ՄԻԱՅՆԱԿ ԶԲՈՍՆՈՂԻ ԱՆՐՋԱՆՔՆԵՐԸ (Առաջին զբոսանք)

ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ

Առաջին զբոսանք

 

      Եվ ահա, ես մենակ եմ երկրի երեսին` չունենալով ոչ եղբայր, ոչ մերձավոր, ոչ ընկեր,  ոչ մի այլ զրուցակից, բացի  ինքս ինձանից: Մարդկանցից ամենաշփվողն ու  բարեհամբույրը միահամուռ համաձայնությամբ վտարվեց նրանց  հասարակությունից: Իրենց նենգամիտ ատելության մեջ նրանք մտմտում էին, թե որ հարվածը կլիներ ավելի սոսկալի իմ զգայուն հոգու համար, ու կոպտորեն կտրեցին բոլոր կապերը, որոնք ինձ կապում էին նրանց: Ես պիտի շարունակեի   սիրել   մարդկանց` ի   հեճուկս   իրենց   ցանկության: Միայն դադարե լով   մարդ   լինելուց` նրանք   կարողացան ինձ   անտարբեր   թողնել   իրենց  հանդեպ: Եվ   ահա,  հիմա   նրանք   ինձ   օտար   են,  անծանոթ,  ի   վերջո` ոչինչ   են,  քանզի  իրենք   դա   ուզեցին: Իսկ ե՞ս, ի՞նչ   եմ   ես,  նրանցից   ու   ամեն   ինչից   այսպես   կտրվածս: Ահա, թե ինչն է ինձ   պետք  պարզել: Դժբախտաբար,  դրան   պիտի   նախորդի  դրությանս   վրա մի   հայացք  նետելը:  Դա մի փուլ  է,  որով անհրաժեշտաբար   պիտի անցնեմ,  որպեսզի նրան ցից  անցում կատարեմ իմ  անձին:

    Ահա արդեն   տասնհինգ   տարի   է,  ու   անգամ`   ավելի,  որ   գտնվում   եմ  այս   տարօ րինակ  դրության   մեջ,  մինչդեռ վերջինս   ինձ   դեռ   երազ է թվում: Դեռևս   ինձ   թվում   է, թե  ստամոքսի   խանգարում   ունեմ ու   քնում եմ   վատ,  և  թե   ուր որ է կարթնա նամ ու ցավս կփարատվի` նորից   հայտնվելով ընկերներիս   միջավայրում: Այո,  կասկած  չկա,  ինքս էլ   դա   չնկատելով` ես   արթնությունից   ցատկել   եմ   քնի   մեջ,   կամ,  ավելի շուտ,  կյանքից` մահվան մեջ: Պոկված,  ինքս  էլ  չիմանալով,  թե  ինչպես,  իրերի  սովորական   ըն թացքից,  ես   ներքաշվել   եմ   անըմբռնելի   մի   քաոսի   մեջ,  ուր   ոչ   մի   բան  չեմ տար բերակում,  և   որքան ավելի   եմ   մտածում   ներկա   դրությանս   մասին,  այնքան  ավելի   քիչ   եմ   հասկանում,  թե   որտեղ   եմ   գտնվում:

            Է՛հ,   ինչպե՞ս կարող էի կանխագուշակել այն ճակատագիրը, որն ինձ էր սպասում: Ինչպե՞ս կարող եմ այն հասկանալ հիմա, երբ ներքաշված եմ դրա մեջ: Կարո՞ղ էի արդյոք, առողջ դատելով` ենթադրել, թե  ինչոր ժամանակ, մնալով այն նույն մարդը, ինչ եղել էի, ինչը մնում եմ մինչև հիմա, իսկական հրեշի անուն պիտի հանեի, համարվեի  թունավոր, մարդասպան, թե  պիտի դառնայի մարդկային  ցեղի տականքը, ստոր խավի խաղալիքը, թե  ողջույնի փոխարեն անցորդները պիտի թքեին ինձ վրա, թե մի ողջ սերունդ միաձայն պիտի զվարճանար` ինձ ողջողջ թաղելով: Երբ կատարվեց այդ տարօրինակ հեղաշրջումը, ես, հանկարծակիի եկած` սկզբում ցնցվել էի դրանից: Իմ հուզմունքն ու  զայրույթն ինձ հասցրին կատաղության, որը հազիվ թե կարողանար հանդարտվել տաս տարվա մեջ: Ու այդ ժամանակահատվածում, անցնելով մի մոլորությունից մյուսը, մի սխալից` մյուսը, մի անխոհեմությունից` մյուսը, ես իմ անզգույշ արարքներով ճակատագիրս տնօրինողներին հանձնեցի բոլոր զենքերը, որ նրանք հմտորեն գործի դրեցին, որպեսզի այն դարձնեն անշրջելի:

     Երկար ժամանակ ես կռիվ էի տալիս` նույնքան կատաղիորեն, որքան և անօգուտ կեր պով: Չունենալով ոչ ճարպկություն, ոչ խորամանկություն, ոչ էլ ձևացնելու կարողություն, լինելով անշրջահայաց, անկեղծ, շիտակ, անհամբեր, դյուրագրգիռ, ես, ետ մղելով հարված ները` ավելի ու  ավելի էի խճճվում, ու նրանց էի տալիս էլ ավելի մեծ գերակայություն իմ նկատմամբ, որից նրանք առիթը բաց չէին թողնում օգտվելու: Ի վերջո, տեսնելով, որ բոլոր ջանքերս զուր են, ու անիմաստ` տվայտանքս, ես կայացրի  միակ որոշումը, որը դեռ կարող էի կայացնել. հնազանդվեցի ճակատագրիս`  դեմ չգնալով անխուսափելիին: Այդ   համակեր պության մեջ ես գտա հատուցումը իմ ոլոր տառապանքների` շնորհիվ  դրա   ընձեռած խաղաղության, որը պիտի   անհամատեղելի   լիներ դիմադրության անդադար աշխատանքի   հետ,  որն   ինչքան որ ծանր,  նույնքան էլ անպտուղ   էր:

       Մի բան ևս, նպաստում էր այդ հանգստությանը: Որքան էլ որ իմ հետապնդողները կատարելագործվեին իրենց ատելության մեջ, մոլեգին չարությունը նրանց ստիպում էր մոռանալ մի բան. նրանք չէին կարողանում այնպես հաշվարկել դրա հնարավոր հետևանքները, որ իմ տառապանքները չդադարեին ու անընդհատ վերսկսվեին`մշտապես ինձ հասցնելով նորանոր հարվածներ: Եթե նրանք ունենային բավականաչափ խորա մանկություն, ինձ կթողնեին հույսի մի շող, և այդպիսով, ինձ կպահեին իրենց ձեռքերում: Նրանք կարող էին նաև ինձ դարձնել իրենց խաղալիքը ինչոր գայթակղիչ խայծի օգնությամբ ու անդադար խոցել սիրտս խաբուսիկ սպասման  տառապանքներով: Բայց նրանք միանգամից սպառեցին իրենց բոլոր միջոցները: Ինձ ոչինչ չթողնելով` իրենք իրենց զրկեցին ամեն ինչից: Զրպարտանքը, նվաստացումները, ծաղրանքները, խայտառա կությունը, որ օգտագործում էին իմ դեմ, այլևս չի կարելի ոչ ավելացնել, ոչ մեղմել. նրանք ի վիճակի չեն այդ բոլորն էլ ավելի ծանրացնելու, ինչպես որ ես ի վիճակի չեմ դրանցից ազատվելու: Նրանք այնպես շտապեցին լցնել իմ վշտի գավաթը, որ չկա այնպիսի մի մարդկային իշխանություն, որը, եթե անգամ դրան աջակցեն դժոխքի բոլոր մեքենա յությունները, կարողանար էլի  ինչոր բան դրան ավելացնել: Անգամ ֆիզիկական ցավը, իմ տառապանք ները սաստկացնելու փոխարեն, լոկ պիտի շեղեր  ինձ  դրանցից: Ստիպելով  ինձ  գոռալ` այն  այլևս    տեղ  չէր  թողնի  տնքոցների համար, և հոգուս  ցավը կխլանար մարմնիս  ցավե րով:

     Ինչի՞ համար դեռ պիտի վախենամ նրանցից, քանզի ամեն ինչ արել են: Այլևս չունենալով հնարավորություն դրությունս վատթարացնելու` նրանք էլ չեն կարող իմ մեջ տագնապներ հարուցել: Տագնապ ու սոսկանք. ահա, այս  տառապանքներն են, որոնցից նրանք մշտապես ազատել են ինձ: Դա, համենայնդեպս, թեթևություն է: Իսկական տառապանքները քիչ իշխանություն ունեն ինձ վրա. ես հեշտությամբ եմ տանում այն տառապանքները, որոնք կրում եմ, բայց ոչ նրանք, որոնց սպասում եմ: Իմ վախեցած երևակայությունը դրանք համա դրում է, շուռումուռ տալիս, ուռճացնում է ու բազմապատկում: Դրանց սպասելը  հարյուրապատիկ ավելի է ինձ տանջում, քան, երբ դրանք առկա են, ու սպառնալիքն ինձ համար ավելի սարսափելի է, քան հարվածը:  Երբ դրանք արդեն կան, իրականացման փաստը խլում  է դրանցից այն ամենն, ինչը դրանց մեջ երևակայական էր, ու դնում իսկական չափերի մեջ: Այդտեղ ես հայտնաբերում եմ,  որ դրանք շատ ավելի քիչ սոսկալի են, քան ես էի ինձ պատկերացնում, և տառապանքների մեջ անգամ, դարձյալ թեթևություն եմ զգում: Այս վիճակում, երբ ձերբազատվել եմ մի նոր երկյուղից ու ազատ եմ անհանգստություն պատճառող հույսից, սովորությունը բավական է, որպեսզի ամեն օր իմ դրությունը, որն այլևս ոչ մի բան չի կարող վատթարացնել, դառնա  ինձ համար ավելի  տանելի: Ու այնքանով, որքանով դրա զգացումը բթանում է երկարատևության հետևանքով, նրանք կորցնում են այն նորից վերակենդանացնելու կարողությունը:  Ահա, սա է այն լավ բանը, որ ինձ արել են ինձ հետապնդողները` անհաշվենկատորեն սպառելով իրենց չարության բոլոր պաշարները: Նրանք զրկվել են ինձ վրա որևէ իշխանություն բանեցնելուց, և այսուհետև,  ես կարող եմ ծիծաղել նրանց վրա: 

     Դեռ երկու ամիս էլ չի անցել այն պահից, երբ իմ սրտում նորից տիրել է  բացարձակ խաղաղություն: Արդեն երկար ժամանակ է, ինչ  դադարել եմ որևէ բանից վախենալուց. բայց ես դեռ հույս էի տածում, և այդ հույսը, մերթ` հանգստացնող, մերթ էլ՝ խաբուսիկ, իմ թույլ կողմն էր, քանզի դրա պատճառով չէին դադարում ինձ հուզել բազմաթիվ այլազան կրքեր: Վերջերս, մի դեպք, որքան տխուր, նույնքան էլ  անսպասելի, ի վերջո հանգցրեց իմ սրտում հույսի վերջին թույլ շողն ու ինձ ցույց տվեց, որ իմ ճակատագիրն այստեղ` երկրի վրա, որոշվել է ընդմիշտ ու անշրջելիորեն: Այդ պահից ի վեր` ես անվերապահորեն համակերպվել եմ ու խաղաղություն գտել:

      Հենց այն պահից, երբ սկսեցի զգալ նյութվող դավադրությունն իր ողջ ծավալով, ընդմիշտ թողեցի միտքն առ այն, որ վերադառնամ մարդկանց մոտ կենդանությանս օրոք, ու քանի որ նման վերադարձը չէր կարող լինել երկու կողմից, այն ինձ նույնիսկ պետք էլ չէր այսուհետև: Եթե անգամ նորից  վերադառնային ինձ մոտ, նրանք արդեն չէին գտնի ինձ: Այն արհամարհանքի դեպքում, որ նրանք ինձ ներշնչում էին, շփումը նրանց հետ ինձ համար անիմաստ պիտի լիներ, և անգամ՝ անտանելի, մինչ ես հարյուրապատիկ անգամ երջանիկ եմ իմ միայնության մեջ, քան թե կարող էի լինել` ապրելով նրանց միջավայրում: Նրանք   պոկել   էին սրտիցս շփվելու բոլոր ուրախությունները.  իմ տարիքում այդ  ուրախություններն   այլևս չեն կարող   ծիլեր արձակել   այնտեղ. չափազանց   ուշ   է: Այսուհետև,  ինձ   բարիք   անեն, թե չարիք, այն   ամենն,  ինչ գալիս   է մարդկանցից,  ինձ  թողնում է  անտարբեր,  ու   ինչ  էլ   անեն   իմ   ժամանակակիցները,  նրանք   ինձ   համար  կլինեն   ոչինչ:

       Բայց ես դեռ հավատում էի ապագային ու հույս տածում, թե մեկ այլ, ավելի լավ սերունդ, մանրազնին քննելով, թե ինչպես է ներկայիս սերունդը դատում իմ մասին ու վարվում ինձ հետ, առանց դժվարության կներթափանցեր այն ուղղորդողների նենգամտության մեջ ու վերջապես ինձ կտեսներ այնպիսին, ինչպիսին  կամ: Հենց այդ հույսն ինձ դրդեց գրելու իմ Երկխոսությունները ու մղեց  բյուր խելահեղ փորձերի` դրանք ապագա  սերնդին թողնելու համար: Այդ հույսը,  թեև հեռավոր, իմ հոգին պահում էր այն  նույն տագնապի մեջ, ինչ և այն ժամանակ, երբ ես մեր ժամանակներում դեռևս փնտրում էի արդարադատ սիրտ, ու իմ ակնկալիքները ևս, որ զուր միտվում էին հեռուներին,  ինձ դարձնում էին այսօրվա մարդ կանց խաղալիքը: Իմ Երկխոսությունների մեջ ես պատմում էի, թե ինչի վրա էի հիմնում իմ սպասումը: Ես սխալվում էի: Բարեբախտաբար, ես դա ժամանակին հասկացա, որպեսզի ճաշակեի` վերջին ժամիս վրա հասնելուց առաջ, բացարձակ անխռովության ու կատարյալ խաղաղավետության ժամանակաշրջան: Վերջինս սկսվեց այն ժամանակ, որի մասին ասում եմ այստեղ, ու ես հիմքեր ունեմ մտածելու, որ այն չի ընդհատվի:

       Հազվադեպ օրեր են լինում, որ նոր մտածումները չհաստատեն, թե որքան էի ես սխալվում` հույս տածելով, թե մարդիկ կվերադառնան ինձ մոտ, թեկուզ և՝ ուրիշ սերնդից,  քանի որ, ամեն ինչում, որ վերաբերում է ինձ, մարդկանց ինչոր միավորումներ ու դրանց  առաջնորդներ, անբարեհաճ վերաբերմունք են դրսևորում իմ հանդեպ: Առանձին մարդիկ մեռնում են, բայց չեն  մեռնում մարդկանց միավորումները: Միևնույն կրքերը շարունակում են ապրել նրանց մեջ, ու իրենց բոցավառ ատելությունը, որն անմահ է իրենց ներշնչող դևի պես, մշտապես գործում է: Երբ իմ բոլոր անձնական թշնամիները մեռած լինեն, բժիշկներն ու օրատորիանները[1] դեռևս ողջ կլինեն, ու եթե անգամ չունենամ ուրիշ հետապնդողներ, բացի այդ երկու միավորումներից, կարող եմ վստահ լինել, որ նրանք իմ մասին հիշողությունը հանգիստ չեն թողնելու, ինչպես որ կենդանությանս օրոք հանգիստ չէին թողնում ինձ: Գուցե առժամանակ հետո, բժիշկները, ում ես իսկապես վիրավորել եմ, կհանդարտվեն. բայց օրատորիանները, ում ես սիրում էի, հարգում, ում միանգամայն վստահում և երբեք չէի վիրավորում, օրատորիանները` եկեղեցականներն ու կիսավանա կանները, ընդմիշտ մնալու են ամբարիշտ. իմ հանցանքը նրանց անարդարությունն է, ու իրենց ինքնասիրությունը դա երբեք չի ների  ինձ: Իսկ հասարակությունը, որի թշնամական վերաբերմունքը  նրանք ամեն ժամ  կխրախուսեն   ու կուղղորդեն, չի հանգստանա, ինչպես և նրանք:

     Ինձ համար ամեն ինչ վերջացած է երկրի երեսին: Այստեղ ինձ չեն կարող ոչ լավ, ոչ էլ վատ բան անել: Այս աշխարհում ես այլևս ոչ մի բան չունեմ, որի վրա հույս դնեմ ու վախե նամ, և ահա, ես հանգիստ եմ անդունդի հատակում, խեղճ մահկանացուս, տարաբախտ, բայց անխռով, ինչպես Ինքն՝ Աստված:

     Այսուհետև, ամենայն բան, որ դուրս է ինձնից, օտար է ինձ: Այս աշխարհում ես չունեմ ոչ  մերձավոր, ոչ հարազատ, ոչ եղբայր: Երկրի վրա ես ինձ զգում եմ, ասես՝ օտար մի մոլորակում, ուր ընկել եմ մեկ այլ մոլորակից, որտեղ ապրում էի մի ժամանակ: Եթե անգամ, որևէ բան էլ տարբերակում եմ իմ շուրջը, ապա միայն վշտալի ու սիրտ կեղեքող բաներ, ու ամեն ինչի վրա, որ ինձ շրջապատում է, չեմ կարող հայացք նետել` չգտնելով ինչոր առիթ՝ արհամարհական զայրույթ կամ տանջող ցավ զգալու համար: Արդ, վանե՛նք մեզնից բոլոր տառապանք պատճառող բաները. դրանց մասին մտածելը նույնքան դառն է, որքան  և՝ անօգուտ: Միայնակ` հետագա կյանքիս ընթացքում, որ մնացել է ապրելու, քանզի միայն իմ մեջ եմ գտնում մխիթարություն, հույս ու խաղաղություն, ես պարտավոր չեմ ու չեմ ցանկանում զբաղվել որևէ այլ բանով, բացի ինքս ինձնից: Այս վիճակում, ես վերսկսում եմ այն անողոք ու անկեղծ ուսումնասիրությունը, որը մի ժամանակ անվանել էի իմ Խոստովանությունները : Կյանքիս վերջին օրերը ես նվիրում եմ ինքս ինձ ուսումնասիրելուն և ինքս իմ մասին հաշվետվությանը, որ չեմ հապաղի կատարել: Ուրեմն, ամբողջությամբ տրվե՛նք սեփական հոգու հետ զրուցելու հրճվանքին, քանզի դա  միակ բանն է, որը մարդիկ չեն կարող խլել ինձնից: Եթե իմ հոգու հակումների մասին խորհրդածությունների միջոցով հնարավորություն ստանամ դրանք ավելի կարգավորելու և  վերացնելու չարը, որը, գուցե, դեռ մնում է այնտեղ, իմ խորհրդածությունները բնավ անօգուտ չեն լինի, ու թեև երկրի վրա ես այլևս պիտանի չեմ ոչ մի բանի, իմ վերջին օրերը լրիվ կորսված չեն լինի: Իմ ամենօրյա  զբոսանքների ազատ տարածությունը հաճախ լի էր թովիչ մտահայումներով, ու ցավում եմ, որ կորցրել եմ դրանց մասին հիշողությունս:  Թղթին կհանձնեմ նրանք, որ դեռևս կարող են զարթնել հիշողությանս մեջ. ամեն անգամ դրանք վերընթերցելով` վերստին ուրախություն կապրեմ: Կմոռանամ դժբախտություններս, իմ հետապնդողներին, ստորացումներս` մտածե լով այն պարգևի մասին, որին արժանի էր իմ սիրտը:     

     Այս թղթերը, ճիշտն ասած, իմ անրջանքների ցաք ու ցրիվ օրագրերը կլինեն: Դրանց մեջ շատ է խոսվելու իմ մասին, որովհետև խորհրդածող մենակյացը անխուսափելիորեն շատ է զբաղվում ինքն իրենով: Ասենք, կողմնակի բաների ի մասին մտքերը ևս, որ հայտնվում են գլխիս մեջ զբոսանքի ժամանակ, կզբաղեցնեն իրենց տեղը: Ես հաղորդելու եմ իմ բոլոր մտածումները, այնպես, ինչպես դրանք ծնվել են իմ մեջ, եթե անգամ, նախորդ օրվա մտքերը, սովորաբար, քիչ կապ ունեն հաջորդ օրվա մտքերի հետ: Բայց դրանից մշտապես ստացվելու է իմ բնության ու խառնվածքի նոր իմացություն`զգացմունքների ու մտքերի հիմքի վրա, որ ամենօրյա սնունդն են իմ բանականության, այն տարօրինակ դրության մեջ, ուր գտնվում եմ: Այդպիսով, այս թղթերի վրա կարելի է նայել որպես իմ Խոստովանություն ների հավելվածի,  բայց ես արդեն չեմ տալիս դրանց այդ վերնագիրը, քանի որ զգում եմ, որ ես ոչ մի այնպիսի բան չպիտի ասեմ, որը համապատասխանի դրան: Իմ սիրտը մաքրվել էր փորձանքների հնոցում, ու ես, մանրազնին այն ուսումնասիրելով` հազիվ եմ այնտեղ գտնում վատ ձգտումների հետքեր: Էլ ի՞նչ  պիտի խոստովանեմ, եթե բոլոր իմ նվիրական զգաց մունքներից այն դատարկել են: Այլևս ոչ մի բանի համար ես չեմ կարող ինձ գովաբանել, ոչ էլ` հանդիմանել. այսուհետև, ես ոչինչ եմ մարդկանց միջավայրում, ու միայն դա կարող եմ լինել` նրանց հետ չունենալով ոչ մի իրական կապ, ոչ մի իրական շփում: Այն բանից հետո, երբ ես զրկվեցի որևէ բարիք կատարելու հնարավորությունից, որը  չվերածվեր չարիքի, գործելու որևէ հնարավորությունից`չվնասելով մերձավորիս կամ ինքս ինձ,  ձեռնպահ մնալը դարձավ իմ միակ պարտավորվածությունը, ու ես այն կատարում եմ, որքան որ կարող եմ: Բայց մարմնի այդ անգործության մեջ իմ հոգին շարունակում է գործել. այն դեռևս ծնում է զգացմունքներ, մտքեր, ու նրա ներքին, բարոյական կյանքը, ասես՝ էլ ավելի է աճել` բոլոր երկրային ու ժամանակավոր հետաքրքրությունների վախճանից հետո: Իմ մարմինը, հիմա, ինձ համար լոկ բեռ է,  խոչընդոտ, ու ես նախօրոք ազատագրվում եմ դրանից, որքան որ կարող եմ:

     Այսքան ոչ սովորական վիճակը, իհարկե, արժանի է այն բանին, որ ուսումնասիրվի ու նկարագրվի, և այդ ուսումնասիրությանն եմ նվիրում ինձ մնացած ազատ ժամանակս:  Որպեսզի լինի արդյունավետ, պետք է այն կատարել ըստ կարգի ու մեթոդապես. բայց ես ունակ չեմ նման աշխատանքի, ու այն, անգամ, ինձ պիտի հեռացներ իմ նպատակից, որ  ինքս ինձ հաշիվ տալն է` հոգուս մեջ կատարվող փոփոխությունների ու դրանց հաջոդակա նության մասին: Որոշակի իմաստով՝ ես ինքս իմ վրա այն նույն փորձարկումներն եմ կատարում, ինչ ֆիզիկոսներն անում են օդի հետ, որպեսզի  իմանան դրա ամենօրյա փոփոխությունները: Հոգուս վրա դնում եմ ծանրաչափ, ու այդ փորձարկումները լավ կատարելով ու երկար ժամանակ կրկնելով` ես կարող եմ ստանալ նույնքան հուսադրող արդյունքներ, որքան որ նրանք: Սակայն իմ մտադրություններն  ավելի համեստ են: Ես կգոհանամ` գրանցելով ցուցմուքներ ու չձգտելով դրանք համակարգել: Ես ինձ համար նույն խնդիրն եմ դնում, ինչ և Մոնտենը, բայց հետապնդում եմ բոլորովին այլ նպատակ. նա գրում էր իր  Փորձերը  ուրիշների համար, իսկ ես գրում եմ  իմ  անրջանքները միայն ինձ համար: Եթե խոր ծերության ժամանակ, արդեն կյանքիս վերջին մոտենալով՝  ես մնամ (հուսով եմ) նույն մտայնության մեջ, ինչ հիմա, ապա, դրանք կարդալով`պիտի հիշեմ այն խանդաղա տանքը, որը զգում եմ հիմա, երբ գրում եմ դրանք: Այդպիսով, աչքիս առաջ վերածնելով անցյալը, դրանք, այսպես ասած, կկրկնապատկեն իմ գոյությունը: Ի հեճուկս մարդկանց` ես դեռ կկարողանամ բավականություն ստանալ հաղորդակցության հմայքից, ու արդեն զառա մած` կապրեմ ինքս ինձ հետ մեկ ուրիշ դարում, ինչպես որ կապրեի ինձնից պակաս ծեր մի մարդու հետ:

    Իմ առաջին Խոստովանություններն  ու Երկխոսությունները ես գրում էի`մշտապես ունենալով այն մտահոգությունը, թե ինչպես անեի, որ դրանք թաքցնեի ինձ հետապն դողների գիշատիչ ճանկերից, որպեսզի դրանք հանձնեի, եթե հնարավոր էր, գալիք սերունդներին: Այս աշխատության վերաբերյալ նման հոգսն ինձ չի տանջում. ես գիտեմ, որ դա զուր պիտի լինի: Ու քանի որ մարդկանց կողմից ավելի լավ ճանաչվելու ցանկությունը մարել է իմ սրտում, ինձ բոլորովին չի հետաքրքրւմ ոչ  իմ ճշմարտացի ստեղծագոր ծությունների, ոչ էլ իմ անմեղության մասին վկայությունների ճակատագիրը, որոնք բոլորը, թերևս, ոչնչացվել են ընդմիշտ: Թո՛ղ լրտեսեն իմ գործողությունները, թո՛ղ անհանգստանան այս թղթերի համար, թո՛ղ խլեն դրանք, թո՛ղ ոչնչացնեն, թո՛ղ կեղծեն…այդ բոլորն, այսուհետև, ինձ համար միևնույնն է: Ես դրանք չեմ թաքցնում և ի ցույց չեմ դնում: Եթե դեռևս կյանքիս օրոք էլ դրանք խլեն ինձնից, ինձնից չեն խլի ոչ հաճույքը այն բանի գիտակցումից, որ ես գրել եմ դրանք, ոչ  հիշողությունը դրանց բովանդակության մասին, ոչ էլ` մենակյացիս խորհրդածությունները, որոնց պտուղն են եղել դրանք, և որոնց աղբյուրը կարող է անհետանալ միայն հոգուս հետ միասին: Եթե ես, կրելով առաջին տարաբախտությունները` կարողանայի հնազանդվել բախտիս ու այն վճիռը կայացնեի, որը կայացնում եմ հիմա, մարդկանց բոլոր ջանքերը, նրանց բոլոր սոսկանք պատճառող խարդավանքներն ինձ համար կմնային առանց հետևանքների, ու իրենց բոլոր բանսարկություններով նրանք կխռովեին իմ անդորրը ոչ ավելի, քան ի վիճակի են այսուհետև այն խռովելու իրենց հաջողություններով: Թո՛ղ մի լավ բավականություն ստանան ինձ նվաստացնելուց…նրանք չեն խանգարի ինձ բավականություն ստանալ իմ անմեղությունից, և ի հեճուկս իրենց` ավարտել կյանքս խաղաղության մեջ:

 

[1] Առաքելական կյանքի  կաթոլիկական միավորում, որը հիմնվել է 1558 թվականին,  Հռոմում:

 

Բնագրից թարգմանությունը՝ Գառնիկ Մելքոնյանի