ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ. ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Ավանեսյան

Յու­րա­քանչ­յուր ժա­մա­նակ իր գրա­կա­նու­թյունն է ստեղ­ծում: Այն իր ժա­մա­նա­կի վկա­յա­գիրն է: Խորհր­դա­յին պե­տու­թյան հո­գե­վար­քի տա­րի­նե­րին գրա­կան մա­մու­լում երևացին երի­տա­սարդ բա­նաս­տեղծ­ներ, որոնց հետ հույ­սեր կա­պե­ցին գրա­կան ավագ­նե­րը: Սա­կայն այդ հույ­սերն ինչ­-որ չա­փով չար­դա­րա­ցան: Ան­կա­խու­թյան շր­ջա­նում բա­նաս­տեղ­ծա­կան այս սերն­դից մի քա­նի­սը դար­ձան սոսկ մե­կա­կան գր­քի հե­ղի­նակ, և ավարտ­վե­ցին իբրև գրող, մյուս­նե­րը` ճիշտ է, մա­մու­լում եր­բեմ­նա­կի երևում էին, բայց եր­կար տա­րի­ներ գիրք չէ­ին հրա­տա­րա­կում, ինչն առիթ դար­ձավ գրա­կան ճգ­նա­ժա­մի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի (պետք էր հաշ­վի առ­նել այն փաս­տը, որ եթե չկար տպագր­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն, դեռ չէր նշա­նա­կում, թե գրող­նե­րը չեն ստեղ­ծա­գոր­ծում): Բայց, իմ կար­ծի­քով, սա բնա­կա­նոն ըն­թացք էր, քան­զի եր­կի­րը նոր կար­գա­վի­ճակ էր ձեռք բե­րում, նոր հա­սա­րա­կարգ էր ստեղծ­վում, փո­փոխ­վում էին մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ժխտ­վում էին անց­յա­լի շատ ար­ժեք­ներ և այլն:

Այժմ, ավելի քան եր­կու տաս­նամ­յակ անց, վի­ճակն այլ է: Ան­կա­խու­թյան շր­ջա­նի գրո­ղը բռ­նել է իր ժա­մա­նա­կի ջի­ղը: Բա­նաս­տեղծ­ներ Շանթ Մկրտչ­յա­նը, Ավագ Եփ­րեմ­յա­նը, Թադևոս Տո­նո­յա­նը, Ներ­սես Աթա­բեկ­յա­նը և այլք, վեր­ջին քսա­նամ­յա ան­բա­նաս­տեղ­ծա­կան ժա­մա­նակն են մա­տե­նագ­րում:

Ներ­սես Աթա­բեկ­յա­նը երեք գր­քի հե­ղի­նակ է` «Կյանք մինչև առա­վոտ» (1993), «Երկ­վոր­յակ» (2004), և «Տա­րըն­թեր­ցում­ներ» (2008)*: Հե­տաքր­քիր մի փաստ. Աթա­բեկ­յանն իր առա­ջին գիրքն իբրև հիմ­նակ­մախք օգ­տա­գոր­ծել է երկ­րորդ գր­քի հա­մար: Հե­ղի­նա­կը գիր­քը կա­ռու­ցել է բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի միջև նոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ հա­վե­լե­լով: Ճա­նա­չե­լի են առա­ջին գր­քում զե­տեղ­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, քա­նի որ Աթա­բեկ­յա­նը դրանք դրել է իբրև նոր գոր­ծե­րի հին շա­րու­նա­կու­թյուն­ներ, և «Կյանք մինչև առա­վոտ» գր­քի ոչ մի բա­նաս­տեղ­ծու­թյուն «Երկ­վոր­յակ» գր­քում նոր էջից չի սկս­վում, ի տար­բե­րու­թյուն նո­րե­րի: Ուս­տի պետք է մտա­ծել, թե «Երկ­վոր­յա­կը» հե­ղի­նա­կի առա­ջին երկ­վոր­յակ գիրքն է:

Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րի պո­ե­զի­ա­յի ընդ­հա­նուր հա­մա­պատ­կե­րում Ներ­սես Աթա­բեկ­յա­նի պո­ե­զի­ան գնա­հա­տե­լի է գրողի նորարարական ու­րույն շնչառությամբ: Նրա բա­նաս­տեղ­ծա­կան պատ­կեր­նե­րը իբրև շար­ժան­կար արագ անց­նում են մե­կից մյու­սը: Այս­պի­սի բնագ­րում պատ­կե­րը նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ է բա­ցա­հայ­տում, և բա­նաս­տեղ­ծի յու­րա­հատ­կու­թյունն այն է, որ նա երևույթ­նե­րի և զգա­ցո­ղու­թյուն­նե­րի անակն­կալ զու­գոր­դում­նե­րի մի­ջո­ցով կա­րո­ղա­նում է բա­նաս­տեղ­ծա­կան տե­սի­լը առար­կա­յաց­նել խճան­կա­րի (մո­զա­ի­կա) մի­ջո­ցով. «Սրս­փա՜ցՃեր­մակ կա­րապ էր լո­ղում: // Ջու­րը սրս­փաց, ու սև կա­րա­պի // վեր­ջեր­գը իջավ մեծ ու շող­շո­ղուն // որ Ճեր­մակ կա­րապ գրի քա­րա­փին» (Ե 39): Ներ­սես Աթա­բեկ­յա­նի պո­ե­զի­ան զերծ է պա­տու­մա­յին ոճից (որը գե­րիշ­խող էր հատկապես 1990-ական թվականներին), բա­յա­կան կի­րա­ռու­թյուն­ներն ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան են և չն­չին որակ են կազ­մում, չկա ար­տա­քին սյու­ժե, բայց առ­կա է բա­նաս­տեղ­ծու­թյան ներ­քին զար­գա­ցու­մը, ին­չը էներ­գե­տիկ շար­ժու­մը տե­ղա­փո­խում է բնագ­րի ներ­քին տա­րածք.

