ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԱՂՔԱՏ ԿԻՆ
 
Ցուրտը փչեց. ձմեռ սաստիկ.
Ձյունը ծածկեց գետինը,
Ամենայն մարդ մտավ յուր տուն,
Պատսպարվիլ ցրտիցը։
Ժամի դռնում դողդողալով
Կանգնած է մի աղքատ կին.
Նորա հանդերձը պատառ-պատառ,
Չունի շապիկ յուր հագին.
Անհամարձակ նա յուր ձեռքը
Պարզում է անց կացողին.
“Ողորմություն արե՛ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին”։
 
Ձեզ, սիրելիք, ասե՞մ ով էր
Այս խղճալի աղքատը,
Այն ցրտումը, ոտաբոբիկ
Կանգնած, ժամի դռնումը,
Շատ ժամանակ դեռ չէ անցել,
Երբ նա փառքով ու պատվով
Ման էր գալիս փողոցներում
Յուր սեփական կառքերով.
Այժմ, վախով նա յուր ձեռքը
Պարզում է անց կացողին.
“Ողորմություն արե՛ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին”։
 
Մինչ թատրոնում հայտնվում էր,
Մինչ խաղում էր հանդիսում,
Դղրդում էր թեատրոնը,
Նա դափնիք շատ էր հնձում.
Ժողովուրդը հավաքվում էր
Մոտ թատրոնի պատշգամբին.
Չէր կշտանում նայել նորա
Քնքույշ չքնաղ երեսին.
Այժմ նորան չեն ճանաչում,
Մոռացել են բնավին.
“Ողորմություն արե՛ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին”։
 
Ամենայն օր նորա դռնում
Կանգնած էին շատ կառքեր.
Միշտ հացկերույթ, ընթրիք, գինի,
Նվագարան ու տաղեր.
Ամենայն ոք ցանկանում էր
Լինել նորան բարեկամ.
Ամենայն ժամ նորան բաց էր
Շռայլ քսակը մեծատան.
Այժմ զրկված ամեն բանից,
Չունի անգամ հացի գին.
“Ողորմություն արե՛ք, պարո՛ն,
Անտուն, անտեր աղքատին”։
 
Ամենայն օր յուր մարմինը
Անուշահոտ ջրերով
Լվանում էր, մազը սանրում
Կրիայի սանըրով.
Նա հագնում էր բեհեզ, կերպաս,
Դիպակ, թավիշ թանկագին.
Նա չգիտեր ի՞նչ ասել է
Արծաթի կարոտություն.
Այժմ անլվա, մազերն արձակ,
Չունի հագուստ, թեև հին.
“Ողորմություն արե՛ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին”։
 
Նորա շքեղ ննջարանում
Բնակվում էր Աստղիկը.
Նորա որդին փայփայում էր
Նորան ամբողջ գիշերը...
Ախտաբորբոք երիտասարդք
Յուրյանց անձը երջանիկ
Կըհաշվեին, թե լինեին
Նորա ձեռքում խաղալիք...
Այժմ փողոցում քնում է նա
Խոնավ պատերի տակին.
“Ողորմություն արե՛ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին”։
 
Ժամի դռնում նա կանգնած է,
Աչքերը կոր, վիզը ճուկ.
Նորա նախկին բարեկամքը
Չեն ասում նորան. “Խղճուկ,
Ե՛կ դու մեր մոտ, մեք կամոքենք
Քո վիճակի դառնություն,
Կըթուլացնենք ճակատագրիդ
Խիստ հարվածի սաստկություն”։
Նա տանում է, տառապելով,
Այս սոսկալի վշտերին.
“Ողորմություն արե՛ք, պարո՛ն,
Անտուն, անտեր աղքատին”։
 
 
ՀԱՅ ՄԱՐԴՈԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
 
Հայ մարդ, հայ ազգ, ասա՛, արդյոք
Ո՛րտեղ է քո հայրենիքդ.
Կամ ունի՞ս դու ուրևիցե,
Ո՞վ են արդյոք ազգակիցքդ։
 
Հայ մարդ, ասա՛, ո՞ւր է տունդ,
Հայ մարդ, ոծրտեղ քո կենտրոնդ,
Ունի՞ս մի բան քեզ սեփական.
Ցույց տուր ինձ դու քո պարծանքդ։
 
“Ի՞նչ հայրենիք, հիմար զքեզ,
Հարցանում ես դու ինձանից.
Ուր եմ ծնած, ա՞յդ ես քննում.
Այստեղ եկած եմ Թիֆլիզից:
 
Ես տուն ունիմ և այն քարյա
Երկու հարկով շենք փառավոր.
Ծառաներիս թիվը չըկա,
Իմ հյուրերը հարյուրավոր:
 
