա։


  1. Սրտի մեջ
    Նա յոթ ալիքներ ունի.
    Առուն է տվել։
    Հենց որ հանդիպի
    Կարկաչող մեկին,
    Պարանոցին է գցելու նրա։

  2. Սրտի մեջ
    Նա յոթ հոպոպներ ունի.
    Անտառն է տվել։
    Հենց որ հանդիպի
    Կարկաչող մեկին,
    Յոթ հոպոպներին
    Խնդրելու է, որ
    Երկնքի աստղոտ սփռոցը նրանք
    Յոթ կտուցներով
    Ծածանեն նրա գլխավերևում...

  3. Լալահառաչ ծառ էր...
    Ասի`ուռի',
    Քեզ ո՞վ խաբեց։
    Լալահառաչ ծառ էր...
    Ասաց` գնա',
    Դեռ խռով եմ քեզնից։
    Ինձնի՞ց... Ինչու՞ ինձնից` ասի։
    Լալահառաչ ծառ էր`
    Իմ մեջ լացող...

  4. Խորդուբորդ է.
    Ընկնում եմ ու ելնում.
    Իմ երկիրն է։
    Բախտն էլ է խորդուբորդ.
    Ընկնում է ու ելնում
    Ինձ պես։
    Էսքան էլ նմա՞ն լինեն
    Հեր ու տղա...

  5. Երբեք չեմ մոռանա,
    Որ արշալույսը գալիս է
    Աքաղաղի կանչով,
    Ինչպես այսօր...
    Այնքան զիլ ծղրտաց,
    Ասացի` վերջ,
    Երևի սիրուհիս է եկել`
    Աչքալույս է տալիս
    Արշալույսի նման...

  6. Գրում եմ, որ ժպտաս։
    Դա եմ կարողանում։
    Եթե քիչ է, ասա'։
    Նաև սուլել գիտեմ
    Առավոտ վաղ...

  7. -Ինչ լինում է լինի`
    Պիտի բացվեմ,-
    Ասաց ալ կակաչը,
    Եվ բացեց կարմիր առագաստները
    Մի պաղ առավոտ
    Մի մանրապճեղ անձրևի տակ,,,

  8. Հե~յ, փետրավո'ր հոպոպ,
    Սուլեցի, ու թռար,
    Հիմա ես ի՞նչ անեմ
    Թրթռոցը ճախրիդ...
    Թույլ տուր`
    Սրտում պահեմ իմ տաղիկի.
    Հենց կարկաչողն եկավ,
    Նրան կտամ։
    Կասեմ` տե'ս,
    Դեռ չի թառամել։
    Կասեմ` կսազի
    Ճերմակ սարաֆանիդ,
    Եվ սանդալներիդ կսազի ճերմակ,
    Եվ ժպիտդ կշոյի քնքշորեն։

  9. Չվհատվե'ս հանկարծ...
    Կկարկաչե'ս սրտանց.
    Տե'ս, գուսան է գալիս,
    Որ քո ջրից խմի,
    Ա'յ քչաջուր աղբյուր
    Զարմանալի հույսի։

  10. Չվհատվես հանկարծ...
    Կկարկաչես սիրուց,
    Պապակ շուրթը նրա
    Կառնես բերանիդ մեջ։

  11. Չվհատվե'ս հանկարծ...
    Կկարկաչե'ս փառքից սիրահարի.
    Թող շլանա լույսից,
    Քանզի արժանի' է խիզախելու սերը։

  12. Չվհատվե'ս հանկարծ...
    Կկարկաչես Աստծուց,
    Որ քեզ ցողեց, սաթեց,
    Ինչ-որ ցնցուղներից զմայլելի
    Քեզ հետ սիրաբանեց։

81
Չվհատվե'ս հանկարծ...
Կկարկաչես
Արյան ոսկե տաղիկներից,
Կօծես նրանց
Յուղով հյուսիսային աստղի,
Դեղձենու տակ`
Գրկած նրա ուսը զգույշ համբուրելիս։


  1. Մի պտղունց հույսն էլ
    Բավական է,
    Որ քեզ սիրեմ լորենու պես։

  2. Մի պտղունց սերն էլ
    Բավական է,
    Որ քեզ չկորցնեմ
    Հեռու մի քաղաքում։

  3. Մի պտղունց էլ
    Որ հավատամ իմ երազին`
    Հաստատ էլ չեմ զարթնի.
    Կկենամ լորենու մեջ։

  4. Գիտեմ,
    Բայց ասում եմ էլի~։
    Տեսիլ-տեսիլ էանում է լույսը,
    Շողում է ու շողշողում քո աչքերում,
    Դեպի ներս է աճում իր ծաղիկը,
    Որ լորենին բուրի այս կողմերում,,,

  5. Հեռուներում է շողում,
    Անչափ հեռուներում,
    Իսկ պորտալարն ահա
    Իմ սիրուց է ձգվում
    Է~ն սիրուհու։

  6. Վերջը հասկացա, 
    Որ սերը սրտի
    Այլածաղկումն է
    Ուրիշի սրտում.
    Հեռվում ծաղկում է,
    Քո ներսում` բուրում...

  7. Վերջը հասկացա,
    Որ կարելի է
    Պառկել խոտերին
    Կիրակի օրվա
    Եվ ոչինչ չանել`
    Բացի սուլելուց նրա անունը
    Վաղորդյան ցողի պսպղոցներով
    (Ոչինչ, որ թաց է.
    Հո շաքարից չե՞մ...):

  8. Վերջը հասկացա,
    Որ կարելի է
    Նաև ցնորվել`
    Գլուխդ դրած նրա ծնկներին
    (Շատ չէ. մի պտղունց
    Մանանեխի չափ`
    Թե քսեմ հացիս...):

  9. Վերջը հասկացա`
    Հենց արտասանեմ նրա անունը,
    Ծառը կթեքվի,
    Որ լավ լսի ինձ,
    Որ տխուր պահին
    Ինձ հիշեցնի երազիս վերջը...

91
Ինչքա~ն աչքեր կան խուփ,
Որ նայում են Աստծուն`
Ինչքա~ն աչքեր։
Եվ ա'յս կակաչն ահա',
Հենց թերթերը բացեց,
Պլշած նայեց նրան`
Ի~նչ հիացմունք...
Հետո, խոնարհաբար
Գլուխը ցած կախեց.
Ինչ զու~սպ համեստություն`
Այսքան կուրության մեջ...

92
Ծառին սոխակ տեսա,
Ասի` երգի'ր։
Սիրաբանի'ր,- ասի.
Թևե~ց, գնաց...
Մաքուր արևելք է` մտածեցի։
Ձեռքս սրտիս տարա.
-Մի՞թե կտուց չունես,
Երգիր էլի~,-ասի..

93
Թավիշով է պատում
Նա երկինքը,
Մայրամուտը 
Կարմիր կակաչների...

94
Թավիշով է պատում իրիկունը,
Համբույրներ են իջնում
Երգեցիկ ու նախշուն վերևներից,
Ասեմ իմ սիրուհուն 
Ուսը բացի,
Օդապարիկն իջնի 
Զեփյուռի հետ,
Համբույրները հանկարծ չմոլորվեն
Թավշե թրթիռներում մոլորակի...

95
Մի երկու բուռ տաղիկ
Ջոկեմ ավազներից`
Սաթե պսպղաններ,
Ծովին ասեմ`
Տու'ր ինձ,
Տու'ր ինձ` ասեմ ծովին
Սաթե պսպղաններ,
Կախեմ սիրո ճյուղից,
Մի քիչ ուրախանան
Մարդ ու թռչուն,
Մի քիչ զմայլելի դառնա կյանքը
Տրտում էս կողմերում,
Անանց էս ցեխերում...

96
Սաթե օրեր լինեն`
Սաթե օրեր,
Կիրակիներ լինեն գիշերներում...

97
Ցավը դուռը փակի
Յոթ-յոթ կողպեքներով,
Յոթ-յոթ դռներ բացվեն
Խնդության դեմ։

98
Սաթե օրեր լինեն,
Սաթե~ օրեր`
Սերը սրտից մտնի,
Սրտերի մեջ մնա,
Այլաշխարհիկ լինի
Եվ վարակիչ։
Սաթե օրեր լինեն,
նաթե~ օրեր...


  1. Խանդը մտրակում է`
    Ներսից դաղում,
    Սև թիթեռ է դառնում
    Կասկածը, և
    Ածելի են դառնում թևիկները,
    Եվ նստում են կապույտ
    Երակների վրա
    Ճերմակ զգացմունքի...

  2. Մի հին ապրում եկավ
    Տարիների հեռվից.
    Թե` մարմնազերծ ապրիր
    Կակաչի սև սրտում...

  3. Մի հին ապրում եկավ
    Տարիների հեռվից,
    Թե` ակոսում պառկիր
    Եվ քո ձեռքով ծածկի'ր
    Մթնած սիրտդ...

  4. Մի հին ապրում եկավ
    Տարիների հեռվից,
    Թե` քո մթնդածը
    Փորձաճագար է մի,
    Իսկ նա` նշտարով է`
    Կինը ընձենավոր։
    (Բոլորի պես խոլոր...)


  5. Մի՞թե ցնորք է սա։
    Թե՞ վաղուց չես վառվել
    Փայտածուխի նման,
    Բայց հիմա ես հիշում
    Եվ մոխրանում...

104
Նա մեղու էր` գիտեր
Ծածկագիրը ծաղկի`
Աստծո հուշած։

105
Նա ծաղիկ էր` գիտեր,
Որ նա հիանում է
Իր պատկերով։

106
Դու քո հեռվում թաքուն
Քո ուսը բա'ց,
Թրթռոցը նրա
Հիացմունքին տրվի
Իմ կարոտի...

107
Հետո, երբ մի մշուշ
Ինձ ձորերում գտնի,
Թող ինձ բերի' հեռվից,
Թող ե~տ բերի։


108
Բերի` սիրտս դնի
Կանաչ խոտի վրա,
Ծածկագիրը հուշի
Փայտփորիկին։

109
Գել ու գազանը գան
Մշուշներով շրջեն,
Թրթիռներով լցվեն
Ռունգերը նրանց,
Նրանք փնչան դողից,
Եվ բույրերից հարբեն,
Կածանների վրա սիրաբանեն`
Իրար և աշխարհի բանից
Փշաքաղված...

110 
Երկյուղում եմ
Մոտենալ լույսին։
(Չասեմ` վախեմում եմ)։
Երկյուղում եմ,
Որ դեռ չի բեկվելու իմ մեջ,
Եվ, որ կսայթաքի
Անկատար իմ նիստերին...


111
Իսկ նա բարի է շատ`
Գեղեցկություն է,
Որ հեռվից էլ է բուժում։
Հոշոտում է սիրտս
Ավելցուկը հոգուս`
Գուցե նիստը վերջին`
Խոտոր ու ծույլ...


112
Բարձրաշխարհիկ
Ծաղիկ է մի.
Վերացարկված է նա։
Միայն թրթռում է
Փետուրի պես հրեշտակի,
Եվ արմատն է բուրում։
Բարձրաշխարհիկ
Ծաղիկ է մի,
Եվ անունն է անգամ
Զարմանալի։
Սարի', սարի' սմբուլ,
Դու ե՞րբ տեսար
Չընկած հրեշտակին...