ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԴԴՈՒՄԸ (չինական հեքիաթ)

....
            Ժամանակին երկու եղբայրներ կային: Նրանք բարեկեցիկ կյանքով էին ապրում, քանի որ ծնողներն իրենց զավակներին լավ տնտեսություն էին թողել:
            Ավագ եղբայրը շատ ծույլ էր. սիրում էր համեղ կերակուրներ ուտել, գեղեցիկ հագուստներ հագնել, բայց աշխատել չէր սիրում: Եվ ամուսնացել էր իր նման ծույլ մի կնոջ հետ: Իսկ կրտսեր եղբայրն աշխատասեր էր՝ գարնանը, ամռանն ու աշնանը օրերով աշխատում էր դաշտում, ցանում էր, մշակում և բերքը հավաքում: Ձմռանն էլ, երբ դաշտում անելիք չէր մնում, լեռներն էր գնում՝ ցախ բերելու:
            Եվ որքան էլ աշխատում էր, չէր կարողանում գոհացնել ավագ եղբորն ու նրա կնոջը: Նրանք շատ էին վախենում, որ երբ կրտսեր եղբայրը մեծանա, ժառանգության իր բաժինն ուզենա ստանալ: Մի օր էլ մտածեցին՝ քանի դեռ պատանի է, պարզապես տնից վռնդեն: Եվ այդպես էլ արեցին:
            Կրտսեր եղբայրը արցունքն աչքերին հեռացավ իր հայրական տնից և գնաց ուր աչքը կտրի:
            Տնից բավական հեռու՝ լեռներում, մի մեծ մարգագետին տեսավ և մտածեց. «Չէ՞ որ ես կարող եմ հող մշակել. չհաստատվե՞մ այստեղ և այս մարգագետինը մշակեմ»:
            Սակայն նա ոչ մի գործիք չուներ, որ հողը փորեր:
            Տղան անտառ գնաց, մի մատղաշ ծառ կոտրեց և նրանից ցից սարքեց: Մի ամբողջ օր այդ ցցով հողը եռանդագին փորեց: Նրա ձեռքերին արդեն արյունոտ կոշտուկներ առաջացան, և շատ հոգնեց, բայց աշխատանքը դանդաղ էր առաջ գնում:
            Հանկարծ ցիցը ինչ-որ կոշտ բանի դեմ առավ: Տղան մտածեց, որ քար է, և ուզեց դաշտից դեն նետել: Բայց երբ դուրս հանեց, տեսավ, որ ոչ թե քար է, այլ դդում: Սովորական դդում:
            Հանկարծ դդումը բացվեց, և նրանից դուրս ցատկեց ամբողջովին ճերմակ հագած փոքրիկ-փոքրիկ մի ծերունի: Տղան խիստ վախեցավ, իսկ ծերունին սիրալիր ասաց նրան.
            – Մի՛ վախեցիր ինձնից, երիտասա՛րդ: Դու կախարդական դդում ես հանել: Եթե ինչ-որ բանի խիստ կարիք զգաս, այս դդումը երեք անգամ շարժիր, ասա՝ ինչ է քեզ պետք, և ես կկատարեմ քո ցանկությունը: Միայն մի բան հիշիր՝ այն, ինչն այնքան էլ պետք չէ քեզ, մի՛ խնդրիր:
            Այս ասելով՝ ծերունին թաքնվեց դդմի մեջ, իսկ շփոթված տղան քարացավ տեղում: Ուշքի գալով՝ նա որոշեց ստուգել ճերմակազգեստ ծերունու ասածը:
            «Ամենից շատ հիմա ի՞նչ է ինձ պետք,– մտածեց նա:– Ես ոչինչ չունեմ, որ հողը փորեմ, նշանակում է՝ ամենից շատ բահ է պետք»:
            Եվ նա վերցրեց դդումը, երեք անգամ թափահարեց ու ասաց.
            – Ես բահի կարիք շատ եմ զգում:
            Այս բառերն արտասանելուց անմիջապես հետո իր ոտքերի մոտ՝ հողի վրա, մի լավ նոր բահ տեսավ: Ձեռքին այդպիսի բահ ունենալու ուրախությունից պատանու ուժերն ավելացան, և նա միանգամից գործի անցավ: Շուտով մի ամբողջ հողակտոր փորեց և, շատ աշխատելով, խիստ քաղցածություն զգաց: Այդ ժամանակ նա որոշեց կրկին դիմել կախարդական դդմին: Ինչպես առաջին անգամ՝ երեք անգամ թափահարեց և ասաց.
            – Ես շատ եմ քաղցած: Տվեք ինձ, խնդրում եմ, եգիպտացորենի երկու բլիթ և մի բաժակ ջուր:
            Այս բառերն ասելուն պես նրա առջև՝ ափսեի մեջ, եգիպտացորենի երկու տաք բլիթ և մի բաժակ աղբյուրի ջուր հայտնվեցին: Մեծ ախորժակով նա կերավ բլիթները, խմեց սառնորակ ջուրը և նորից աշխատանքին անցավ: Տղան երկար աշխատեց: Իսկ երբ մթնեց, հիշեց, որ քնելու տեղ էլ չունի: Այդժամ նա դդմից տնակ խնդրեց՝ գիշերելու համար: Եվ նրա այդ ցանկությունն էլ կատարվեց:
            Եվ այդպես կրտսեր եղբայրը մնաց սարերում: Նա ջանասիրաբար աշխատեց և շուտով տնտեսությանն անհրաժեշտ ամեն ինչի տեր դարձավ:
            Իսկ ավագ եղբայրը, դուրս անելով կրտսերին, շարունակեց անբանություն անել և քամուն տալ ծնողական ժառանգությունը: Երկու տարի էլ չանցած՝  հարստությունից ոչինչ չմնաց: Նրա և իր կնոջ համար սև օրեր եկան: Նա իբր փորձեց աշխատել, բայց ոչինչ չկարողացավ անել և ոչ էլ ուզում էր անել: Ստիպված եղավ ողորմություն խնդրել:
            Թափառելով գյուղերով ու քաղաքներով՝ նա լսեց, որ ինչ-որ տեղ լեռներում իր կրտսեր եղբայրը շատ հարուստ ապրում է, և որոշեց նրա մոտ գնալ: Եվ ահա նա տեսավ եղբոր փոքրիկ, հարմարավետ տնակը, իսկ շուրջը՝ ցորենի, եգիպտացորենի ընդարձակ արտերն ու բազմազան բանջարեղենի մարգաշարքերը:
            Կրտսեր եղբայրն աշխատում էր դաշտում: Տեսավ ավագ եղբորը աղքատ, սոված ու կիսամերկ և աչքերին չհավատաց: Նա խղճաց եղբորը, իր տուն տարավ, կերակրեց և հագուստներ հագցրեց:
            Ավագ եղբայրը հարցրեց կրտսերին, և նա պատմեց կախարդական դդմի մասին:
           – Մի քանի օրով ինձ տուր այդ կախարդական դդումը,– խնդրեց ավագ եղբայրը:
           – Լավ: Հիմա ես ոչնչի կարիք չունեմ և կարող եմ քեզ տալ,– ասաց կրտսեր եղբայրը:– Բայց հիշիր, որ խնդրել կարելի է այն, ինչի կարիքը շատ ես զգում:
           Ավագ եղբայրը խլեց կախարդական դդումը և տուն շտապեց, որ ուրախացնի կնոջը: Տանը կնոջը պատմեց դդմի մասին, և նրանք ուզեցին փորձել կախարդական ուժը:
          – Մենք շատ ենք սոված: Արի՛ նախ խնդրենք ամենալավ ուտեստները,– առաջարկեց ամուսինը:
          – Ավելի լավ է՝ արի՛արծաթ խնդրենք, իսկ արծաթով կարող ենք գնել այն ամենը, ինչ ուզենանք,– առարկեց կինը:
          – Դու ճի՛շտ ես,– համաձայնեց ամուսինը:
          Նրանք երեք անգամ թափահարեցին կախարդական դդումը և ասացին.
          – Մեզ արծա՛թ տուր:
        Հենց արտասանեցին այդ բառերը, անմիջապես նրանց առջև մի կտոր արծաթ հայտնվեց: Նրանք ուրախացան՝ ահա թե որքան հեշտությամբ կարելի է արծա՛թ ձեռք բերել: Մի անգամ էլ խնդրեցին, հետո՝ էլի մի անգամ և շատ-շատ անգամներ:
        Եվ ահա նրանց տանը այնքան շատ արծաթ հայտնվեց, որ շարժվել հնարավոր չէր: Այդ ժամանակ էլ նրանք որոշեցին ոսկի խնդրել, քանի որ ոսկին արծաթից թանկ է: Շուտով ողջ տունը ոսկով լցվեց, ծածկվեցին պատուհաններն ու դռները: Իսկ ավագ եղբայրն ու իր կինը խնդրում ու խնդրում էին. «Մեզ ոսկի՛ տուր: Մեզ ոսկի՛ տուր»:
         Վերջապես ամուսինը բղավեց.
        – Ա՛յ կնիկ, մենք ինչպե՞ս պետք է լավ թաքցնենք մեր հարստությունը, որ մարդիկ չտեսնեն ու չգողանան:
        Բայց հենց արտասանեց այդ բառերը, ոսկին ու արծաթը հանկարծ սովորական քարերի կույտերի վերածվեցին:
        Սաստիկ զայրացած ավագ եղբայրը վերցրեց կախարդական դդումը և ամբողջ ուժով գետնին նետեց: Դդումը ջարդվեց և նրա միջից մի ահռելի վագր դուրս ցատկեց:
        Ավագ եղբայրն ու իր կինը սարսափահար փախչել ուզեցին, բայց փախչելու տեղ չկար. չէ՞ որ դռներն ու լուսամուտները քարերով էին պատված:
        Եվ վագրը բզկտեց այդ ծույլ և ագահ մարդկանց:
 
Թարգմանեց Արտակ Վարդազարյանը