ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անդրանիկ Կարապետյան
***
Եվ ինձ տուն են բերում ճամփաները խումհար
Ճամփաները ճոճվող, լեզու առած,
Իսկ լուսինը դրսում կորած սիրո համար
Խոշտանգում է անվերջ դեմքը սառած:
 
Հետո ցած է ընկնում, հետո ելնում է վեր,
Ասես գնդակ լինի բոլորատես,
Լուսի՛ն, քեզ որտեղի՞ց այդքան երկար ոտքեր,
Թե՞ քո քեֆն էլ լավ է իմ քեֆի պես:
 
Ճանապարհը հոգնած եկել, տուն է ընկել,
Ինձպեսներ է բերել քանի՜-քանի՜,
Եվ լուսինը, ահա, մի սրտացավ ընկեր,
Իմ գիշերն է հսկում պատուհանից:
 
 
 
***
Բարակիրան մի աղջիկ,
Ու մի կարճ երազ,
Կարոտս շուն է դարձել`
Հաչում է վրաս:
Բռնում է իմ ծոծրակից
Ու տանում է դուրս,
Ամեն ընկնող մի աստղ
Դառնում է մի հույս:
Բայց գիտեմ, որ մի օր էլ
Լուռ ու անթերի,
Քամին հույսս կտանի
Ու սեր կբերի:
Կընկնեմ վզովն այն պահի,
Որ սեր է տվել,
Այդ սիրո լուրթ հատակին
Վա՜յ թե խեղդվեմ:
...Բարակիրա՛ն դու աղջիկ,
Իմ ուշացա՛ծ սեր,
Սիրտս բախում է ահա
Նորից դուռը ձեր:
Սրտիս զարկերն ավելի
Ուժգին են դառնում,
Երբ հայացքս քո անփույթ
Փեշերն է խառնում:
Կամ քո փեշն էր շփոթված,
Կամ էլ գուցե` ես,
Այնպես որ գիրկդ ընկա
Ու... կորցրի քեզ:
Թե ամեն քեզ կորցնելիս
Թողնես գիրկդ գամ,
Թող կորցնեմ քեզ այդպես
Օրն հազար անգամ:
 
 
ԼՈՒՍԻՆ
Բոլորվել է լուսինն այսօր –
Ի՜նչ կլոր է, դեղին,
Ասես սերված է նա ինչ-որ
Ճապոնական ցեղից:
 
Հայրը նրա` խրոխտ Ֆուձին,
Մայրը` Յաման կապույտ,
Մերձեցմանը ի՜նչ շքեղ են –
Արարատի հանգույն:
 
Գալիս է իր Արևելքից
Ինձ գիշերներն այցի,
Ու բերում է չքնաղ երգն իր,
Որ նման է լացի:
 
Ներս է մտնում ամեն գիշեր
Պատուհանից իմ բաց
Եվ ուզում է հիշե՜լ, հիշե՜լ
Սերերը իր կորած:
 
Եվ որպեսզի նրա սերը
Չհամարեն երազ,
Լուսաբացին միշտ տեսնում եմ
Բարձիս ոսկե մի մազ:
 
 
ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ ԴԱՇՆԱՄՈՒՐՈՎ
Մի դաշնամուր
Իր ճերմակ ողնաշարն է կոտրատում
Ծանրացող խավարի մեջ:
Տխուր է խավարը,
Տխուր, ինչպես մեղեդին ծռված ողնաշարի,
Իսկ դրսում լիալուսինն է կախվել
Երկնքի սառը հարթության վրա
Եվ ուզում է որսալ
Առկայծումը հեռավոր ձկների:
 
Ոչ ոք չի բարձրանում տեղից,
Չկա ոչ մի շարժում –
Երկինքը շունչն է պահել,
Քամին ինչ-որ բառեր է սեղմել ատամներով,
Իսկ սաղարթները ծառերի քնած են ձևանում
Մեղեդու բարձերի վրա...
 
Ոչ ոք չի հեռանում մեղեդուց,
Դաշնամուրն օրորում է ողնաշարն իր ճերմակ
Ու նվաճում է խավարը:
Դաշնամուրը մի անվերջ հեքիաթ է շշնջում
Ձկնորս Լուսնի,
Սառցակալած Երկնքի
Եվ շփոթված Աստղերի մասին –
Ու գիշերը մի մատնաչափ էլ է խորանում:
 
Իսկ ծառն օրորում է սաղարթներն իր երազների
Այս համատարած,
Այս համր լռության վրա:
 
 
***
Վախի կամրջից
Կախվել է իմ ժամանակը
Եվ ուզում է ինքնասպան լինել...
Դու եկար,
Եվ քո կրունկների ահագնացող քայլերգը
Ասես սրտիս զարկերը լինի:
Ժամանակս կախվել է անփույթ
Ու մկրատաձև ճոճում է ոտքերը:
 
Ես շուռ եկա
Դեպի քայլերգը քո կրունկների –
Էլի մի փետուր ինձանից ճոճվելով հեռացավ,
Էլի մի փետուր անցավ
Այս տատանվող դատարկության միջով,
Որ լրացնի իմ անդունդի ժամանակը:
 
Ես փետուրների վայրէջքին եմ նայում
Եվ հասկանում,
Որ ինքնասպան են լինում ոչ միանգամից,
Այլ այսպես շարունակ`
Փետուր առ փետուր:
 
Ես նայում եմ անդունդով ներքև,
Ուր իմ փետրաթափ ժամանակն է
Եվ ինձ կանչող ժամանակն անդունդների...
 
 
 
ԳԱՐՈՒՆԸ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
Մի օր
Արթնացա աչքերիս դողից,
Հիշեցի երազս.
Ահավոր ցուրտ մի երազ էր այն,
Ու ես ոտաբոբիկ
Վազվզում էի ջրափոսերով լեցուն երազիս միջով:
 
Հետո ամեն նորագարնան,
Երբ ծառերի արթնացող ստվերների տակ
Բացում եմ հոգիս ու խուփ անում հոգնած աչքերս,
Ու երբ նույն երազն է այցելում դողացող աչքերիս,
Որ արթնացնելով ինձ` գամում է տենդի մահճակալին,
Ցավով հասկանում եմ,
Որ Գարունն ինձ օտարացել է այլևս,
Որ արդեն պատուհանից պետք է տեսնեմ,
Թե ինչպես են երեխաները, անձրևի ձեռքը բռնած,
Պտտվում շուրջը Գարնան,
Թե սիրահարներն ինչպես են
Լվանում իրենց հոգիները
Գարնան պեծպեծուն ժպիտներով,
Ու թե նորապսակների գողտրիկ հայացքներն
Ի՜նչ պայծառ են,
Ասես ծիածանից պոկված պատառիկներ...
 
Եվ այս բոլորը` միայն պատուհանից,
Եվ այս բոլորը` գամված տենդի մահճակալին:
 
 
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՑՔԻՍ
Ժամանակի մեջ մի հայացք գցեցի,
Ու ալիքված ժամանակը
Աղավաղեց պատկերն առաջին իսկ հանդիպած –
Եվ դա հենց իմ հայացքն էր:
 
Իսկ մինչ փորձությունը հայացքիս
Ես ոչ մի կարիք չունեի
Նայելու ժամանակին:
Պարզապես
Ժամանակն ինձ համար հաստատուն մեծություն էր,
Որը տրոփում էր իմ գիտակցությունից դուրս,
Իմ ուզել-չուզելուց անկախ,
Իմ ընդունել-չընդունելուց հեռու...
 
Հիմա` յուրաքանչյուր պահի,
Ժամանակն սկսվում է ինձանից,
Ժամանակը փոքրանում է խելագար արագությամբ,
Ժամանակը տխրում է առանց պատճառի,
Եվ պատճառը հասունանում է
Ճյուղերին նրա տխրության:
 
Ինչո՞ւ նայեցի ժամանակին...
 
 
ՋՐԻ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ երգ է ներխուժել սենյակս,
Թռչում-նստում է պատուհանիս վանդակներին,
Կտցոտում է նրա անթափանցելիությունը,
Հետո իջնում է հոգուս ճյուղերին,
Ի՜նչ կանաչ երգ է սա-
Դրսում գարո՞ւն է արդեն:
 
Սեղանիս դրված բաժակում
Կնճռոտվում է ջրի հայացքը
Սրտիս զարկերից:
Էլ չեմ վստահում ջրի հավատարմությանը,
Էլ չեմ տարվում ջրի աչքերով,
Որտեղ թողել եմ մենությունս:
 
Սիրտս փախչում է տեղից,
Սիրտս թռչուն դարձած`
Խփում է պատուհանիս անհաղորդությանը,
Նստում է վանդակի ճաղերին,
Կտցոտում է փականներն անորոշության,
Որ դուրս փախչի և ձուլվի կանաչին,
Ձուլվի ջրերի շնչառությանը,
Ձուլվի բոլոր վերադարձներին...
 
Դրսում գարուն է արդեն: