ՆՎԻՐՈՒՄՆԵՐ

Արտաշես Արամ
***
                                  Արմեն Ավանեսյանին
 
Մի քիչ հավատա՛լ, կասկածե՛լ մի քիչ,
Բայց անհավատի խարան չկրել։
Թող հալվե՛ն հուսո մոմերն ամոքիչ
Եվ պատրանքները սառնաշաքարե։
 
Խուլ ու կույր օրե՛ր, ժամանակը բի՛րտ,
Դիմակայելու՝ կորովն ու կամքը։
Երազի մեջ՝ լույս և սրտի մեջ՝ սիրտ,
Եվ գոյամարտում կհաղթի կյա՛նքը։
 
Վերծանել ցավը սյունակ առ սյունակ,
Ընդառաջ գնալ տեսիլքին լուսե։
Հար անջրպետվել ժխորից ունայն
Եվ ապագայի կանչերը լսել։
 
 
***
                                 Վահան Վարդանյանին
 
Ցավը` զսպվա՛ծ, թախիծը՝ անզո՛ւսպ,
Ո՞վ է իր ներսում փակված խենթանում։
Բանաստեղծության հրաշքը անսուտ,
Մի ճի՛գ, որ դեպի Տաճա՛ր է տանում։
 
Լքյալ պարիսպնե՛ր, դարպասները` բա՛ց...
Այլաշխարհային լուսիններ ողորկ։
Տիեզերաձիգ խոսքի ճեպընթաց,
Հոգի՛ն և հոգու ընդերքը հողոտ:
 
Չորրորդ չափում և զնգոց անդադար,
Եվ պոետն ինքը փորձության առջև։
Եվ քանի տարի, արդեն քանի դար,
Եվ ներշնչանքի հուրը չի՛ սառչել։
 
 
***
                        Դստերս` Շուշանիկին
 
Էն գիշերը` կո՛ւյր և դու` լուսավո՛ր,
Օ՛, առեղծվածի բաբախուն դյութանք։
Եվ տրոփում է սիրտը լի՛ ցավով
Եվ բացվող օրվա լույս ու խնդությամբ։
 
Եվ քո մանկության դրվագներն են իմ
Աչքերի դեմով սահանցո՛ւմ, ցոլո՛ւմ։
Եվ քո ժպիտը` ծաղկած նռնենի,
Եվ քո մատներից սադափ է ծորում։
 
Խորության առջև քո ներաշխարհի,
Օտարի նման ակնածում եմ ես...
Իմ զարմանալի՛, իմ գերաշխարհի՛կ,
Քո կողքին անգամ կարոտում եմ քեզ։
 
 
 
***
                                 Դստերս` Հասմիկին
 
Այս հողը մե՛րն է, ի՛նչ էլ պատահի,
Մե՛րն են այս հողի ցավն ու հրճվանքը։
Հսկիր նրան քո աչքերով ծավի,
Եվ բոլորեքյան կծփա կյանքը։
 
Քո հոգում եղած գույները հեղիր,
Որ գորշությունը իսպառ չքանա։
Թող դիպվածը քեզ երբե՛ք չշեղի,
Երազդ երբեք թող չանշքանա։
 
Ըղձալի գալի՛ք, ոսկեխորան ա՛փ,
Եվ այս հոգեմաշ մուժը կցնդի։
Եվ ստորոտից վե՛ր կխոյանա
Հայրենիքը քո և քո սերնդի։
 
 
ԵՐԿՈՒ ԵՐԳ ԳԱՅԱՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ
 
Ա.
Գեղեցկագո՛ւյն, բա՛րձր, դու՝ գոյ արարչագեղ,
Աստեղային լույսի՝ թրթիռ ու երթևեկ։
Ինչը ոգեղեն կամ հոգեպարար չէ, քե՛զ
Չի՛ հուզելու այսօր, վաղը կամ երբևէ։
 
Դու բարձրագույն էակ այս օրերում մթար,
Ճակատագիրն անսաց, և օրերից մի օր,
Մի լուսավոր ժամի հանկարծ ես քեզ գտա,
Հետո կորցրեցի, կյա՛նք էր բանիվ միով։
 
Դեպի անհուն ձգվող վերջին խոյանքի թև,
Դու՝ վերջին սեր, վերջին՝ քնքշություն ու թախիծ։
Սիրտն իմ՝ ճաքեր կտա, ես դա հաստատ գիտեմ,
Եվս մեկ անգամ քեզ կորցնելու ահից։
 
 
Բ.
Գեղեցիկ-տխուր, տխուր-գեղեցիկ,
Բացառիկության եզակի նմուշ։
Թող քո տեսակը հավերժ եղիցի,
Հետո կարոտներ՝ անանուն ու մունջ:
 
Դու անուն չունես, դու չունես հասցե,
Առեղծվածն ինքն է քեզ ծնել մի օր։
Քեզ՝ անխաթար երթ Աստված Արասցե,
Զի ճամփաներ կան դարանված վիհով։
 
Տխուր-գեղեցիկ, գեղեցիկ-տխուր,
Փորձության առջև անպաշտպան ու մերկ:
Դեռ չհայտնված, հեռացար, ախ, ո՞ւր,
Դու չհնչած խոսք, դու չգրված երգ։