ՆՈՒՅԱ ՅՈՒ

 

«Նույա-յու: Անտեսանելի մոլորակ: Այն ձգում էր մեզ անբացատրելի ձգողանակությամբ, որ չէր ենթարկվում ֆիզիկայի մեզ հայտնի ոչ մի օրենքի: Նավի հոգեբանը զուր հոգեֆիզիոլոգիական գործընթացներով էր մեկնաբանում Նույա-յուի ձգողականությունը: Մենք՝ հասարակ նավաստիներս, գիտեինք, որ այնտեղ է մեզ ձգում Տիեզերքի ոգին: Բավական է մի անգամ դուրս գաս սեփական արեգակնային համակարգից միջաստղային տարածություն, երբ մարմինդ լույսի արագության ներքո դառնում է ալիք, ու մի պահ դու դադարում ես քո նյութական գոյի կրողը լինել, ու վե՜րջ, դու հաղորդակից ես Տիեզերքի ոգուն: Այդուհետ դու դառնում ես տիրակալը տիեզերքի և ստրուկը: Նրանք, ովքեր գերադասում են անվտանգ երթևեկությունը տիեզերանավով՝ սառած, սատկած, նրանց հասու չէ անհայտը… Իսկ մենք՝ հասարակ նավաստիներս, մենք, որ առաջիններից եղանք, ովքեր հիպերտարածությունում կանգնեցրին կառամատույցներ ու վառեցին փարոսներ, մենք ճանաչեցինք Նույա-յուի կարոտը»:

- Էլի նույն ցնդաբանությունն ես կարդո՞ւմ:

- Այս գիրքը ձգողականություն ունի, Անս:

- Նույա-յուի ձգողականությո՞ւնը, մի ծիծաղեցրու, գիտությունն ապացուցել է, որ ոչ մի Նույա-յու էլ գոյություն չունի: Այդ ամենը հիմարություն է, երբ մարդու մարմինը դառնում է ճառագայթ ու ապա նորից որոշակի տարածական կետում վերամարմնավորվում, տեղի են ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ ու մարդ արդեն այն չէ, ինչ եղել էր նախքան ճառագայթ դառնալը: Մարդու ուղեղն ու հիշողությունները վերանյութականացման գործընթացում խեղաթյուրվում են, ուղղակի չեն կարող մնալ նույնը ոչ ֆիլոգենեզը, ոչ օրտոգենեզը, արդյունքում մարդ խելագարվում է: Բոլոր տիեզերական նավաստիները խելագարներ են եղել, Օմի: Բոլորը:

- Իսկ ի՞նչ, եթե մենք ենք իրականում խելագար, իսկ նրանք ճանաչում են աշխարհներ, որ ավելին են, քան մեր ճանաչած աշխարհը, իսկ ի՞նչ, եթե նրանք իրականում հաղորդակից են Տիեզերքի ոգուն ու Նույա-յուն գոյություն ունի: Անս, պատկերացրու, որ մենք կարող ենք մի պահ հանդիպել նրանց, ում սիրել ենք, բայց ովքեր արդեն չկան, պատկերացրու մի պահ մենք կարող են ասել սիրելի մարդկանց այն ամենը, ինչ չենք հասցրել ասել, պատկերացրու, եթե մենք կարողանանք գտնել մոլորակն, ուր հատվում են բոլոր ինը տիեզերքները և կարողանանք նորից մեր գիրկն առնել սիրելիներին:

- Օմի, մի կողմ նետիր գիրքը, դու ոչ մի գնով, այլևս երբեք չես վերադարձնի մեր ծնողներին, չես վերադարձնի Ալուկային, երբե՜ք:

Օմիի լացը տարօրինակ է. սկզբում մի խոշոր կաթիլ էր պոկվում աջ աչքից, ապա երկրորդը, երրորդը, հետո միայն սկսում էին արտասուքներ թափվել նաև ձախ աչքից, ու այդ ժամանակ մշուշված հայացքով նա միայն արցունքներ էր թափում, լուռ թափում էր արցունքները, լալիս առանց աղավաղված դիմախաղի, լալիս լուռ ու երկար: Եղբայրը սովորել էր նրա ամենօրյա լացի արարողակարգին, նա ուղղակի լուռ մոտեցավ Օմիին, վերցրեց գիրքն ու ճառագայթով այն մոխրացրեց: Գրկեց քրոջ ուսերն ու կողք կողքի լռեցին:

- Ես վաղը նոր սկավառակ կպատվիրեմ, - արցուքների միջից նետեց Օմին:

- Ես վաղը ևս մեկ սկավառակ կվառեմ, ուրեմն, ինչպես երեկ, ինչպես դրա նախորդ օրը, ինչպես միշտ, - դաժան անտարբերությամբ ասաց Անսն ու դուրս եկավ:

Ամբողջ գիշեր Անսն աննպատակ պտույտներ էր կատարում մոլորակից դուրս, վտանգավոր երկնաքարերով ծածկված տեղանքում, ուր աստղանավ վարել համարձակվում են միայն լավագույն օդաչուներն ու խելառները: Ամբողջ թռիչքի ընթացքում Անսի աչքերից ցայտում էր լացը, վերադարձի պահին նա արդեն սովորական Անսն էր՝ դաժան, սառը, հաստատակամ:

 

- Անս, ո՞ր գրողի ծոցն ես ուղարկել սկավառակս, - Օմիի ձայնը թնդում էր ողջ հարկում:

- Նույա-յու:

- Այսի՞նքն:

- Այսինքն սկավառակդ մատնված է չգոյության ու դու այլևս չես կարողանա այն պատվիրել, ես արգելափակել եմ քո մուծումներ կատարելու հնարավորությունը: Մինչև չափահասություն ստիպված ես հրաժեշտ տալ ցնդաբանությանդ, քանի դեռ ես եմ քո խնամակալն, այլևս ոչ մի Նույա-յու, - մի շնչով վրա բերեց Անսը, շրխկացրեց դուռն ու դուրս եկավ:

Հետո պատմում էին, որ Անսի վթարը ցնցող տեսարան էր. ապիկար աստղանավորդը իր տասնյակ հազարավոր ուղևորներ ունեցող տիեզերանավը ուղիղ վիթխարի երկնաքարի վրա էր տարել, վերջին պահին լուսե նետի պես Անսի նավը մխրճվել էր մարդատարի ու երկնաքար միջև ու բզիկ բզիկ արել երկնաքարը: Անսի նավն ու երկնաքարը ոչնչացել էին, մարդատարը ևս վնասվել էր, բայց հազարավոր կյանքեր փրկվել էին՝ որպես փրկագին ունենալով Անսի կյանքը:

- Անս, ես կգամ Նույա-յու, մենք անպայման կհանդիպենք, Ա՜նս, - արցուքների միջից շշնջաց Օմին:

Այդուհետ Օմին պետության խմամակալության ներքո էր: Նրա եղբայրը հերոս էր. նա կարող էր ունենալ գրեթե ամեն ինչ ու կարող էր կարդալ Նույա-յուի մասին որքան ցանկանար: Ամեն երեկո նա ոչնչացնում էր սկավառակը և լուռ արտասվում: Ամեն առավոտ նա պատվիրում էր նորը:

 

 

 

ՈՒՈՒՈ՜Ւ

 

Լիալուսնի ժամանակ ես գայլ էի դառնում: Ջոնին ասում էր, որ դա հակասում է գիտությանը: Իմ վստահ կարծիքով՝ գիտությանը հակասում էր Ջոնիի համապարփակ բթությունը, բայց այս անգամ նա ճիշտ էր: Չկար ոչ մի տրամաբանական բացատրություն, թե ինչպես կարող է մարդու մարմինը լուսնի ձգողականության դաշտում մինչև անճանաչելիություն փոխել իր ֆիզիոլոգիան ու արդեն ժամեր անց հետ վերադառնալ նախնական վիճակին: Ջոնին վարկած ուներ, որ գայլի վերածվեը ոչ թե ֆիզիոլոգիական փոփոխություն է, այլ՝ հոգեբանական, ու առաջարկում էր հոգեվերլուծության սեանս անցկացնել, բայց հոգեվերլուծությունն ավելի է հակասում գիտությանը, քան իմ գայլ դառնալը: Ես կարող էի դասախոսություն կարդալ, թե ինչպես է հոգեվերլուծությունը կտրտվում, թափվում Օկկամի ածելիի կողմից, ես կարող էի Պոպպերի կրիտերիան դեմ տալ հոգեվերլուծողներին, բայց այդ ամենի շուրջ ես ուղղակի մակերեսային ու հպանցիկ պատկերացում ունեի և խորանալու ոչ մի ցանկություն: Դրա համար էլ ուղղակի բառացի հավատում էի այն խելոք մարդկանց, ովքեր հոգեվերլուծությանը հիմնավոր սկեպտիցիզմով էին մոտենում: Այն, որ փոքր ժամանակ ես հազիվ եմ մազապուրծ եղել գայլերի ոհմակից, չէր կարող տանել այնպիսի խանգարման, որ ես ինձ նրանց հետ նույնացնեի, ես ինձ զգում, տեսնում, ընկալում էի որպես գայլ, ես դառնում էի գայլ, ոչ թե համարում, որ ես գայլ եմ դառնում:

Հաջորդ գայլ դառնալուց արժեր Ջոնիի կոկորդը կրծել՝ որպես իր սխալականության ամենաակնառու փաստարկ, բայց ես ամեն ինչ անում էի, որ հաջորդ անգամ գայլ չդառնամ: Ինչքան մոտենում էին լիալուսնի օրերը, այնքան ավելի էին իմ ներսում աճում, գալարվում, խլրտում գայլային բնազդները: Գիշերը դուրս գալու ու ոռնալու անսանձ ցանկությունը խեղդում էի քնաբեր հաբերի միջոցով, գնում էի Ջոնիի ննջարարն ու նայում, երկար նայում, թե ինչպես է ավագ եղբայրս անհոգ քնած իր անկողնում՝ վստահ, որ ես ոչ թե դառնում եմ գայլ, այլ՝ ինձ գայլ եմ համարում:

Տան անդամներից միայն Ջոնին էր ինձ սիրում, սովորաբար որդեգրած երեխաներին հարազատի նման չեն մոտենում, բայց այն պահից, ինչ նրանց հայտնի էր, որ ես գայլի եմ վերածվում, նրանք հենց որպես գայլ էլ ինձ հետ վերաբերվում էին: Հիշում եմ՝ փոքր ժամանակ ինչ անտանելի վիրավորական էր պատահաբար լսել ծնողներիս խոսակցությունը, որ տանը գայլ պահելը վտանգավոր է կյանքի համար: Դրանից հետո մի քանի օր ոչ մեկի հետ տանը չէի խոսում: Մի ուրիշ անգամ մայրիկն ասաց, որ գայլը, ինչքան էլ որ իրեն մարդավարի պահի, մարդկանց հետ չպետք է սեղան նստի, դրանից հետո ես ու Ջոնին ճաշում էինք ննջարանում՝ գրասեղանի մոտ: Դպրոց ընդհանրապես չէի գնում ու բակում էլ ինձ բոլորը տարօրինակ էին համարում, խուսափում:

-         Քեզ անգամ գայլերի ոհմակում չեն ընդունի, բարեկամս, - մի օր, թևն ուսիս գցելով, ասաց Ջոնին:

Նրանից չէի նեղանում, փոքր ժամանակ հենց նա էր, որ կտրուկ արգելակեց մեքենան` խրվելով ձյան մեջ, ինձ արագ գցեց ներս ու մի կերպ մեքենան պոկելով ձյունից, փախցրեց ոհմակից: Այդ ժամանակ ես ժայռից էի գլորվել, ադրենալինի ժայթքումն ինձ ոհմակից մի որոշ տարածություն փախչելու ուժ այնուամենայնիվ տվել էր, բայց ես արդեն ուժասպառ ու մահամերձ էի:

 

Լիալուսնի ժամանակ ես էլի գայլ դարձա ու օրեր անց ի վերջո համաձայնեցի գնալ այդ անիծյալ սեանսին: Հոգեվերլուծողը սարսափած ինձ նայեց, երբ Ջոնիի հետ ներս մտանք: Արտաքինով չէի փայլում, բայց չէի էլ սպասում նման ռեակցիա: Ջոնին ասաց, որ ասածներս բժշկին կթարգմանի, ինչպես տանեցիների համար էր թարգմանում՝ նրանց լեզվով ես այդպես էլ խոսել չսովորեցի:

Սենասից հետո ես հաշտվեցի իմ էության հետ: Սկզբում դժվար էր հավատալ, որ ես ոչ թե գայլ դառնում եմ, այլ գայլ եմ որ կամ, որն իրեն մարդ է համարում, քանի որ փոքր ժամանակ… Լիալուսինն ուղղակի սրում էր իմ բնազդները: Հաջորդ լիալուսնին առաջին անգամ կյանքում դուրս կգամ պատշգամբ ու առանց իմ էությունից ամաչելու ի վերջո լիաթոք կկանչեմ՝

- Աո՜ւո՜ւո՜ւո՜ւ