Եղբարք ունիմ, ունիմ որդիք,
Դստերք ու այլ շատ ազգական,
Ընտիր ծանոթք, շատ մեծատունք,
Ունիմ փեսա և այն իշխան։
 
Իմ պարծա՞նքը, հիմա՛ր զքեզ.
Ցույց տուր ինձ դու հառաջ քոնը.
Ճաշ եմ ուտում, ազնիվ ընթրիք,
Որ չէ կերել Լուկուլլոսը:
 
Ես խմում եմ շամպայն, մադեռ,
Ուռցնում ես դու փորդ ջրով.
Ունիմ քանի տեսակ կառքեր,
Բայց դու ման ես գալիս ոտքով։
 
Ոսկի, արծաթ, գոհարեղեն,
Իմ պարծանքը, իմ գանձերը.
Թե դոցանով չես բավական,
Տե՛ս իմ երկու պատվի նշանքը։
 
Դու ի՛նչ կենտրոն ես հարցանսւմ,
Իմ կենտրոնը է իմ փորը.
Ոսկի, արծաթ, հարստություն,
Ահա կյանքիս լոկ խորհուրդը։
 
Բան եք ուսել, հիմար զքեզ,
Թե հայրենիք պիտի սիրել.
Բայց թե ի՞նչպես հարկավոր էր,
Ամենևին չկամիք լսել։
 
Ես սիրում եմ հայրենիքը,
Նորան միշտ ու միշտ զովում եմ.
Օտար ազգի առաջևը
Պակասությունքը ծածկում եմ։
 
Թե մի աղքատ կըգա իմ մոտ,
Նորան կըտամ ողորմություն.
Բայց թե ո՞րքան, կամ ի՞նչ չափով,
Այդ քո գործ չէ, ներողություն։
 
Ամենայն օր դուք մեր ազգը
Բամբասում եք անխղճմտանք,
Ազգի գլխից ձերպեսներով
Եկավ անցավ այնքան փորձանք...
 
Ողորմելի՛, դու կարծում ես,
Թե հայրենիքդ սիրելով
Բան կըշինես. սխալվում ես,
Այդպես հիմար մտածելով։
 
Քո ուսումը չէ կշտացնում
Իմ, կամ իմպեսների փորը.
Մեզ պիտո է հարստություն,
Որ պարարենք մեր մարմինը։
 
Հոգու համար ուսում պետք չէ,
Ո՛ր սուրբերը ուսյալ էին.
Կրոնի ծեսերը պահելով,
Անշուշտ կերթամ արքայություն”:
 
Ուրախացի՛ր, դու Հայաստան,
Լսելով քո որդու խոսքը.
Փառք ու պատիվ քեզ կըբերեն
Քո մարմնապաշտ մեծատունքը։
 
 
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ
 
Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու։
 
Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն։
 
Գիտակցությունը հաջորդեց սորան.
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս...,
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս։
 
Ավա՜ղ. այդ քնարը իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
Ուրախացուցիչ չգտա մի լար։
 
Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կըմնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։
 
Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան.
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան։
 
Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ո՛հ, անիծում եմ ես այս օրերը։
 
Լո՛ւռ կաց, դու քնար, այլ մի՛ հնչեր ինձ,
Ապոլլոն, հե՛տ առ դարձյալ դու նորան,
Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան։
 
Ես պիտի դուրս գամ դեպի հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով.
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով։
 
Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին.
Արյո՛ւն ու կրա՛կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
 
Թո՛ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի,
Թո՛ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի։
 
Թո՛ղ նա թարգմանե զրպարտությունը,
Թո՛ղ մխիթարվի ծովի ափերում,
Մեք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում։
 
“Ո՛վ հայր, ո՛վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին.
Մի՛ տար զոհ գնալ թշնամիների”:
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:
 
 
ԱՊՈԼԼՈՆԻՆ
 
Դու Ապոլլոն, որ տվիր
Ինձ այս քնար հոգեմաշ,
Այո՛, գոհ չե՛մ քեզանից.
Տրտնջում է և աշխարհ:
 
Իբրև պատիժ ինձ տվիր,
Տրտում սրտիս մխիթար,
Թե՞ զգալով չարչարվիլ
Ու չքանալ վայրապար։
 
Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ,
Տո՛ւր ուրիշի, ում կամիս.
Քեզ մի անգամ ասել եմ,
Հիշի՛ր եթե միտք ունիս։
 
Կյանքիս գարունն է անցել,
Ինձ ուշացած է քնար.
Օտար աշխարհ պանդխտիլ
Ինձ մնում է մշտահար։
 
Բայց դու, որ քեզ մարդ տկար
Աստված գանչեց ու խնկեց,
Մի՛ կարծեր թե միջաբեկ,
Պիտ՝ պաղատիմ դեպի քեզ:
 
Ես կընդունիմ կամակար,
Թե բաղդ անգութ ոխերիմ
Մատովակե թույն, լեղի
Յուր սափորից, ինձ բաժին։
 
Բայց ո՛չ երբեք պիտ՝ սողամ
Ոտքիդ տակում, ինչպես շատ
Մարդիկ, որ չեն իմանում,
Թե էակներ են ազատ։
 
Էմս, 1859.
Մայիս 31.
 
 
ԻՏԱԼԱՏԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
1859 թվականից
 
“Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է,
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ։
 
Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված:
 
Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
 
Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո՛ղ փողփողի թշնամու դեմ,
Թո՛ղ կործանվի Ավստրիան։
 
Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրուն։
 
Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի՛ր քաջի պես,
Գնա՛ փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես։
 
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անդամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կըզոհվի։
 
Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա՛, թեև չեմ կարող գալ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր։
 
Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին”։–
 
Ասաց. տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
Ուր երեք գույն կար որոշ։
 
Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր։
 
– Քույրի՛կ,– գանչեց քաջ պատանին,-
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակ իտալյան։
 
Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ.
Հայրենիքի նվիրված։
 
Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի՛ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի։–
 
Ասաց. վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալյան։
 
Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր։
 
Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:
 
Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛... թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են:
 
ԶՈԴԵՆ
Մայնի վերա, Ֆրանկֆուրտի մոտ
 
 
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
 
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
 
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս է անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
 
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն որ ասացի,
Չէր hայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից:
 
“Ազատությո՞ւն”, ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.
“Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կըսպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է”։
 
“Ազատությո՜ւն,– գոչեցի,–
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն”:
 
 
ՕՇԱԿԱՆ
 
Օշակա՜ն...
Վեհ հայերի գերեզման.
Ավերակ տաճարիդ մեջ
Մեսրոպի վայր հանգստյան,
 
Որ ազգին գիր պարգևեց,
Կյանք տվեց հայոց լեզվին,
Ազգը նորա զլացավ
Գիր ընծայել անշուք շիրմին։
 
Խարխալյալ տաճարի մեջ,
Քրիստոսյան սեղանի տակ,
Ննջում է այն մեծ հայրը.
Օշակա՛ն, քեզ փառք պարծանք:
 
Բայց ազգին, որ նա սիրեց,
Որի համար շատ քրտնեցավ,
Այդ ազգին ես չեմ ներում,
Որ Մեսրոպին այդպես մոռցավ:
 
Գետնափոր այն բեմի տակ
Սողալո՞վ պետք էր մտնել,
Կամ անթափանց խավարում
Քարը մոմո՞վ տեսանել:
 
Ո՛հ, Մեսրոպ, ների՛ր դու ինձ,
Իբրև որդու քո ազգի.
Ապերախտ եմ առաջիդ,
Որպես անդամ ամբողջի։
 
Օշակա՜ն...
Վեհ հայերի գերեզման,
Քո ժայռից ես ցած իջա,
Ուստի հերոսն մեր Վահան։
 
Բայց Վահան դեռ նայեցավ
Եկեղեցուն, որ շինեց.
Նա տեսավ շքեղ տաճար
Ու դեպի նա աղոթեց:
 
Իմ աչքին ի՞նչ երևեց,–
Մի շինվածք կիսակործան,
Որի գլխին կորացած
Երկաթյա խաչ քրիստոսյան։
 
Դարավոր փոշվով ծածկած
Տաճարի պարսպի տակ
Կա մի ծակ, ուր օձի պես
Կարե մտնել մարդ միայնակ։
 
Առ խարխափ շոշափելով
Գտնում է այն ծակի մեջ
Քարի ծայր... անգիր, անհուշ...
Այդ ի՞ևչ քար է այդպես անտեր։
 
Լսելով պատմում է քեզ
Գյուղական խեղճ քահանան,
Թե այնտեղ ամփոփված է
Մեր քաջ Վահան Մամիկոնյան,
 
Որ ազգին կյանքը տվեց,
Հայրենիքին կացավ պաշտպան.
Ազգը նրան զլացավ
Կառուցանել մի գերեզման։
 
Օշակա՜ն...
Վեհ հայերի գերեզման.
Բողոքի՛ր մինչև երկինք,
Ընդդեմ այս տմարդության։
 
Բարձրաբերձ քո ժայռերից
Արծաթալիք մեր Քասաղը
Թնդալով անցանում է,
Մինչև Վարդգեսի ավանը։
 
Նվիրական այն հին գետին
Հանձն արա՛ ալիքներին
Հասցընել քո գանգատը
Էջմիածնյան վեհապետին։