«ԹՈՒԽ ԼՈՒՍՆԻ ԼԱՑԸ» գրքից

ԲԱԽԻՏԺԱՆ ԿԱՆԱՊՅԱՆՈՎ

***

Որտեղից ենք եկել՝ անհայտ է,

Անհայտ է, թե որտեղ կգնանք,
Ու վերջին մեր վարկն ենք հայթայթել,
Որ ձգենք տարիներն այս խառնակ:

Միգուցե դեպի ծովն է վերջին
Մեզ տանում ճանապարհը կյանքի,
Ձգվելով դեպի պարսն աստղային,
Ցնորքի փոշու պես դյութանքի:

Ինձ բախտ են գուշակել և ուղի
Սրբազան տողերով իմ հյուսած,
Շալի մեջ ծպտըված գնչուհին,
Եվ անտուն – անկտուր իմ մուսան:

Տողի պես – դիսկետին պահ տված –
Է՜ն կողմում կերևա պատկերն այն,
Որ պոետը տեսնում է միայն
Երկնային երազում առտվա:


ԹՈՒԽ ԼՈՒՍՆԻ ԼԱՑԸ

Ստորերկրյա պայթյունից առաջ
       գիշերն անամոք ցավով է լեցուն:
Եվ թուխ լուսինն է
       պայթյունից առաջ անվերջ հեծեծում:
Եվ ռադիոակտիվ խրձերի ցանցում
        արցունքը նրա ոսկի է դարձել:
Իր իսկ ռենտգենյան արտապատկերն է
       գետի այն ափին աուլը կարծես:
Դեգելան լեռան թունելի միջից
       շնչառությունն է սփռվում մահվան:
Ճառագայթային ձյունը մոխրի պես
        ջնջել է ամեն գոտի և սահման:
Հողը ցնցվում է ջղակծկումի՞ց,
        թե՞ հուսակտուր տնքոցից մարդու,–
Սա առասպել չէ՜ և ոչ էլ՝ էպոս,
        պոլիգո՜նն է սա – մշտապես արթուն:
Իմ սրտի մեջ է Չեռնոբիլը դեռ,
        ես այնտեղ մեռյալ տներ եմ տեսել,
Եվ իմ բլրակից աստղերի վրա
         ոռնա՜լ եմ ուզում չոբանի շան պես,
Որ չխենթանամ, չգժվեմ ես էլ:

        ք. Կուրչատով, Սեմիպալատինսկի պոլիգոն



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԻ ՀԵՏ

 

Թեև արթմնի քեզ չեմ ճանաչել,
         բայց զգացել եմ շնչառությունդ:
Հողը շնչում էր թոքերով խոտի,
         գրկի մեջ առած ճամփած ասուպդ:
Եվ մոտենալով հանդիպման վայրին,
         արթնացած կեչու տերևին տեսա
Ոչ թե անձրևի կաթիլները պաղ,
         այլ քո մարդկային տաք արտասուքը:




***

Մի օր էլ ապրեցինք, և գիշերը պրկված ջղերիդ
                                            հանգիստ է ներշնչում:
Եվ աստղերն են շնչում, ինչպես միշտ,
                            առկայծում լույսերով հեռավոր:
Եվ հավերժ են կանչերը նրանց դաշտերում գիշերվա:
Եվ լեռները, լեռները լուսնի շողերում վսեմ են,
                                               խստատեսք ու վայրի:
Եվ իրենց աշխարհում, խաղերը մոռացած,
                              քնած են մանուկներն անվրդով:
Առավոտը նրանց ընդառաջ պիտի գա
                                                  ցողով ու արևով:
Քնած են բոլորը, երևի:
                           Բայց ինչո՞ւ քո քունը չի տանում:
Եվ այդ ի՞նչ տագնապ է, հանդարտվիր:
                                           Դու վաղը պետք ես դեռ:
Չէ՞ որ այս աշխարհում ամեն ինչ
                                               այնպես չէ տակավին:
Եվ մասն ես, մասնակիցն ամենի,
                                               որ պիտի կատարվի,
Եվ նրա, ինչ վաղուց կատարվել է արդեն…



 

ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ՀԵՏՈ

Չգիտեմ, այդ ո՞վ է բորբոքել
          
մենավոր այն խարույկը մթնում,

Ու նաև՝ թե արևը հոգնած
           
որտեղ է իր հանգիստը գտնում,

Հասկանա՜մ, թե քամին հովվապետ
        
ո՞ր գետի ափին է հանդարտվում,

Եվ իր բաց թևերը որտե՞ղ է հավաքում
                        
այս թռչունն անդադրում:

Ստվերը երկնային թևերի
              
ծածկո՞ւմ է բլուրները հեռվում,

Հասնո՞ւմ է հոտերին ամպերի,
          
որ լողում են խաղաղ կիրճերում,

Գիշերվա այս սյուքը՝ անսալով
           
մերկացած ծառերի լուռ կանչին,

Ի՞նչ թաքուն խոսքեր է փսփսում
                
իմ քնած մանչուկի ականջին:



***

Երբ մանկան պես քնած կծկվում է հոգիս
                              այս աշխարհի հանդեպ,
Արթնանում է իմ մեջ այն մանկորեն խաղաղ
                                               զգացումը վերին,
Որ հմայում է ինձ, քնաթաթախ տանում
                                         կածաններով անտես –
Պատսպարում ինչ-որ հեռու – հեռուներում՝
                                      անմիտ այս հոգսերից:
Ո՞վ է վառել իմ մեջ, ի՞նչ զգացում է դա՝
                                  ինձ պահապան դարձած.
Միտինգներից հեռու և ցույցերից,
                   հեռու քաղաքական անցուդարձից,
Այս օրերում պղտոր թրթռում է թեթև
                                         թելի նման արծաթ,
Եվ բաց պատուհանից տերևի պես իջնում
                                  իմ տառապյալ բարձին:

Բնագրից թարգմանությունը՝ ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