ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀՈՒ ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ

ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

(Հասմիկ Աբեղյանի «Օրերս ինձ հետ են…» հուշագրության մասին)

Հուշագրության` մեմուարի ժանրը լայն տարածում ունի համաշխարհային գրականության մեջ. Գյոթեի «Բանաստեղծություն և ճշմարտությունը», Գոնկուր եղբայրների «Օրագրերը», Ժան Ժակ Ռուսոյի «Խոստովանությունը» մեմուարի դասական օրինակներ են համաշխարհային գրականության մեջ: Մեզանում հուշագրության ժանրի գործեր են Շիրվանզադեի «Կյանքի բովիցը», Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմությունը», Պերճ Պռոշյանի «Հուշիկները», Ղազարոս Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը», Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացքը», Նվարդ Թումանյանի «Հուշեր և զրույցները», Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը, «Չարենց նամե», «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», «Վիլյամ Սարոյանի հետ», «Վարդան Աճեմյանի հետ», «Ակսելյան քանդակներ» դիմանկար-հուշագրությունները, Սերգեյ Սարինյանի «Ի հեճուկս. հուշերի երկրի առասպելը» և այլն:

Հասմիկ Աբեղյանի «Օրերս ինձ հետ են…» հուշագրությունը[1] գալիս է իր պատվավոր տեղն զբաղեցնելու հուշագրության ժանրի երկերի շարքում:

Գրախոսվող հուշագրությանն առայժմ անդրադարձել են Արծվի Բախչինյանը[2] և Եվա Մնացականյանը[3]: Եթե Ա. Բախչինյանի նպատակն է իրազեկել գրքի մասին և կատարել ընդհանրական արժևորում, ապա Ե. Մնացականյանը կենտրոնանում է բացառապես Մանուկ Աբեղյանի կերպարի վրա:

Սույն գրախոսության արդիականությունը Հասմիկ Աբեղյանի հուշագրության մեջ հեղինակի և մյուս գլխավոր կերպարների արժևորումն է: Մեր նպատակն է գիտականորեն գնահատել հուշագրությունը, խնդիրն է գրականագիտական մեթոդներով վերլուծել գրախոսվող գիրքը: Գրախոսության մեջ առաջնորդվել ենք արժեբանական (աքսիոլոգիական), մեկնաբանական (հերմենևտիկա), կառուցվածքաբանական մասնագիտական մեթոդներով:

 Գրախոսության գիտական նորույթը Հասմիկ Աբեղյանի «Օրերս ինձ հետ են…» հուշագրության մեջ հեղինակի կերպարի համակողմանի գնահատումն է:

Հեղինակը գրքի ընծայականում գրում է. «Սիրելի պապիս` ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի հիշատակին»[4]: Գրախոսվող գրքում արժեքավոր տեղեկությունների ենք հանդիպում հայագիտության հսկայի` Մանուկ Աբեղյանի մասին:

Հուշագրությունը բաժանվել է մի քանի գլուխների` «Նախնիներիս մասին» (էջ 5-26), «Քեռանք, խնամախոսություն, ծնողներիս ամուսնությունը» (էջ 26-46), «Իմ ծնունդը, մանկություն» (էջ 46-66), «Իմ պապիկը` առաջին ուսուցիչս» (էջ 66-88), «Դպրոցական տարիներ» (էջ 88-155), «Թիֆլիսում» (էջ 155-180), «Համալսարանական տարիներ, հայրիկս» (էջ 180-249), «Կյանքիս նոր արահետները» (էջ 249-309), «Ամուսնություն» (էջ 309-417) և «Հանդիպում հորս հետ» (էջ 417-469):

Հետևելով հուշապատումի կառուցվածքին` նկատում ենք, որ հուշագրության տրամաբանական ավարտը դաժան պատերազմի պատճառով անհայր մեծացած աղջկա հանդիպումն է տարիներ հետո գտնված, սակայն կրկին անհաս մնացած հոր հետ: Պատերազմը խլել է տաղանդավոր հորը և նրան դարձրել անհաղորդ աշխարհին ու հարազատներին: 

Հուշագիրը նպատակ ունի ստեղծել իր տաղանդավոր նախնիների մասին իրապատում և քանի որ ընդամենը յոթ տարեկան է եղել, որ կորցրել է սիրելի պապին,  ուստի նրա մասին գրել է Սարգիս Հարությունյանի «Մանուկ Աբեղյան. կյանքը և գործը»[5] ուսումնասիրության հիման վրա` միաժամանակ ներկայացնելով ժամանակակիցների ու հարազատների պատմածները և իր մանկական պայծառ հուշերը:

«Կոմիտասը աստվածային անձնավորություն էր,- պատմում էր տատս:- Անսահման բարի էր և շատ կատակասեր: Ճաշի ժամանակ, երբ մաքրում էինք վարունգը, կոթունը կպցնում էր ճակատին և բոլորին ծիծաղեցնում»,- գրում է հուշագիրը[6]: Կոմիտասը եղել է Մանուկ Աբեղյանի որդու` Մհերի կնքահայրը: Իսկ տատը, ում խոսքերով համալրվել է հուշապատումը, զորավար գնդապետ Գևորգ Շահխաթունյանի դուստրն է` Շուշանիկը, որի մասին հուշագիր թոռնուհին գրում է. «Շուշանիկ տատս կիրթ, համեստ, բարալիկ կազմվածքով, սիրունատես, կարդացած անձնավորություն էր, հիանալի տնային տնտեսուհի և ըստ ամենայնի նվիրված ամուսնուն»[7]: Այս փոքրիկ բնութագրով հուշագիրն ամբողջացնում է տատի կերպարի իր ընկալումը: Ապա քիչ անց շարունակում. «Տա´տ, ա´յ տատ,- փորձում էի կատակել հետը,- դու ինչպե՞ս ամուսնացար պապիկիս հետ, ասա´, սիրահարվեցի՞ր… դու այդքան սիրուն, իսկ պապիկը… սիրուն չէր:

Շատ էր վիրավորվում: Անմիջապես կարմրում էր:

- Նախ, երիտասարդ տարիներին հետաքրքիր տղամարդ էր և, բացի այդ, ես ամուսնացել եմ իր հետ խելքի համար»[8]:

Հուշագիրն իսկապես հպարտանալու առիթ ունի իր տաղանդավոր նախնիներով, սակայն պատումի մեջ չես զգում նրա հպարտությունը. դրա փոխարեն զգացվում է պատկառանք ու սեր Մանուկ Աբեղյանի անձի ու գործի հանդեպ, թեև թոռնուհին պապին ներկայացնում է նաև կենցաղային միջավայրում: Այսպես` հեղինակի համար արժևորվում են պապի ուղղամտությունը (քենիների և քենակալների անսպասելի այցելությունը և Մանուկ Աբեղյանի արձագանքը այդ փաստին[9]), մարդասիրությունը (հարևանին աքսորելու առթիվ ասված խոսքը` «էլի մի անմեղ մարդու տարան…»[10]), աշխատասիրությունը («պապիկն աշխատում էր գլխարկով, ձեռնոցներով և շալը ուսերին գցած»[11]), ընտանիքի նկատմամբ սերը (տղայի` Սուրիկի ամուսնության պատմությունը և ասված կենացը. «Բախտավոր եղեք, սիրե´ք միմյանց, հարգե´ք մեզ: Սուրի´կ, չմոռանաս, որ սա բեմական ամուսնություն չէ, որ վարագույրը փակվի, և ամեն ինչ վերջանա: Սա կյանք է…»[12]), կնոջ նկատմամբ հարգանքը («Ինչպե՞ս ես խոսում մորդ հետ»[13]), հարսի նկատմամբ հոգատարությունը (ձու ծախող կնոջ հարցին ի պատասխան` Շուշանիկն ասում է, որ դուռը բացողը ոչ թե իր աղջիկն է եղել, այլ հարսը, իսկ Աբեղյանը, լսելով կնոջ խոսքը, դուրս է գալիս սենյակից և ասում. «-Ո´չ, Շուշանի´կ, Մարգուշը քո աղջիկն է, մե´ր աղջիկն է, եթե բերել ենք մեր տուն, ուրեմն մեր հարազատն է»[14] կամ 1937 թ. Երևանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ դեպի դուռը փախչող տղային Աբեղյանը ձայն է տալիս. «Սուրի´կ, բա կի՞նդ, ո՞ւր ես մենակ փախչում…»[15], ապա շարունակում. «…հիշի´ր, առաջին հերթին կնոջդ մասին պիտի մտածես»[16]): Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ ակադեմիկոսության խնջույքի ժամանակ Մանուկ Աբեղյանն ասել է. «Ես խնդրում եմ առաջին հերթին խմել տիկին Շուշանիկի կենացը, որովհետև առանց նրա հոգատարության ես չէի արժանանա այս պատվին»[17]:

Անչափ տպավորիչ է Ավետիք Իսահակյանի և Կարապետ Մելիք-Օհանջանյանի ներկայությամբ Հովհաննես Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծությունն ասմունքելու վերհուշը[18]: Իսկ հաջորդ օրը պապն այլևս չկար. «Ինձ տարան դագաղին շատ մոտ, և ես մի քանի րոպե այդպես մնացի կանգնած` անթարթ նայելով պապիիս դեմքին, փակված աչքերին, ինձ փաղաքշող ձեռքերին, որ անշարժ էին: «Ուրեմն սա´ է մահը»,- մտածեցի ես»[19]:

Թոռնուհու առաջին ուսուցիչը եղել է իր «սիրելի պապիկը», ում մասին հուշագիրը գեղարվեստական պատկերավորությամբ գրում է. «Մասիսի վեհության, մեծության մեջ ես տեսնում էի իմ լավ, բարի պապիկին: Նա մնաց իմ կյանքի Մասիս սարը»[20]:

Հուշագիրը հատուկ կարևորել է նաև տատիկների կերպարը, որոնցից միայն ջերմություն ու հոգատարություն է զգացել, սակայն նրանցից տեսել և սովորել է նաև անսահման բարություն: Թեև հեղինակը պարզորոշ չի գրել, սակայն ընթերցողը զգում է, որ նրա անհատականությունը ձևավորվել է մորական տատի` Լուսիկ բաբոյի և հորական տատի` Շուշանիկի մարդկային նկարագրին համահունչ: Բերեմ միայն մի վկայություն. Գերմանիայում գերի մնացած Սուրիկի մայրը` Շուշանիկը, ուտելիք է տալիս Երևանում աշխատող գերմանացի գերիներին, իսկ փոքրիկ Հասմիկը հարցնում է. ««Տա´տ, ինչո՞ւ ենք իրենց ուտելիք տալիս, չէ՞ որ իրենք մեր դեմ են եղել, հայրիկիս հետ կռվել»: «Գիտե´մ, Հասմի´կ ջան, գիտեմ, հասկանում եմ. ես էլ եմ իրենց ատում, բայց մեղք են, չէ՞ որ իրենք էլ մայր ունեն, մոր զավակ են…»: Հետո հասկացա, որ ամեն ինչից վեր աստվածային մայրական զգացմունքն է…»[21]:  

Հուշագիր հեղինակը հատուկ կանգ չի առնում մոր կերպարի վրա, սակայն հուշապատումում մշտապես ներկա է հոգատար մայրը` մերթ իր խոսքով, մերթ իր գործով, մերթ էլ` հուշագրի քնարական զեղումներում. «Խե˜ղճ իմ մայրիկ, աշխատում էր ինձ համար ամեն ինչ անել, որ չնեղվեմ»[22]: Ողջ կյանքն իր աղջկան նվիրած մայրն արժանանում է նույնքան հոգատար վերաբերմունքի: Հատկապես հուզիչ է հուշապատումի ավարտը, երբ ծերացած մայրը պատմում է աղջկան, թե հայրը երազում եկավ, ու ձեռք ձեռքի տված գնացին. «Այնքան լավ էր, ինչպես ջահել ժամանակ»[23]:

Հուշագիրն անտարբեր չի խոսում անգամ քեռու տան ծառայի մասին: Անչափ տպավորիչ է տնային ծառայող Ոսկեհատի` Ոսկի տատիկի էպիզոդիկ կերպարը, որ մարդկային բարձր առաքինություններ կրող մի անձ էր, ում այսպես է հիշում հեղինակը. «Ես աչքս բացել եմ և տեսել Ոսկի տատիկին: Փոքր ժամանակ կարծում էի, թե Մկո քեռու մայրն է: Հետո, երբ մի քիչ մեծացա, հասկացա: Շատ էի սիրում իրեն, ինքն էլ` ինձ: Սկզբում ասում էի Ոսկի տատիկ, հետո սկսեցի անվանել` Օսկո: Իր հետ խոսում էի իր բարբառով:

  • Ի՞նչղ ես, Օսկո´ տատի:
  • Լավ եմ, գա´ռս:

Շոյում էր մազերս և ասում. «Մեղք է, անհեր է» (պատերազմ էր)»[24]:

Հովհաննես Հովհաննիսյանի տնային ծառա Ոսկեհատը Շիրակի գյուղերից էր, մահացել էր ամուսինը, հեքիմները խլացրել էին ցավող ականջները, մարդկանց հասկանում էր շրթունքների շարժումից: Ոսկոյին հիվանդ ժամանակ խնամում էր հուշագրի քեռին: Տարիներ անց հիվանդացավ ու մահացավ Մկո քեռին, և երբ նրա աճյունը դուրս էին բերում տանից, Ոսկին նստած տեղից ելնում է և սրտի կաթվածից տապալվում: «Այդպես էլ չհասկացանք, թե խեղճ կինը ի՞նչ էր զգում իր «բժշկի» նկատմամբ. կանացի անսահման սե՞ր, նվիրվածությո՞ւն, թե՞ մայրական անկատար քնքշանք…»,- գրում է հուշագիրը` խորհրդավորություն հաղորդելով Ոսկի տատիկի կերպարին[25]: Նկատենք, որ հեղինակը կնոջական ներքին մի ընդհանրություն ունի Ոսկի տատիկի հետ. դա Ոսկիի կորցրած երեխան էր: Համանման մի էպիզոդիկ կերպար է նաև Նվարդ անունով դերձակը, որ տառապում էր հոգեկան շեղումով և դժբախտ ճակատագիր ուներ, որի մասին հուշագիրը ցավով գրում է. «Ինչո՞ւ էր ճակատագիրը այդպես դաժան վարվել հետը. չէ՞ որ կարող էր ընտանիք ունենալ, մայր լինել, հիանալի տանտիկին…»[26]:

Հուշագրության մասին արձագանքող Արծվի Բախչինյանը գրում է. «Առաջին իսկ էջերից գիրքը գրավում է իր ջերմությամբ և անմիջականությամբ, կարդացվում մեկ շնչով և ցանկություն է առաջանում վերստին թերթել որոշ էջեր։ Հեղինակին քիչ թե շատ ճանաչողները տեղյակ են նրա խիստ դրական, գերզգայուն, հումորի անսպառ զգացումով օժտված, զվարթախոհ նկարագրին, գիտեն կյանքում նրան բաժին ընկած դառնությունները, ուստիև պատահական չէ, որ սույն հատորում այնքան գիրկընդխառն են ուրախն ու տխուրը, թախծոտն ու զվարճալին»[27]։

Հեղինակը ընթերցողին է ներկայացնում նաև իր ծննդի պատմությունը` լի անակնկալներով ու զավեշտներով: Իսկ այն պահին, երբ աղջկա ծննդյան լուրն ստացած հայրը Երևանից շտապում է Կիրովական, նախ գրկում է կնոջը, հետո նոր միայն նորածնին: Հուշագիրն օրերի հեռվից պատերազմում գերի մնացած հոր նկատմամբ անսահման կարոտով կիսում է իր խոհն ընթերցողի հետ. «Այդ վայրկյանին բաց են լինում աչքերս, և հայր ու աղջիկ զննում ենք իրար, հասկանում, որ հազարավոր թելերով կապված ենք միմյանց: Ո՞վ գիտե, զգացի՞ արդյոք, որ կյանքի բերումով շատ կարճ ժամանակ եմ վայելելու հորս ներկայությունն ու ջերմությունը»[28]: Առաջին բառը, որ արտասանել է, եղել է` պապա, ինչի մասին հուշագիրը խորհում է. «Ո˜վ իմանար, որ այդ թանկագին բառը իմ կյանքում ինձ վիճակված էր շատ քիչ արտասանել»[29]:

Հուշապատումի մեջ հաճախ սյուժետային պատումն ընդմիջվում է հեղինակի խորհրդածություններով ու երանության խոսքերով: Այսպես` մանկական երգերի մասին խոսելիս հիշում է «Սիրուն թիթեռ» երգից հետո իր լաց լինելը «խեղճ թիթեռի համար», որին հետևում է հեղինակի փիլիսոփայական խոհը. «Չի կարելի կարճացնել ուրիշի` առանց այն էլ կարճ կյանքը»[30]:

Ապա հիշում է մանկության տարիների Նոր տարվա նվերները և գրում. «Երանի˜ այդ անդարձ օրերին»[31]: Տեղին է Արծվի Բախչինյանի դիտարկումը. «Եթե մի բառով փորձեմ բնորոշել Հասմիկ Աբեղյանի հուշագրությունը, ամենից սազականը կլինի «թախծանուշ» բառը։ Հաճախ է նա այս կամ այն հուշը պատմելու ավարտին բացականչում` երանի˜ այդ օրերին... Եվ հաճախ է այս կամ այն անձի վերաբերյալ իր խոսքն ավարտում բարեմաղթանքների և օրհնանքի հեղեղով` մաղթելով նրան արևշատություն, երկար կյանք, ամենայն բարիք...»[32]:

Մանկության վերհուշը հեղինակին տանում է երանելի ժամանակներ, երբ իր կողքին էր սիրելի հայրը, որ սենյակի մեջտեղում կանգնած փչում էր գնդակը, իսկ փոքրիկ աղջիկը զարմանում էր մեծացող գնդակ տեսնելով, վերհիշում է հայրիկի գնած մատրոսկա համազգեստը: Մանկության տպավորիչ հիշողություններն ավարտվում են հուշագրի տխուր խորհրդածությամբ, որ ոչ միայն իր, այլ մի ողջ սերնդի ճակատագիր է. «Ինձ գրկում, բարձրացնում է գլխից վե˜ր, ես ուրախ ծիծաղում եմ, իսկ ինքը համբուրում է ինձ: Հետո պառկում է մահճակալին, ինձ նստեցնում փորին, և ես ձի-ձի եմ խաղում… Առավոտ վաղ մեկնում է: Այլևս չենք տեսնում իրեն. մեկնում է ճակատ: Պատերազմի սև վարագույրն իջնում և բաժանում է մեզ»[33]:

Հուշագիրը ներկայանում է իր մարդկային նկարագրով, բարությամբ, կարեկցանքով ու սիրով ոչ միայն մարդկանց, այլ անգամ կենդանիների նկատմամբ: Նշենք դրսում մնացած եզդի կնոջը` Ղազոյին հյուրընկալելու պատմությունը, նրա ամուսնու նվեր բերած և Վասիլ Պետրովիչ անվանված գառնուկի մորթելու մասին հուշագրի խոսքը. «Իմացա, երբ մեծացել էի և, միևնույնն է, սիրտս շատ մղկտաց ընկերոջս համար»[34]: Հիշենք նաև հիվանդանոցում մածուն ուզող հիվանդ տղայի մահվան պատմությունը[35]:

Հուշագիրն աչքի է ընկնում զվարթախոսությամբ ու հումորով դեռևս մանկական հասակից: «Պապի´կ, ինչո՞ւ է Ալիսը քեզ ասում «ընկեր Աբեղյան», հո դու իր ընկերը չե՞ս…»[36]:

Արծվի Բախչինյանն իրավացիորեն նկատել է. «Ի տարբերություն շատ հուշագիրների` Հասմիկ Աբեղյան հուշագիրը չի կենտրոնանում իր անձի վրա, երբեք չի զբաղվում ինքնաթմբկահարմամբ, այլ առավելապես պատմում է իր ժամանակակիցների մասին»[37]։ Նշենք, սակայն, որ միևնույնն է, ընթերցողի աչքի առաջ կերպարանք է առնում մի բարի ու ազնիվ ներկայություն` հուշագիր հեղինակի կերպարը, որ անձնական ցավից վեր կանգնած մարդն է` բարեմաղթող ու ներողամիտ: Անհայր մեծացող աղջնակը մանկության տարիներին, նաև հետագայում զգում է հորեղբոր` Մհերի և նրա կնոջ` Լուսիկի սառն ու անմարդկային վերաբերմունքը, սակայն չի չարանում նույնիսկ նրանց հանդեպ, ամենավերջում ներում է նաև նրանց: Սակայն հուշագրի խոսքում նկատելի է ներքին վիրավորանք օտար հարազատների հանդեպ:

Մանկության տարիների վերհուշը լուսավոր երանգներ է ստանում դպրոցական տարիներին, և դասընկերուհիների ու սիրելի ուսուցիչների կերպարները գծագրվում են ընթերցողի առաջ: «Շատ էինք սիրում մեր առաջին ուսուցչուհուն` Հրանուշ Պապայանին: Ճերմակող մազերը ծոծրակի մոտ հավաքած, սիրունատես, անչափ բարի դեմքով և քնքուշ ձայնով. այդպես է մնացել հիշողությանս մեջ»[38],- օրերի հեռվից գրում է Հասմիկ Աբեղյանը` նրբանկատ հայացքով ու ջերմությամբ:

Նույն ջերմությամբ է հուշագիրը խոսում նաև իր երաժշտական կրթության ուսուցչի` կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի մասին. «Մինչև այսօր հիշում եմ ժպտադեմ, ամոթխած, ցածրաձայն խոսող ուսուցչիս»[39]:

Առանձին հմայք ունեն դպրոցական տարիների չարաճճիությունների պատմությունները, ինչպես` ընկերուհուն կմախքի ձեռքով շոյելը[40], ձվի միջուկն ասեղով դուրս քաշելու և տեղը ջուր լցնելու արկածը` մորն անակնկալի բերելով[41] և այլն:

Համալսարանական տարիների հուշերը կերպարանք են առնում դասախոսների, ուսանողական ընկերների միջոցով: Հատկապես տպավորիչ է Անահիտ Չարենցի հետ սկսված և շարունակվող ընկերությունը, որ խոսում է երկու մեծ մարդկանց ժառանգների մարդկային բարձր նկարագրի մասին: Ուշագրավ են Մկրտիչ Մկրյանի և Էդվարդ Աղայանի հետ կապված զավեշտական ու տպավորիչ միջադեպերը: Սակայն համալսարանական տարիների հուշերի մեջ հատկապես առանձնանում է Իտալիայից եկած վարդապետից` հոր կենդանի լինելու մասին լսած լուրը, որից անակնկալի եկած` ուշաթափվում է: Իսկ այդ դեպքից հետո նորովի է իմաստավորվում նրա կյանքը. «Ինձ սարսափեցնում էր այն հեռավորությունը, որն ընկած էր իմ և հորս միջև, մի՞թե երբևէ հնարավոր է հանդիպել: Այնուամենայնիվ ես երջանիկ էի. ես հայր ունեի, թեկուզ այլ աշխարհամասում, ես անհայր չէի…»[42]: Իսկ երբ նամակ են ստանում հորից, մի բան է փշրվում իր հոգում. «Նամակում տատիկիս մի լուր էր հայտնել, որ իմ դուրն այնքան էլ չեկավ: Գրել էր, որ ամուսնացել է Արտաշես Աբեղյանի դստեր` Ռուզանի հետ… Իսկ մայրիկս իրեն սպասում էր…»[43]: Ապա քիչ անց խոհեմաբար շարունակում է. «Ես նկատում էի մորս թափած գաղտնի արցունքները. ի՞նչ կարող էինք անել. եթե պատերազմը չլիներ, այդպես չէր լինի…»[44]:

Հայր ունենալը մեծագույն երջանկություն էր անհայր մեծացած աղջկա համար, և այդ զգալի է ողջ հուշագրության մեջ:

Հուշագիրն այնքան անկեղծ ու ազնիվ է, որ ընթերցողի համար անսպասելիորեն օրերի հեռվից խոստովանում է իր համար անհաս մնացած աղջկական սիրահարության պատմությունը. «Նորածանոթ երիտասարդներից մեկը գրավեց ուշադրությունս. բարձրահասակ, խաժաչք, խարտյաշ, ալիքավոր մազերով, սիրունատես, կանգնել էր, ձայն չէր հանում, միայն ժպտում էր: Շատ հավանեցի… գոնե անունն իմանայի… Ի՞նչ արած, ռոմանտիկ տարիներ, ռոմանտիկ աղջիկ…»[45]:

Աշոտ անունով այս տղան, որ ակամա հմայել է ռոմանտիկ աղջկան, մնում է որպես «սիրտը ջերմությամբ լցնող» վերհուշ. «Նոր էի ամուսնացել. հանդիպեցի ընկերոջը` Լևոն Զորյանին, ով հայտնեց Աշոտի ծանր, անբուժելի հիվանդության մասին: Կարճ ժամանակ անց գուժեցին վախճանը, որ շատ ազդեց վրաս: Եվս մի կտոր իմ կյանքից գնաց անսահմանություն` իր ուրույն հետքը թողնելով հոգումս, հետք, որ կոչվում է հիշողություն»[46]: Կարդում ես հուշագրի անկեղծ և հուզիչ խոստովանությունը և սավառնում հոգուդ հուշերի ետևից:

Կյանքն անակնկալ հարվածներ է տալիս հուշագրին: Ցավոտ ու տխուր հերթական հարվածը Լուսիկ բաբոյի մահն էր, որի հետ դժվար է հաշտվել. «Շատ ծանր տարա բաբոյիս մահը. գիշերները չէի կարողանում քնել, անընդհատ տեսնում էի երազումս»[47]: Ապա վրա է հասնում մյուս հարվածը` Շուշանիկ տատի մահը, ու «փակվեցին պապիկիս և տատիկիս հարազատ տան դռներն իմ առջև»[48]:

Հոգեկան ծանր հարված է իր դիմանկարի առիթով հորեղբոր ասած խոսքը. «Մի օր խնդրեցի. «Իմ դիմանկարը կնվիրե՞ք ինձ որպես հիշատակ Ձեր կողմից»: «Ո´չ, չեմ կարող, ամուսին կունենաս, թող գա, առնի»,- պատասխանեց հորեղբայրս, և ես չհասկացա` կատա՞կ էր անում, թե՞ լուրջ էր ասում: Դիմանկարը վերջերս ձեռք բերեցի»[49]:

Ապա բացվում են հուշագրի կյանքի նոր արահետները. Մերի Սաղյանի և Արամ Ինճիկյանի կամեցողությամբ տնօրեն Գուրգեն Հովնանն աշխատանքի է ընդունում թոռնուհուն պապի անվան գրականության ինստիտուտի տեքստաբանության բաժնում:

Խոսելով Արամ Ինճիկյանի մասին, բնութագրելով նրա անցած գիտական ճանապարհը` ցավով է հիշում նրա մահը, ապա երախտագիտությամբ ամփոփում. «Ես խոնարհվում եմ իր հիշատակի առաջ»[50]:

Հուշագիրն անչափ պատվախնդիր է իր պապի անվան հանդեպ. դա հատկապես ակնհայտ է դառնում Լևոն Միրիջանյանի մասին գրելիս. վերջինս հեռուստացույցով ուղղագրության առիթով վատ է արտահայտվել Մանուկ Աբեղյանի մասին, որը դառնություն է պատճառել թոռանը, սակայն նրա մահից հետո ներողամտությամբ է արտահայտվում. «2004 թվականին կյանքից հեռացավ Լևոն Միրիջանյանը` հոգումս թողնելով մի սև բիծ… Թող Աստված ների և´ ինձ, և´ իրեն…»[51]:

Կյանքն այլ անակնկալ դառնություններ էր պատրաստել հուշագրի համար` երեխաներին կորցնելը, ամուսնու ոչ ճիշտ պահվածքն ու ամուսնալուծությունը. «Այսպիսով, բաժանվեցինք` իրար այլևս չհիշելու պայմանով: Մոռացանք իրար… Արդյո՞ք… 15 տարի անց գինովցած եկել էր մեր տուն` համոզելու, որ ինձ չի մոռացել: Իսկ ե՞ս… Իմ մասին լռում եմ…»[52]: Որքան էլ լռում է հուշագիրը, միևնույնն է, զգայուն ընթերցողը նկատում է մոխրի տակ մխացող այն սիրո կրակը, որ կարող էր ամեն վայրկյան հրդեհի վերածվել:

Զարմանալի անկեղծությամբ հուշագիրը խոստովանում է, որ ամուսնալուծությունից հետո Չեխոսլովակիա կատարած ճանապարհորդության ընթացքում օտարազգի Իշտվանը սիրահարվել է իրեն, իսկ ինքն անտարբեր չի մնացել. «Մեղքս ի՞նչ թաքցնեմ, սրտիս մի անկյունը մի փոքր ջերմացել էր»[53]:  Այստեղ համարձակ կնոջ հուշապատումը հասնում է կատարյալ անկեղծության: Հետագայում Իշտվանի նամակին պատասխանել է` մերժելով նրա ամուսնության առաջարկը, խորհուրդ տալով նրան միանալ իր ընտանիքին և տեր կանգնել երկու երեխաներին:

Հետաքրքիր է վերհուշը նաև երկրորդ ամուսնության մասին, որը ևս խաթարվեց, սակայն այդ ամուսնության շնորհիվ «մի երջանկաբեր միտք էր ապրում ինձ հետ. ես մայր էի դառնալու»[54]: Եվ ահա Վազգեն Վեհափառի օրհնությանն արժանացած կինը լույս աշխարհ է բերում «մի մանկիկ, ով իր գոյության առաջին իսկ վայրկյաններից փոխեց կյանքիս ղեկանիվը»[55]:

Որդու մանկական սրամիտ մանրապատումները հուշագրության մեջ մայրական սիրով է ներկայացրել հեղինակը: Թեև այդ մանրապատումների փոքր-ինչ ձգձգվածությունը հուշագրության համար կառուցվածքային թերություն է, սակայն գեղարվեստական այդ թերությունը բացահայտում է հուշագիր հեղինակի մարդկային արժանիքներից ևս մեկը` մայրական սերը, որին այնքան դժվարությամբ է հասել ինքը, և նրա կյանքի մեծագույն իմաստը միակ հարազատ զավակն է:

Հուշագիրն անտարբեր չէ ոչ ոքի հանդեպ, մտահոգ է անգամ էպիզոդիկ կերպարների ճակատագրերով, ինչպես օրինակ` արդեն հիշատակված դերձակ Նվարդը և Ոսկի տատիկը, իրեն սիրահարված տղայի` Ցեցո մականունով Էդիկի ընտանեկան դժբախտության դրվագը[56], չարության զոհ դարձած մաթեմատիկայի ուսուցչուհի ընկեր Մանուկյանը, որ կուրացել էր ծծմբաթթվի լուծույթից[57], համակուրսեցի աղջկա` մանկատուն տված երեխայի համար լաց լինելը ու այդ անարժան մորը չներելը և այլն[58]: Ասվածը լավագույնս հաստատվում է Թիֆլիսում` Լուսիկ բաբոյի հարևանի գերմանացի տղայի պատմությամբ, որին որդեգրել էին` փրկելով սպանվելուց, և նրա մասին տասնյակ տարիներ անց խորհրդածում է հուշագիրը. «Չեմ մոռանում Վովային, ո՞վ գիտի, կենդանի՞ Է, որտե՞ղ է արդյոք հայկական ազգանունով իմ գերմանացի բարեկամը»[59]:

Հուշագիրը միջավայրը գնահատող, արժևորող անհատականություն է, ըստ ամենայնի ներկայացնում է իր շրջապատի գիտնականներին, նրանց վաստակը (Արամ Ղանալանյան, Կարապետ Մելիք-Օհանջանյան, Արամ Ինճիկյան, Սարգիս Հարությունյան, Գուրգեն Հովնան, Սուրեն Աղաբաբյան, Էդվարդ Ջրբաշյան, Սերգեյ Սարինյան, Արամ Գրիգորյան, Բաբգեն Չուգասզյան, Պիոն Հակոբյան, Վաչե Նալբանդյան, Մայիս Ավդալբեգյան, Վլադիմիր Կիրակոսյան և այլք): Ներկայացնելով այս կամ այն գիտնականի վաստակը` Հասմիկ Աբեղյանը միաժամանակ դրանով հաստատում է իր իմացությունը և հանդես գալիս որպես գիտական միջավայրն օբյեկտիվ գնահատող ու արժևորող գիտնական: «Զգալի է մեծ պատկառանքը, սերը, նվիրվածությունն ու գորովն իր ավագ, տարեկից ու նաև կրտսեր գործընկերների հանդեպ, որոնց մեջ առանձնանում է իր թանկագին գիտական ղեկավար` ականավոր գրականագետ Արամ Ինճիկյանը»,- նկատել է Արծվի Բախչինյանը[60]։ Ուշագրավ են Լուսիկ Կարապետյանի, Անահիտ Վարդանյանի, Իրիտա Վարժապետյանի, Եվա Մնացականյանի և թումանյանագիտական խմբի մարդկային ու մասնագիտական արժևորումները:

Հուշագիրն իսկական հայրենասեր է. դա ակնհայտ է հատկապես Ամերիկայում` հոր մոտ հյուրընկալված ժամանակ ասված խոսքում. «Եթե Հայաստանում մի հայ մնա, դա կլինեմ ես»[61]:

Կյանքի դաժան հարվածների ցավը հուշագիրը փորձել է մեղմել իր աշխույժ բնավորությամբ ու հումորի անսահման զգացումով:

Հումորիկ պատմություններով ու զավեշտներով է հյուսված հուշապատումը, ինչպես` Հրաչյա Աճառյանի կնոջ` տիկին Սոֆիկի խոսքը ամուսնու հորդորով Աբեղյանի տանը վառարան դնելու մասին. «Հրաչի´կ ջան, հո ես վառարան դնող չեմ…»[62], Մկրտիչ Մկրյանի խոսքը ասված կնոջ` Տոսյայի մասին[63], Էդվարդ Աղայանից ստուգարք ստանալու պատմությունը[64], Րաֆֆի Գևորգյանի` Գիկի ծնողների խնամախոսության գալը և թյուրիմացությամբ իր մորը հավանելը[65], Աշոտ անունով տղայի հետ ծանոթությունը, որին սիրահարված էր[66], գրականագետ Խորեն Սարգսյանի` գրականության ինստիտուտի աշխատակից Քնարիկին ուղղված հումորիկ խոսքը և վերջինս զավեշտական պատասխանը[67], Պարույր Սևակի տանը Համո Սահյանի «շան հաչոցը» և հուշագրի «կատվի մլավոցը»[68], Գոհար Ազնավուրյանին Գրականության և արվեստի թանգարանի ընթերցասրահում մանկան ձայնով մոլորեցնելը[69], Կոստան Զարյանի ուշադրությունը գրավել ցանկացողի չստացված հանդիպումը[70], շտապօգնության բժշկի ներկայությամբ հարևանի զավեշտական արտահայտությունները[71], կինոստուդիայի ռեժիսորի օգնական Ռուբիկի մոր հետ մանկան ձայնով խոսելը[72] և այլն:

Հուշագրությունն ունի նաև թերություններ. այսպես` պատումը ձգձգված է, երբեմն կան կենցաղային ավելորդ մանրուքների նկարագրություններ, շեղումներ ընդհանուր սյուժետային գծից: Կերպարները ներկայացվում են բացառապես դրական հատկանիշներով. ասես մարդիկ միայն լավ բանի են ընդունակ: Թեև կան գեղարվեստորեն բարձրաժեք հատվածներ, սակայն հուշապատումի ժանրը կաշկանդել է հեղինակին, որից տուժել է գեղարվեստականությունը:   

Ողջ հուշագրությունը գրված է ազնվական մարդու դիրքերից` բարի մտքի արտահայտությամբ:

Պատումը հյուսված է աբեղյանական նախնիների ծագումից, և գործողությունների շղթան հասնում է մինչև անցյալ դարավերջի իրադարձություններ, որով ամբողջանում են հուշագրի կյանքի առասպելը և իր հետ նաև մի ողջ սերնդի ճակատագիր: Բոլոր էպիկական գործողությունները կատարվում են հեղինակի հուշերի երկրում` միավորվելով մեկ ամբողջական սյուժետային համակարգի մեջ:

Պատումի հեղինակը հուշագիրն է, որ անկեղծ ու ազնիվ մի զրույց է սկսել ինքն իր օրերի ու ընթերցողի հետ:

Հուշապատումի գլխավոր կերպարն ինքն է` հեղինակը, որի շուրջ պտտվում են մյուս գլխավոր և երկրորդական, անգամ էպիզոդիկ կերպարները: Հարյուրավոր կերպարներ են կերտված, որոնք հայ իրականության մեջ հայտնի մարդիկ են, մշակույթի գործիչներ` գիտնականներ, նկարիչներ, դերասաններ, գրողներ, երաժիշտներ, դասախոսներ, երբեմն նաև քաղաքական գործիչներ և այլն: Ընթերցողի աչքի առաջ հայտնվում են հայտնի ու անհայտ բազմաթիվ մարդիկ` իրենց արտաքինով ու բնավորությամբ, մարդկային ճակատագրով ու վաստակով, որոնցից ոչ մեկի հանդեպ հուշագիրն անտարբեր չէ. ցավ է ապրում նրանց դժբախության համար, հպարտանում ընկերների հաջողություններով:

Էպիզոդիկ կերպարներ են քավորները` Կոմիտասը և Արմեն Տիգրանյանը, Թումանյանի դուստրերը` Աշխենը, Նվարդը, Սեդան, Արփենիկը, Թամարը, դպրոցական տարիներին ծովափում հանդիպած Գոհար Գասպարյանը, Վարդգես Պետրոսյանը և Էմմա Մակարյանը, Համո Սահյանը, Արշալույս Ղազինյանը, Վազգեն Գաբրիելյանը, Լարիսա Մնացականյանը, Նելլի Անանյանը, դիրիժոր Օհան Դուրյանը, երգիչ Հովհաննես Բադալյանը, դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Արմեն Խոստիկյանը, Վլադիմիր Աբաջյանը, Խորեն Աբրահամյանը և անվանի շատ այլ դեմքեր: Սակայն հուշապատումի մեջ առանձնանում են հեղինակին սրտամոտ Անահիտ Չարենցի և Պարույր Սևակի կերպարները: Հորեղբոր հետ հակադրության հիմքով է կերտված Վախթանգ Անանյանի կերպարը:

Պատումը հյուսված է բարի, ներողամիտ, կյանքի բոլոր դժվարություններին դիմակայող ազնիվ մարդու տեսանկյունից, որն առաջին հայացքից կարող է թվալ որպես միակողմանի աշխարհընկալում, սակայն համակողմանի դիտարկումը բերում է այն եզրակացության, որ հուշագիր հեղինակն իսկապես իր մարդկային էությամբ ու բնույթով աշխարհին լուսավոր հայացքով նայող անհատականություն է: Ահա թե ինչ է գրում իրեն ողջ կյանքում հոգեպես մեծ ցավ պատճառած հորեղբոր կնոջ`  Լուսիկի` «Թոթովենցի կնոջ» մասին. «Ես ներեցի իրեն. մարդու ամենակարևոր կարողություններից մեկն է ներել կարողանալը…»[73]: Ապա, ներողամտությամբ լցված նաև հորեղբոր հանդեպ, հոգեպես թեթևացած գրում է. «Ի˜նչ լավ էր, որ ներեցի իրենց…»[74]:

Գործողությունների ժամանակը 20-րդ դարի 30-ական թվականներից մինչև 90-ականներն ընկած ժամանակաշրջանն է` ամփոփված հուշագրի հոգում, իսկ պատումի ստեղծման ժամանակը` 21-րդ դարի սկիզբը: 

Հուշապատումի հիմնական գաղափարը մարդու և մարդկանց ճակատագրի վրա պատերազմի թողած ազդեցությունն է, իսկ պատումը հագեցած է հուզական շեշտադրումներով: Հուշապատումի կիզակետը արդեն փոքրիկ Սուրենիկ լույս աշխարհ բերած հասուն կնոջ և տարիներ անց գտնված հոր` Սուրենի հանդիպումն է, որը հեքիաթային հուզիչ երազի է նման: Այդ հեքիաթային հանդիպումն ավարտվում է աղջկա զգայուն խոհերով. «Իմ ներքին զգացողությունն ինձ հուշում էր, որ հայրս կուզեր ապրել իմ կողքին…