 

Այստեղ բույրեր կան դեռ
Անցյալ օգոստոսից,
երբ ծորում էր ինչպես
դեղին մեղրի հացին
հետկեսօրը` թանձր ու թափանցիկ... (Ե 82):

 

Բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը հա­գե­ցած են ներ­քին-բ­նա­գրա­յին և ար­տա­քին-­տես­լա­կան շար­ժում­նե­րով: Հե­տաքր­քիր է շարժ­ման աթա­բեկ­յա­նա­կան ըն­կա­լու­մը: Այս­տեղ շար­ժու­մը ըն­թացք չէ և ոչ էլ տե­ղա­փո­խու­թյուն մի վայ­րից մյու­սը: Ներ­քին-բ­նագ­րա­յին մա­կար­դա­կում հե­ղի­նա­կը ուր­­վագ­ծում է շարժ­ման իր նա­խընտ­րած ձևը: Հա­ճախ գոր­ծած­վում են փա­կագ­ծե­րով տո­ղեր, որոնք նա­խորդ մե­տա­ֆո­րի կամ տրա­մադ­րու­թյան հա­կա­դար­ձումն են և յու­րօ­րի­նակ զս­պա­նա­կա­յին շար­ժում է առա­ջա­նում, որը ցնց­ման, վայ­րի­վե­րու­մի տպա­վո­րու­թյուն է թող­նում.

 
Սիրում էինք մեկին, որը անուն չուներ
(պոետիկ չէ` սիրել անուն ունեցողին) (Ե 17),
 

կամ

 
Ու ես սիրում եմ Փարիզն (առանց քեզ,
բայց կրունկներիդ կտտոցը լսող) (Ե 77):
 

Ար­տա­քին-­տես­լա­կան շար­ժու­մը ի հայտ է գա­լիս բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի բո­վան­դա­կա­յին շեր­տե­րում: Գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րը չու­նի կեր­պար­վես­տա­յին ան­շար­ժու­թյուն, և հա­ճախ տա­րա­ծա­կան ընդգրկ­մա­նը փո­խա­րի­նում է շարժ­վող տե­սի­լը, որը ըն­թացք կամ պտույտ չէ, այլ վեր ու վար մի­այն` «...Ու երբ շր­թուն­քը վա­րից վեր ճա­քի, // ու երբ շա­պի­կը վե­րից վար սո­ղա» (Ե 16) կամ «թո­ղեք անձրևն ան­կաշ­կանդ // սի­րա­բա­նի մայթն ի վեր» (Ե 19):

Այս­պես փո­ղոցն ու­նի իր ուղ­ղու­թյու­նը` «մա­նե­կե­նի մար­մին­ներ` // փո­ղոց­ներն ի վեր» (Ե 18), եր­կին­քը ցած է սա­հում նր­բին ներք­նաշ­ո­րով, Տե­րը քաշ­ում է երկն­քի փեշ­ը, որ դժ­վար երկն­քից մի քիչ լույս երևա, և մի­ա­միտ ար­տույտն է թռ­չում (ար­տույ­տի թռիչ­քը վե­րու­վա­րու­մով է) թա­ռած օր­վա թամ­բա­կե­ղին:

Ուղ­ղա­ձիգ շարժումն իր մեջ խոր շեր­տեր է սին­թե­զում: Մա­նա­վանդ որ, այդ ըն­թաց­քը սր­տագ­րի` սր­տի աշ­խա­տան­քի պատ­կե­րի պես եր­կըն­թաց է: Եր­կինք ու եր­կիր անընդ­հատ ելու­մուտն ու տա­րա­ծա­կան ընդգր­կում­ներն անափ եզերք­ներ են ի հայտ բե­րում:

Վե­րին (երկ­նա­յին) գո­յու­թյան և Վա­րի (երկ­րա­յին) պար­տադր­ված իրա­կա­նու­թյան ան­հա­մա­տե­ղե­լի­ու­թյու­նը հա­վեր­ժա­կան շար­ժում է ստեղ­ծում, որը դառ­նում է կյան­քի հա­րատևու­թյան խոր­հուր­դը: Հո­գին անընդ­հատ ձգտում է ուղ­ղըն­թաց վե­րը, մար­մինն իր տուրքն է տա­լիս հո­ղին, որ այն­տեղ հանգր­վա­նի:

Վե­րու­վա­րը ըն­կած է Ներ­սես Աթա­բեկ­յա­նի կեն­սա­փի­լի­սո­փա­յա­կան աշխարհա­յաց­քի հիմ­քում: Այն նախ և առաջ ժա­մա­նա­կի ըն­թացքն է պայ­մա­նա­վո­րում և ապա գո­յու­թյան նա­խաս­կիզբ` սի­րո մարմ­նե­ղեն արար­չա­կան ըն­թաց­քի խոր­հուրդն ու­նի:

 
Մի վարագույր էլ, նայի՛ր ընկավ վար,
քամին քաղաքի մարմինն է ուզում (Ե 33):
 

Սե­րը նոր ըն­կալ­մամբ է պատ­կեր­վում նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում, որը չի ար­ձա­գան­քում ավան­դա­կան սի­րեր­գու­թյա­նը: «Սե­րը» բա­նաս­տեղ­ծու­թյունն այս առու­մով ու­նի մա­նի­ֆես­տա­յին նշա­նա­կու­թյուն, որը բա­ցա­հայ­տում է սի­րո զգաց­մա­ն նկատմամբ հե­ղի­նա­կի պա­րա­կա­նոն մո­տե­ցու­մը. «Սե­րը աղ­ջիկ էր նախ // հե­տո մար­դու գնաց: // Կյան­քը` տխուր-ք­նած, // օրը` ան­նախշ» (Ե 66): Ըն­թեր­ցո­ղի աչ­քի առաջ կազ­մա­լուծ­վում են սի­րա­յին քնա­րեր­գու­թյան մաշ­ված կա­ղա­պար­նե­րը, խոս­քա­յին ճռճ­ռա­նու­թյու­նը, և ավե­լի ար­տա­հայ­տիչ է դառնում բո­վան­դա­կա­յին շեր­տը: Ուժ­գին է սի­րո զգա­ցու­մի ար­տա­հայ­տու­թյու­նը բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ.

 
Սերը զարկեց հանկարծակի:
Պաշտպանության բառ չգտա:
Ինձ կալանեց, որ չարձակի.
Փրկագինս ո՞վ պիտի տա: (65)
 

Աշ­նան պատ­կեր­նե­րը հայ և հա­մաշ­խար­հա­յին սիմ­վո­լիս­տա­կան քնա­րեր­գու­թյան մեջ հա­ճախ ար­տա­հայ­տել են սի­րո և թախ­ծի տրա­մադ­րու­թյուն­ներ: Վառ օրի­նակ` Վա­հան Տեր­յա­նի քեր­թո­ղա­կան ար­վես­տը: Եվ քա­նի որ «պատ­վի­րան­նե­րում «սի­րե­լը» բայ էր, // խն­ձո­րիվ դա­ռավ Ադամ ու Եվա» (Ե 75), ապա կազ­մա­քանդ­վում է նաև աշ­նան ըն­կա­լու­մը. «Աշ­ո՛ւն, դու շուն ես դեղ­նա­կար­միր» (Ե 40): Բա­նաս­տեղ­ծը դեմ է գնում աշ­նան ըն­կալ­ման կարծ­րա­տի­պին, պահ­պա­նե­լով սե­րը.

 

Աշուն է: Դեղինը չեմ սիրում:
Բայց կանչդ խփում է անվրեպ
ճիշտ նրան, ով պառկեց լույսերում,
ու նրան, որ մեռնել սովորեց (Ե 84):
 

Սե­րը մարդ է, ու մար­դը` սեր, ուս­տի աշ­ու­նը կին է` «Տիկ­նանց տի­կի՜ն Աշ­ուն, // ան­շուշտ թիկ­նե­թե­կին պի­տի քայ­լես» (Ե 85):

Բա­նաս­տեղ­ծու­թյան աթա­բեկ­յա­նա­կան մո­տե­ցու­մը ավան­դա­կան է (քնա­րեր­գու­թյուն) և նո­րա­րար (ին­տե­լեկ­տու­ալ տեքստ-բ­նա­գիր): Այս եր­կու կար­ծես ան­հա­մա­տե­ղե­լի հատ­կու­թյուն­նե­րը հե­ղի­նա­կը ներհ­յու­սել է բա­նա­ստեղ­ծու­թյան մեջ և այ­նու­ա­մե­նայ­նիվ դրանք հա­կազ­դում են միմ­յանց, տո­ղա­րանք­նե­րում ստեղ­ծե­լով դի­մադ­րու­թյուն, բա­խում­ներ և հա­կա­դարձ վա­նո­ղա­կա­նու­թյուն:

Այս փաս­տը խո­սում է բա­նաս­տեղ­ծի էու­թյան (ար­դի մար­դու) երկ­վու­թյան մա­սին, և կարևորն այն է, որ այս դեպ­քում երկ­վու­թյու­նը չի դառ­նում շին­ծու և հո­րի­նո­վի դրա­մա (ինչ­պես շատ հե­ղի­նակ­նե­րի շա­րադ­րանք­նե­րում): Քա­ղա­քա­ցին ու Բա­նաս­տեղ­ծը հան­դի­պում են իրար ու ստեղծ­վում է ներ­դաշ­նակ ան­ներ­դաշ­նա­կու­թյուն.

 

Եվ վերջապես, երբ դու մեն-մենակ ես, ես էլ
միայնակ եմ այստեղ, ու չենք հասնում իրար,
այն ջրհորի նման, որ երկինք էր տեսել,
բայց հատակի մամռոտ ջրերի մեջ մնաց: (Ե4)
 

Մարդն այս դեպ­քում մեկ եր­կինք է կա­պույտ (բա­նաս­տեղ­ծը-­հոգևորը), սա­կայն ավե­լի հա­ճախ ջր­հոր է մամ­ռոտ հա­տա­կով (քա­ղա­քա­ցին-­մարմ­նե­ղե­նը), և նրանք միշտ երկ­խո­սում են իրար հետ, որը դառ­նում է բա­նաս­տեղ­ծու­թյուն: Այս­պես Աթա­բեկ­յա­նի տեքս­տում ստեղծ­վում է եր­կու իրա­կա­նու­թյուն` դուրսն ու գե­ղար­վես­տը: Դրանք, եթե անգամ իրար նման լինեն, միշտ ան­հա­մա­տե­ղե­լի են և մնում են իբրև միմյանց ան­հա­ղորդ տա­րա­ծու­թյուն­ներ. «Հա­յե­լու մեջ ճա­քած ես քեզ շատ եմ նման. // դու` հա­յե­լում ճա­քած - ես եմ նախ­կին»: (Ե 5):

Երկ­վու­թյան, խռով­քի երևում­նե­րը Աթա­բեկ­յա­նի պո­ե­զի­ա­յում նե­րաշ­խար­հա­յին բնույ­թի են: Ստեղծ­վում է սև-ս­պի­տակ, չար-­բա­րի, մեծ-­փոքր, մար­մին-­հո­գի հա­վեր­ժա­կան բա­խու­մը, ար­դեն նոր են­թա­տեքս­տե­րով: Մար­դը, ով ինքն իր հետ կի­սել է տխ­րու­թյունն ու հա­ցը, երբ եր­կար տևել է կարճ օրե­րի մեջ, եր­կար օրե­րին ձանձ­րույ­թով պատ­վել, եր­կատ­վում է իրեն պար­տադր­ված իրա­կա­նու­թյան հրա­մա­յա­կա­նով:

 
Խռովեցին ու հեռացան
ամեն մեկը իր ճամփով.
հոգին` մարմնից իր ծերեցած
ու մարմինը` ծեր հոգուց... (Ե14)
 

Ներսես Աթաբեկյանի երկվությունը Քաղաքացի-Բանաստեղծ ճանապարհների ճամփաբաժանն է:

 

Քաղաքացին

Նա ժա­մա­նա­կի տա­րե­գիրն է, պայ­քա­րում է ընդ­դեմ տի­րող մի­ջա­վայ­րի ու մթ­նո­լոր­տի: Ժա­մա­նակն ու իրա­կա­նու­թյու­նը այս­տեղ հա­մա­զոր են հե­ղի­նա­կին: Ներ­կան իր թևերն է տա­րա­ծում բնագ­րի վրա.

 
Մնացյալը շրջանակից ընկնում է դուրս.
ոստիկանըխանութպանի շարժուձևով,
բանաստեղծըոստիկանի հայացքում խեթ,
անառակը - բանաստեղծի եզակի սեր,
առաքյալը - անառակի գին սակարկող: (Ե 34)
 

Քա­ղա­քա­ցու տագ­նապ­նե­րը կեն­սա­կան են ու իրա­կան հիմք ու­նեն: Դրանք ար­տա­հայ­տում են առօ­րե­ա­կան հիմ­նախն­դիր­ներ: «Սև տա­րի» և «Ռեք­վի­եմ» բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում երկ­րա­ցին իր ցավն ու կս­կիծն է ար­տա­հայ­տում 1988-ի դեպ­քե­րի, երկ­րաշ­ար­ժի ու Ար­ցախ­յան ազա­տա­մար­տի, ու դրանց ան­ցան­կա­լի հետևանք­նե­րի վե­րա­բեր­յալ:

Այս­տեղ ի հայտ է գա­լիս Ներ­սես Աթա­բեկ­յա­նի պոե­զի­ա­յի ուշ­ագ­րավ շեր­տե­րից մե­կը: Բա­նաս­տեղ­ծա­կան տա­րած­քը մի­ջարկ­վում է առօ­րե­ա­կա­նու­թյամբ ու հեգ­նան­քով. «Էլ չենք խմում, շատ ենք լի­քը // էս հա­վա­յի ան­ցու­դար­ձով, // լռելն է մեր անե­լի­քը /Հայ­րե­նի­քում մեր ծո­վից ծով» (Ե 57):

«Ճա­քած հա­յե­լի» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ հան­կարծ պայ­թյու­նի նման ընդվ­զում է Քա­ղա­քա­ցին, և բա­նաս­տեղ­ծու­թյունն ստա­նում է հրա­պա­րա­կա­խո­սա­կան երանգ­ներ.

 
Տարա՜ն, էդպես բուռ-բուռ տարան,
մեզ մեզանից կողոպտեցին,
եկան մեկ-մե՜կ, շարան-շարա՜ն,
փարիսեցի՜ք, փղշտացի՜ք (Ե 57)
 

Ներ­կան պատ­մա­կան անց­յա­լի կրկ­նու­թյունն է ասես: Հա­յի մտա­ծո­ղութ­յան մեջ պատ­մու­թյու­նը հա­ճախ պան­ծաց­վում է: Պատ­մու­թյու­նից դա­սեր չենք սեր­տում: Արագ մո­ռա­նում ենք մեր անց­յա­լի սխալ­նե­րը և ավե­լի շուտ խա­բում ենք պատ­մու­թյա­նը, քան ըն­թեր­ցում այն: Ներ­սես Աթա­բեկ­յա­նը «Երկ­րա­քայլ» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ պատ­մու­թյան իր ըն­թեր­ցումն է առա­ջար­կում. «Մեր ար­քա­նե­րից ոչ մե­կը // բռունց­քը չզար­կեց սե­ղա­նին ու չա­սաց. // «Ես եմ պե­տու­թյու­նը» // Եթե աս­վեց, մի­այն «Ես եմ» աս­վեց» (Ե 91):

Այս դեպ­քում Քա­ղա­քա­ցին նույ­նա­նում է Երկ­րա­ցուն: Երկ­րա­ցին իր կո­րուստն է տես­նում անց­յա­լում: Հո­ղի ու երկ­րի հետ դեռ դա­րեր առաջ նա իր ինք­նու­թյունն է կորց­րել: Խորա­նում են բա­նաս­տեղ­ծու­թյան ար­մատ­ներն ու սն­վում ազ­գա­յին ող­բեր­գու­թյան ջր­հո­րից.

 
Այս հողին ոչինչ չի աճում:
Մոխի՛րը,- բայց ոչ պարարտանյութ,-
միայն մոխի՛րն է մեզ ճանաչում,
որպես վախճանը մեր համանուն: (Ե 90)
 

Բա­նաս­տեղ­ծու­թյու­նը խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան խոր շեր­տեր է ընդգր­կում բա­նաս­տեղ­ծու­թյան վեր­ջում: Ներ­կան է ծնել այս­պի­սի անց­յալ, քա­նի որ այ­սօր­վա ներ­կան վաղ­վա անց­յալն է: Այ­սօ­րը անց­յա­լի ներ­կա­յից ոչն­չով չի տար­բեր­վում. ներ­կան շա­րու­նա­կում է վաղ­վա անց­յա­լը կեր­տել, որն ավե­լի ցա­վա­լի է. «իսկ եր­կի­րը չկա այլևս. // քար­տեզ է ՄԱԿ­-ի ան­դամ» (Ե 91):

 

Բա­նաս­տեղ­ծը

Ներ­սես Աթա­բեկ­յա­նի պո­ե­զի­ա­յում առանձ­նա­կի է Բա­նաս­տեղ­ծի դե­րը: Բա­նաս­տեղ­ծը ուղ­ղա­կի­ո­րեն չի հի­շա­տակ­վում բնագ­րում, մինչ­դեռ Բա­նաս­տեղ­ծի արար­չա­կան ներ­կա­յու­թյու­նը ըն­թեռ­նե­լի է տո­ղա­րանք­նե­րում: Առօր­յա կյան­քից դուրս է նա, տես­նում է արար­չու­թյունն` իր կա­տար­մամբ, և ինքն է դառ­նում դրախ­տից վտար­վո­ղը, որ­դին… մյու­սը, մյու­սը («ԱՐԱՐ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ» (Ե 47)):

Այս հա­մա­տեքս­տում Ներ­սես Աթա­բեկ­յա­նը վե­րա­­իմաս­տա­վո­րում է տո­ղը, նոր ար­ժեք հա­ղոր­դե­լով բա­նաս­տեղ­ծու­թյա­նը: Նրա բնա­գի­րը դառ­նում է իր իսկ բնո­րոշ­մամբ տա­րըն­թեր­ցում: Մեր կող­մից Քա­ղա­քա­ցուն և Բա­նաս­տեղ­ծին բա­ժա­նե­լը պայ­մա­նա­վոր­ված է այն հան­գա­ման­քով, որ երևույ­թը Քա­ղա­քա­ցու աչ­քե­րով ռե­ա­լա­կան է, վա­վե­րա­կան, իսկ Բա­նաս­տեղ­ծի աչ­քե­րով լրիվ այլ ձևա­կեր­պում է ստա­նում միևնույն երևույ­թը: Բա­նաս­տեղ­ծը կյան­քի իր այ­լըն­թեր­ցումն ու­նի:

Ներ­սես Աթա­բեկ­յա­նի տա­րըն­թեր­ցու­մը կա­րե­լի է երեք ուղ­ղու­թյամբ դի­տար­կել` Աստ­վա­ծաշնչ­յան, Մշա­կու­թա­յին և Առաս­պե­լա­բա­նա­կան:

Աստ­վա­ծաշնչ­յան տա­րըն­թեր­ցու­մը հե­ղի­նա­կի կող­մից Սուրբ Գր­քի բնագ­րի սե­փա­կան մեկ­նու­թյունն է: Բա­նաս­տեղ­ծը այն­պես է կա­ռու­ցում իր ասե­լի­քը, որ աստ­վա­ծաշնչ­յան տեքս­տը կորց­նում է իր նախ­նա­կան նշա­նա­կու­թյու­նը և նոր խոր­հուրդ է ստա­նում եր­կու­հա­զա­րամ­յա Բա­նը: Ջր­հե­ղեղ­յան պատ­մու­թյու­նը մի քա­նի ան­գամ ներ­թա­փան­ցում է բնա­գիր, պատ­վաստ­ված նոր տո­ղին ու նոր մեկ­նու­թյամբ.

 
Ջրերը լցվում են ջրերի մեջ,
և ամեն ջուր գիտի որտեղից է գալիս: (Ե 31)
 

Բա­նաս­տեղ­ծը շա­րու­նա­կում է Քա­ղա­քա­ցու տագ­նապ­ներն ու փնտ­րում Նո­յին, ով հար­բել է «Արա­րատ» կոն­յա­կով, մո­ռա­ցել ագ­ռավ ու աղավ­նի, խռո­վել մար­դուց, ու դարձ­յալ մարդ չկա ցու­ցակ­նե­րում վե­րին (Տ 58): Մնում է խոսք առ Վե­րի­նը Տե­րու­նա­կան աղոթ­քի նման` «Մեզ ար­ձա­կիր, Տե՛ր իմ, քո երկն­քից դժ­վար // ու Գե­տա­ռի վտիտ ջրե­րի մեջ սու­զիր, // հե­տո փռիր գար­նան քա­մի­նե­րի վրա // կամ էլ թե­կուզ կրծ­քին պայ­մա­նա­կան կույ­սի» (Ե 43):

Բա­նաս­տեղ­ծը ապա­վի­նում է Աստ­վա­ծաշն­չին, որի տո­ղե­րը այ­սօ­րե­ա­կան են ու հարկ չկա կաս­կա­ծե­լու «կլի­նի գր­վա­ծը տող առ տող», որով­հետև դա­վա­ճա­նու­թյու­նը «Աստ­ծո Որ­դին, ում առաք­յալն ամեն գիշ­եր // զին­վոր­նե­րի ձեռքն էր մատ­նում // այ­գի­նե­րում Գեթ­սե­մա­նի» (Ե 34), ու­րա­ցու­մը «բայց կու­րա­նաս երեք ան­գամ // մինչև եր­րորդ աք­լո­րա­կանչ» (Ե 64), շնա­ցումն ու կո­ղո­պու­տը սուրբ գր­քում առ­կա մեղ­քե­րը չեն այլևս, այլ` ամե­նօ­րը:

Ամե­նօ­րից դուրս մղ­ված մշա­կույ­թը կարևոր տեղ է զբա­ղեց­նում Ներ­սես Աթա­բեկ­յա­նի պո­ե­զի­ա­յում: Բնա­գի­րը հա­գե­նում է մշա­կու­թա­յին շեր­տե­րով: Հայ և հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան տար­րե­րը Ներ­սես Աթա­բեկ­յա­նի մեկ­նու­թյամբ են հայտն­վում բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ: Բա­նաս­տեղ­ծը մշա­կու­թա­յին տա­րըն­թեր­ցում է կա­տա­րում: Ամե­նից հա­ճախ Ներ­սես Աթա­բեկ­յա­նը խո­սում է Չա­րեն­ցի բա­նաս­տեղ­ծու­թյան թմ­բի­րի ազ­դե­ցու­թյամբ: Բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում ի հայտ են գա­լիս «Դեմ­քե­րը ան­խոր­հուրդ ու պաղ» (Ե 11), «Նավ­զի­կեն ճեր­մա՜կճեր­մա՜կ կպառ­կի // ծո­վա­փի կար­միր ավա­զի վրա» (Ե 16), «Հե՜յ, ո՞ւմ կա­խե­ցին կենտ­րո­նա­կայ­մից» (Ե 16) «ու վա­րում է մի հմուտ ձեռք // ամ­բոխ­նե­րը գա­հա­կոր­ծան» (Ե 101) և այլն բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ար­ձա­գանք-­տո­ղե­րը: Ան­գամ որոշ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի վեր­նագ­րերն են չա­րենց­յան` «Տաղ անձ­նա­կան», «Մահ­վան տե­սիլ»:

Չա­րենց­յան մռուն­չին զու­գա­հեռ լս­վում է Մե­ծա­րեն­ցի շշուն­ջը` «Ծով չհա­սա՜ծ, չհա­սա՜ծ, // ախ, իմ նա­վեր եռա­կայմ» (Ե 52), «Տուր ին­ձի, Տե՛ր, դի­ցուք, // ու­րա­խու­թյունն անանձ­նա­կան» (Տ 56), իսկ «Փո­խա­տեղ­ման կեն­դա­նա­կերպ» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ կա­տար­վում է մե­ծա­րենց­յան Հյու­ղի փո­խա­տե­ղու­մը իր բնա­գիր.

   
Տիեզերքի եզրին
(չնեղանաք, որ անգրագետ եմ ասում)
մի տնակ կա
դուռ ու երդիկը բաց,
ինքը ճերմակ-ճերմակ,
 
Մի այնպիսի տնակ`
ծնվելուց առաջ տեսած,
ուր իջնում է հոգիների հերթափոխը
 
մինչև դուռը թակի Հերթական Ճամփորդը
և ուզի ջուր կամ աղ կամ ուղեցույց  (Տ 52):
 

Բա­նաս­տեղ­ծը կա­տա­րում է նաև հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին երևույթ­նե­րի տա­րըն­թեր­ցում­ներ: Հե­րոս­ներ են դառ­նում Ար­քի­մե­դը ««Տվեք ինձ հեն­ման կետ,- // կար­ծեմ Ար­քի­մեդն է ասել մի խմած ժա­մա­նակ,- // տվեք ինձ հեն­ման կետ տուն հաս­նեմ, // այ­սինքն` գնամ» (Ե 115) ու Հե­մին­գու­ե­յը.

 
Հեմինգուեյն,
անշուշտ,
լավագույն ձկնորսը չէր,
բայց լավագույն գրողն էր
բոլոր ձկնորսներից,
ու նրան սպանող հրացանը
պատմվածք էր կիսատ մնացած
կամ էլ ողնաշարը
հայտնի թրաձկան
 
Եվ այսքանից հետո
մնում է, միայն, որ հարցնեմ.
- Հաջորդն ո՞ւմ համար է ղողանջելու զանգը (Ե 135):
 

Գրո­ղը կորց­րել է իր տեղն ու դե­րը ներ­կա իրա­կա­նու­թյան մեջ: Զան­գերն այ­սօր լռում են մեծ քա­ղա­քում, «ուր Համ­լե­տի հոր պես բարձ­րա­հարկն է կանգ­նած // մշուշ­նե­րում խա­ղաղ նա­խան­յու­թի» (Ե 131): Բա­նաս­տեղ­ծը վե­րած­վում է Վան Գո­գի չտե­սա­նող ական­ջի ու Լյուդ­վիգ վան Բեթ­հո­վե­նի չլ­սող աչ­քի, դառ­նում է Էդ­գար Պո­յի ագ­ռավն ու կա­րոտ­ներ է կռ­ռում: Եվ այս ամե­նից հե­տո պետք է վեր­հիշ­ել, որ մե­ղա­վոր էր մեծ քա­ղա­քը.

 

Ուսուցի՛չ, Բաբելոնն իսկապես մեծ քաղաք էր (Ե 24):

 

Առաս­պե­լի տա­րըն­թեր­ցու­մը Ներ­սես Աթա­բեկ­յա­նի բնագ­րին նոր հու­զաշ­եր­տեր է հա­ղոր­դում: Առաս­պե­լի հիշ­ա­տա­կու­մը հե­ղի­նա­կի մոտ կորս­տի սար­սա­փից է ծնունդ առ­նում, որը, մյուս կող­մից բա­ցա­հայ­տում է իրա­կա­նու­թյան ցնո­րա­յին են­թաշ­եր­տե­րը.

 
Անսե՛րմ, անժառա՛նգ և անինքնությո՛ւն,
անպտո՛ւղ, անդա՛րձ և անապառնի՛,-
քանզի կամեցան, որ չսավառնի
քո զրահակիր բազեն (Ե 88):
 

Փոքր Մհե­րի առաս­պե­լա­կան կեր­պա­րի աթա­բեկ­յա­նա­կան մեկ­նու­թյու­նը տար­բեր­վում է վեր­ջին տա­րի­նե­րին հայ բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ գե­րակա մո­տե­ցում­նե­րից: Բա­նաս­տեղ­ծը չի նույ­նա­նում առաս­պե­լա­կան կեր­պա­րի հետ, այլ դառ­նում է հե­րո­սի բնա­կիչ­նե­րից մե­կը: Փոքր Հայ­րե­նիք-­Փոքր Մհեր նույ­նա­ցու­մը ավե­լի է ընդ­լայ­նում առաս­պե­լա­կան խոր­հուր­դը, և դառ­նում էպո­սի տա­րըն­թեր­ցում. «Ին­չի՞ն ըն­դա­ռաջ, եր­կի՛ր իմ, եթե // քո ցուրտ աճ­յունն են կան­խա­վա­յե­լում: // Աստ­ված ան­ցավ ու քեզ չն­կա­տեց // ան­հար­մա­րա­վետ քա­րան­ձավ­նե­րում» (Ե 88):

Բա­նաս­տեղ­ծը փնտ­րում է ազ­գա­յին ար­ժե­քը` «դեռ մշուշ եմ հագց­նում // առաս­պե­լին Աստղ­կան» (Ե 93), սա­կայն օտարն է հան­դի­պում ամեն քայ­լա­փո­խի. «Հա­յաս­տա­նի ծեր ճամ­փե­քին // ի՞նչ է փնտ­րում ըն­թացքդ, կի՛ն («Շա­մի­րամ»)» (Ե 94):

Հայ­րե­նի­քը շղ­թա­յա­կապ գե­րի է և՛ ներ­սից, և՛ դր­սից: Իսկ գե­րին մեկ ճա­կա­տա­գիր ու­նի`

 
Ու շղթայի զարկելով
դաստակներս խաչակերպ
սրունքներս կջարդեն,
որ ծնկելս իմանան (92)
 

Ի վեր­ջո Ներ­սես Աթա­բեկ­յա­նի պո­ե­զի­ա­յում Քա­ղա­քա­ցին և Բա­նաս­տեղ­ծը նույ­նա­նում են մեկ հանգր­վա­նում` ճամ­փա­բաժ­նում: Եր­կուսն էլ օտա­րա­ցել են աշ­խար­հից: Նե­րամ­փո­փումն ու օտա­րու­մը ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազ­դով մի­ակ կառ­չե­լու ձևն է դառ­նում: Բա­նաս­տեղ­ծը քո­ղարկ­վում է Քա­ղա­քա­ցու թի­կուն­քում, Քա­ղա­քա­ցին` Բա­նաս­տեղ­ծի: Անո­րոշ ներ­կան մե­կու­սաց­ման է հասց­րել մար­դուն, ան­հա­տը կորց­րել է իր դի­մա­գի­ծը և սա ներ­քին բախ­մա­նը նոր երանգ­ներ է հա­ղոր­դում:

Աշ­խար­հից օտար­ված մար­դը, չհա­մա­կերպ­վե­լով իրա­կա­նու­թյան սահ­մա­նած անար­ժե­քայ­նու­թյա­նը և նյու­թի գե­րա­կա­յու­թյա­նը, հե­ռա­նում է Փոքր Մհե­րի պես և փակ­վում իր ներ­սում: Փոքրմ­հեր­յան տրա­մադ­րու­թյու­նը Աթա­բեկ­յա­նի պո­ե­զի­ա­յում նոր նր­բե­րագ­ծեր է պա­րու­նա­կում: Մար­մի­նը քա­րան­ձավն է, հո­գին` բանտ­վա­ծը. «Կա՛րճ. եթե մի օր դուռս չբաց­վի, // զո­ռով չբա­ցեք: // Ու թե ձեր հեր­թում // մի պու­ճուր քայլ էլ մո­տե­նաք բախ­տին, // հաս­տա՛տ իմա­ցեք, // որ ես չվե­ցի` // մինչև կո­կորդս կուշտ ձեր դրախ­տից...» (Ե 10): «Ձեր դրախ­տը» նյու­թի աշ­խարհն է, ուր հայտն­վել է Բա­նաս­տեղ­ծը: Նա որո­նում է հո­գու հանգր­վան, դուրս մարմ­նե­ղե­նից, դուրս իրա­կա­նու­թյան կա­պանք­նե­րից, դուրս ավեր­ված երկ­րից: Սա­կայն ան­տես շղ­թա­նե­րով կա­պանք­ված է նա հո­ղին, որն այլևս հոգևոր-մ­շա­կու­թա­յին ար­ժեք չէ, այլ` նյու­թա­կա­նի, առար­կա­յա­կա­նի կա­ցա­րան.

 
Թե ձեռքդ պարզես ծառերին`
նորօրյա աղարձան,
թե ձգվես ոտքերիդ ծայրերին`
երկինքը վերջացավ:
 
Թվում է` թքում ես քամու դեմ,
թվում է` խելառ ես անհույս,
ու ձայնդ,- հավիտյան անընկեր,-
անընկեր արձագանք է դառնում (Ե 11):
 

Ճամ­փա­բա­ժա­նին, առան­ձին ուղ­ղու­թյուն­նե­րով են գնում (վեր ու վար) մար­մինն ու հո­գին, և հո­գին ընտ­րում է վե­րըն­թաց դժ­վա­րին ճա­նա­պար­հը, ապա­հով վայ­րէջ­քը թող­նե­լով մարմ­նին. «Վե՜րջը... Աստ­ված պահ­պա­նի // քեզ ապա­հով, ինձ` մր­սած» (Ե 6):

Այս­պես Ներ­սես Աթա­բեկ­յա­նի պո­ե­զի­ան հոգևորի և առար­կա­յա­կա­նի, խո­հի և խա­ղի, ձևային առու­մով հան­գի ու ազատ կա­ռույ­ցի նոր հա­մադ­րու­թյամբ հայ ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ, հար­կավ, նոր մի­տում­ներ է ամ­րագ­րում, և ուղենշում նորագույն բանաստեղծության զարգացման ճանապարհը:

 

 

* Սույն գր­քերից մեջբերումների էջե­րը կնշվեն փա­կագ­ծե­րում վերնագրի առաջին տառից հետո: