ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՁԻԱՎՈՐԸ

Ապրում է մի ձիավոր
Ձյունագագաթ լեռներում,
Նրա տունը հեռավոր
Այստեղից չի երևում,
Նրա թուրը զորավոր
Փայլփլուն է ու սիրուն,
Ոչ մի ագահ թագավոր
Ձիավորին չի սիրում.
Գիտեն, որ մի օր կգա
Հեծած իր ձին թևավոր,
Որ ջարդի ու վե՛րջը տա
Արքաների մեղսավոր։

 

 

ՈՐՍՈՐԴՆԵՐԸ

Ես, հայրիկս, Դինգոն՝
Գնում էինք որսի,
Անցանք ձորի կողքով,
Տեսանք մի աղվեսի.
Հայրիկն ասաց՝ զարկեմ,
Ես ասացի՝ պետք չէ,
Այնպես բղավեցի,
Որ աղվեսը փախչեր։
Հայրիկը չէր ուզում
Ինձ հետ իզուր վիճել,
Մի քիչ առաջ անցանք,
Տեսանք փոքիկ լիճ է,
Մեջը արեգակի
Ժպիտն է շողշողում,
Վրան երկու սիրուն
Բադիկներ են լողում։
Հայրիկն ասաց՝ զարկեմ,
Ես ասացի՝ պետք չէ,
Այնպես ուզում էի
Բադիկները թռչեն։
Հայրս գրկեց, ասաց՝
Լավ սիրտ ունես, որդիս,
Բայց քեզ հաջորդ անգամ
Չեմ տանելու որսի։

 

  

ԴԵՎԻՆ ՀԱՂԹՈՂԸ

Յոթ գլխանի մի դև
Ելավ իմ դեմ,
Դևին այդ հաղթելու
Ձևը գիտեմ։
Գլուխները հերթով
Պիտի փրթեմ,
Տանեմ էն բարձունքից
Ձորը նետեմ,
Մյուս դևերին որ
Ահը պատի,
Էլ դուրս չելնեն իմ դեմ
Մենամարտի։

 

 

ками.jpg (79 KB)ՔԱՄԻՆ

Իսկ դուք գիտե՞ք, որ քամին
Նման է մե՜ծ թռչունի,
Մի թափանցիկ թռչուն է,
Որ ոչ մի տեղ բույն չունի։
Սվսվում է,
Շվվում է,
Վերուվարում,
Սուլում է.
Հե՜յ, կանչում է,
Շու՛տ արեք,
Ինձ համար էլ
Բույն ճարեք...
Հենց որ բակ եմ դուրս գալիս՝
Շուրջս թավալ է տալիս,
Փոշեկոլոլ թռչկոտում,
ՈՒղեկցում է մինչև տուն։
Թողած գիրք ու խաղալիք՝
Թռչու՜մ, 
Հասնում է երկինք.
Քաշում ամպի փեշերից,
Իջնում, 
Պարու՜մ է նորից։
Թե մոռանաս 
ՈՒ հանկարծ
Պատուհանը թողնես բաց՝
Նա կխուժի իսկույն ներս,
Կփռի շուրջդ հանդես՝
Օդում պարող թերթերի,
Գրքերի ու տետրերի...
Դրա համար՝ 
Նրան ես
Էլ չեմ թողնում, 
Որ գա ներս։

 

 

ԱՌՈՒՆ

 

Շորորում է 
Առուն՝
Նման 
Սիրուն լորի,
Որ հսկա 
Անտառում
Աճի մոշ ու մորի,
Մտնում 
Մի արահետ,
Հասնում է
Մի որջի.
Ես գնամ
Նրա հետ,
Որ հանկարծ
Չկորչի։

 

1avanak.jpg (685 KB)

ԻՇՈՒԿՆԵՐԸ

Երկու փոքրիկ ավանակ՝
Սպիտակ ու սև,
Պտտվում են ծառի տակ՝
Ինչպես կարուսել։
Թռվռում են ու զռում
Բերանները բաց,
Գավակներին ոսկեգույն
Ժապավեն կապած։
Անցավ ուղիղ մի տարի,
Նորից գյուղ եկա,


 Իշուկներին իմ բարի,
Ափսոս, չգտա.
Փռվել էին գոմի դեմ
Երկու հոգնած լեշ,
Ավանակներս արդեն
Դարձել էին էշ։