Պատերազմ… Ճակատագրեր…»[75]:

Վերջին երկու բառով հեղինակն ամփոփում է իր հուշապատումի բուն ասելիքը: Իսկ մեկ նախադասությամբ` Հասմիկ Աբեղյանի հուշապատումն իր հուշերի երկրի պատերազմն է` ընդդեմ բոլոր պատերազմների:

Եզրակացություն. Հասմիկ Աբեղյանը հուշագրության մեջ կերտել է հուշագիր հեղինակի և իր միջոցով նաև հետպատերազմյան մի ողջ սերնդի մարդկային ճակատագիր: Հեղինակի կերպարը հյուսվել է նաև անուղղակիորեն, անգամ էպիզոդիկ կերպարների հետ ներքին աղերսների շնորհիվ, թեև հուշագիրն անկեղծ ու ազնիվ մի զրույց է սկսել ինքն իր օրերի ու ընթերցողի հետ: Հուշագիրն այլոց ճակատագրերով մտահոգ, բարի, ազնիվ ու անկեղծ մարդն է` կանգնած կյանքի դաժան հարվածների դեմ հանդիման, ուժեղ ու կամային բնավորությամբ, ստեղծագործ կյանքով ապրելու և նպատակներին հասնելու ձգտումով: Հումորով լեցուն, բարի, չափազանց լավատես, ներողամիտ, ազնիվ, աշխատասեր, ծնողասեր ու որդիասեր, ընկերասեր, հայրենասեր, և որ ամենակարևորն է, մայրական մեծագույն սիրով ապրող կնոջ կերպարը պատկերանում է ընթերցողի աչքի առաջ` որպես մարդասեր կերպար: Հեղինակն ստեղծել է հուշերի իր երկիրը, ուր պատերազմ է հայտարարել պատերազմի դեմ:

 

[1] Հասմիկ Աբեղյան, Օրերս ինձ հետ են…, Ե., 2014:
[2] Արծվի Բախչինյան, Թախծանուշ մի հուշագիրք, Ազգ, 25.09.2015:
[3] Եվա Մնացականյան, Մանուկ Աբեղյանի կերպարը` ըստ Հասմիկ Աբեղյանի «Օրերս ինձ հետ են…» հուշագրության, «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտաժողովի զեկուցում, առայժմ անտիպ:
[4] Հասմիկ Աբեղյան, Օրերս ինձ հետ են…, էջ 3:
[5] Սարգիս Հարությունյան, Մանուկ Աբեղյան. կյանքը և գործը, Ե., 1970:
[6] Հասմիկ Աբեղյան, Օրերս ինձ հետ են…, էջ 12:
[7] Անդ, էջ 14:
[8] Անդ, էջ 15:
[9] Անդ, էջ 14:
[10] Անդ, էջ 184:
[11] Անդ, էջ 188:
[12] Անդ, էջ 42:
[13] Անդ, էջ 15:
[14] Անդ, էջ 43:
[15] Անդ, էջ 45:
[16] Անդ:
[17] Անդ, էջ 15:
[18] Տե´ս անդ, էջ 82:
[19] Անդ, էջ 86:
[20] Անդ, էջ 103:
[21] Անդ, էջ 107:
[22] Անդ, էջ 77:
[23] Անդ, էջ 466:
[24] Անդ, էջ 33:
[25] Անդ, էջ 34:
[26] Անդ, էջ 130:
[27] Արծվի Բախչինյան, Թախծանուշ մի հուշագիրք, Ազգ, 25.09.2015:
[28] Հասմիկ Աբեղյան, Օրերս ինձ հետ են…, էջ 49:
[29] Անդ, էջ 50:
[30] Անդ, էջ 51:
[31] Անդ, էջ 53:
[32] Արծվի Բախչինյան, Թախծանուշ մի հուշագիրք, Ազգ, 25.09.2015:
[33] Հասմիկ Աբեղյան, Օրերս ինձ հետ են…, էջ 55:
[34] Անդ, էջ 64:
[35] Տե´ս անդ, էջ 66:
[36] Անդ, էջ 73:
[37] Արծվի Բախչինյան, Թախծանուշ մի հուշագիրք, Ազգ, 25.09.2015:
[38] Հասմիկ Աբեղյան, Օրերս ինձ հետ են…, էջ 89:
[39] Անդ, էջ 99:
[40] Տե´ս անդ, էջ 114:
[41] Տե´ս անդ, էջ 115:
[42] Անդ, էջ 200:
[43] Անդ, էջ 222:
[44] Անդ, էջ 223:
[45] Անդ, էջ 216:
[46] Անդ, էջ 220:
[47] Անդ, էջ 228:
[48] Անդ, էջ 248:
[49] Անդ, էջ 238:
[50] Անդ, էջ 254:
[51] Անդ, էջ 274:
[52] Անդ, էջ 339:
[53] Անդ, էջ 352:
[54] Անդ, էջ 372:
[55] Անդ, էջ 374:
[56] Տե´ս անդ, էջ 137:
[57] Տե´ս անդ, էջ 150:
[58] Տե´ս անդ, էջ 222:
[59] Անդ, էջ 171:
[60] Արծվի Բախչինյան, Թախծանուշ մի հուշագիրք, Ազգ, 25.09.2015:
[61] Հասմիկ Աբեղյան, Օրերս ինձ հետ են…, էջ 427:
[62] Անդ, էջ 188:
[63] Տե´ս անդ, էջ 187:
[64] Տե´ս անդ, էջ 203:
[65] Տե´ս անդ, էջ 209:
[66] Տե´ս անդ, էջ 217:
[67] Տե´ս անդ, էջ 258:
[68] Տե´ս անդ, էջ 263:
[69] Տե´ս անդ, էջ 282:
[70] Տե´ս անդ, էջ 285:
[71] Տե´ս անդ, էջ 293:
[72] Տե´ս անդ, էջ 293-294:
[73] Անդ, էջ 451:
[74] Անդ, էջ 452:
[75] Անդ, էջ 444: